Ի՞նչ տեղի ունեցավ հաղթանակից հետո, որ Հայաստանը ոչ միայն համաձայնվեց զիջումների, այլև սկսեց քննարկել թե որ տարբերակն է առավել հարմար երկուսին էլ, մինչ Հայաստանի բնակչությունը բանից անտեղյակ հավատում էր, որ Ադրբեջանը մի կերպ է շալվարը հագին պահում:
Արայիկ Մկրտումյան
2020թ, նոյեմբերի 9-ից հետո մարդկանց ուշադրությունը մի պահ նորից սևեռվեց բանակցային գործընթացների վրա ու մարդիկ ուզում էին հասկանալ, թե ի վերջո ով ինչ է բանակցել, որ եկավ հասավ 2020թ. 44-օրյա պատերազմին:
Էստ էության ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունները չեն փորձում մարդկանց բացատրել, հասկացնել, թե ինչ է տեղի ունեցել բանակցություններում: Ի վերջո ինչպես է եկել հասել այն վիճակին, երբ այլևս ոչ մի հնարավորություն չմնաց պատերազմից բացի: Ընդ որում էլ ավելի զայրացուցիչ ու անհասկանալի է, որ 2020թ. ծանր պատերազմն ու պարտությունը բաժին հասավ հայկական կողմին, որը 1994թ. այնպիսի տպավորիչ հաջողություններ էր գրանցել, որ ադրբեջանցիները ճարահատյալ զինադադար խնդրեցին: Ավելորդ չի լինել ասել, որ 44-օրյային հայերը շատ ավելի ուժեղ դիմադրություն ցույց տվին, քան ադրբեջանցիները՝ առաջին պատերազմում: Ինչպե՞ս ստացվեց, որ հայկական կողմը 1994թ. մինչև 2020թ. այնպես արեց, որ հասունացավ երկրորդ խոշոր պատերազմը, որն էլ խոշոր հաշով ջրեց նախկին հաղթանակը: Եվ արդյո՞ք միայն հայկական կողմի մեղավորությունն էր այդ, ինչպես, որ փորձում են բոլորին համոզել ադրբեջանցիները: Պետք է ասել, որ նրանց մոտ դա լավ է ստացվում: Եվս մի հարց: Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը հաղթանակից հետո, փոխանակ դիվանագիտորեն շարունակելու գործը, այսինքն գրիչով ստորագրելու արյամբ ձեռք բերված հաղթանակը, սկսեց բանակցել, թե որ հողը երբ ու ինչպես է վերադարձնելու: Ու նաև ապշեցնող է այն, որ պարտված ադրբեջանցիները դարձան պահանջող, իսկ հայերը՝ ոչ այն է խուսափում էին պատասխանից, ոչ այն է՝ արդարանում:
«Հաղթողների բարեկամներն ավելանում են»: Մենք, սակայն, տապալեցինք այդ աքսիոման անգամ: Ինչքան, որ դժվար է ապացուցել, որ երկրագունդը կլոր չէ, այնքան էլ ավելի դժվար է սեփական հաղթանակը մսխել անպատմելի արագությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ «հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է» ասացվածքը ևս կարողացանք հերքել, քանի որ ադրբեջանցիները իրենց պարտությունը երեսուն տարում դարձրին հաղթանակ, իսկ մենք՝ հաղթանակը վերածեցինք պարտության:
1994թ. հայկական կողմը չգիտես ինչու ստորագրեց մի պայմանագիր, որով հենց այդ պահին շարունակվող հաղթանակը դարձավ լղոզված մի բան: Այդ պայմանագրով հաղթողն ու պարտվողը հավասարվեցին իրար ու ադրբեջանցին, ով խնդրում էր չկրակել, դարձավ պահանջող: Սկսեց բանակցել հավասարը-հավասարի հետ սկզբունքով, մինչդեռ Ադրբեջանը միայն մի բան պիտի աներ՝ խնդրեր այլևս չկրակել, խնդրեր այլևս առաջ չգալ, խոսեր մարդու իրավունքների և նման այլ գեղեցիկ բաների մասին: Բայց ոչ, ամենևին էլ ոչ: 1994թ. հաղթանակը լղոզելուց հետո շարունակվեց հայկական կողմի անհասկանալի, ոչ ադեկվատ պահվածքը: 1999թ. նոյեմբերի 19-ին Հայաստանը Ստամբուլում ստորագրեց Եվրոպական անվտանգության խարտիան, որի հիմնական էությունն այն էր, որ Հայաստանը համաձայնվում է, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում բոլոր կոնֆլիկտները լուծվում են տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այդ փաստաթուղթը քոչարյանականները ներկայացնում են որպես դիվանագիտական մեծագույն նվաճում, իսկ ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ ստորագրելով այդ փաստաթուղթը, Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շատ էլ թե այդ ամբողջականության մեջ բառացի նշված չէր Արցախի մասին:
Ներկաներն ու նախկինները թող շարունակեն իրար հետ անպտուղ բանավեճը, իսկ մենք տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ հետո:
1994թ. սկսած(նույնիսկ դեռ 1992-ից, երբ Ադրբեջանը կնքեց «Դարի պայմանագիրը») Ադրբեջանը փորձում էր հասկանալ, թե ով ում բարեկամն է(մի բան, որ մեզ մոտ այդպես էլ չստացվեց), Հայաստանը շարունակեց անհասկանալի քաղաքականություն և անկախ նրանից, թե 1999-ի Ստամբուլի ստորագրությունը ձեռքբերում էր, թե ոչ, Հայաստանը բանակցում էր միայն մի հարցի շուրջ՝ զիջումների: Բանակցություններ էր ընթանում, թե Հայաստանը հողերի որ մասը երբ և ինչպես պիտի հանձնվի Ադրբեջանին:
Հենց այս է անհասկանալի: Ի՞նչ տեղի ունեցավ հաղթանակից հետո, որ Հայաստանը ոչ միայն համաձայնվեց զիջումների, այլև սկսեց քննարկել թե որ տարբերակն է առավել հարմար երկուսին էլ, մինչ Հայաստանի բնակչությունը բանից անտեղյակ հավատում էր, որ Ադրբեջանը մի կերպ է շալվարը հագին պահում:
1990-ականներին Երևանի թաղերում մի տարօրինակ խաղ կար տարածված՝ սիլլա-քացի-կարատե: Այդ խաղի ժամանակ մի հոգի սկսում էր իր ձեռքի բութ մատը արագ-արագ շարժել ու տեմպով կրկնել՝ սիլլա-քացի կարատե բառերը: Մատը շարժողի դիմացը կանգնածը պիտի շարժման ընթացքում բռներ նրա մատը և որպես «պարգև» ստանում էր այն, որ բառի արտասանման ժամանակ բռնել էր մատը: Այսինքն եթե մատը բռնում էր սիլլա բառի ժամանակ, նրան ապտակում էին, եթե քացի՝ ապա ոտքով էին խփում, իսկ եթե կարատե՝ ապա…մի խոսքով հասկացաք: Ինչ տարբերակ էլ որ լիներ, միևնույն է հարված էիր ստանում:
Համաձայն եմ, հիմար խաղ է: Չարժե խաղալ մի խաղ, որի բոլոր տարբերակներում էլ ծեծ ես ուտում:
Իսկ հայկական դիվանագիտությունը հենց այդպես էլ վարվեց: Չգիտես ինչու նա համաձայնվեց Ադրբեջանի հետ սիլլա-քացի-կարատե խաղալ, բայց չբռնեց նրա մատը այնքան, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին որոշեց, որ հերիք է սպասի ու եղավ և՛ ապտակը, և՛ քացին, և՛ կարատեն:
Մամուլում տարածված նյութերի համաձայն Սերժ Սարգսյանը 2016թ. Քառօրյայից հետո Արցախում ասել էր, որ եթե զիջումներին չհամաձայնվեն, ապա «Ղարսի» փոխարեն «Ստեփանակերտ» ենք երգելու: Հատկանշական է, որ Քառօրյան ևս ներկայացվում է որպես հաղթական պայքար ու թշնամին, ըստ որոշ մեկնաբանությունների, նահանջում էր, հայերը անցնում էին հակահարձակման ու խուճապահար ադրբեջանցիները նորից զինադադար խնդրեցին Մոսկվայի միջոցով:
1999թ. ստորագրությունը համարում են ձեռքբերում, որից հետո Հայաստանը սկսեց համաձայնվել զիջումներին, 2016թ. հաղթական Քառօրյաից հետո երկրի նախագահը հայտարարում է, որ պետք է զիջել: Մի բան այն չէ: Հաղթողը պարգևատրվում է, ոչ թե տուժում: Այլապես ստացվում է, որ մենք տուժել ենք մեր հաղթանակներից:
Հիմա ի՞նչ կատարվեց 90-ականներին: Ռուսնե՞րը ստիպեցին մեզ հրաժարվել մեր հաղթանակներից: Կառավարիչնե՞րն էին ոչ պրոֆեսիոնալ: Դավաճա՞ն էին:
Իսկ գուցե այդ ամենի խորքային պատճառը ողջ ժողովրդի գիտակցության ցածր մակարդակն էր: Չէ, որ այդ օրերին, երբ որևէ բան էր ստորագրվում, թեև չկար համացանց, բայց թերթերը գրում էին, հեռուսատեսությունը՝ հաղորդում: Նույնիսկ եթե հայկական թերթերը չգրեին, հայկական հեռուստաալիքները չխոսեին, ապա գոնե արտասահմանյան ռադիոալիքները խոսում էին, թերթերը՝ գրում: Մի՞թե ոչ ոք չհասկացավ, թե ինչ է կատարվում: Մի՞թե մի ողջ ժողովուրդ կուրացել ու խլացել էր ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում, թե ով ում հետ ինչ է բանակցում ու ինչ է լինելու: Մի՞թե Հայաստանում ոչ մի քաղաքագետ, իրավաբան, գիտնական, ոչ ոք այդպես էլ չտեսավ, չնկատեց, չհասկացավ: Նույնիսկ եթե ընդունենք, որ Հայաստանում տոտալ ապատեղեկատվություն էր պտտվում, մի՞թե Սփյուռքում ոչ ոք ևս չնկատեց: Չէ որ Եվրոպայում և Ամերիկայում հասանելի էին բոլոր լուրերը: Մի՞թե ողջ աշխարհում միլիոններով ապրող հայերից ոչ ոք չհասկացավ, թե ինչ բանակցություններ են գնում: Գուցե հայկական իշխանություններին ճնշում էին ամենածանր ձևով ու այլընտրանք չկար: Գուցե հայկական իշխանությունները լուռ ու հուսահատ սպասում էին, որ գոնե մի տեղից մեկը կգոռա, որ տեղի է ունենում սարսափելին, որ հենց հիմա ոչ թե բանակցություններ են, այլ դատավճիռ է ստորագրվում:
Մի՞թե դրանից հետո էլ տարիներ շարունակ ողջ աշխարհի հայությունը կուրացած ու խլացած էր ու չէր տեսնում, որ Հայաստանը ավելի է սեղմվում պատին, իսկ Ադրբեջանն ավելի է կատաղում: Որ այդ ամենը շուտով պայթելու է:
Բայց ոչ: Ոչինչ տեղի չունեցավ: Իսկ հետո տեղի ունեցավ 2020-ը:
Ու հիմա, երբ մենք զարմացած ու զայրացած ենք, մի՞թե հարց չի առաջանում, թե ո՞ւր էր մեր մտահոգությունն ու տենդագին աշխատանքը առաջ, երբ այն շատ էր պետք: Երբ անհրաժեշտ էր, երբ պարտադիր էր:
Գուցե պետք է ասել, որ մենք ուղղակի համազգային անտարբերության էինք մատնված: Կար իշխանություն ու մենք ոչնչի չխառնվեցինք, հավատացինք, որովհետև այդպես ավելի ձեռնտու էր, ու պատասխանատվությունից՝ ազատ: Այնպես, ինչպես որ հիմա ենք ուզում գտնել միայն մեկ մեղավոր: Չէ, որ այդպես ավելի հարմար է: Լևոնը ծախեց 1994թ-ին, Քոչարյանը՝ 1999-ին, Սարգսյանը 2008-2018-ին, Փաշինյանը՝ 2020-ին ու շարունակում է մինչև հիմա:
Այդպես լավ է, չէ՞: Մեղավոր է միայն մի հոգի, իսկ մենք բոլորս՝ ազատ ենք պատասխանատվությունից: Իսկ հետո՞: Ո՞վ է պատասխանատու լինելու ապագայի համար: Հերթական անվանական առաջնորդը, թե մեր բոլորիս հավաքական անտարբերությունը: