Հայաստան

«Պետություն» Բառի Իմաստն Ու Արժեքը

Մեր սխալները պիտի սթափեցնեն մեզ, այլ ոչ թե ավելի կոտրեն, տանեն ինքնաոչնչացման ճանապարհով։ Եթե մենք ուզում ենք պետություն կառուցել, և չմնալ մեծ պետության մեջ ազգային փոքրամասնության գաղութի բնակչի մակարդակի վրա, պետք է սթափվենք և վերափոխենք մեր մտածողությունը։

Ռոբերտ Անանյան

Երանի, ինչ-որ մի պահից սկսած՝ այլասերված չլիներ հայրենասիրություն արժեքը, և կորցրած չլիներ իր ուղիղ, օգտակար իմաստը։ Ես սիրում եմ օգտագործել՝ պետությունասիրություն բառը, որը քաղաքացու առաջ կոնկրետ պարտավորություն է դնում՝ պետություն կառուցելու։

Հայրենասեր կարող է լինել նաև ամերիկյան, ասիական մայրցամաքում ապրող հայը, որը ուրիշ պետության քաղաքացի է և չունի Հայաստան պետությունը կառուցելու նպատակ, մոտիվացիա։ Նա հարկեր է վճարում ուրիշ պետությանը, ընտրում է ուրիշ պետության ղեկավարին, մասնակցում է ուրիշի ներքաղաքական կյանքին, տնտեսապես հարստացնում է ուրիշին։ Տարին մեկ՝ 100 դոլարանոց նվիրատվությունը պատմական հայրենիքին հաշիվ չէ։ Զբոսաշրջային այցն էլ, լավագույն դեպքում, տնտեսական փոքր խթան կդառնա։

Տաքարյունությունը, մանկամտությունը, ձևախեղված պատկերացումները՝ պետության, ժողովուրդների միջև հարաբերությունների մասին, երբ միաձուլվում են իրար, ստացվում է այլատյացություն։ Այլըատյացությունը հիվանդություն է, որը միայն և միայն վնասում է դրանով տառապող ժողովրդին։ Պետությունասիրությունը ենթադրում է Հայաստանի նկատմամբ սիրո էներգիան ուղղել ստեղծարարության, օգտակարության ուղղությամբ, երբ դու լինելով ասենք՝ ՏՏ մասնագետ, ստեղծում ես տեխնոլոգիական լուծում, որը աջակցում է քո պետության անվտանգության կառուցմանը։

Դա բարձրացնում է քո պետության որակը, դարձնում է ռազմական տեսանկյունից ավելի ուժեղ, տնտեսապես ավելի զարգացած, արդիական, մրցակցային, ըստ այդմ նաև՝ հակառակորդ պետությունը զգուշանում է հարձակվել քեզ վրա։ Որովհետև դու կառուցել և կայացրել ես պետություն, որի ողնաշարը ջարդելը անհնար է, կամ էլ պատերազմ սկսելն այնպիսի վնասներ կհասցնի հակառակորդին, որ դրա սանձազերծումը միանշանակ ձեռնտու չի լինի։

Պետության կառուցման այսօրինակ մոտիվացիան և ջանքն է, որ իմ կարծիքով՝ հայրենասիրության իրական և նախնական իմաստն է եղել։ Բայց երբ պոպուլիզմն է գլուխ բարձրացնում հայրենասիրություն բառի կողքին, դու դառնում ես այլատյաց։ Երբ քո հասարակությանն սկսում է կարծիք թելադրել անհաշվարկ, մանկամիտ և տաքարյուն զանգվածը, դա խոցելի է դարձնում քեզ՝ ոչնչացնել ցանկացողի առաջ։ Այսպիսի մարդու քայլերը չունեն վերջնական հաշվարկ, թե տաքգլխությունը, արկածախնդրությունը ի՞նչ հետևանք է ունենալու պետության համար։ Ինչո՞ւ դա չի հաշվվում, քանի որ նրանք գործում են որևէ մեծ պետության կազմում գտնվող ազգային փոքրամասնություն գաղութի բնակչի հոգեբանությամբ։

Սա այն վիճակն է, երբ մարդու համար բացակայում է պետությունը՝ որպես կառուցվածք, տարածք, որտեղ ինքը ապրում է, և ի վերջո՝ որպես կյանքի նպատակ։ Ինչո՞ւ, որովհետև դու արդեն առաջնորդվում ես ոչ թե տրամաբանությամբ և սառը հաշվարկներով, պետությանդ օգտակար արտադրանք տալու տրամաբանությամբ, այլ քեզ ղեկավարում է տաքգլխությունը, անկառավարելի ատելությունը՝ քեզ ոչնչացնել ցանկացողի հանդեպ։ Երբ դու ատելություն ունես, դու կույր ես, անհաշվարկ, հեշտ կառավարելի։ Թշնամանքի զգացողությունը մշտապես այլոց ձեռքին գործիք է, որ քեզ կառավարեն։ Ինչո՞ւ, որովհետև վարքդ կանխատեսելի է, ուրեմն՝ կստեղծվեն նաև քեզ կառավարելու գործիքներ։ Քեզ կներարկեն անհասնելի գաղափարներ և երազանքներ։ Քեզ կթվա, որ քո կյանքը նվիրում ես դրանց հասնելուն, սակայն դա աշխատանք է զրո արդյունքով։ Կկորցնես, ժամանակ, էներգիա և կստանաս զրո արդյունք։ Այսինքն՝ կկորցնես ունեցածդ, որն արդեն ունակ չես պահել։

Մեծ պետության կազմում գտնվող ազգային փոքրամասնության գաղութի բնակիչը չունի պարտականություն այն տարածքի նկատմամբ, որտեղ ինքը ապրում է, քանի որ դա իրենը չէ։ Եվ քանի որ դա տարածք է ընդամենը, ոչ թե պետություն, ինքը հպատակ է, տեր չէ։ Ինքը գործոն չէ, այլ օբյեկտ է։ Դու կարող ես լինել պետության ֆորմալ քաղաքացի, բայց ապրել գաղութի բնակչի հոգեբանությամբ։ 1990-ականներից մինչև վերջին շրջանը, ցավոք, չդարձան գաղութի բնակչի հոգեբանությունից՝ անկախ պետության քաղաքացու հոգեբանության տրանսֆորմացիայի տարիներ։

Էլիտաները, եթե նույնիսկ ունեին անկախ պետություն կառուցելու սկզբնանպատակ, իրենց վերադարձրին հպատակի, գուբերնիայի կառավարիչի հոգեբանությունը և գործելաոճը։ Հռչակել անկախության մասին, դեռ չի նշանակում՝ դառնալ անկախ պետություն։ Մենք չենք գիտակցել, որ դա տեղի չի ունեցել։ Դու չես կարող լինել անկախ պետություն, և գաղութարարին հանձնել քո ռազմավարական բոլոր օբյեկտները և քաղաքական էլիտաներդ ներքաղաքական հարցերում դատավոր բերեն Տիզբոնի արքային։ Եթե պետական միավորն ինքն իր ուժերով ունակ չէ պաշտպանել իր սահմանները, ուրեմն՝ բացակայում է պետությունը։ Մեզ մոտ կտրվել է անկախություն կառուցելու թելը հենց այն պահից սկսած, երբ հռչակվել է անկախ պետություն։ Պետական ինստիտուտների և դրանց իմաստների այլասերումները մեծ և փոքր ուժգնության դրսևորումներով սկսվել են 1991-ից և չեն դադարել։

Լուծումը՝ բուժումն է, կրթության միջոցով, հասարակությանը ապագայի ճիշտ, տեսանելի և չափելի մոտիվացիա տալն է։ Բայց նախ անհրաժեշտ է, որպեսզի պետական այրերը, քաղաքական դասը հիվանդոտ չլինեն, այլ նրանց առաջնորդի առողջ տրամաբանությունը։ Քանի դեռ մենք չենք վերափոխել մեր մտածողությունը, մենք խարխափելու ենք գաղութի բնակչին հատուկ դրսևորումների ձեռքին։ Միայն մտածողության էվոլյուցիա ապրելով՝ կստեղծենք պետություն, նրա ամենակարևոր ինստիտուտը՝ քաղաքացի։

Պետություն բառը պետք է լցվի իմաստով և բովանդակությամբ։ Եթե դա տեղի չունեցավ, կամ կրկին կեղծ հայրենասիրությունը կենտրոնում դրվեց, այս ժողովրդի տառապանքները շարունակվելու են։ Մեր սխալները պիտի սթափեցնեն մեզ, այլ ոչ թե ավելի կոտրեն, տանեն ինքնաոչնչացման ճանապարհով։ Եթե մենք ուզում ենք պետություն կառուցել, և չմնալ մեծ պետության մեջ ազգային փոքրամասնության գաղութի բնակչի մակարդակի վրա, պետք է սթափվենք և վերափոխենք մեր մտածողությունը։ Այլ ճանապարհ՝ չծնկելու, չկա։

Կենացներին, տեսարաններին չհավատաք։

Իմ այս գրառումից հետո եթե ձեզ մոտ ծնվեցին հարցեր, կարծում եմ, պատասխաններ կգտնեք, եթե կարդաք նաև Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը։ Նա շատ մանրամասն է գրել, պատմական օրինակներով։ Գտեք մեկնաբանության հատվածում։

Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *