ԱՄՆ-ն կարող է դառնալ թե՛ խաղաղության երաշխավորը, թե՛ անվտանգության որոշակի կոմպոնենտ, կառուցակարգ ձևակերպի Արցախում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներկա իմպոտենտությունը և դրանից բխող ծանր հետևանքները, որոնց առերեսվում ենք, օրինակ՝ անցակետի տեղադրումով։ Ապագան ցույց կտա։
Ռոբերտ Անանյան
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Չափազանց կարևոր է, որ ինտենսիվ բանակցություններ են սկսվում՝ օրեր տևողությամբ։ Բայց առավել կարևոր է, որ ԱՄՆ-ն գտնվելու է բանակցային սեղանին՝ որպես բալանսավորող միջնորդ։
ԱՄՆ-ի ներկայությունը ինտենսիվ բանակցությանը մի քանի անգամ կբարձրացնի բանակցության արդյունավետությունը։ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի հաղթանակի էյֆորիայի ներքո է գտնվում, և ուզում է ստանալ զիջումներ, որոնք կատարելու դեպքում սպառնալիքներ կստեղծվեն Հայաստանի պետականությանը։ Երբ Հայաստանը և Ադրբեջանը մենակ են հայտնվում բանակցության սեղանի շուրջ, Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանը ռազմական շանտաժի, սպառնալիքի լեզվով է խոսում։ ԱՄՆ-ն կբալանսավորի, և հուսանք՝ առավել կմոտեցնի հավասարակշռված խաղաղությունը։ ԱՄՆ-ն սեփական ծրագիրը չունի՝ խաղաղության հասնելու, կողմերը պետք է գան համաձայնության, բայց ԱՄՆ-ի ներկայությունն ինքնին ծանրակշիռ գործոն է։
Հիշեցի Քեմփ Դեյվիդի եգիպտա-իսրայելական համաձայնությունները։ Եվ հարց է առաջանում՝ կհաջողվի՞ ԱՄՆ-ին կրկնել Քեմփ Դեյվիդի հաջողությունը, և հակամարտող կողմերին հաշտեցնել՝ երկարաժամկետ բանակցությունների արդյունքում։
Քեմփ Դեյվիդյան համաձայնագրերը պատմական խաղաղության համաձայնագրեր էին, որոնք ստորագրել էին Եգիպտոսի և Իսրայելի ղեկավարներ Անվար Սադաթը և Մենախեմ Բեգինը՝ 1978 թվականի սեպտեմբերի 17-ին:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քեմփ Դեյվիդում տեղի ունեցան հանդիպումներ՝ համաձայնագրերի շուրջ բանակցելու համար: ԱՄՆ-ից մասնակցում էր նախագահ Ջիմի Քարտերը։ Երկարատև կոնֆլիկտը հանգուցալուծվեց խաղաղությամբ։ Բայց մինչև Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի կնքումը, երկարատև արյունալի պատերազմներ էին Իսրայելի և Եգիպտոսի միջև։
1967 թվականին Իսրայելը վեց օր շարունակ պատերազմեց Եգիպտոսում, Սիրիայում և Հորդանանում: Իսրայելը հաղթեց պատերազմում, վերահսկողություն հաստատեց Գազայի հատվածում և Սինայի թերակղզում:
1970 թվականին Անվար Սադաթը դարձավ Եգիպտոսի նախագահ: Նա ցանկանում էր վերականգնել վերահսկողությունը Սինայի վրա և դադարեցնել պատերազմը Իսրայելի հետ: 1973-ին Եգիպտոսը հարձակվեց Իսրայելի վրա և փորձեց հետ գրավել Սինայի թերակղզին։ Իսրայելը հաղթեց պատերազմում, բայց իր համարձակ ռազմական հարձակման համար Սադաթը քաղաքական հեղինակություն ձեռք բերեց տարածաշրջանում:
1978 թվականին նախագահ Քարտերը ԱՄՆ հրավիրեց Եգիպտոսի և Իսրայելի ղեկավարներին: Նրանք գաղտնի հանդիպեցին Մերիլենդ նահանգի Քեմփ Դեյվիդի նախագահական նստավայրում: Բանակցությունները լարված էին: Դրանք տևեցին 13 օր: Նախագահ Քարտերը կարևոր դեր է խաղացել բանակցությունների ընթացքում երկու կողմերի հետ խոսելու գործում:
1978 թվականի սեպտեմբերի 17-ին Եգիպտոսը և Իսրայելը համաձայնության եկան և ստորագրեցին համաձայնագրերը: Պայմանագրերը հիմք են դրել երկու երկրների և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Սինան վերադարձվեց Եգիպտոսին։ Կնքվեց խաղաղության պայմանագիր, հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Եգիպտոսի և Իսրայելի միջև։ Սուեզի ջրանցքը բացվեց իսրայելական նավերի համար:
Դա տեղի ունեցավ ո՛չ միայն ԱՄՆ-ի կարգավորիչ դերի շնորհիվ, այլ նաև՝ քանի որ ԽՍՀՄ-ի ազդեցությունը չեզոքացվեց պրոցեսի վրա։ Ադրբեջանն ու Հայաստանն ավելի մեծ շանս ունեն՝ հասնել խաղաղության, երբ չկա Ռուսաստանը բանակցություններում։ Պուտինի ռեժիմը արյան, պատերազմի, կոնֆլիկտների գեներատոր է, և հայ-ադրբեջանական խաղաղություն կլինի, եթե պրոցեսից բացակայում է Մոսկվան։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ թե՛ խաղաղության երաշխավորը, թե՛ անվտանգության որոշակի կոմպոնենտ, կառուցակարգ ձևակերպի Արցախում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներկա իմպոտենտությունը և դրանից բխող ծանր հետևանքները, որոնց առերեսվում ենք, օրինակ՝ անցակետի տեղադրումով։ Ապագան ցույց կտա։
Թե՛ Անվար Սադաթը, թե՛ Մենախեմ Բեգինն արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի 1978 թվականին: Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի մնացած արաբական երկրները գոհ չէին Եգիպտոսից: Եգիպտոսը վտարվեց Արաբական լիգայից։ Նրան դատապարտեցին Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:
1981 թվականի հոկտեմբերի 6-ին իսլամական ծայրահեղականների կողմից Անվար Սադաթը սպանվեց խաղաղ համաձայնագրերում իր մասնակցության համար: Եգիպտոսի նախագահն իր կյանքով վճարեց, բայց խաղաղություն բերեց եգիպտացիներին։
Ես կարծում եմ, որ պետությունների ղեկավարները պետք է ունենան խոհեմություն, և անելով անհնարինը՝ խաղաղություն բերեն իրենց ժողովուրդներին։ Կոնֆլիկտները, իհարկե, տարբեր են։ Եգիպտոսի և Իսրայելի հաջողությունը պարտադիր չէ, որ կրկնվի, ու Ադրբեջանի և Հայաստանի պարագայում նույնպես ստացվի խաղաղություն։ Բայց պետք է փորձել։
Պատերազմի տարբերակը միշտ կա։ Միայն հավասարակշռված խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հարատև լինել։ Ուժերի հարաբերակցությունը ստատիկ մեծություն չէ։ Միայն win-win բանաձևով է հնարավոր ունենալ խաղաղություն։ Մեկ կողմի լիարժեք հաղթանակի և մյուսի՝ ջախջախման հաշվին չի լինելու խաղաղություն։ Չի կարող թույլի հաշվին հասնել խաղաղության։ Եթե կողմերը փորձեցին կապիտուլյացիայի տրամաբանությամբ գործել, կպարտվեն երկուսն էլ։ Այսօր Հայաստանն է պարտված կողմ, վաղը կարող է Ադրբեջանը լինել։
Կարելի է հազար փաստարկ բերել, թե ինչու չի ստացվելու խաղաղություն Ադրբեջանի հետ։ Թերահավատությունը Բաքվի նկատմամբ գալիս է օբյեկտիվ իրականությունից, պատերազմական շարունակվող հանցագործություններից։ Հազար պատճառ էլ ես կարող եմ բերել՝ խաղաղության անհնարինությունը հիմնավորող, բայց պատերազմները մի օր ավարտվում են, և հուսանք՝ մոտենում ենք այդ օրվան։ Կարող եք չհամաձայնվել։ Ես էլ շատ լավատես չեմ, և չգիտեմ՝ նոր պատերազմո՞վ, թե խաղաղությամբ կավարտվի այս պրոցեսը։ Սակայն գիտեմ, որ ժողովուրդները երբեք չեն խմում պատերազմի կենացը, այլ՝ խաղաղության։ Ինձ համար կա անառարկելի ճշմարտություն՝ երկրների առաջնորդներից պահանջվում է աննախադեպ բարձր կամք, խելամտություն, հեռատեսություն։
Այս նկարները պատահաբար հայտնաբերեցի։ Հետաքրքիր էր՝ դրանց նմանությունը։ Այս մի ընդհանրությունը այսօրվա հայ-ադրբեջանական պրոցեսի և եգիպտա-իսրայելական հաշտության միջև արդեն կա։ Կտեսնենք, կյանքը ցույց կտա։
Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։