Հայաստան

Հաղթանակ Եւ Պարտություն

Ռուսները ի՞նչ են անում: Միայն բողոքում են եվրադիտորդների ներկայությունից, որոնք իրենց թույլ չեն տալիս վերջանակորեն գաղութացնելու Հայաստանը, իսկ իրենք թուրքերի հետ փորձում են իրենց պլաններն իրագործել՝ մեզ հավատացնելով, որ եթե իրենք գնան, ապա իրենց տեղը թուրքերն են գալու:

Արամ Սարգսյան

Պետրոս Ղազարյանի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Զրույցի ընթացքում հնչեցվել են հարցեր հաղթանակի ու պարտության պատճառների մասին:

Արամ Սարգսյանը նախ շնորհավորեց նախորդ հաղթանակը բերողներին և ապա, որպես գլխավոր խնդիր նշեց այն, որ մենք հաղթանակից հետո կորցրինք մեր միասնությունը, որով և կորցրինք մեր նպատակները: Պատերազմից հետո Հայաստանում ձևավորված իշխանությունը ձգտեց իր ողջ ներուժը կենտրոնացնել բանակցային ուղղության վրա, բայց չունեցավ լայն հնարային ընկալում: Մենք ցանկացանք հաճելի լինել ողջ աշխարհին, իսկ Ադրբեջանը մոտ 26 տարի ատամները կրճտացնելով դիմացավ, երբ մենք նրանց ծաղրում էինք, կարողացավ վերականգնել իր ուժերը, խախտեց ռազմական բալանսը և եղավ այն, ինչ որ եղավ: Այ ժամանակ, երբ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով գնում էր ռևանշի, Հայաստանում պետական պաշտոնյաները հարստանում էին, իսկ այդ ժամանակ ժողովուրդը սկսում է հիասթափվել, երբ հաղթանակից հետո ազգային վերելքի փոխարեն երկիրը խրվեց կոռուպցիայի և հովանավորչության մեջ: Ալիևը նույնպես իր երկրում այդ ոճով էր կառավարում, բայց նա մեր իշխանությունների նման խաղաղությունից, ընդ որում զիջող քաղաքականությունից չէր խոսում, հանրային լայն ընկալման դաշտում անընդհատ շեշտվում էր վերականգնման, հետ բերելու մասին և դրանք ոչ թե պարզապես խոսքեր էին, այլ հասարակությունը տեսնում էր, որ տարեց տարի իրենց բանակն ավելի է հզորանում, այն դեպքում, երբ մենք ուղղակի ինքնախաբեությամբ էինք զբաղված: Եվ եթե այդ պայմաններում դու խոսում ես խաղաղությունից, իսկ թշնամին ինքնավերականգնումով է զբաղված, նա դառնում է մաքսիմալիստ, նա վերցնում է առավելագույնը, որ հնարավոր է:

Ադրբեջանցիները մեզ հաղթեցին, որովհետև ունեին լավ սպառազինություն, լավ դաշնակիցներ, որովհետև Հեյդար Ալիևը ժամանակին արել էր հնարավոր ամեն ինչ, որ Իլհամ Ալիևը հաղթանակի համար շատ բան պատրաստի ունենա: Մենք ևս կարող էինք: Մանավանք, որ հաղթանակից հետո շատ ավելի շահեկան դիրքում էինք: Բայց մենք միայն մեծախոսում էինք Բաքվում թեյ խմելու մասին, մինչև այդ նույն Բաքուն նպատակաուղղված պատրաստվում էր ծանր ռևանշի: Մենք հավատում էինք, որ հայկական բանակն ամենահաղթ է, բայց ոչինչ չէինք անում այդ ամենահաղթ բանակը բարելավելու համար: Մենք կարծես չէին ուզում տեսնել, որ ապագայում մեծ խնդիրներ են լինելու:

Արամ Սարգսյանն ասաց, որ դեռ իր ժամանակին իր եղբայր Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը թողել և Կարեն Դեմիրճյանի հետ մտել էր քաղաքականություն միայն մեկ պատճառով, որովհետև տեսնում էր, որ մենք հետզհետե տնտեսական առումով զիջում ենք Ադրբեջանին, որ ապագայում չենք կարողանալու սպառազինել մեր բանակը: Նա գիտեր, որ պետության անվտանգության երաշխավորը բանակն է, տնտեսությունը, նոր միայն արտաքին քաղաքականությունը, իսկ մեր իշխանությունները ողջ հույսը դրել էին արտաքին քաղաքականության վրա, այն էլ ռուսական մոտիվով աշխատող սկզբունքներով: Հույս ունեին, որ ռուսները դեռ երկար կպահեն ստատուս քվո, նոր պատերազմ չի լինի: 

Արամ Սարգսյանը միանշանակ շեշտեց, որ մենք եթե մնանք ռուսական ազդեցության դաշտում, ապա շարունակաբար կորցնելու ենք: Մենք ժամանակին արդեն իսկ կորցրել ենք Կարսը, Նախիջևանը և հիմա էլ կորցնում ենք Արցախը: Նա նշեց, որ ռուսների պահով հասկանալի է, որ իրենք իրենց շահն են պաշտպանում, դա նորմալ է, բայց նորմալ չէ, որ իրենց վրա պարտականություններ են վերցրել, ստորագրություն են տվել, երաշխավոր են կանգնել ու մատները մատներին չեն խփում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական խնդիրներին՝ Արամ Սարգսյանը նկատեց, որ մեզ փորձում են են առասպելով կերակրել, որ այստեղ միայն ռուսն ու թուրքն են հարց լուծում: Չկա նման բան, ինչքան էլ որ մեզ փորձեն համոզել դրանում: Ռուսներն ու թուրքերը իրենք իրենց մեջ պայմանավորվելով փորձեցին Արցախը շահարկելով ստանալ իրենց բաժին օգուտները: Պատերազմից հետո Ադրբեջանը ստացավ Արցախի մի մասը, ռուսները պիտի ստանային Թաթարստան կարգավիճակ ունեցող Հայաստանը, բայց գոնե 2021թ. ընտրությունների արդյունքում հայ հասարակությունն ապացուցեց, որ Թաթարստան դառնալ չի ցանկանում:

Պատասխանելով այն հարցին, որ ինքը արևմտամետ է և հակառուսական քարոզով հայերին ենթարկում է նոր ցեղասպանության վտանգի, Արամ Սարգսյանն ասաց, որ ինքն արևմտամետ է այնքանով, ինչքանով, որ հայրենիքի շահը պահանջում է այդ: Այսօր Արևմուտքի շահը համընկնում է հայերի հետ: Եվ դրանք ուղղակի խոսքեր չեն: Խոսքը մեծ թվերի մասին է: Խոսքը Հայաստանի տարածքով ու Վրաստանով մոտ 400 մլրդ խորանարդ մետր գազ տեղափոխելու մասին է, ջրային ռեսուրսներով արաբական աշխարհի հետ հզոր համագործակցության հարց կա, իսկ ռուսները ի՞նչ են անում: Միայն բողոքում են եվրադիտորդների ներկայությունից, որոնք իրենց թույլ չեն տալիս վերջանակորեն գաղութացնելու Հայաստանը, իսկ իրենք թուրքերի հետ փորձում են իրենց պլաններն իրագործել՝ մեզ հավատացնելով, որ եթե իրենք գնան, ապա իրենց տեղը թուրքերն են գալու: Չկա նման բան: Արևմուտքը ամեն ինչ անում է, որ տարածաշրջանը չվերածվի նոր հակամարտության, ամեն ինչ անում է, որ Հայաստանը պաշտպանվի որպես միակ ժողովրդավարական հենակետ, որովհետև բոլոր մյուսները այս կամ այն կերպ պրոթուրքական կամ պրոռուսական են: Ո՞ւմ է պետք նման գործընկերը, որին Ադրբեջանը նույնիսկ հաշվի չի առնում: Կամ էլ նա հենց Ադրբեջանի հետ է պայմանավորված քանդում Հայաստանը:

Արամ Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ արցախյան հարցն ի վերջո լուծվելու է «անջատում հանուն փրկության» սկզբունքով: Արևմուտքն արդեն կարողացել է լուծել այնպիսի տարածքային հարցեր, ինչպիսիք են Մակաոն, Հոնգ-Կոնգը, Թայվանը, Կոսովոն: Արցախի հարցը ևս լուծվելու է ու Արցախը հայկական է մնալու:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *