Հայաստան

«Բացահայտումների» Մասին

Մեր պատմագիտությունը մեզ այնպես է դաստիարակել, որ պատերազմները հեչ՝ կարևորը դիվանագիտական “խորամանկություներն են”: Իրականությունը թե՛ 10 հազար տարի առաջ, թե այսօր, թե հավիտյանս հավիտենից հակառակն է՝ պատերազմներն են որոշում ամեն ինչ, իսկ դիվանագիտությունը միայն ավել կամ պակաս ամրագրում է դրանց արդյունքները:

Հրանտ Տէր Աբրահամեան

Մարտական Եղբայրություն
Ամեն անգամ երբ նորից ու նորից բացահայտվում է, որ “տեսաք, Արցախից հրաժարվեց”…..

Նախ՝ արդեն առնվազն մի քանի ամիս է (2022-ի սեպտեմբեր-հոկտեմբերից, եթե ոչ ավելի շուտ), պատեհ ու անպատեհ առիթներով պաշտոնապես ու ամենա բարձր մակարդակով հաստատվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ամեն անգամ այս փաստը նորից ու նորից բացահայտելը, հուզական գրառումներ անելը, ու ….մոռանալը մինչև հաջորդ “բացահայտում”,ի՞նչ է տալիս:
Կա իրականություն, որ հանդեպ պետք է գործել, գործելու համար էլ լիարժեք այլընտրանքային հայեցակարգ ունենալ իրավիճակի և դրա լուծման, ոչ թե զուտ պոռթկումնալից ռեակցիա:

Երկրորդ՝ Արցախը հիմա էլ փաստացի մերը չէ:
Սա էլ մի փաստ է, որը կարծես չենք ուզում տեսած լինել: Կար հայկական Արցախ, որը բաժանվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ 2020-ի պատերազմի արդյունքներով:
Սա իրականությունն է: Իսկ մնացածը՝ իրականության մեր ընկալումն է: Եթե այս իրականությունն էլ պարզ չտեսնենք, ոչ մի արդյունավետ ելք չենք կարող գտնել:

Երրորդ՝ մենք պարտվել ենք պատերազմ:
Մեր պատմագիտությունը մեզ այնպես է դաստիարակել, որ պատերազմները հեչ՝ կարևորը դիվանագիտական “խորամանկություներն են”:
Իրականությունը թե՛ 10 հազար տարի առաջ, թե այսօր, թե հավիտյանս հավիտենից հակառակն է՝ պատերազմներն են որոշում ամեն ինչ, իսկ դիվանագիտությունը միայն ավել կամ պակաս ամրագրում է դրանց արդյունքները:
Առանց նոր ուժային պայքարի, հնարավոր չէ Արցախի հարցը, ոչ էլ որևէ այլ հարց հետ բերել նախկին վիճակի:

Չորրորդ ու շատ կարևոր: Որքան էլ Հայաստանի ղեկավարությունն ամեն օր երդվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ, “զարմանալիորեն” նրա հետ խաղաղություն կնքող չկա, ու Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ հստակ ու աներկբա ճանաչող չկա՝ մի օր ճանաչում է, մյուս օրը՝ մեկնաբանում ճանաչումը, երրորդ օրն էլ՝ անորոշ թողնում:
Սա ամենա գլխավորն է՝ եթե խնդիրն, իրոք, լիներ միայն Արցախն ու տարածքային “ամբողջականությունը”, վաղուց վազելով խաղաղության թուղթը մեզ հետ կստորագրեին: Հերթական անգամ համոզվում ենք, որ առանձին վերցված Ղարաբաղյան հարց, Ղարաբաղյան պատերազմ չի եղել ու չկա, չկա և դրա լուծում ինքն իրեն վերցրած:

Հինգերորդ: Ասենք թե մեկը տանը նստած չի հրաժարվում Արցախից, կամ խիստ դատապարտում է պաշտոնական հրաժարումը: Դրանից ի՞նչ:
Եթե չկա իրավիճակի քարտեզ, դրանից բխող գործողությունների ծրագիր, եթե բացի դա էլ չկա կազմակերպություն, ու դրա համար էլ ամենօրյա սև գործ այդ ամենի կայացման ուղղությամբ, որը ենթադրում է անձնականի գոնե ինչ որ չափի զոհաբերում, նվիրում, երկարատև կամք, մոլեռանդություն, ապա, չկա ոչինչ:

Ուրեմն, խնդիրը սկսվում է պարզ անձնական մակարդակից՝ որքա՞ն է յուրաքաչյուրս պատրաստ կտրել իրենից, իր ժամանակից, իր ընտանիքից:
Եվ որքան է պատրաստ գործել իրավիճակի մեջ, որը թվում է չափազանց բարդ ու անհույս, բայց նաև հենց դրանով մոտիվացնող ու մոբիլիզացնող:

Հոդվածը՝ Հրանտ Տէր Աբրահամեանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *