Հայաստան

Ավելի Ճկուն Է Պետք Լինել

Անցած տասնամյակում Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը հասկանալի պատճառներով զգուշավոր էր․ հավանաբար, դեր է խաղացել մեղքի զգացողությունը և միաժամանակ՝ պաշտոնապես ներողություն չխնդրելու հարցում վճռականությունը։

Արմեն Գրիգորյան

Եթե չենք երկխոսում, երրորդ կողմն է մեր փոխարեն պայմանավորվում. Հունգարիայի հետ դրական օրակարգ առաջխաղացնելը ՀՀ համար օգտակար կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

– ՀՀ նախագահ  Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո, Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ի՞նչ նշանակություն ունի այս հանգամանքը Հայաստանի համար, ի՞նչ կտա երկկողմ հարաբերությունների զարգացումը, քայլ առաջ անելը։

-Մի քանի ամիս առաջ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո սա սպասված հերթական քայլն էր։ Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող քաղաքական խնդիրներից բացի, որոնց նկատմամբ երկուստեք դեռևս որոշակի զգուշավորություն կարող է պահպանվել, կարծում եմ, գործարար շրջանակներում կարող է փոխադարձ հետաքրքրության որոշակի աճ ակնկալվել։ Գիտական, մշակութային, հասարակական կառույցների միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններ ևս կարող են լինել, ընդ որում, Հունգարիայի կառավարությունը որոշ չափով կարող է միջոցներ տրամադրել նման նպատակներով։ Մասնավորապես, Հունգարիան թե ավանդական բնագիտամաթեմատիկական կրթության, թե ներկայումս նաև Հայաստանում ուշադրության արժանացած STEM ուսուցման ոլորտներում բավական մեծ առաջընթաց է արձանագրել։ Համագործակցության որոշ այլ տեսակներ ևս կարող են աստիճանաբար նաև հեշտացնել առավել բարդ խնդիրների քննարկումը։

– Կարծում եք Հայաստանին կհաջողվի՞ փոխել կամ գոնե մեղմել Հունգարիայի դիրքորոշումը Հայաստանի և առհասարակ արցախյան հակամարտության հարցում։

-Պետք է որոշակիորեն զանազանել Հայաստանի նկատմամբ և հակամարտության նկատմամբ դիրքորոշումները։ Անցած տասնամյակում Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը հասկանալի պատճառներով զգուշավոր էր․ հավանաբար, դեր է խաղացել մեղքի զգացողությունը և միաժամանակ՝ պաշտոնապես ներողություն չխնդրելու հարցում վճռականությունը։ Ժամանակ առ ժամանակ արտահայտվել է որոշակի հետաքրքրություն, կիրառվել է դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի հետ ուղղակիորեն չկապված, ինչ-որ չափով խորհրդանշական քայլերի միջոցով դրական ազդակների մարտավարություն, որի նկատմամբ պատասխան մեծ խանդավառություն չնկատելով՝ իրենք այդքանով էլ սահմանափակվում էին։ Դրա հետ մեկտեղ, օրինակ, ԵՄ-ի հետ համագործակցության, այդ թվում՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցում Հունգարիան խոչընդոտելու փորձ չի կատարել, հատուկ նախապայմաններ չի ներկայացրել։ Ինչ վերաբերում է հակամարտությանը, Ադրբեջանի հետ Հունգարիայի հարաբերություններին սպառնացող որևէ դիրքորոշում ակնկալել չի կարելի։ Բայց ԵՄ-ի միջնորդական ջանքերի որոշակի առաջընթացի դեպքում կարելի է դարձյալ ակնկալել ԵՄ-ի քաղաքականության նկատմամբ օժանդակություն՝ չնայած Ռուսաստանի հետ մերձենալու և որոշ հարցերում ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշմանը հակադրվելու Հունգարիայի փորձերին։

-Առհասարակ այս իշխանությունն աչքի է ընկնում հարաբերություններ հաստատելու քաղաքականությամբ՝ «նեղացածի» տրամաբանությունը շարունակելու փոխարեն։ Մենք դեսպան ենք նշանակում Իսրայելում, բանակցություններ վարում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հունգարիայի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունն, այն ինչքանո՞վ է արդյունավետ։

-Զգալի չափով պարտադրված քաղաքականություն է՝ հատկապես Ադրբեջանի հարցում, որի հետ բանակցությունները տարիներ առաջ պետք էր հասցնել հանգուցալուծման՝ առանց նոր պատերազմի, հույս չդնելով «դաշնակցի» և ուշադրություն չդարձնելով վերջերս, այսպես ասած, որպես «ազգափրկիչ» հանդես եկողների վրա։ Սակայն ներկայիս իրավիճակում է՛լ ավելի անիմաստ և վտանգավոր կլիներ Ձեր ասած նեղացածի տրամաբանությամբ շարունակելը. նախկին փորձն էլ է հուշում, որ եթե չենք երկխոսում՝ հատկապե՛ս հարևանների հետ ունեցած բարդ խնդիրների մասին, երրորդ կողմն է մեր հաշվին նրանց հետ պայմանավորվում։ Նշված երկրներից էլ Հունգարիայի հետ դրական օրակարգ առաջխաղացնելը մի քանի պատճառներով ավելի հեշտ կարող է լինել, քան մյուսների հետ, հետևապես՝ պետք է փորձել օգուտ ստանալ։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *