ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երևանյան Խորհրդաժողով

(մայիսի 26-27)

«Բոլորը հանուն պետության և պետությունը հանուն բոլորի»

Հաջողված երկիր ունենալու համար անհրաժեշտ է ունենալ թե՛ հզոր պետություն, թե՛ հզոր հասարակություն, ուր կան առողջ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, գիտակից քաղաքացիներ և այլն: Առանց հզոր հասարակության կունենանք բռնապետություն:

Աշխարհում թևածող համավարակը, Ուկրաինայում և Կովկասում տեղի ունեցող պատերազմները, ժողովրդավարության և բռնապետության միջև ուժգնացող լարվածությունը, համաշխարհայնացման ճգնաժամերը վկան են այն բանի, որ աշխարհը փոխվում է, մարդկությունը՝ նույնպես։ Եվ այս փոփոխվող աշխարհում որոշ ժողովուրդներ ավելի շատ ցավալի պատմական փորձությունների են ենթարկվում, քան մյուսները: Դրանցից է նաև հայ ժողովուրդը, որը վերջին տարիներին նույնքան վճռորոշ ճակատագրական իրողությունների է ականատես լինում, որքան և 105 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, երբ գոյութենական բարդ պահ էր։

Այնուամենայնիվ, չնայած այս զուգահեռ պատմական փաստերին, հայ ժողովուրդն իր ինքնիշխանության վերականգնման դասերը չյուրացրեց։ Իրոք, ո՛չ 1918-ին, ո՛չ 1920-ին, ո՛չ էլ 1991-ին կամ 2020-ին, պատմությունը թույլ չտվեց պայմաններ ստեղծել ազգային ինքնիշխանության մարտահրավերներին դիմակայելու ունակ վերնախավի և ինքնիշխան քաղաքական տարածքի ստեղծման համար:

Սակայն այսօր, ավելի քան երբևէ, Պետությունն ինքը պետք է հայության այս ընդհանուր արժեքների խորհրդանիշը լինի։ Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանի Հանրապետությունը պետք է Հայկական աշխարհի վերակազմավորման ծանրության կենտրոնը դառնա հասարակական գործունեության բոլոր ոլորտներում։ Այսօր, ավելի քան երբևէ, պետությունն ինքը պետք է լինի ընդհանուր շահի հիմքն ու ցուցիչը, սոցիալ տնտեսական արդարության ապահովողը, այսինքն՝ իշխանության և քաղաքացիական հասարակության հավասարակշռության այն կետը, այն չեզոք գոտին, որտեղ յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է գտնի իր տեղը և ինքն իրեն հաղթող ճանաչի։

Միայն թե, իրականում, Հայաստանում ընդհանուր շահ երբեք չի եղել, քանի որ չկա ինքնիշխան պետության ավանդույթ, ոչ էլ հասարակական պայմանագիր, որոնք վերնախավի և ժողովրդի միջև փոխվստահության հիմքն են կազմում։ Իսկ առանց հասարակական պայմանագրի, չի կարող լինել ո՛չ պետություն, ո՛չ էլ ժողովրդավարություն, այլ պարզապես կլինի օլիգարխիկ իշխանությանը սպասարկող վարչակարգ, ինչ բնույթ էլ, որ այն ունենա: Առանց հասարակական պայմանագրի չի կարող ինքնիշխանություն կամ պատշաճ քաղաքական համակարգ լինել, այլ պարզապես կլինի բարեկամական ​​կարգ, ուր անձնական կապերը ավելի կարևոր են քան ինստիտուցիոնալ կապերը:

Պետությունը չէ, որ պետք է ծառայի վարչակարգերին, այլ վարչակարգերն ու նրանց գաղափարախոսությունները պետք է ծառայեն պետության պատշաճ գործունեությանը: Ինքնիշխան տարածքի և ժողովրդի վրա հիմնվող հայկական պետությունը չի կարող միջազգային ասպարեզում մյուս պետությունների կողմից սխալ ընկալվող միավոր լինել։ Հայկական պետությունը պարտավորություններ ունի միջազգային հանրության հանդեպ, և հակառակը՝ միջազգային հանրությունը պարտավորություններ ունի հայկական պետության հանդեպ, ուստի միջազգային հանրությունը պետք է իր ողջ ուշադրությունը սևեռի Հայաստանի Հանրապետության, և մասնավորապես Արցախի Հանրապետության մտահոգիչ ճակատագրի վրա, որի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի Արցախի Հանրապետության անվտանգության սկզբունքի և ՄԱԿ-ի «Պաշտպանության պատասխանատվության մասին» կոնվենցիայի  համաձայն, և եթե նույնիսկ գոյություն ունեն մի քանի ուղիներ այս միջազգային նորմի կիրառումը երաշխավորելու համար, ՄԱԿ-ը պետք է օգտագործի գործող օրենքով նախատեսված ամբողջ գործիքակազմը, որպեսզի Արցախի հայ բնակչությանը դուրս բերի Ադրբեջանի բռնապետության, Անկարա-Բաքու պանթուրքական ծավալապաշտության և Թուրքիայի ու Ռուսաստանի մաքիավելիական քաղաքականության ճիրաններից, ընդ որում չպետք է նույնացնել Էրդողանի և Պուտինի բռնապետական ​​վարչակարգերն ու թուրք և ռուս քաղաքացիական հասարակությունները։

Այս դատապարտող դիտարկումը երկնքից չի ընկել։ Այն 2023 թվականի մայիսի 26-ին և 27-ին Երևանում տեղի ունեցած երկօրյա մտքերի փոխանակման և բանավեճերի արդյունքն է՝ հայոց աշխարհի չորս կողմերից ժամանած պահանջատեր դիտորդների միջև, ովքեր, ներշնչված Քրիստափոր Միքայելյանի եւ Արամ Մանուկյանի մտքերով, «ազատ մտածեցին և միասին խոսեցին»՝ նոր մտածողության, նոր ինքնիշխանության և նոր հույսի համար պայմանների ստեղծման նպատակով՝ որպես գաղափարների, վարքագծի և ուղերձների փոփոխության համար անհրաժեշտ երեք հիմնարար սկզբունքներ։

Եթե ​​առաջիկա ամիսներին Հայաստանում նմանատիպ և ավելի բաց ձևաչափով այլ հանդիպումներ սպասվեն, ապա որևէ կերպ չհավակնելով դառնալ մեկ այլ կուսակցության հիմք, ոչ էլ որևէ քաղաքական կազմակերպություն, այլ ընդամենը գաղափար։ Արդեն կարելի է որոշ նկատառումներ նշել, որոնք այսուհետև կբացահայտվեն տարբեր հարթակներում՝ բանավեճի և կարծիքների փոխանակման համար։ 

Այս որակական թռիչքը բխում է պատմական անհրաժեշտությունից՝ որպեսզի պատրաստվի նոր սերունդները ունենալու բանալիները իրենց և Հայաստանի Հանրապետության ապագայի ու մեր պետության համար, որ հիմնված է անվտանգության, կրթության և արդար սոցիալ տնտեսական զարգացման վրա։ Հայաստանի Հանրապետությանը հրավիրում ենք պատասխանատվության այս երեք առաջնահերթությունների նկատմամբ՝ դեպի 21-րդ դար հաջող թռիչք կատարելու համար։

Այնուամենայնիվ, այս հարացուցային փոփոխությունը աշխարհի հանդեպ բաց դիրքորոշում, ներառական մոտեցում և իրատեսական մտածողություն է պահանջում: Եթե ​​Հայաստանի քաղաքացիական հասարակությունը արդիականացվում է, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական ​​ինտելեկտի և գիտական ​​առաջընթացի ոլորտում, ապա հարկ է նշել, որ նրա քաղաքական վերնախավը դեռևս 21-րդ դար մուտք չի գործել։ Եկել է բաց թողածը լրացնելու ժամանակը:

Եթե ​​Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ավելի  հանդուրժող և լայնախոհ է, ապա հարկ է նշել, որ նրա քաղաքական վերնախավը աչքի է ընկնում հատվածականությամբ և պատասխանատվության զգացման բացակայությամբ: Եկել է նշյալ անդունդը լցնելու և հասարակությունը իր պատյանից դուրս բերելու ժամանակը՝ մեր իշխանական վերնախավը վերածնելու համար։

Եթե ​​Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հայտնի է ողջ աշխարհում հարմարվելու իր ունակությամբ, ապա պարզ է, որ քաղաքական վերնախավը ճկունության պակաս  ունի և  աչքի է ընկնում   սփյուռքյան ներուժի ներգրավման ոչ պատշաճ գործելակերպով: Եկել է նաև ժամանակը վերականգնելու հայության միջև հասարակական կապը՝ պետության և նրա համաշխարհայնացված ազգի հարաբերությունների միջոցով, Հայաստանի Հանրապետության և նրա սփյուռքյան ցանցերի միջև հայկական փափուկ ուժի(soft power) ստեղծման միջոցով, որտեղ յուրաքանչյուրի ներուժը` հայ կամ օտարազգի, բայց անպայմանորեն հայասեր, իր օգնությունը կբերի վաղվա Հայաստանին։

Հաջողված երկիր ունենալու համար անհրաժեշտ է ունենալ թե՛ հզոր պետություն, թե՛ հզոր հասարակություն, ուր կան առողջ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, գիտակից քաղաքացիներ և այլն: Առանց հզոր հասարակության կունենանք բռնապետություն:

Ամեն արդիական պետություն և արդիական մտածողություն  խարսխված է լուրջ գիտելիքի ու ընդունելի և պատասխանատու ուժերի հավասարակշռության վրա՝ առանց ավելորդության կամ չափազանցության, և կործանարար երևակայության, որը երազները մղձավանջի է վերածում ու հավաքական վախ և անհանգստություն է առաջացնում: 

Սակայն, հայ ժողովուրդը չափազանց երկար ժամանակ անհասանելի երազանքներով է սնվել, որոնք իրական կյանքում իսկական մղձավանջ են դարձել բոլորի համար: Հետևաբար, եկել է նրան նոր ձգտումների իրատեսական միջոցներ հաղորդելու ժամանակը, որոնք հիմնված կլինեն փոփոխվող աշխարհի վրա՝ մարդասպան գաղափարախոսություններից հեռու, բայց և մարտահրավերները կանխատեսելու և բոլորի կարողությունները ներգրավելու համար՝ հանուն համերաշխության գործելու ժամանակը:

«Բոլորը հանուն Հայաստանի և Հայաստանը հանուն բոլորի», «Բոլորը հանուն Պետության և Պետությունը հանուն բոլորի»։

Կեցցե՛ 1918 թվականի մայիսի 28-ին ծնված և 1991 թվականի սեպտեմբերի 21-ին վերականգնված Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ հայոց պետական ինքնիշխանությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը։   

Հարգանքով՝ 

Խորհրդաժողովի Կազմակերպիչ Մարմին 

29 Մայիս 2023

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *