ՀՀ‑ն դեռ կազդուրվելու կարիք ունի, տարածաշրջանն էլ գտնվում է ռուս-թուրքական դաշինքի գրկախառնության ներքո, Հայաստանն այլ դաշնակից չունի, ուրեմն իրենք ի՞նչ միջոցներով են պատկերացնում այդ Սարդարապատը և ռազմական կերպով հարցի լուծումը։ Տեսնում են, որ ՀՀ‑ն կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել, բարելավել իրավիճակը և ՌԴ‑ի հրամանով փորձում են վիժեցնել այդ գործընթացը»,- կարծում է Սուքիասյանը:
Հայկ Սուքիասյան
Մեկ ճանապարհ ունեն միայն՝ տեռոր. ինչու է Հայաստանի ընդդիմությունն ուզում երկիրը կրկին ներքաշել պատերազմի մեջ
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը, հիմնականում՝ խորհրդարանական, ՀՀ‑ի անվտանգության երկրորդ ճակատն է, որոնք պատրաստ են դիմել թե՛ ապստամբության, թե՛ տեռորի։ Նա համոզմունք ունի, որ ընդդիմությունը պատրաստ է ձեռնարկել նմանատիպ միջոցներ, միայն թե հեղաշրջում իրականացնի երկրում։
Սուքիասյանը նաև նկատում է՝ սրա պատճառն այն է, որ նրանք փողոցային պայքարում որևէ հաջողություն չեն կարողանում արձանագրել:
«Նրանք ցանկանում են քաղաքական ցնցումներով ՀՀ‑ի ձեռք բերվող կայունությունը խաթարել, նպատակ ունեն ոչնչացնել պետությունը, բանակն ու ժողովրդին։ Պարզ է, որ ընտրազանգված չունեն, այլ բան է, երբ պետությունը վատագույն վիճակում բևեռացվեց, և իրենք մի կերպ սողոսկեցին խորհրդարան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ ընդդիմության՝ ընտրազանգված չունենալու փաստը հիմնավորելով վերջիններիս հանրահավաքների ժամանակ արձանագրվող մարդկանց սակավ թվաքանակով:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, սակայն խորհրդարանի աշխատանքներին հազվադեպ մասնակցող Իշխան Սաղաթելյանի մայիսի 28-ին արած հայտարարությանը, այն է՝ ««Դաշնակցությունն» իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը, ժողովրդին ոտքի է հանելու և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու երկրից, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում հաղթելու ենք»՝ քաղաքագետն ասում է.
«Նրանք ժողովրդի վերքերն են օգտագործում և դրանց վրա հաղթանակի մասին խոսում, բայց 30 տարի մսխել են Արցախի հաղթանակը, թալանել ու կողոպտել Հայաստանը, սարքել անիրավ պետություն, ձևավորել արտագաղթող ժողովուրդ։ Դաշնակցությունը երեք անգամ կոալիցիա է կազմել օլիգարխների հետ, բայց չէ՞որ լինելով սոցիալիստական կուսակցություն, պետք է պայքարեր աղքատության հաղթահարման դեմ։ Նման հայտարարություններով ընդամենը փորձում են անկայունացնել՝ առանց այդ էլ մեր ոչ բարվոք իրավիճակը։ ՀՀ‑ն գիշեր-ցերեկ խնդիրների մեջ է, իրենք էլ ռևանշիստի պես են իրենց դրսևորում։ Դավադրություններ են ձեռնարկում պետության դեմ»:
Ըստ զրուցակցի՝ ընդդիմությունը բավականին լավ է տեղեկացված ՀՀ‑ի ներկայիս հնարավորությունների ու միջոցների մասին, որոնց պատճառը նաև իրենք են:
«Ունեն իրենց լուման այս իրավիճակի համար։ Ես չունեմ համոզում, որ այս իշխանությունն ունի հնարավորություն ռազմական ճանապարհով հարցը լուծելու և չի լուծում, իսկ իրենք խաղում են ժողովրդի հետ։ Երկու տարի է անցել, բայց ՀՀ‑ն դեռ կազդուրվելու կարիք ունի, տարածաշրջանն էլ գտնվում է ռուս-թուրքական դաշինքի գրկախառնության ներքո, Հայաստանն այլ դաշնակից չունի, ուրեմն իրենք ի՞նչ միջոցներով են պատկերացնում այդ Սարդարապատը և ռազմական կերպով հարցի լուծումը։ Տեսնում են, որ ՀՀ‑ն կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել, բարելավել իրավիճակը և ՌԴ‑ի հրամանով փորձում են վիժեցնել այդ գործընթացը»,- կարծում է Սուքիասյանը:
Քաղաքագետը նաև չի կարծում, թե ընդդիմությանը կհաջողվի պայքարի դուրս գալ և, ինչպես վերջիններս են նշում, 5–6 ամսվա ընթացքում հասնել հեղաշրջման:
«Իրենց կողքին ժողովուրդ չկա, իրենք են իրենց ընտանիքի անդամներով, քաղաքական աղանդի մի քանի մարդկանցով և վերջ։ Ոչինչ չեն կարող անել, մեկ ճանապարհ ունեն միայն՝ տեռոր ու ապստամբություն։ Այս առումով իշխանությունը պետք է վերահսկի գործընթացը ու ապահովի անվտանգությունը։ Սակայն նրանք իրականում եթե լինեին ընդդիմություն, կաջակցեին ՀՀ-ին։ Ունեն մանդատ, կարող են հանդիպել այլ երկրների ներկայացուցիչների հետ, միջազգային կառույցներում բարձրաձայնեն, մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում օգնեն պետությանը, բայց միայն խանգարում են նպատակաուղղված»,- նկատում է նա։
Ըստ Սուքիասյանի՝ ընդդիմությունը ևս իր ներսում ունի խժդժություններ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, միմյանց մեղադրում են Հայաստանում հեղաշրջում իրականացնել չկարողանալու համար:
