Հայաստան

Բաքուն Կհամարձակվի՞ Իսրայելը Հակադրել Իրանին

Իսկապե՞ս Ադրբեջանը պատրաստ է նման ռիսկի դիմել, թե՞ ոչ, որովհետև նման ռիսկի դիմելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենա Ադրբեջանի համար։Եթե Ալիևը գնա նման քայլերի, հստակ ու կոպիտ ապտակ կստանա իրանական կողմից։

Մովսես Քեշիշյան

Բաքուն ուժեղ ապտակ կստանա, եթե որոշի ընդդեմ Իրանի քայլերով Իսրայելին պարտք վերադարձնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը։

–Պարոն Քեշիշյան, պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի նախագահ Հերցոգն Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է անվտանգության գլոբալ և տարածաշրջանային կառուցվածքը, որում «Իրանը սպառնալիք և վտանգ է ստեղծում»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս քննարկումների մասին, արդյոք Ալիևը կմտնի հակաիրանական գործողությունների մեջ, թե՞ Բաքու-Թեհրան հարաբերությունները մեղմացման են գնում։

-Իսկապես թվում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը որոշ չափով մեղմվել է, սակայն պետք է նշել, որ Ադրբեջանը չի հրաժարվում ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունները խորացնելուց, այլ դրանց հակաիրանական երանգ տալուց։ Բաքուն ինքնաբերաբար լարում է իրանական կողմին, որպեսզի ավելի հստակ ու կոպիտ մոտեցում ցուցաբերի իր նկատմամբ ու որոշակի քայլերի դիմի։

Այնուամենայնիվ իհարկե չի երևում, որ Իրանը պատրաստվում է կոպիտ միջոցների դիմել Ադրբեջանի նկատմամբ, բայց եթե գործնական առումով որոշակի քայլեր նկատի ադրբեջանական կողմից, այսինքն եթե Ադրբեջանը իսրայելական նկրտումներին տրվի, համագործակցի հակաիրանական քայլերի հարցում, ապա այդ դեպքում Իրանը անտարբեր չի մնալու ու վստահաբար ավելի լուրջ քայլերի է գնալու։

-Կարծում եք Իսրայելից հնչող հայտարարությունները ռեա՞լ են գործողությունների առումով, թե՞ պարզապես հռետորաբանության մակարդակով է արվում։

–Կարծում եմ իսրայելական աշխուժությունը լոկ հռետորաբանություն չէ՝ մանավանդ, երբ որոշակի հարցեր են արծարծվում Իրան-արևմուտք համաձայնությունների մասին։ Սա բնականաբար դուր չի գալիս Իսրայելին, այսինքն՝ Իրան-արևմուտք հարաբերությունների կարգավորումը կտանի նրան, որ Իրանի վիճակն ավելի կամրապնդվի, Իրանն ավելի ազդեցիկ դիրքում կհայտնվի ոչ միայն տարածաշրջանում, այլ ավելի լայն համատեքստում։ Իսրայելն ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա։ Գուցե կկարողանա դա անել ԱՄՆ-ում լոբբիստական կառույցների միջոցով։ Թվում է, որ Իրանն էլ խելացի քաղաքականություն է որդեգրել, չի պատրաստվում նախահարձակ լինել որևէ կողմի նկատմամբ, որն իրեն կոպիտ ճնշման տակ չի առնում։ Իրանը դեռ համբերությամբ սպասում է այն բոլոր երկրների քայլերին, որոնք փորձում են Իրանին ներքաշել որոշակի գործողությունների մեջ․ վերջերս թալիբանական Աֆղանստանը որոշ այդպիսի քայլերի դիմեց, իսկ Իրանը դեռ համբերությամբ է զինված։

Վստահաբար հետևել եք Հերցոգի հայտարարություններին, երբ նա նշեց, որ Իսրայելն ու Ադրբեջանը որոշակի հարցերում համաձայն են՝ այդ թվում նաև այն հարցում, որ Իրանը խանգարիչ դերակատարում ունի միջազգային գետնի վրա։Եթե իսկապես Ադրբեջանն այդ հայտարարության հետ համաձայնել է, ապա դա խնդիր է։ Պետք է տեսնել՝ իսկապե՞ս Ադրբեջանը պատրաստ է նման ռիսկի դիմել, թե՞ ոչ, որովհետև նման ռիսկի դիմելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենա Ադրբեջանի համար։Եթե Ալիևը գնա նման քայլերի, հստակ ու կոպիտ ապտակ կստանա իրանական կողմից։

-Գուցե Ալիևը Իսրայելին պա՞րտք ունի վերադարձնելու պատերազմի ժամանակ իրեն աջակցելու համար։

-Մի քիչ բարդ հարց է, որովհետև նման պարտքի վերադարձը կարող է Բաքվի կյանքի գնով ավարտվել։ Վերջին հաշվով Իրանը գուցե որոշ հարցերում համբերատար է, ատամները սեղմում է, բայց եթե հարցերը լրջացան, Ադրբեջանը փորձի պարտքի զգացումից դրդված ծառայություն մատուցել Իսրայելին, իրանական կոպիտ պատասխան կհնչի։ Այդ դեպքում Բաքուն հազիվ թե կարողանա այդ հարվածին դիմանալ։ Կարծում եմ՝ դա շատ լավ հասկանում են Ադրբեջանում։Իսրայելի արտգործնախարարը ժամանակին Թել Ավիվում Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ միասնական ճակատ են կազմում Իրանի դեմ, իսկ Բայրամովը դեռ Բաքու չհասած հերքեց այդ ճակատում Ադրբեջանի մասնակցության հարցը՝ ցույց տալով, որ Ադրբեջանը նման խենթության չի գնալու։ Եթե փորձեն գնալ նման քայլերի՝ այդ ժամանակ իրանական կողմի պատասխանը շատ կոպիտ ու լուրջ է լինելու։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *