Հայաստան

Բաժանիր, Որ Տիրես

Վրաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություններ է իրականացնում և վրաց հասարակությունը դրանից բավականին դժգոհ է։ Հնարավոր է այս ամենն արվում է թշնամու կերպար ստեղծելու տրամաբանության մեջ, որպեսզի շեղեն արտաքին քաղաքական այդ կարևոր հարցից։

Էդուարդ Այվազյան

Կրեմլը ՀՀ իշխանությունների վրա ճնշման նոր մեթոդ է գտել՝ տեղում լարում է հայ-վրացական հարաբերությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սամցխե-Ջավախքի մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն,  հասարակական գործիչ Էդուարդ Այվազյանը։

-Պարոն Այվազյան, Դուք գրառում էիք արել Վրաստանում առկա հակահայկական տրամադրությունների մասին՝ նշելով, որ Թբիլիսիիում ունեցած ձեր շփումների ժամանակ պարզել եք,  որ դրանք նաև քաղաքական  ուժերի կողմից են ուղղորդվում։ Ի՞նչ մտահոգություններ կան այդ առումով։

Եթե նախկինում նման հայտարարությունները ավելի շատ հասարակական մակարդակի էին, շահարկում էին, օրինակ,  Աբխազիայի հարցը, հիմա  դա ավելի շատ քաղաքական  մակարդակով է տեղի ունենում։ Վրաստանում կա չգրանցված «Alt info» կուսակցություն, որը ոչ միայն կուսակցություն է, այլ նաև քարոզչամեքենա, առաջ է տանում Կրեմլի պրոպոգանդան։ Բոլորն էլ գիտեն, որ դա ռուսամետ ուժ է։ Իրենց ակտիվիստներից մեկն, ով քարոզչական  մասով է զբաղվում, հայտարարել էր, որ հայերը Աբխազիայում շատ ակտիվ են, ամեն ինչ իրենց ձեռքում է ու դեմ են, որ Աբխազիան վերադառնա Վրաստանի կազմ։

Այլ կուսակցությունների անդամներ ևս նման հայտարարություններ են արել։ Նրանց մեջ կա նաև վրացական ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ը, որոնց անդամները ևս նման բովանդակությամբ գրառումներ են անում։ Դրանից բացի՝ անընդհատ շեշտում են, որ իբրև թե հայկական սփյուռքն է այդ հարցերով զբաղվում, միջամտում այդ հարցերին։

Դրանից բացի՝ Նինոծմինդայում կա մանկատուն, որը պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն։ Այնտեղ տարիներ առաջ երեխաների իրավունքների հետ կապված խախտումներ էին արձանագրվել։ Վերջերս այնտեղ էր այցելել Վրաստանի  մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որից հետո  ևս տարբեր քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ դրա հետևում հայկական սփյուռքն է կանգնած։ Նույնիսկ տարօրինակ անուններ են հնչեցնում, որոնք ընդհանրապես գոյություն չունեն… նշում են, որ հայերը վարկաբեկում են վրաց եկեղեցին, շահարկում են նաև Աբխազիայի հարցը։

«Վրացական երազանքի» քարոզչությամբ զբաղվող ֆեյսբուքյան  էջերից մեկը, որը տասնյակ հազարավոր հետևորդներ ունի, ևս նմանատիպ գրառումներ է կատարում՝  նույն Աբխազիայի մասով։

-Կարծում եք այս քարոզչությունը վտանգավոր միտումներ կարո՞ղ է ունենալ, հակահայկական տրամադրությունները կարո՞ղ են համատարած բնութ կրել։

-Ցավոք սրտի մենք ունենք նման մտահոգություններ։ Մասնավորապես այն, որ արդեն քաղաքականության հետ կապված մարդիկ են նման հայտարարություններ անում։ Չի բացառվում, որ այս ամենը ուղղորդվում է հենց Ռուսաստանից, որպեսզի լարվածություն ստեղծեն հայ-վրացական հարաբերություններում, նաև ճնշման լծակներ ավելացնեն Հայաստանի իշխանությունների վրա։
Մենք գիտենք, որ տարբեր տեղերից այդպիսի ճնշումները մեծանում են։ Չի բացառվում, որ Կրեմլի հպատակ ուժերի ձեռքով է սա արվում։ Դրանից  բացի՝ մենք տեսնում ենք, որ հիմա Վրաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություններ է  իրականացնում և վրաց հասարակությունը դրանից բավականին դժգոհ է։ Հնարավոր է այս ամենն արվում է թշնամու կերպար ստեղծելու  տրամաբանության մեջ, որպեսզի շեղեն արտաքին քաղաքական այդ կարևոր հարցից։

-Այսինքն՝ չի բացառվում, որ Մոսկվային էլ է ձեռնտու, որ հայ-վրացական հարաբերությունները տեղում լարված լինեն։

-Իհարկե չի բացառվում, որ այդ ամենը հենց այնտեղից է ուղղորդվում։ Եվ շատ զարմանալի է, որ Վրաստանի իշխանությունները չեն արձագանքում, նույնիսկ իրենց քարոզչական էջերում են դա տեղադրում, իսկ առանձին քաղաքական գործիչների՝ իրենց  հայտարարությունների համար պատասխանատվության չեն ենթարկում։ Տենդենց կա, որ այդ հարցերը գնալով կխորանան։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *