28.4 C
Yerevan

Մոնթեն Ուրիշ էր

Նրա դերը պարզա­պես կարդի­նալ էր։ Կարող եմ խղճի ամե­նայն հանգստությամբ և առանց չափա­զանցության մեջ մեղադրվե­լուց վախե­նա­լու ասել, որ Մոնթեի շնորհիվ է, որ մենք 1992-ին պատե­րազմը չկորցրինք, և որ նա շատ վճռո­րոշ դեր ունե­ցավ 1993‑ի նվա­ճումնե­րում։

Ալեք Ենի­գոմշյան

Մոնթեն Հայաստա­նի և Արցա­խի ամե­նա­հայտնի, ամե­նա­սիրված և ամե­նա­հարգված մարտիկն է. Ալեք Ենի­գոմշյան

Մոնթե Մելքոնյա­նի զոհվե­լու 30-րդ տարե­լի­ցի առի­թով Ֆրանսիա­յում հրա­տա­րակվող Nouvelles d’Armenie Magazine ամսա­գիրն իր 2023թ․ հունի­սի համա­րում ծավա­լուն հարցազրույց է հրա­պա­րա­կել 1978թ․-ից Մոնթեին ճանա­չած, նրա ընկեր և Հայաստա­նում «Մոնթե Մելքոնյան հիմնադրա­մի» տնօ­րե­նի պարտա­կա­նություննե­րը կատա­րող Ալեք Ենի­գոմշյա­նի հետ:

«Հետք»-ը հրա­պա­րա­կում է ֆրանսե­րեն հարցազրույցի հայե­րեն թարգմա­նությունը:

Ի՞նչ հանգա­մանքնե­րում եք ծանո­թա­ցել Մոնթե Մելքոնյա­նի հետ:

Նրան առա­ջին անգամ տեսել եմ 1978 թվա­կա­նի ապրի­լի 24-ին Բեյրութում։ Դրա­նից մեկ կամ երկու ամիս անց մի անգամ հանդի­պել ենք հպանցիկ։ Բայց 1978‑ի վերջում էր, երբ մենք իսկա­պես ճանա­չե­ցինք միմյանց և շուտով դարձանք մտե­րիմ ընկերներ:

Այդ ապրի­լի 24-ին հայկա­կան ավանդա­կան կուսակցություննե­րի երի­տա­սարդա­կան կազմա­կերպություննե­րը Բուրջ Համուդի հայկա­կան դպրոցնե­րից մեկում դահլի­ճա­յին հավաք էին կազմա­կերպել։ Ես այդ թաղա­մա­սում էի գտնվում այլ պատճառնե­րով, բայց առի­թից օգտվե­լով՝ ուզե­ցի պարզա­պես զգալ տիրող մթնո­լորտը: Երբ հասա դահլի­ճի դռան մոտ, ամբիո­նից ելույթ էր ունե­նում մոտ 20 տարե­կան մի երի­տա­սարդ՝ միջա­հա­սակ, խիտ ու սեւ մորուք, սեւ մազեր, շատ մուգ դեմք: Կարծես պակիստանցի լիներ: Բայց եռանդով խոսում էր կատարյալ ամե­րիկյան անգլե­րե­նով։ Հակադրությունն ուշագրավ էր։ Ակնհայտ էր, որ նա ԱՄՆ-ից եկած հայ երի­տա­սարդ էր։ Դա առա­վել հետաքրքիր էր այն առումով, որ լիբա­նանյան քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի այդ տարի­նե­րին շատ քիչ թվով ամե­րի­կա­հայ երի­տա­սարդներ՝ այն էլ հայե­րեն չիմա­ցող, այցե­լում էին Լիբա­նան։ Մի րոպեից էլ պակաս մնա­ցի այնտեղ և դուրս եկա հաճե­լի տպա­վո­րությամբ:

Հաջորդ մի քանի շաբաթնե­րին իմա­ցա, որ երի­տա­սարդի անունը Մոնթե է: Նա Լիբա­նան էր ժամա­նել ապրի­լի 24-ից մի քանի օր առաջ։ Ավե­լի ուշ իրե­նից իմա­ցել եմ, որ այդ օրե­րի շատ մուգ դեմքը ԱՄՆ-ից մեկնե­լուց կարճ ժամա­նակ առաջ Նեւա­դա­յի անա­պա­տում ընկերնե­րի հետ անցկացրած օրե­րով էր պայմա­նա­վորված:

Մեկ-երկու ամիս անց միա­սին հայտնվե­ցինք միեւնույն վայրում: Այն ժամա­նակ մենք՝ մի խումբ երի­տա­սարդներ, ամեն շաբաթ օր հանդի­պում էինք «Սփիւռք» շաբա­թա­թերթի բաշխման գործնա­կան հարցե­րով զբաղվե­լու համար: Տվյալ օրը մասնա­կիցնե­րից մեկը եկավ Մոնթեի ուղեկցությամբ: Մենք առա­ջին անգամ հանդի­պե­ցինք։ Մի քանի րոպե զրուցե­ցինք։ Նա դեռ անգլե­րեն էր խոսում։ Երբեմն, երբ մի քանի ժամվա գործն ավարտվում էր, բերում էինք «ֆալաֆել» սենդվիչներ, որոնք ուտում էինք նույն գրա­սենյա­կում։ Մինչեւ հիմա աչքե­րիս առաջ է Մոնթեի այդ օրվա պատկե­րը՝ մեծ ախորժա­կով իր սենդվի­չը խժռե­լուց:

1978‑ի ամռա­նը ես մեկնե­ցի Ֆրանսիա, իսկ Մոնթեն՝ Իրան: Մեր վերա­դարձից հետո Բեյրութում կատա­ղի ռմբա­կո­ծություննե­րը վերսկսել էին։ Մոնթեն ապրում էր Բուրջ Համուդում, իսկ ես՝ Արեւմտյան Բեյրութում: Շրջաննե­րի միջեւ կապը գրե­թե խզված էր։ Մենք հնա­րա­վո­րություն չունեինք կրկին հանդի­պե­լու:

Տարե­վերջին Բուրջ Համուդից մի երի­տա­սարդ ընկեր ինձ ասաց, որ այս Մոնթեն «մեզի պէս կը մտա­ծէ», և առա­ջարկեց հանդի­պել նրան: Ամփոփ՝ «մեզ պես մտա­ծել» նշա­նա­կում էր հայկա­կան հարցը և դրա լուծումը հակաիմպե­րիա­լիստա­կան պայքա­րի տրա­մա­բա­նությամբ պատկե­րացնել, զինյալ պայքա­րի ջատա­գով լինել և ունե­նալ արմա­տա­կան ձախ սոցիալ-քաղա­քա­կան հայե­ցա­կարգ:

Մենք հանդի­պե­ցինք։ Մեր քննարկման թեմա­ներն էին Հայկա­կան հարցը, Լիբա­նա­նի հայ համայնքի վիճա­կը, որտեղ աջա­կողմյան քրիստոնյա զինյալնե­րի հետ հակա­սություննե­րը ծայրաստի­ճան սրվել էին, տարբեր ազա­տագրա­կան պայքարնե­րը և այլն։ Մեր իսկա­կան լուրջ և դեմ առ դեմ առա­ջին այս հանդիպմանն իսկ շատ դրա­կան հոսանք անցավ մեր միջով և շատ արագ դարձանք իսկա­կան ընկերներ: Ոչ միայն մեր գաղա­փարներն ու կարծիքնե­րը գրե­թե ամբողջությամբ համընկնում էին, ինչը միանգա­մայն զարմա­նա­լի էր Միացյալ Նահանգնե­րում ծնված և մեծա­ցած մեկի պարա­գա­յում, այլ ի սկզբա­նե ես շատ ուժեղ կապվա­ծություն զգա­ցի նրա հետ՝ նրա այդքան հետաքրքիր, ինքնա­տիպ բնա­վո­րության և գրա­վիչ կերպա­րի, անկեղծության, շփման, նրա «ձեւեր չթա­փե­լու», ավե­լի ճիշտ՝ ձեւե­րի խորը բնա­կա­նության, անմի­ջա­կան բնա­վո­րության և այլն պատճառնե­րով։

Միշտ համակարծի՞ք եք եղել նրա հետ:

Այո, կարծում եմ, որ համարյա միշտ համա­կարծիք ենք եղել: Դա պայմա­նա­վորված էր, ինչպես ասա­ցի, և՛ մեր համոզմունքնե­րի համընկնմամբ, և՛ նրա­նով, որ դրանք, ներե­ցեք անհա­մեստության համար, շատ խորն ու անկեղծ էին երկուսիս համար։ Սա չի նշա­նա­կում, որ երբեւէ չենք ունե­ցել տարա­ձայնություններ կամ տարբեր տեսա­կետներ որո­շա­կի գործնա­կան մոտե­ցումնե­րի կամ մանրա­մասնե­րի վերա­բերյալ։ Բայց հիմնա­կան և նույնիսկ երկրորդ կարգի հարցե­րում գրե­թե միշտ համա­կարծիք ենք եղել:

Ինչպե՞ս էիք շփվում վերջին շրջա­նում:

Այդ շփումներն ուղղա­կի չէին: Տեղի էին ունե­նում կա՛մ նրա կնոջ՝ Սեդա­յի, կա՛մ ձայնե­րիզնե­րի միջո­ցով։ Ես երկար ժամա­նակ Լիբա­նա­նում գտնվում էի ընդհա­տա­կում և չունեի ոչ կապի ազատ միջոցներ, ոչ էլ, իհարկե, ազատ տեղա­շարժվե­լու հնա­րա­վո­րություն: Ինքն, իհարկե, Արցա­խում էր, որտեղ արտա­սահմա­նի հետ կապի միջոցնե­րը շատ սահմա­նա­փակ էին, այդ ժամա­նակ՝ շռայլություն։ Այս փոխա­նա­կումնե­րում նա կիսվում էր իրա­վի­ճա­կի վերա­բերյալ իր դիտարկումնե­րով, իր դառնությունը հայտնում հայկա­կան կողմի կազմա­կերպչա­կան և կարգա­պա­հա­կան թերություննե­րի վերա­բերյալ։ 1991 թվա­կա­նից նա ինձ հորդո­րում  էր գալ Հայաստան։

Ի՞նչ դեր ու ազդե­ցություն է նա ունե­ցել ԱՍԱ­ԼԱ-ում:

Մոնթեն ԱՍԱ­ԼԱ-ին միա­ցավ 1980 թվա­կա­նի մայի­սին: Սա այն տարին էր, երբ ԱՍԱԼԱ‑ն վերածնունդ ապրեց: ԱՍԱԼԱ‑ն մինչ այդ ունե­ցել էր շատ քիչ անդամներ և մարտա­կան առա­ջադրանքներ կատա­րող ավե­լի քիչ թվով մարտիկներ: Երի­տա­սարդ Յակոբ Դարաքճեա­նը, որ մինչ այդ առանցքա­յին դերա­կա­տա­րություն ուներ, հիվանդ էր լեյկո­զով և դարձել էր անգործունակ: Մեկ այլ անդամ, ով 1979-ին և 1980‑ի սկզբին մի շարք առա­քե­լություններ էր իրա­կա­նացրել թուրքա­կան և ոչ թուրքա­կան կառույցնե­րի դեմ, հատկա­պես Եվրո­պա­յում, բավա­կան պասի­վա­ցել էր։ Բայց 1980 և 1981 թվա­կաննե­րին ԱՍԱԼԱ‑ի արյունը թարմացվեց նոր անդամնե­րի և մարտիկնե­րի մուտքը։ Գործո­ղություննե­րի որա­կը և դրանց ազդե­ցությունը իսկա­կան վերելք ապրե­ցին, և ես համարձակվում եմ ասել, որ այս երկու տարին, ինչպես նաեւ իներցիա­յով 1982 թվա­կա­նը, ԱՍԱԼԱ‑ի «ոսկե ժամա­նա­կաշրջանն» էին: Մոնթեն ուղղա­կի և կարեւոր դեր խաղաց այս որա­կա­կան ցատկի իրա­կա­նացման գործում։ Նա անձամբ իրա­կա­նացրեց մեկից ավե­լի գործո­ղություններ՝ թուրք դիվա­նա­գետնե­րի դեմ և վարժեցրեց այլ մարտիկնե­րի, այդ թվում՝ 1981 թվա­կա­նի սեպտեմբե­րի 24-ին Փարի­զում Թուրքիա­յի հյուպա­տո­սության գրավման մարտիկնե­րին։

1983 թվա­կա­նի հուլի­սին ԱՍԱԼԱ‑ի պառակտմանն այլընտրանք կա՞ր:

ԱՍԱԼԱ‑ի պատմությունը տխուր պատմություն է, որովհե­տեւ նվի­րումի, խիզա­խության, հայ դատի վերա­հաստատման ու ազգա­յին հպարտության զարթոնքի կողքին, ցավոք, համե­նում ու գնա­լով աճում էին անընդունե­լի, վնա­սա­կար, հակա­կա­ռուցո­ղա­կան և հակաարդյունա­վետ գործե­լա­կերպը, հակա­հումա­նիստա­կան և հակա­հե­ղա­փո­խա­կան էթի­կան և վարքա­գի­ծը, բանդա­նե­րի հատուկ պրակտի­կան, անհե­թե­թը և այլն, և դա՝ ինչպես գործո­ղություննե­րում, այնպես էլ կազմա­կերպության ներքին հարա­բե­րություննե­րում: Այս գործե­լաոճն ու վարքա­գիծն արտա­հայտվում էին անի­մաստ զինված գործո­ղություննե­րով, որոնք չէին կարող որեւէ օգուտ բերել գործին, այլ հակա­ռա­կը, անմեղ զոհե­րի թիրա­խա­վո­րումով՝ հաճախ ամբողջա­կան իմա­ցությամբ, կասկա­ծե­լի ռեժիմնե­րի, ծառա­յություննե­րի և կազմա­կերպություննե­րի հետ կասկա­ծե­լի հարա­բե­րություննե­րով, ներհայկա­կան հարա­բե­րություննե­րի հակաարդյունա­վետ սրա­ցումով, մեծ մասամբ առանց որեւէ սադրանքի՝ հայկա­կան թիրախնե­րի դեմ զինված հարձա­կումնե­րով, ներքին նվա­զա­գույն ժողովրդա­վա­րության բացա­կա­յությամբ, ներքին խորհրդակցություննե­րի և քննարկումնե­րի գրե­թե բացա­կա­յությամբ, ներքին թունա­վոր մթնո­լորտով, պայքա­րի ռազմա­վա­րա­կան մոտեցման բացա­կա­յությամբ և այլն։ Այս գործե­լաո­ճը ոչ միայն ինքնին անընդունե­լի էր, այլեւ ժամա­նա­կի ընթացքում ջնջում էր քաղա­քա­կա­նա­պես կշռա­դատված, նպա­տա­կաուղղված և հաջողված գործո­ղություննե­րի դրա­կան արդյունքնե­րը։ Այս վարքագծե­րը մեծ լարվա­ծություն էին ստեղծել ԱՍԱԼԱ‑ի կորի­զում անգամ՝ չխո­սե­լով Եվրո­պա­յի և Հյուսի­սա­յին Ամե­րի­կա­յի համա­կիր շրջա­նակնե­րում առա­ջա­ցած օտարման մասին: Իրա­վի­ճա­կը դարձել էր անտա­նե­լի և ԱՍԱԼԱ‑ի ներսում երկու հոսանքնե­րի միջեւ համա­կե­ցությունը դարձել էր անհնար։ Բայց բոլոր լծակնե­րը նշված գործե­լա­կերպի պատասխա­նա­տու՝ ԱՍԱԼԱ‑ի ղեկա­վար Հակոբ Հակոբյա­նի ձեռքե­րում էին։ Այդ գործե­լա­կերպի բոլոր հակա­ռա­կորդնե­րը մեկուսացվել էին նրա կողմից: Մոնթեն, ով իհարկե խիստ ընդդի­մա­նում էր այդ գործե­լաո­ճին, 1983-ին Հակոբյա­նի հրա­մա­նով գտնվում էր փաստա­ցի տնա­յին կալանքի տակ: Չնա­յած այս ամե­նին՝ ավե­լի ճիշտ այդ ամե­նի պատճա­ռով, ներքին բիրտ պառակտումը կամ պայթյունը գործնա­կա­նում անխուսա­փե­լի էր դարձել: Այն, ինչ տեղի ունե­ցավ 1983 թվա­կա­նի հուլի­սին, երբ Հակոբյա­նի որոշ հակա­ռա­կորդներ սպա­նե­ցին նրա գլխա­վոր աջ ձեռքե­րից երկուսին, այս մթնո­լորտի արդյունքն էր, բայց նաեւ անզո­րության ու զայրույթի ակտ, այլ ոչ թե ներքին հակա­սություննե­րի կշռա­դատված լուծում: Մոնթեն կատարվա­ծի ոչ դրդողն էր, ոչ ծրագրա­վո­րո­ղը, ոչ էլ կատա­րո­ղը: Բայց երբ դա տեղի ունե­ցավ, նրան մնում էր միայն հայտա­րա­րել պառակտման մասին:

Արդյո՞ք Մոնթեն իսկա­պես հույս ուներ պայքա­րը հասցնել Թուրքիա­յում օկուպացված հայկա­կան տարածքներ:

Այո՛, դա էր նրա նպա­տա­կը և նրա մտքե­րի ու ջանքե­րի կիզա­կե­տը։ Մոնթեն թուրքա­կան պաշտո­նա­կան թիրախնե­րի դեմ զինված գործո­ղություննե­րը համա­րում էր հայկա­կան զինված պայքա­րի առա­ջին փուլ՝ զինված քարոզչության փուլ։ Նրա համար այս մարտա­վա­րությունն ինքնանպա­տակ չէր, այլ պետք է հենց Թուրքիա­յում օկուպացված հայկա­կան տարածքնե­րում զինված պայքա­րի համար դաշտ նախա­պատրաստեր։ Նա համա­րում էր, որ վաղ թե ուշ Թուրքիա­յում սոցիա­լա­կան հեղա­փո­խություն էր տեղի ունե­նա­լու, ինչպես նաեւ այնտե­ղի քրդե­րը իրա­կա­նացնե­լու էին իրենց նպա­տակնե­րը կա՛մ իրա­կան ինքնա­վա­րության, կա՛մ անկա­խության տեսքով: Նա համոզված էր, որ հայե­րը պետք է անպայմա­նո­րեն տեղում մասնակցեին այդ պայքա­րին, եթե ուզում էին լուծել ազգա­յին հարցը։ Նա գտնում էր, որ հայե­րը դատարկա­ձեռն էին հայտնվե­լու, եթե այդ սոցիա­լա­կան հեղա­փո­խությունն ավարտվեր և քրդա­կան նկրտումնե­րը իրա­կա­նացվեին առանց իրենց մասնակցության։ Համա­րում էր, որ հայե­րի քաղա­քա­կան ձեռքբե­րումնե­րի մակարդա­կը կախված էր լինե­լու տեղում պայքա­րին նրանց ակտիվ մասնակցության մակարդա­կից։

1985- 1989 տարի­նե­րին ֆրանսիա­կան բանտե­րից գրած նրա տեքստե­րը կենտրո­նա­ցած էին այս թեմա­նե­րի շուրջ: Բանտից ազատվե­լուց հետո Բալկաննե­րում անցկացրած փախուստի մեջ գտնված ժամա­նա­կաշրջա­նում նա փորձում էր այդ նպա­տա­կով կազմա­կերպչա­կան կառույց ձեւա­վո­րել:

Այս սոցիա­լա­կան հեղա­փո­խությունը Թուրքիա­յում իհարկե տեղի չունե­ցավ, և քրդե­րի պայքա­րը դեռ շարունակվում է առանց իսկա­կան շոշա­փե­լի արդյունքնե­րի, առնվազն Թուրքիա­յի ներսում: Մյուս կողմից՝ ղարա­բաղյան շարժումը և հետա­գա­յում ԽՍՀՄ‑ի փլուզումն ու Հայաստա­նի իրա­վա­կան անկա­խա­ցումը հայկա­կան հարցի առանցքն ու հայկա­կան մտա­հո­գություննե­րը տեղա­փո­խե­ցին դեպի Արեւելք։ 1990‑ի ամռա­նը Երեւա­նում իշխա­նա­փո­խությունից հետո ստեղծված պայմաննե­րից հետո Մոնթեն եկավ Հայաստան, որտեղ ավե­լի ազատ գործո­ղության դաշտ կարող էր ունե­նալ։ Արցախյան հակա­մարտության սրումը նրան տարավ այնտեղ, ու մնա­ցա­ծը գիտենք։ Բայց ես վստահ եմ, որ նրա համար Արեւմտյան Հայաստա­նի տարածքնե­րի հարցը միայն հետաձգված էր։

4 տասնամյակնե­րի հեռա­վո­րությունից Մոնթեի ժամա­նա­կի իդեալներն ու նախագծե­րը կարե­լի է գնա­հա­տել որպես ուտո­պիստա­կան, բայց 1980-ականնե­րի համա­տեքստում դրանք ամբողջությամբ այդպի­սին չէին, որքան էլ որ լինեին շատ դժվար հասա­նե­լի և քիչ հավա­նա­կան։

Ինչպե՞ս գնա­հա­տել նրա դերը Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում։ Որո՞նք էին նրա ամե­նա­մեծ ձեռքբե­րումնե­րը:

Նրա դերը պարզա­պես կարդի­նալ էր։ Կարող եմ խղճի ամե­նայն հանգստությամբ և առանց չափա­զանցության մեջ մեղադրվե­լուց վախե­նա­լու ասել, որ Մոնթեի շնորհիվ է, որ մենք 1992-ին պատե­րազմը չկորցրինք, և որ նա շատ վճռո­րոշ դեր ունե­ցավ 1993‑ի նվա­ճումնե­րում։

1992‑ի մայի­սին հայե­րի կողմից Շուշիի գրավման և Լաչի­նի միջանցքի բացումից հետո, երբ մերոնք դեռեւս էյֆո­րիա­յի մեջ էին, Ադրբե­ջանն աննա­խա­դեպ խոշոր հարձա­կում սանձա­զերծեց Արցա­խի բոլոր ճակատնե­րի ուղղությամբ: Սկսած հունի­սից, մի քանի շաբաթնե­րի ընթացքում գրավվեց այն ժամա­նակվա Արցա­խի տարածքի գրե­թե կեսը։ Շահումյա­նի ամբողջ շրջա­նը, Մարտա­կերտի շրջա­նի 80%-ը, որն ինքնին Արցա­խի ամե­նա­մեծ շրջանն է, Ասկե­րա­նի շրջա­նի մի մասը և այլն, մեկը մյուսի հետեւից ընկան։ Հայե­րը նահանջում էին բոլոր ճակատնե­րում, բացի մեկից՝ Մարտունու շրջա­նից, որի հրա­մա­նա­տարն էր Մոնթեն։ Երեք ամիս՝ հունի­սից մինչև սեպտեմբեր, ադրբե­ջանցի­նե­րը հարձակման հետեւից հարձա­կումներ էին իրա­կա­նացնում այս շրջա­նի երեք տարբեր՝ հյուսի­սա­յին, արեւելյան և հարավ-արեւելյան թեւե­րի ուղղությամբ: Նրանց հիմնա­կան նպա­տակն էր ճեղքել և տիրա­նալ Կարմիր Շուկա-Շուշի ճանա­պարհին: Նրանց հաջո­ղությունը, հաշվի առնե­լով մնա­ցած բոլոր ճակատնե­րում հայկա­կան կորուստնե­րը, նշա­նա­կե­լու էր Արցա­խի ավարտը: Բայց նրանք ոչ մի հաջո­ղության չհա­սան: Մարտունին ոչ մի քառա­կուսի մետր չզի­ջեց։ Ընդհա­կա­ռա­կը, հարյուրա­վոր և հարյուրա­վոր, եթե ոչ հազա­րա­վոր ադրբե­ջանցի զինվորներ մահա­ցան, հարյուրա­վոր տանկեր և այլ սպա­ռա­զի­նություն ոչնչացվե­ցին, և Մոնթեի ուժե­րը տիրա­ցան թշնա­մու մոտ 50 տանկի, չհաշված մնա­ցած պատե­րազմա­կան ավա­րը։ Արցա­խը 1992‑ի ամռա­նը փրկվեց՝ շնորհիվ Մարտունու զորքե­րի հերո­սա­կան պաշտպա­նության, և վերջիննե­րի հաղթա­նա­կը պայմա­նա­վորված էր Մոնթե Մելքոնյա­նի բացա­ռիկ հրա­մա­նա­տա­րությամբ։ Սա բացարձա­կա­պես էժան պնդում չէ։ Բոլորն են ընդունում, հատկա­պես Ղարա­բա­ղում, իսկ Մարտունիում առա­վել եւս, որ Մարտունու հաղթա­նակնե­րը Մոնթեի հաղթա­նակներն էին։ Իզուր չէր, որ 1992թ․ ամռան վերջին նա արդեն կենդա­նի լեգենդ էր դարձել։

Մարտունու մարտե­րը հյուծե­ցին ադրբե­ջա­նա­կան ուժե­րին և դադա­րեցրին մյուս ճակատնե­րում նրանց նվա­ճումնե­րը։ Դրանք վերջ դրե­ցին հայության մեջ տիրող խուճա­պի և հոռե­տե­սության մթնո­լորտին, որը տիրում էր նշված կորուստնե­րի պատճա­ռով: Նրանք թույլ տվե­ցին հայկա­կան ուժե­րին թարմա­նալ ու վերա­կազմա­վորվել։ 1993‑ի փետրվար-մարտ ամիսնե­րին նրանք վերա­կանգնե­ցին նախա­ձեռնությունը և անցան հարձակման՝ նախորդ ամռա­նը կորցրած տարածքնե­րը հետ վերցնե­լու համար։ Այստեղ էլ Մոնթեն հանդես եկավ վճռո­րոշ դերա­կա­տա­րությամբ: Իր հրա­մա­նա­տա­րությամբ նրա ուժե­րը վերա­տի­րա­ցան Մարտա­կերտի շրջա­նում մի քանի կարեւոր ռազմա­վա­րա­կան դիրքե­րի։ Այնուհե­տեւ նա Մարտա­կերտի կողմից ղեկա­վա­րեց Քարվա­ճա­ռի շրջա­նը գրա­վե­լու գործո­ղությունը։ Այս գործո­ղությունը իրա­կա­նացվել է չորս ուղղությունից, սակայն իրա­կան մարտե­րը տեղի են ունե­ցել Մոնթեի ղեկա­վա­րած ճակա­տում։ 1993‑ի ապրի­լին Քելբա­ջա­րի գրա­վումը գրե­թե վերջնա­կա­նա­պես հօգուտ հայե­րի փոխեց Արցախյան առա­ջին պատե­րազմում ուժե­րի հարա­բե­րակցությունը, և Մոնթեն դրա հիմնա­կան դերա­կա­տարնե­րից էր, եթե ոչ հիմնա­կան դերա­կա­տա­րը: Քարվա­ճա­ռից հետո նրա լեգենդը հասել էր իր գագաթնա­կե­տին:

Այս արդյունքներն ու նվա­ճումնե­րը հեշտությամբ ձեռք չբերվե­ցին: Դրանք ամե­նօրյա, անխնա, ծանր ու հյուծող աշխա­տանքի արդյունք էին։ Եվ դրանք ոչ միայն Մոնթեի անժխտե­լի ռազմա­կան տաղանդի պտուղն էին, այլ նաեւ բարո­յա­կան և մարդկա­յին այն արժեքնե­րի ու սկզբունքնե­րի, որոնք մարմնա­վո­րում էր նա: Մոնթեի համար առա­ջադրանքնե­րի հանդեպ մասնա­գի­տա­կան և տեխնի­կա­կան մոտե­ցումը և դրանց առնչությամբ էթի­կա­կան և գաղա­փա­րա­կան մոտե­ցումը լուծում պահանջող խնդրի երկու տարբեր հարթություննե­րը չէին: Նրանք մեկ և եզա­կի հարթություն էին: Նրա համար չէր կարող պրոֆե­սիո­նա­լիզմ և գործնա­կան հաջո­ղություն լինել առանց առա­ջադրանքի կարեւո­րության բավա­րար գիտակցման, առանց անմի­ջա­կան նպա­տա­կից այն կողմ ավե­լի մեծ նպա­տա­կի գիտակցման, և առանց համա­պա­տասխան կարգա­պա­հության: Նմա­նա­պես, սկզբունքներն ու արժեքնե­րը ոչ մի նշա­նա­կություն չէին ունե­նա­լու, եթե դրանք մնա­լու էին միայն գաղա­փարներ ու կիրա­ռում չէին ստա­նա­լու: Սրա­նում է Մոնթե ֆենո­մե­նի գաղտնի­քը։

Երբ 1992‑ի փետրվա­րին Մոնթեն նշա­նակվեց նախ՝ Մարտունու զորքե­րի շտա­բի պետ, ապա մարտին՝ հրա­մա­նա­տար, այդ տարածքը Արցա­խի շրջաննե­րից ամե­նաանկազմա­կերպն էր: Հայկա­կան գյուղե­րի միջեւ գտնվում էին ադրբե­ջա­նա­կան գյուղեր, հետեւա­բար ադրբե­ջա­նա­կան զինված ներկա­յություն՝ շրջա­նը բաժա­նե­լով տարբեր մասե­րի։ Տեղա­կան ինքնա­պաշտպա­նա­կան տարբեր խմբե­րի միջեւ համա­կարգումը թույլ էր: Ստե­փա­նա­կերտի հետ կապի ուղի­նե­րը շատ դժվար էին, քանի որ ադրբե­ջա­նա­կան գյուղե­րը նույնպես գլխա­վոր ճանա­պարհին էին, շրջկենտրոն Մարտունին մշտա­պես ենթարկվում էր համարյա իրեն կպած ադրբե­ջա­նա­կան գյուղե­րից ռմբա­կո­ծություննե­րին և կրա­կոցնե­րին և այլն: Կարծես այս ամե­նը քիչ էր, ոչ տեղա­ցիի, ընդ որում՝ «արտա­սահմանցու»՝ շրջա­նի հրա­մա­նա­տար նշա­նակվե­լը մի քանի տեղա­կան ինքնա­պաշտպա­նա­կան խմբե­րի կողմից ամե­նեւին էլ լավ չընդունվեց։ Մոնթեին սպա­սում էր հսկա­յա­կան աշխա­տանք: Նա պետք է հաստա­տեր իր հեղի­նա­կությունը, ապա­հո­վեր շրջա­նի ներքին և Ստե­փա­նա­կերտի հետ հաղորդակցության անվտանգությունը, ապա­հո­վեր շրջա­նի աշխարհագրա­կան միասնությունը, ապա­հո­վեր արտա­քին սահմաննե­րի անվտանգությունը հակա­ռա­կորդի հետ, տեղա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ոչ պրոֆե­սիո­նալ և հիմնա­կա­նում քիչ կարգա­պահ տարբեր խմբե­րից ստեղծեր միացյալ, կուռ և կարգա­պահ զինված ուժեր, պայքար մղեր գողության, վատնման և կոռուպցիա­յի դրսեւո­րումնե­րի դեմ, հատկա­պես ինչ վերա­բերվում էր վառե­լի­քի և սպա­ռա­զի­նության, ինչպես նաեւ տեղա­կան մաֆիա­յի դեմ և այլն։ Իր հրա­մա­նա­տա­րության առա­ջին ամիսնե­րին՝ Մոնթեն գլուխ հանեց այդ խնդիրնե­րը, 20 ժամ տեւող անքուն անցկացրած անվերջա­նա­լի օրե­րի գնով, ինչպես նաեւ իր նյարդե­րի ու առողջության գնով։ Բայց այս ահռե­լի աշխա­տանքը տվեց իր արդյունքը։ Երբ սկսվեց ադրբե­ջա­նա­կան ամա­ռա­յին հարձա­կումը, Մարտունու շրջանն արդեն անա­ռիկ ամրոց էր։ Առանց այս աշխա­տանքի, Մարտունու ճակա­տա­գի­րը չէր տարբերվե­լու Արցա­խի մյուս շրջաննե­րի ճակա­տագրից։

Բայց Մոնթեի հաջո­ղություննե­րի և նրա ֆենո­մե­նի գաղտնի­քը միայն աշխա­տանքի նկատմամբ նրա լուրջ մոտեցման և բարե­խիղճ պրոֆե­սիո­նա­լիզմի մեջ չէ: Մոնթեի գոյության և ողջ կյանքի իմաստը ազա­տության, հավա­սա­րության և մարդկա­յին արժա­նա­պատվության հաղթա­նա­կի համար պայքարն էր։ Այս պայքա­րի գործո­ղություննե­րի դաշտը հայ ազգն ու հայոց հայրե­նիքն էին։ Ինչպես ամե­նուր, այնպես էլ Արցա­խում Մոնթեն կրում և մարմնա­վո­րում էր այդ արժեքնե­րը։ Նա դա ընտրությամբ չէր անում. դա նրա բնույթն էր: Որպես հրա­մա­նա­տար նա իրեն որեւէ արտո­նություն չէր վերա­պա­հում։ Նա խոնարհ էր և իր զինվորնե­րին հավա­սար։ Նա մասնակցում էր բոլոր մարտե­րին, առա­ջին շարքում։ Նա հետեւում էր իր զինվորնե­րի բարօ­րությա­նը։ Նա անկեղծո­րեն ցավում էր զոհվածնե­րի և վիրա­վորնե­րի համար։ Նա ընդվզում էր իշխա­նության չարա­շահման, բռնաճնշման կամ անհա­վա­սա­րության ցանկա­ցած դրսեւորման դեմ։ Նա հարգում էր խաղաղ բնա­կիչնե­րին, գյուղա­ցի­նե­րին, կանանց ու տատիկնե­րին, ուշա­դիր էր նրանց բարե­կե­ցությա­նը: Նա առյուծ էր դառնում մարտե­րի ժամա­նակ, բայց պահանջում էր, որ գերի ընկած և/կամ վիրա­վորված ադրբե­ջանցի զինվորնե­րի արժա­նա­պատվությունն ու առողջությունը հարգվի և այլն: Մի խոսքով, նա պարզա­պես օրի­նա­կե­լի զորահրա­մա­նա­տար չէր, այլ օրի­նա­կե­լի մարդ և ղեկա­վար։ Իզուր չէին շրջա­նի որոշ տատիկներ նրան «Սուրբ տղա» անվա­նել: Նաեւ այս բոլոր արժեքնե­րի համար էր, որ Մարտունու թե՛ մարտիկնե­րը, թե՛ բնակչությունը նրա նկատմամբ բացարձակ վստա­հությամբ էին համակված, առանց որի մարտա­կան գործո­ղություննե­րի ելքը կարող էր տարբեր լինել։

Արդյոք նա միայն թշնա­մու կողմի՞ց սպանվեց:

Մոնթեի մահը միշտ հարցա­կաններ է առա­ջացրել։ Կան անմի­ջա­կան փաստեր ու հանգա­մանքներ, բայց նաեւ ավե­լի ընդհա­նուր հանգա­մանքներ։

Մոնթեն սպանվեց 1993 թվա­կա­նի հունի­սի 12-ին Ադրբե­ջա­նի Աղդա­մի շրջա­նի Մերզուլի գյուղում ադրբե­ջա­նա­կան զրա­հա­մե­քե­նա­յի մոտ տարա­ծությունից արձա­կած արկի բեկո­րից։ Սա, թերեւս, առա­ջին դեպքն էր, երբ նա անձամբ չէր մասնակցում գործո­ղություննե­րին, այլ հեռա­կա հետեւում էր դրանց հենց Արցա­խում՝ մի բլուրից։ Մոնթեն տեղե­կացվում է, որ գյուղը գրավված է, հետեւա­բար՝ ապա­հով։ Նա 5 սպա­նե­րի և զինվորնե­րի ընկե­րակցությամբ իր «Վիլիս»-ով ուղղվում է Մերզուլի՝ զինված միայն իրենց «Կալաշնի­կով» գնդա­ցիրնե­րով։ Գյուղի ներսում գտնվող մի խաչմե­րուկում տեսնում են կանգնած մի զրա­հա­մե­քե­նա և դրսում կանգնած 3–4 զինվոր: Անմի­ջա­պես պարզվում է, որ դա ադրբե­ջա­նա­կան զրա­հա­մե­քե­նա է։ Մոնթեն և ընկերնե­րը անմի­ջա­պես դուրս են ցատկում «Վիլիս»-ից պատե­րի հետեւում կամ փոսե­րում դիրքեր գրա­վե­լու համար՝ միա­ժա­մա­նակ կրա­կե­լով հակա­ռա­կորդ զինվորնե­րի վրա։ Զրա­հա­պա­տից արձակված երկրորդ արկը դիպչում է այնտեղ գտնվող սյա­նը, և բեկորնե­րից մեկը հարվա­ծում է Մոնթեի գլխին։ Նա տեղում մահա­նում է՝ մնա­լով ճամփի մեջտե­ղում:

Այս մանրա­մասնե­րը չնա­խա­տեսված, բայց դժբախտ ու ողբերգա­կան հետեւանքնե­րով մի հանդիպման մանրա­մասներ են: Նախ՝ ադրբե­ջա­նա­կան զրա­հա­մե­քե­նան Մոնթեին չէր սպա­սում։ Նա կանգնած էր, անձնա­կազմի մի մասը դրսում ծխում էր: Նրանք նույնպես չէին սպա­սում իրենց հակա­ռա­կորդնե­րի հետ հանդիպմա­նը և, ըստ երեւույթին, նույնքան անակնկա­լի էին եկել, որքան Մոնթեն և ընկերնե­րը: Երկրորդ, Մոնթեն ուղղա­կիո­րեն չի թիրա­խա­վորվել ո՛չ զրա­հա­տեխնի­կա­յի, ո՛չ էլ դիպուկա­հա­րի կողմից։ Արկը կարող էր չդիպչել սյա­նը, և այդ դեպքում, հավա­նա­բար, Մոնթեին ոչ մի բեկոր չէր դիպչի։ Այն կարող էր դիպչել սյա­նը, բայց բեկո­րը կարող էր վնա­սել Մոնթեին՝ առանց սպա­նե­լու կամ ընդհանրա­պես անցնել նրա կողքով: Ի վերջո, բեկորնե­րը կարող էին դիպչել իր ընկերնե­րից մեկին կամ երկուսին, բայց ոչ իրեն։ Իդեպ, նրա ընկերնե­րից երե­քը վիրա­վորվել էին կա՛մ բեկորնե­րից, կա՛մ կրա­կոցնե­րից, ու նրանցից մեկը մահա­ցավ արյունա­հո­սության պատճա­ռով:

Այլ կերպ ասած՝ վատ բախտը չափա­զանց մեծ դեր խաղաց Մոնթեի մահվան դեպքում:

Այս ամե­նից հետո սակայն մնում է հիմնա­կան մի հարց. ինչո՞ւ Մոնթեն տեղե­կացվեց և նրան վստա­հեցվեց, որ Մերզուլին արդեն ապա­հով է, ուստի հնա­րա­վոր է մուտք գործել առանց լրա­ցուցիչ միջոցնե­րի: Մանա­վանդ որ պարզվել է, որ երբ «Վիլի­սը» գյուղ էր մտնում, տանկա­յին մարտե­րը շարունակվում էին նրա մյուս ծայրում։ Արդյո՞ք նա գիտակցա­բար ուղղորդվեց պոտենցիալ ծուղա­կի մեջ:

Այս հարցը արդիա­կան է դառնում, եթե հաշվի առնենք որոշ գործոններ։ Մոնթեի բարո­յա­կան հեղի­նա­կությունը և ողջ Արցա­խի բնակչության, ինչպես նաեւ զինվորնե­րի զգա­լի մասի սերը նրա հանդեպ այնպի­սի չափե­րի էին հասել, հատկա­պես Քարվա­ճա­ռի ազա­տագրումից հետո, որ պետք է անհանգստացնեին Ստե­փա­նա­կերտի և նույնիսկ Երեւա­նի որոշ շրջա­նակնե­րի։ Բացի այդ, Մոնթեն թշնա­մի­ներ էր ձեռք բերել Մարտունու որո­շա­կի մաֆիա­կան և կոռումպացված շրջա­նակնե­րի մեջ։ Այս գործոննե­րը կարող են հանգեցնել այն մտքին, որ Մոնթեի անհե­տա­ցումը ցանկա­լի կարող է լիներ որո­շա­կի շրջա­նակնե­րի կողմից: Բայց նրա մահվան ճշգրիտ հանգա­մանքնե­րը ցույց են տալիս, որ պատա­հա­կա­նությունը չափա­զանց մեծ դեր է խաղա­ցել։

Հիմնա­կա­նում ի՞նչն էր դրդում, մոտի­վացնում նրան, և որո՞նք էին նրա մեծա­գույն հատկություննե­րը:

Կարծում եմ, որ Մոնթեի ֆենո­մե­նը և նրա վարած կյանքը հասկա­նա­լու համար պետք է հասկա­նալ նրա բնա­վո­րության մի շատ հիմնա­րար գիծ․ նրա համար կարև­որ էին տեսության և պրակտի­կա­յի անբա­ժա­նե­լիությունը, համոզմունքնե­րի և դրանց իրա­կա­նացման համար անհրա­ժեշտ գործո­ղության միջեւ գրե­թե էաբա­նա­կան միասնությունը, դրանց անբա­ժա­նե­լիությունը։ Մենք՝ սովո­րա­կան մահկա­նա­ցուներս, կարող ենք ունե­նալ համոզմունքներ, դրանց նկատմամբ լինել ամբողջո­վին անկեղծ՝ առանց, սակայն, մեր կյանքն ընկա­լե­լու բացա­ռա­պես և միայն որպես այդ սկզբունքնե­րի և համոզմունքնե­րի մշտա­պես ակտիվ իրա­կա­նացման դաշտ։ Մոնթեի համար համոզմունքնե­րի և դրանց իրա­կա­նացման համար մշտա­կան գործո­ղության նման, նույնիսկ մասնա­կի տարանջա­տումն անըմբռնե­լի էր: Նրա մեջ այս միասնությունը բնա­ծին էր, դա նրա կատա­րած ընտրության արդյունքը չէր։ Դա իր բնությունն էր, իր էությունը։

Այս հիմնա­րար հատկա­նիշն այնքան էր արմա­տա­վորված նրա մեջ, որ իր հայրե­նա­սի­րա­կան ու քաղա­քա­կան հանձնա­ռության սկզբում, 19 տարե­կա­նում և բավա­կա­նին երկար ժամա­նակ, նա չէր գիտակցում այս առումով ուրիշնե­րի նկատմամբ իր տարբե­րությունը: Դա գիտակցեց ավե­լի ուշ, բայց դա նրա մեջ ոչինչ չփո­խեց. նրա էությունը ոչնչով չփոխվեց:

Իրե­րի այս պատկե­րա­ցումն ինքն է լավա­գույնս նկա­րագրել իր «Ինքնաքննա­դա­տություն» վերնագրով հուշագրությունում, որը գրել է արեւմտա­հա­յե­րե­նով, 1990 թվա­կա­նին՝ նախքան Հայաստան ժամա­նե­լը։ Խոսե­լով 1978 թվա­կա­նին Միացյալ Նահանգնե­րից Մերձա­վոր Արեւելք մեկնմա­նը նախորդած շրջա­նի մասին, նա ասում է. «Չէի կրնար հասկնալ, թէ ինչո՞ւ մարդիկ պատրաստ չէին ինծի պէս նետուե­լու ամէ­նա­յա­ռա­ջա­պահ (եւ ընդհանրա­պէս ամե­նավտանգաւոր) գործե­րուն մէջ:» (…) «եթէ մէկը ձուլուած պէտք է ըլլար, ատի­կա ես էի եւ չէի կրնար հասկնալ որ թերեւս ուրիշներ աւե­լի հանգիստ կը զգա­յին կամ աւե­լի կ’ուզէին ամե­րի­կա­ցի ըլլալ, քան հայ»: (…) «Իմ ենթա­կա­յա­կան զօրաւոր դիրքս (…) շատ պարզի կ’առնէի եւ կը կարծէի ընդհա­նուր իրա­կա­նութիւն մըն էր եւ ոչ թէ բացա­ռութիւն»:

«Սակայն ուրիշ ձեւով իրա­պաշտ էի: Գիտէի որ հայ ժողո­վուրդի իրաւունքնե­րը իրա­գործե­լու միակ միջո­ցը զինեալ պայքարն է Թուրքիոյ մէջ: Ինծի համար ամէն ինչը այնքան պարզ ու տրա­մա­բա­նա­կան էր, որ նոյնիսկ թուա­բա­նա­կան էր»:

«Սփիւռքա­հա­յութիւնը Հայաստա­նէն դուրս կ’ապրի քանի որ ցեղասպա­նութիւնը եղաւ, եւ անի­կա պարտաւոր եղաւ երկի­րը ձգե­լու: Այսօր չի կրնար վերա­դառնալ քանի որ Թուրքիոյ պետութիւնը գաղութա­տի­րա­րար, շահա­գործող, այլա­մերժ եւ ուղղա­կի ֆաշա­կան բնոյթ ունի: Ուրեմն մեր ժողո­վուրդը պէտք է հոն զինեալ պայքար մը տանի որեւէ շօշա­փե­լի իրաւունք ունե­նա­լու համար: Իսկ ամէն մէկ հայ հայրե­նա­սէր (անշուշտ ներա­ռեալ նաեւ ես) պէտք է երթայ եւ մասնակցի այդ պայքա­րին»:

«Այո, ինծի համար այսքան պարզ էր»։

Հետեւա­բար Մոնթեն մեծ իդեա­լիստ էր, բառի ոչ թե փիլի­սո­փա­յա­կան՝ իդեա­լիստա­կան աշխարհա­յացքի տեր լինե­լու իմաստով, այլ շատ խորը գաղա­փարնե­րով, սկզբունքնե­րով և համոզմունքնե­րով առաջնորդված լինե­լու իմաստով: Բայց նա նաեւ ամբողջո­վին մատե­րիա­լիստ էր՝ այն իմաստով, որ նրա համար գաղա­փարներն ու համոզմունքնե­րը ոչ մի նշա­նա­կություն չէին ունե­նա­լու, եթե դրանք շոշա­փե­լի կերպով չէին իրա­գործվե­լու:

Նա իդեա­լիստ էր, բայց չէր ապրում ամպե­րի մեջ: Նրա ոտներն ամբողջությամբ հողի վրա էին: Նա մտա­վո­րա­կան էր։ Գրել է բազմա­թիվ վերլուծա­կան և նույնիսկ տեսա­կան տեքստեր, բայց նրա բոլոր տեքստե­րը գործնա­կան նպա­տակ էին հետապնդում։ Նրա համար կարեւո­րը հետապնդած նպա­տա­կի, շոշա­փե­լի արդյունքի ձեռքբե­րումն էր, բայց նպա­տակ, աշխա­տանք և արդյունք, որոնք հիմնված պետք է լինեին սկզբունքնե­րի, մտո­րումնե­րի, տվյալնե­րի, ուսումնա­սի­րության և վերլուծության վրա:

Նա երբեք չէր բավա­րարվում նրա­նով, ինչ արդեն գիտեր։ Գիտեր շատե­րից շատ ավե­լին, բայց միշտ ձգտում էր հարստացնել և կատա­րե­լա­գործել իր գիտե­լիքնե­րը՝ իր առա­ջադրանքնե­րը ավե­լի լավ իրա­կա­նացնե­լու համար: Նրա մահվան օրը մահճի մոտ գտնվում էր Սուն Ցզիի «Պատե­րազմե­լու արվեստը» դասա­կան պատմա­կան աշխա­տության մի օրի­նակ:

Մոնթե ֆենո­մե­նը կամփո­փեի հետեւյալ կերպ.

Յուրա­հա­տուկ էակ և բնա­վո­րություն, շատ ինքնա­տիպ անհա­տա­կա­նություն, անմի­ջա­կան և ջերմ, պարզ և շփվող, ճառա­գող բնա­կա­նություն, շատ պարզ արտա­քին և հանդերձանք, ընդհանրա­պես ուրախ, պայթող ծիծաղ, միա­ժա­մա­նակ խորունկ և միա­միտ, իդեա­լիստ, միա­ժա­մա­նակ ազա­տա­սեր և կարգա­պա­հության, առա­ջին հերթին՝ ինքնա­կարգա­պա­հության ջատա­գով, հուսա­հա­տություն չիմա­ցող, նյութա­կան ունեցվածքի նկատմամբ ամբողջությամբ անտարբեր, և այս ամե­նը առանց որեւէ արհեստա­կա­նության, առանց այդպի­սին լինե­լու կամ երեւա­լու հատուկ ցանկության կամ որոշման, այլ ամբողջությամբ ինքնա­բուխ և բնա­կան կերպով:

Ավե­լացնենք սրան՝ հասա­րա­կա­կան և քաղա­քա­կան իրո­ղություննե­րի գիտակ մտա­վո­րա­կան, համոզված սոցիա­լիստ, ազա­տության, հավա­սա­րության և արդա­րության մարտիկ, բռնաճնշման և շահա­գործման թշնա­մի, հակա­ռա­սիստ և ժողո­վուրդնե­րի իսկա­կան բարե­կա­մության կողմնա­կից, մի քանի լեզունե­րի տիրա­պե­տող, մարդ, ով այցե­լել և ճանա­չել է աշխարհի մի քանի տասնյակ երկրներ, ճանա­չել նրանց մշա­կույթնե­րը, բայց ով, գիտակցե­լով իր արմատնե­րը և գրե­թե զրո­յից հասնե­լով հայկա­կան ազգա­յին գիտակցության, սեփա­կան որոշմամբ և ամբողջա­կան գիտակցությամբ՝ հայ ժողովրդի իր հայրե­նիք վերա­դարձի, ինքնո­րոշման ու ինքնաի­րացման համար պայքա­րը դարձրեց իր կյանքի նպա­տա­կը, իր գոյության իմաստը:

Ահա Մոնթեն:

Որո՞նք էին նրա թերություննե­րը:

Աշխարհում ոչ ոք առանց թերություննե­րի չէ, և Մոնթեն բացա­ռություն չէր կարող լինել: Բայց ես անկեղծ կարծում եմ, որ նրա թերություննե­րը շատ չէին, համե­նայն դեպս ավե­լի քիչ էին, քան մերը, ներառյալ իհարկե նաեւ իմ թերություննե­րը:

Նա երբեմն դառնում էր չափա­զանց համառ և անզի­ջող իր հայացքնե­րում: Երբ նա շատ էր զայրա­նում որո­շա­կի իրա­վի­ճա­կից, երբեմն դառնում էր անհա­ղորդ և արգե­լա­փա­կում էր իր ընկա­լիչներն ուրիշնե­րի տեսա­կետնե­րի և հիմնա­վո­րումնե­րի առաջ, հրա­ժարվում էր հարցը դիտարկել իր զրուցակցի տեսանկյունից:

Չնա­յած խելա­ցությա­նը՝ նա միա­միտ էր։ Կարե­լի է դա համա­րել թերություն, բայց իրա­կա­նում դա այդպի­սին չէր, քանի որ նրա միամտությունը ներկա­յացնում էր նրա ազնվության մյուս կողմը։ Ինչպես նկա­տե­ցինք, և նա ինքն էլ նշեց, իրե­րի մասին իր պատկե­րա­ցումնե­րով նա տարբերվում էր ուրիշնե­րից, բայց երկար ժամա­նակ չէր գիտակցում այդ տարբե­րությունը։ Նա կարծում էր, որ մյուսնե­րը, բնա­կա­նա­բար, պետք է մտա­ծեն իր նման, այստե­ղից էլ նրա միամտությունը։ Բայց ես դա թերություն չեմ համա­րում, որովհե­տեւ իր դեպքում միա­միտ չլի­նելն անպայմա­նո­րեն նշա­նա­կե­լու էր չունե­նալ իր մեծ հատկա­նիշնե­րի մի լավ մասը։ Երկուսն անպայմա­նո­րեն միա­սին էին ընթա­նում: Կյանքը, կենսա­փորձն ու ապրած դառնություննե­րը բավա­կա­նա­չափ հաղթա­հա­րե­ցին նրա միամտությունը, բայց իսպառ չվե­րացրին այն։ Մինչեւ իր կյանքի վերջը նա պահեց իր այս փոքր-ինչ միա­միտ կողմը, որն իդեպ նրա անհերքե­լի հմայքի անբա­ժա­նե­լի մասն էր:

Մի նշա­նա­կա­լից թերություն, որը նա ունե­ցել էր իր ուշ պատա­նե­կության և վաղ երի­տա­սարդության տարի­նե­րին, և որն ինքն էլ հետա­գա­յում խոստո­վա­նել է, իր անհամբեր, ոչ բավա­րար չափով հասուն կողմն էր դեպի գործնա­պաշտություն՝ «ակցիո­նիզմ» հակվա­ծությունը: Այս ժամա­նա­կա­հատվա­ծում նրա որոշ գործո­ղություններն ու ծրագրե­րը ոչ թե հասուն և բավա­րար մտո­րումնե­րի և վերլուծություննե­րի, այլ շոշա­փե­լի արդյունքնե­րի արագ հասնե­լու ցանկության արդյունք էին: Մոնթեն երբեք չի վախե­ցել մեծ ռիսկե­րից, նրա ողջ կյանքը դրա ապա­ցույցն է, բայց նա երբեք արկա­ծախնդիր չի եղել։ Այնուա­մե­նայնիվ, նրա անհամբե­րության և որո­շա­կի անհա­սունության պատճա­ռով այս ժամա­նա­կա­հատվա­ծում նրա որոշ գործո­ղություններ և ծրագրեր երբեմն շատ էին մոտե­նում արկա­ծախնդրության: Բայց դա կարճ տեւեց։

Ի՞նչ է թողել նա որպես հետք, որպես հուշ Հայաստա­նում, Լեռնա­յին Ղարա­բա­ղում։ Արդյո՞ք նա թողել է նաեւ քաղա­քա­կան ժառանգություն: Ի՞նչ կհի­շի հայոց պատմությունը նրա ուղեւո­րությունից:

Մոնթեն Հայաստա­նի և Արցա­խի ամե­նա­հայտնի, ամե­նա­սիրված և ամե­նա­հարգված մարտիկն է։ Իհարկե կան մարդիկ, խմբեր, որոնց համար թիվ 1 հերո­սը մեկ ուրիշն է, բայց Մոնթեին ոչ ոք չի հավա­սարվի համընդհա­նուր հարգանքի առումով։ Մոնթե անունը նորա­ծին տղա­նե­րին ամե­նա­շատ տրվող անուննե­րի առա­ջին հնգյա­կում է՝ Նարեկ և Դավիթ շատ հին և շատ տարածված անուննե­րի կողքին: Սա՝ պատկե­րա­ցում կազմե­լու համար, թե ինչ զգա­ցում ունեն հայե­րը նրա նկատմամբ։ Նրան սիրում ու հարգում են իր հաղթա­նակնե­րի, քաջության, նվի­րումի ու բարո­յա­կան ազնվության համար։ Այն, որ նա եղել է Սփյուռքից և ԱՍԱԼԱ‑ի նախկին անդամ եւս փոքր չափով իր դերն ունի: Բայց ամե­նա­կա­րեւո­րը նրա հաղթա­նակներն են և ազնվությունը:

Բայց կարծում եմ, որ շատ քչերն են ճանա­չում Մոնթեին ամբողջությամբ, իր ողջ խորությամբ: Նա մեծ խորհրդա­նիշ է, բայց ոչ մոդել, որովհե­տեւ նրան մոդել համա­րե­լու և որպես այդպի­սին նրան հետեւե­լու համար պետք է ճանա­չես նրան իր ամբողջության մեջ, ոչ միայն իր հաղթա­նակնե­րով, քաջությամբ, մի քիչ էլ բարո­յա­կան արժեքնե­րով: Դրա համար հարկա­վոր է իմա­նալ և ընդունել նրա բարո­յա­կա­նության մյուս կողմը, այսինքն՝ նրա քաղա­քա­կան և սոցիա­լա­կան համոզմունքնե­րը, ազատ, արդար և հավա­սա­րա­զոր հասա­րա­կության և պետության պատկե­րա­ցումնե­րը։

Կարող է տարօ­րի­նակ թվալ, բայց Մոնթեն չէր պայքա­րում ռազմա­կան հաղթա­նակնե­րի համար: Այո, նա պայքա­րում էր հայրե­նի հողի համար, բայց դա եւս ինքնանպա­տակ չէր: Նա առա­ջին հերթին պայքա­րում էր սոցիա­լա­կան, տնտե­սա­կան և քաղա­քա­կան այնպի­սի հարա­բե­րություննե­րի հաստատման և հաղթա­նա­կի համար, որտեղ հայը՝ որպես անհատ, երկրի մյուս քաղա­քա­ցի­նե­րը և հայ ազգը կկա­րո­ղա­նա­յին ծաղկել և ինքնաի­րացվել, այնպես որ մեկի ծաղկումը տեղի չունե­նար ուրի­շի ծաղկման հաշվին, և կկա­րո­ղա­նա­յին իրենց հարեւաննե­րի հետ ապրել արժա­նա­պա­տիվ, ներդաշնակ ու խաղաղ կյանքով:

Նա իր 35 տարի­նե­րից 15‑ն ապրեց զենքի հետ և զենքե­րի միջա­վայրում, բայց դրանք միայն միջոցներն էին՝ հասնե­լու իր նշված վերջնա­կան նպա­տա­կին: Այս Մոնթեն, ամբողջա­կան Մոնթեն շատ քիչ ճանաչված և գնա­հատված է: Արցախյան պատե­րազմի՝ գրե­թե իր հավա­սա­րը չունե­ցող հերոս Մոնթեն միայն մի մասն է, թեեւ շատ կարեւոր մասը, ամբողջա­կան Մոնթեի:

Համոզված եմ, որ նա հայոց պատմության մեջ կմնա այնքան ժամա­նակ, որքան այդ պատմությունը կշա­րունա­կի գոյություն ունե­նալ: Հայոց պատմությունը նրան կհի­շի որպես Հայ դատին նվիրված, բարձր բարո­յա­կա­նության տեր մեծ հայրե­նա­սե­րի, ով ամե­նաէա­կան դեր է ունե­ցել Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում հայկա­կան հաղթա­նա­կում։ Պատմությունն ավե­լին կպա­հի՞ նրա­նից: Դա կախված կլի­նի այն հարցի պատասխա­նից՝ արդյոք նրա ողջ անհա­տա­կա­նությունը ճանաչված և գնա­հատված կլի­նի, թե ոչ։

Ի՞նչ կաներ Մոնթեն այսօրվա Հայաստա­նում:

Դա մի հարց է, որը բոլո­րի շուրթե­րին է, բայց նաեւ անշնորհա­կալ հարց է: Կարե­լի է պնդել, պարծե­նալ, որ գիտենք, որ Մոնթեն կաներ այս կամ այն բանը, և կարող ենք նույնիսկ սխալված չլի­նել. բայց արդյո՞ք դրա իրա­վունքն ունենք:

Հաշվի առնե­լով այն աղե­տա­լի իրա­վի­ճա­կը, որում հայտնվել ենք 2020 թվա­կա­նի պատե­րազմից հետո, ես չեմ կարող համարձակվել ասել, թե նա ինչ կարող էր անել կամ կաներ այսօր, երբ Հայաստանն ու Արցա­խը գտնվում են մշտա­կան ահա­վոր մամլի­չի տակ և որի դեմ չափա­զանց քիչ լծակներ ունեն։

Ես ոչ մի վայրկյան չեմ կասկա­ծում, որ նա ձեռքե­րը ծալած չէր մնա և, իհարկե, շատ բաներ կաներ, բայց չեմ կարող ասել նրա ջանքե­րը որա­կա­կան փոփո­խության կհանգեցնեին, թե ոչ։ Չեմ ասում, որ չէին հանգեցնի, բայց չեմ կարող վստահ լինել՝ հաշվի առնե­լով ուժե­րի հավա­սա­րակշռությունը և իրա­վի­ճա­կի ծայրա­հեղ լրջությունը։

Բայց ես վստահ եմ մեկ այլ բանում. հայե­րը պատե­րազմում պարտվե­ցին, իհարկե, Ադրբե­ջա­նի հետ ռազմա­կան մեծ անհա­վա­սա­րակշռության, ինչպես նաեւ տարա­ծաշրջա­նա­յին աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի փոփո­խության պատճա­ռով, բայց ոչ միայն։ Հայերն առա­ջին հերթին պարտվե­ցին Հայաստա­նում և Արցա­խում ստեղծված փտած համա­կարգի, պլուտոկրա­տա­կան և օլի­գարխիկ համա­կարգի, կոռուպցիա­յի, հանրա­յին ունեցվածքի գողության, սոցիա­լա­կան և իրա­վա­կան արդա­րության բացա­կա­յության, ռեպրե­սիվ մթնո­լորտի և պրակտի­կա­յի, ավտո­րի­տար, երբեմն նույնիսկ բռնա­պե­տա­կան համա­կարգի, այս բոլո­րի արդյունքում ներսում բացա­կա­յող լեգի­տի­մությունը դրսում փնտրե­լու և այդ պատճա­ռով արտա­քին կապե­րի այլընտրանքնե­րը սահմա­նա­փա­կե­լու, ինչպես նաեւ այս ամե­նի հետեւանքով բնակչության շրջա­նում տիրող բարո­յա­հո­գե­բա­նա­կան մթնո­լորտի պատճա­ռով։

Ռազմա­կան և նույնիսկ աշխարհա­քա­ղա­քա­կան անհա­վա­սա­րակշռություննե­րը, բնավ ոչ փոքր մասով, արդյունք էին իրե­րի այս դասա­վո­րության: Այն, ինչում ես վստահ ու համոզված եմ, այն է, որ եթե Մոնթեն ողջ լիներ, նա իր ամբողջ ուժով և ողջ էներգիա­յով պայքա­րե­լու էր այս իրա­վի­ճա­կի դեմ։ Արդյո՞ք նա հաղթող դուրս կգար այս պայքա­րից: Չեմ կարող ասել: Նա կարող էր իր կյանքով վճա­րել դրա համար։ Բայց նա ամեն ինչ կաներ, որ մենք չհայտնվեինք 2020 թվա­կա­նի իրա­վի­ճա­կում։ Իսկ այս դեպքում պատե­րազմի ելքն ու դրա շարունա­կությունը կարող էին այլ լինել, հավա­նա­բար այլ կլի­նեին։

Հոդվա­ծը՝ hetq.am կայքից։

Առնչվող Հոդվածներ