Ադրբեջանը, չբավարարվելով Ագուլիսի, Գողթանի եւ հայկական այլ բնակավայրերի ավերով, այժմ ձգտում է ոչնչացնել Ղարաբաղը եւ շարժվել Զանգեզուր։
1920թ. մարտին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները պետք է դիտարկել որպես Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման փորձ։ Թեեւ հասկանալի պատճառով հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ չհայտարարված պատերազմն ընթանում էր Հայաստանի գրեթե բոլոր սահմաններում, դժվար է այլ գնահատական տալ։
Բացի այդ, 1920թ. հունվար-փետրվարին Ադրբեջանի նախապատրաստական մեծ աշխատանքն ու զորքերի կենտրոնացումը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական ներկայությունը ռազմական գործողությունների թատերաբեմում նույնպես հաստատում է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի փաստը։ 1920-ի մարտի ռազմական գործողությունները կարելի է բաժանել երեք հիմնական ուղղության՝ Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Հայաստանի սահմանամերձ եւ թաթարաբնակ շրջաններում գործողությունների։
ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՎՐԱ
Ռազմական գործողությունները սկսվում են 1920թ. մարտի 20-ից, երբ ադրբեջանական ստորաբաժանումները գեներալ Նովրուզովի հրամանատարությամբ հարձակվում են Ղարաբաղի հայկական գյուղերի վրա։ Նույն օրերին ադրբեջանցիները մեծ հարձակում են սկսում Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի վրա։ Ադրբեջանը հայտարարում էր, որ իրենց գործողությունները սկսվել են ի պատասխան հայերի ապստամբության։
Ադրբեջանական զորքերի գրեթե երկու ամիս շարունակվող կենտրոնացումը չէր կարող վրիպել հայերի ուշադրությունից. շատ լավ իմանալով, թե հակառակորդի հարձակումը ինչ հետեւանքների է բերելու, որոշ ուղղություններում հայերը դիմել էին նախահարձակ գործողությունների։ Սակայն պետք է նաեւ նշել, որ հայերը պատշաճ չափով պատրաստված չէին, իսկ ապստամբությունը չուներ կենտրոնական եւ ընդհանուր հրամանատարություն։
Մարտի 22-ին գնդապետ Մեսյանի, հայտնի հայդուկ Ալեքսան Դայու եւ սպա Լալայանի ղեկավարությամբ հայկական մոտ 400-հոգանոց զորախումբը գրոհում է Խանքենդին (Ստեփանակերտ), գրավում մի քանի կարեւոր դիրք եւ շրջափակում բնակավայրում տեղակայված ադրբեջանական շուրջ 1500-հոգանոց զորախումբը։ Շրջապատված զինվորները կարողանում են օգտվել մառախուղի պատճառով առաջացած շփոթությունից եւ զենքի են դիմում։ «Այդ շփոթ կռվի արդյունքն այն է լինում, որ հայ կռվողները խումբ-խումբ քաշվում են դեպի Խնածախի դիրքերը։ Այնուամենայնիվ, նրանք կարողանում են Խանքենդու ասկյարներին շրջապատած պահել եւ չեզոքացնել մինչեւ ապրիլի 3-ը, երբ Ասկերանը ընկնում է»,- գրում է Արսեն Միքայելյանը (Ղարաբաղի վերջին դեպքերը, Հայրենիք, 1923, թիվ 12, Բոստոն)։
ԿՈՉ ԶԱՆԳԵԶՈՒՐՑԻՆԵՐԻՆ
Հասկանալով, թե ինչ ծանր դրություն կստեղծվի Ղարաբաղի անկման դեպքում, Զանգեզուրի գեներալ-կոմիսար Մելիք-Յոլչյանը մարտի 20-ին դիմում է զանգեզուրցիներին՝ կոչ անելով պաշտպանել Ղարաբաղը։ Կոչում ասված էր, որ Ադրբեջանը, չբավարարվելով Ագուլիսի, Գողթանի եւ հայկական այլ բնակավայրերի ավերով, այժմ ձգտում է ոչնչացնել Ղարաբաղը եւ շարժվել Զանգեզուր։
«Սյունիք», 21 մարտի, 1920թ., թիվ 10
…Ղարաբաղի ազատ լեռների արծիվները համարձակ կերպով մերժել են Ադրբեջանի պահանջները, եւ դիմել ապստամբության: Այժմ Ադրբեջանը վերջին անգամ փորձում է ճնշել Ղարաբաղը, ոչնչացնել Զանգեզուրը եւ մեր երկրի փլատակների վրայով միանալ Տաճկաստանի հետ: Զանգեզուրի հերոսներ, ձեզ եմ դիմում վերջին անգամ եւ կոչում՝ ի զեն… Մի՞թե դուք թույլ կտաք, որ վայրենաբարո Ադրբեջանը զենքի ուժով դուրս վանե ձեզ ձեր հայրենիքից, որի դարավոր ազատամարտը ռազմի դաշտ է հանել Դավիթ-բեկեր, Մխիթար-սպարապետներ, Թորոս իշխաններ, որոնց հայրենիքը ազատ պետք է լինի: Քաջարի մարտիկներ, վերջին անգամ կոչում եմ ձեզ՝ հառա՜ջ, մինչեւ որ նենգամիտ թշնամին կջարդվի եւ մինչեւ որ ազատ Հայաստանի Հանրապետության դրոշակը կծածանվի Ղարաբաղի բոլոր ամրոցների եւ մարտկոցների վրա… Առանց Զանգեզուր-Ղարաբաղի չկա Հայաստան:
Զանգեզուրի գեներալ-կոմիսար՝ Ս. Մելիք-Յոլչյան
Թեեւ Զանգեզուրում իրադրությունը նույնպես դժվարին էր, սակայն Գորիսից փորձ է արվում օգնություն ուղարկել Ղարաբաղ։ Այդ նպատակով գնդապետ Թարվերդյանի հրամանատարությամբ առանձնացվում է մոտ 600-հոգանոց զորախումբ։ Խմբի նպատակն էր դուրս գալ դեպի Ասկերան, որտեղ ծանր մարտեր էին մղում Դալի Ղազարի զինվորները։ Մինչ Թարվերդյանի առաջխաղացումը, Դիզակի ուղղությամբ հաջողություններ էր արձանագրել Հովակ Ստեփանյանի 450-հոգանոց խումբը։ Նրանք ջարդել էին ադրբեջանցիներին եւ փորձում էին ճանապարհ բացել դեպի Զանգեզուր։ Մարտի 24-ին ղարաբաղցիները հանդիպում են Զանգեզուրի ինքնապաշտպանների առաջապահ մարտիկներին։ Սակայն ադրբեջանցիների ծավալուն հարձակումը Գորիսի ուղղությամբ գնդապետ Թարվերդյանին թույլ չի տալիս օգնության հասնել Ղարաբաղ՝ նրա առաջխաղացումը հետաձգվում է, ինչը ճակատագրական նշանակություն է ունենում Ասկերանի պաշտպանության համար։
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ադրբեջանի հարձակմանը զուգահեռ դիվանագիտական համառ պայքար է սկսվում երկու երկրի միջեւ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Խատիսյանը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Խան-Խոյսկու մեղադրանքներին, հայտարարում է, որ Հայաստանը զորք չունի եւ չի ուղարկել Ղարաբաղ։ Միաժամանակ նա նշում է, որ հենց Ադրբեջանն է խախտել 1919թ. օգոստոսի 22-ի համաձայնագիրը, որը մեկ անգամ եւս հաստատել էր 1920թ. մարտի 4-ի Ղարաբաղի Ազգային խորհրդի համագումարը։ «Վերջին տեղեկությունների համաձայն, ադրբեջանյան զորքերը եւ զինված բանդաները ամբողջ ճակատի վրա առաջ խաղալով՝ ոչնչացնում են հայկական գյուղերը եւ կոտորում-ջարդում են խաղաղ հայ ազգաբնակությունը, ինչպես օրինակ, դա եղել է Շուշի քաղաքում։ Երկրի հասարակական հուզված կարծիքը Ղարաբաղում տեղի ունեցող դեպքերի առթիվ, կառավարությունից պահանջում է, որ նա դիմե շտապ եւ վճռական միջոցների»,- ասված էր հայտարարության մեջ։
Խատիսյանն Ադրբեջանի գործողությունների մասին տեղեկացնում է Անդրկովկասում Եվրոպական երկրների դիվանագիտական եւ ռազմական ներկայացուցիչներին։ Նրանց արձագանքը բավականին չեզոք էր։ Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը զեկուցում էր Խատիսյանին, որ Մեծ Բրիտանիայի կոմիսար Ուորդրոպը ասել էր, թե ինքը ոչինչ անել չի կարող, եւ Ադրբեջանն ու Հայաստանը իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները։
«Տպավորությունս այն է, որ Ուորդրոպը Ղարաբաղի խնդրում ձեռները լվանում է եւ կխառնվի միայն այն դեպքում, երբ դա կպահանջեն անգլիական շահերը»,- գրում էր Միքայել Թումանյանը (ՀԱԱ, Ֆ. 275, ց. 5, գ. 212, թ. 65)։
Փոխարենը՝ հայ-ադրբեջանական պատերազմը լրջորեն մտահոգում էր վրացի պաշտոնյաներին, որոնք փորձում էին միջնորդական քայլեր նախաձեռնել։ Իրադրության հետագա բարդացումը կարող էր առավել իրատեսական դարձնել բոլշեւիկների ներխուժումը Ադրբեջան, այնտեղից էլ՝ Վրաստան։ Ադրբեջանն իր բանակի մեծագույն մասն ուղարկել էր Ղարաբաղ եւ Հյուսիսից հարձակման դեպքում չէր կարողանա դիմադրություն ցույց տալ։ Միքայել Թումանյանի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի ԱԳ նախարար Գեգեչկորին հայտնել էր, թե ադրբեջանցիները լուրեր են տարածում, որ Ղարաբաղում հայերը գործակցում են բոլշեւիկների հետ։ «Նրա ասելով՝ Ադրբեջանի կառավարչական շրջաններն աշխատում էին նրան համոզել, որ հայերը բոլշեւիկների հետ կապեր են հաստատել, եւ որ Ղարաբաղի ապստամբությունն արդյունք է նրանց ընդհանուր դավադրության։ Թեեւ ինքը՝ Գեգեչկորին, իր ասելով, չի կարծում, որ Ղարաբաղի դեպքերը Հայաստանի կառավարության ձեռքով կազմակերպված լինեն, որովհետեւ այլապես սահմանի վրա եւ Ղարաբաղում իսկույն հայկական զորքեր կերեւային»։
ԴԱԼԻ ՂԱԶԱՐ
Հատկապես թեժ մարտեր են տեղի ունենում Ասկերանում. մարտի 23-ին հայկական ուժերը փորձված հայդուկապետ Դալի Ղազարի հրամանատարությամբ գրոհում են Ասկերանի բերդը եւ վերցնում այն։ Հայերն ունեին մոտ 350 մարտիկ եւ ընդամենը երեք օրվա ռազմամթերք։ Ասկերանից անմիջապես հետո հայերը զինաթափում են Խոջալուում տեղակայված ադրբեջանական կայազորը եւ փակում Շուշիի ճանապարհը, որտեղ Սուլթանովի հրամանով արդեն սկսվել էին հայերի կոտորածները։ Մարտի 27-ին եւ 28-ին ադրբեջանցիները նոր գրոհ են նախաձեռնում Ասկերանի վրա, սակայն հայերը կարողանում են հետ շպրտել նրանց։ Ղարաբաղցիները նույնիսկ հետապնդում են հակառակորդին մինչեւ Աղդամ։
Դալի Ղազարը հին հայդուկներից էր եւ Ղարաբաղ էր եկել 1920թ. փետրվարին, երբ Ադրբեջանը մեծ հարձակման էր պատրաստվում։ Ճանապարհների փակ լինելու պատճառով Դալի Ղազարն իր 18 զինակից ընկերոջ հետ հասնում է Գանձակ, այնտեղից էլ՝ Գյուլիստան։
Հաջողությունները կարճատեւ էին. զինամթերքի խիստ պակասը զգացնել էր տալիս, իսկ Զանգեզուրից օգնությունն ուշանում էր։ Գնդապետ Թարվերդյանն ապրիլի 1-ին հասնում է Ասկերան, սակայն իր հիմնական ուժերի միայն փոքր մասով. ընդամենը 100 զինվոր էր կարողացել օգնության հասնել Ասկերանի հերոսներին։ Ապրիլի 3-ին՝ նոր հարձակման ժամանակ, սկսում է նահանջել Խաչենի թեւը։ Դալի Ղազարը Թարվերդյանի հեծյալների մի մասին ուղարկում է օգնության, սակայն ադրբեջանական հրետանու հուժկու կրակը թույլ չի տալիս առաջնագիծ հասնել, եւ Խաչենում ստիպված նահանջում են։ Ամուր կանգնած է մնում միայն կենտրոնական ուղղությունը, որտեղ Դալի Ղազարն էր եւ գնդապետ Մեսյանը։ Չդիմանալով թշնամու ճնշմանը՝ հայկական ուժերն աստիճանաբար նահանջում են։ Ղազարը հանձնարարում է Մեսյանին նահանջել եւ կազմակերպել թիկունքը։ Քանի որ Ղազարը կաղ էր, Մեսյանը փորձում է համոզել նրան հեռանալ, սակայն Ղազարը հրաժարվում է։
«Տասնյակ տարիներով մարզված այդ հայդուկը ուշադրություն չի դարձնում թշնամու թնդանոթների ռումբերի վրա, որոնք գալիս եւ ընկնում են իր մոտ, խառնում հողակույտը, հողով ծածկում նրա եւ իր ընկերների երեսը, աչքերը, գլուխը եւ որ այդ բոլորից հետո նա թափահարում է իր գլուխն ու նորից սկսում կռվել»,- գրում է Արսեն Միքայելյանը։ Օրվա վերջին հայկական ուժերը նահանջում են։ Ղազարն ատրճանակի սպառնալիքով բոլորին ստիպում է հեռանալ՝ ասելով. «Դուք պետք եք կռվի համար, իսկ ես՝ մահվան»։
«Նա մնում է մինչեւ վերջին րոպեն, կռվում թշնամու դեմ եւ իր գնդակով վերջ է տալիս իր կյանքին, ինչպես հետո Ադրբեջանի ասկյարներն են պատմում՝ զինադադարի ժամանակ դիրքից դիրք խոսակցության պահուն»։
Ղարաբաղի տարբեր ճակատներում մարտերը շարունակվում են մինչեւ ապրիլի կեսը։ Շուտով զինադադար է հաստատվում, իսկ Բաքվում հրավիրվում է հայ-ադրբեջանական հերթական խորհրդաժողովը։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։