1920թ. ապրիլի 17-ին կրկին Ղարաբաղ է վերադառնում Դրոն։ Նա ուղարկված էր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ղարաբաղի պաշտպանությունը կազմակերպելու եւ մարզը Հայաստանին վերամիավորելու նպատակով։
1920թ. մարտ-ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել ինչպես Ղարաբաղում եւԶանգեզուրում, այնպես էլ Հայաստանի սահմանամերձ բոլոր շրջաններում։ Բացի այդ, հայերին առեւանգում, սպանում ու թալանում էին նաեւ Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում։ Ղարաբաղն ընկճելու փորձերից բացի, Ադրբեջանը հարձակվում է նաեւ Հյուսիսային Արցախի մի շարք հայկական գյուղերի վրա։
ԿՌԻՎՆԵՐ ԳԵՏԱՇԵՆՈՒՄ
Ապրիլի 3-ին ադրբեջանական կանոնավոր ստորաբաժանումները շրջապատում են Գանձակի նահանգի Սուլուք գյուղը (հետագայում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի Գետաշենի ենթաշրջանի Ազատ գյուղը)։ Հայերը չեն դիմադրում եւ հանձնում են զենքը, ինչը սակայն չի փրկում կոտորածից ու թալանից։ Գյուղի՝ մոտ երկու տասնյակ երիտասարդներ իրենց զենքով հեռանում են մոտակա անտառները։ Շուտով ադրբեջանցիները հայտնում են, որ Գետաշենում կռիվներ են եւ Սուլուքի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար նրանց տեղահանելու են։ Սուլուքցիները համաձայնում են եւ բռնում գաղթի ճանապարհը։ Անտառում նրանց վրա են հարձակվում թաթարական հրոսակախմբերը եւ սկսում կոտորել անզեն մարդկանց։ Շուտով սակայն օգնության է հասնում հեռացած հայերի զինված խումբը։
Հառաջ, 22 ապրիլի, 1920թ., թիվ 22
«Այդ խումբը բաժանվում է երկու մասի ու տարբեր կողմերից այնպիսի մի գրոհ է սկսում թուրք հորդաների վրա, որ ոչ պատմել կարելի է, ոչ հավատալ… Զինված բազմությունը հանկարծակիի է գալիս ու խառնվում իրար, որ մի մասը ոտնակոխ է լինում, մի մասը կոտորվում է իրենց կրակից։ Փախչողները հավատացնում են, թե Հայաստանից կանոնավոր զորքեր են եկել, որոնք եւ հարձակվեցին իրենց վրա ու շուտով կարող են նաեւ քաղաքի վրա գալ»։
Ջարդից փրկված մոտ 400 սուլուքցի հեռանում է Ելենենդրոֆ։
Ապրիլի սկզբին ակտիվ մարտեր են տեղի ունենում նաեւ Ղազախի շրջանին սահմանակից հայկական գյուղերում։ Ապրիլի 7-ին ադրբեջանցիները հարձակվում են Բերդավան (Ղալաչա), Կոթի, Բարեկամավան (Դոստլու), Դովեղ, Ոսկեւան (Ղոշղոթան) գյուղերի վրա, առաջին երկուսը գրավում են եւ հիմնովին ավերում Կոթին։ Մի քանի օր անց հայկական ուժերն անցնում են հարձակման, վերագրավում կորցրած եւ մի քանի ադրբեջանական գյուղեր։
1920թ. ապրիլի 11-ին Բաքվում գումարվում է հերթական հայ-ադրբեջանական համաժողովը, որը որոշում է հանձնաժողով ուղարկել շրջան բախումները դադարեցնելու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Թեքինսկին ապրիլի 17-ին հեռագրում է վարչապետ Խատիսյանին, որ իրենց առաջարկը՝ դուրս բերել զորքերը բոլոր գյուղերից եւ վերադառնալ մինչեւ կռիվները եղած սահմանին, հայկական ուժերը չեն կատարում։ Խատիսյանը Թեքինսկուն պատասխանում է, որ «ձեր տեղեկությունները բոլորովին սխալ են», եւ տեղում աշխատում է ՀՀ ներքին գործերի նախարարի օգնական Մանասյանը, որը եւ կարգավորում է բոլոր խնդիրները։ Մեկ օր անց՝ ապրիլի 18-ին, Մանասյանն արդեն հաղորդում էր, որ «…իմ ներկայությամբ գավառային եւ ինքնավարության նախագահը եւ ազգաբնակության ներկայացուցիչները համաձայնություն կնքեցին Ղազախի գեներալ-նահանգապետի եւ թաթար ազգաբնակության հետ»։
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂ
Ապրիլի առաջին օրերին, երբ Ասկերանում մի բուռ հայեր հերոսաբար դիմակայում էին ադրբեջանական հարձակմանը, Զանգեզուրի հայկական ուժերը կարողանում են ջարդել թաթարներին եւ ճանապարհ բացել դեպի Ղարաբաղ։
Հառաջ, 6 ապրիլի, 1920թ., թիվ 72
«Գորիս, 2 ապրիլ։ Ժամը 22-ին։ Կռիվները շարունակվում են տասներկուերորդ օրը։ Ազատության համար պայքարող գյուղացիության դրությունը հրաշալի է։ Բոլոր ճակատներում թշնամին ոչնչացված է եւ մատնված խուճապային փախուստի։ Ադրբեջանյան 5-րդ եւ 7-րդ գնդերի ասկյարներից շատերը գերի են ընկել։ Մինչեւ Բարգուշատ եւ Աքարա հողամասը գրավված է։ Զանգեզուրը եւ Ղարաբաղը միացան»։
Ղարաբաղի եւ Զանգեզուրի միակ ճանապարհը Խծաբերդ-Հարար-Կոռնիձորն էր, որն անցնում էր շատ բարդ լեռնային տեղանքով։
Մարտի վերջին եւ ապրիլի սկզբին այստեղ դեռ ձյուն էր ու մրրիկ։ Բացի այդ, հայկական Հարարը ադրբեջանական գյուղերով էր շրջապատված, որոնց մշտական հարձակումներին չդիմանալով՝ հայերը հեռացել էին։ Հաստատվելով գյուղում՝ ադրբեջանցիները փաստորեն փակել էին Ղարաբաղի եւ Զանգեզուրի ճանապարհը։
Երկու շրջանի միջեւ գրեթե բացակայում էր հեռախոսային, հեռագրային կապը, եւ կարեւորագույն տեղեկությունները հաղորդվում էին սուրհանդակների միջոցով։ Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ եւ 1920թ. դեպքերի ականատես ու մասնակից Աբրահամ Կիսիբեկյանը գրում է.
«Ղարաբաղի կապը Զանգեզուրի հետ պաշտպանվում էր գլխավորապես սուրհանդակների միջոցով, որոնք շատ լավ ծանոթ էին բոլոր ճանապարհների, արահետների ու զանազան անցքերի, թաքստոցների հետ։ Սրանց անմիջական մասնակցությամբ Զանգեզուրից փոխադրում էին զենք ու ռազմամթերք։ …Նրանք ժամանակի հրամայական պահանջի համաձայն՝ խոշոր դեր են խաղացել՝ չխնայելով նույնիսկ իրենց կյանքը»,- գրում է նա։
Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ ճանապարհային կապը բացվում է, երբ գնդապետ Թարվերդյանի ուժերը, Զանգեզուրից շարժվելով, վերցնում են Հարար գյուղը։
Կիսիբեկյանը գրում է, որ ապրիլի սկզբին իրենց հանձնարարվում է շտապ 200 ջորի ուղարկել Հարար՝ Ղարաբաղի համար նախատեսված զինամթերքը տեղափոխելու։ Հաղթահարելով դժվարին լեռնային ճանապարհը՝ նրանք շուտով հասնում են Հագարու գետին, որտեղ եւ հանդիպում են գնդապետ Թարվերդյանին։
Հասնելով Կոռնիձոր՝ Կիսիբեկյանը կապվում է Զանգեզուրի գեներալ-նահանգապետ Մելիք Յոլչյանի հետ, ստանում զենքն ու զինամթերքը տեղափոխելու թույլտվություն։ Շուտով օժանդակ զորքերը նույն ճանապարհով վերադառնում են Ղարաբաղ։
«Մեր քարավանը 1 կմ-ից ավելի էր ձգված։ Առջեւից գնում էին հարյուրյակ հեծյալներ, նրանց հետեւում էր հետեւակ զորքը՝ թվով 400 հոգի։ Զորքի հետեւից գնում էին ջորիներն իրենց ծանր բեռների տակ՝ հսկաների նման։ Ջորիներին հետեւում էին 200 հետեւակ զինվորներ, որոնցից հետո գալիս էին գնդացիրներով զինվածներն ու ջորիների եւ ձիանների քարավանը՝ բարձած ռազմամթերքով։ Սրանց հետեւում էր եւս երկու հարյուրյակ հետեւակ զինվոր, իսկ բոլորի վերջը՝ հետեւում էր մի հարյուրյակ հեծյալներ։ Այսպիսով մեզ հետ գալիս էր 200 հեծյալ եւ 800 հետեւակ։
Մենք մեզ հետ բերում էինք Ղարաբաղ 2 թնդանոթ (լեռնային), 600 ռումբ, քսան եւ չորս գնդացիր եւ մոտ միլիոն ու կես փամփուշտ։ Փամփուշտի մեծ մասը ֆրանսիական («լեբել») հրացանի էր. դժբախտաբար այդ հրացանից Ղարաբաղում քիչ կար»,- գրում է նա։
Վերադառնալով Ղարաբաղ՝ նոր ուժերը տեղակայվում են Սարուշենում։ Չորս գնդացիր անմիջապես ուղարկում են Ասկերան, սակայն Ասկերանի պաշտպանությունն արդեն ճեղքվել էր։ Ադրբեջանցիները փորձում են առաջանալ Սղնախ-Շուշի ուղղությամբ, սակայն հաջողության չեն հասնում։ Ասկերանի անկումից երեք օր հետո՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանի ռազմական նախարար Սամեդ-բեկ Մեհմանդարովի հանձնարարությամբ հայ բանագնացներ են ուղարկվում Սարուշեն՝ հանձնվելու առաջարկությամբ։ Հայերը կտրականապես մերժում են, եւ կրկին թեժ մարտեր են ծավալվում։
Ապրիլի 4-ին խորհրդակցություն է հրավիրվում, որտեղ որոշվում է գնդապետ Թարվերդյանին ճանաչել Ղարաբաղի բոլոր զինված ուժերի հրամանատար։ Որոշվում է նաեւ փոխել մարտավարությունը եւ առավելապես պաշտպանական մարտեր մղել, որովհետեւ զինամթերքը քիչ էր։ Ամսի 7-ին եւ 8-ին ադրբեջանցիները գրոհում են Դաշուշենի ուղղությամբ։ Իրադրությունը բավականին վտանգավոր էր, եւ հայերը որոշում են դիմել պատասխան հարձակման։
ԴՐՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂ
1920թ. ապրիլի 17-ին կրկին Ղարաբաղ է վերադառնում Դրոն։ Նա ուղարկված էր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ղարաբաղի պաշտպանությունը կազմակերպելու եւ մարզը Հայաստանին վերամիավորելու նպատակով։
Դրոն Ղարաբաղ էր եկել նույն թվականի ձմռանը, կազմակերպել էր Շուռնուխի ազատագրության գործողությունը, ապա վերադարձել Երեւան Ղարաբաղի համար առավել մեծ օգություն ստանալու ակնկալիքով։
Ղարաբաղում Դրոն հաստատվում է Սարուշենում, որտեղ էլ հրավիրում է զինվորական հրամանատարների խորհրդակցություն, ծանոթանում իրադրությանը, սահմանային շրջաններում ուժերի տեղաբաշխմանը, ինչպես նաեւ՝ Ասկերանի գործողության մանրամասներին։
«Ի՞նչ եք մտածել, որ մտել եք Ասկերանի փոսի մեջ, եւ անուշադրության մատնելով՝ Շուշին թողնելով անտեր ու անտիրական։ Մի՞թե դուք այդքանը չեք հասկանում, որ Շուշին ում ձեռքին է գտնվում, նա էլ Ղարաբաղի տերն է։ Ի՞նչ եք արել դուք, դուք փակել եք թշնամու բոլոր դռները եւ նրան հարկադրել կռվելու ձեր դեմ։ Դուք Ասկերանում ոչինչ չունեիք անելու։ Դուք ձեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնեիք հենց Շուշվա վրա եւ այնտեղ մաքրեիք թշնամուց, որից հետո թշնամին Ղարաբաղի որեւէ կետում չէր կարող կանգնել»,- այսպես է նկարագրում Դրոյի գնահատականը իրավիճակին Աբրահամ Կիսիբեկյանը։
Թեեւ Դրոյի գալը մեծ ոգեւորություն է առաջացնում հայերի շրջանում, սակայն Ադրբեջանը չէր հրաժարվել իր հարձակողական ծրագրերից։ Սահմանային ամբողջ հատվածում շարունակում էին ուժեր կենտրոնացնել։ Հատկապես կարեւոր ռազմակայաններից էին Ասկերանին եւ Վարանդային սահմանակից Աբդալ եւ Գյուլափլի գյուղերը։ Ապրիլի վերջին Ղարաբաղի ուժերը հարձակում են սկսում այս գյուղերի վրա եւ ամբողջությամբ ոչնչացնում ադրբեջանական հենակետերը։
ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ
1920թ. ապրիլի 18-ին Ներքին Թաղավարդ գյուղում գումարվում է խորհրդաժողով, որտեղ ընտրվում է Լեռնային Ղարաբաղի կառավարման մարմին, որի նախագահը Արսեն Հովհաննիսյանն էր։ Ներքին գործերի ղեկավարը Ասծատուր Ավետիսյանն էր, իսկ ռազմական հարցերը ղեկավարում էր Դրոն։ Կառավարական մարմնի կազմում կային նաեւ պարենավորման, գաղթականական գործերի, աշխատանքի, առողջապահության, արդարադատության բաժիններ։
Մարզի պաշտպանությունն ամրապնդելու համար Դրոն մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկում։ Նախեւառաջ ստեղծվում է ձիերի եւ ջորիների հատուկ գումակ, որը գիշեր-ցերեկ Զանգեզուրից եւ այլ վայրերից զենք ու ռազմամթերք էր տեղափոխում Ղարաբաղ։
Շուտով Ղարաբաղում սկսում է շրջանառվել Հայաստանի Հանրապետության թղթադրամը։ Բոլոր ռազմաճակատները եւ ուղղությունները միավորվում են հեռախոսային ընդհանուր գծով, ինչն էապես բարձրացնում է կապի արագությունն ու արդյունավետությունը։ Դրոյի հանձնարարությամբ բոլոր կողմերից ամբողջությամբ շրջափակվում են Շուշին եւ Խանքենդը, որի պաշարվածները ստիպված էին Աղդամի հետ կապ պահել «գիշերները՝ գույնզգույն լապտերների ու զանազան ազդանշանների միջոցով»։ Մեծ ուշադրություն է դարձվում հետախուզությանը, որով ամբողջ Ղարաբաղում սկսում է սբաղվել Կուռո Թարխանյանն ու իր հետախուզական ջոկատը։
Ամեն ինչ արվում էր Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու, ուժեր կենտրոնացնելու եւ Շուշին ազատագրելու համար։ Սակայն գործն ավարտին չի հաջողվում հասցնել նոր, շատ ավելի վտանգավոր ռազմաքաղաքական իրադարձությունների պատճառով. ապրիլի վերջին Ադրբեջանում հաստատվում են խորհրդային կարգեր։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան