2022թ․ մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնական այցով ասիական մի շարք երկրներում էր։ Տարածաշրջան այցի ընթացքում ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, Հրվ․ Կորեան, Ֆիլիպիններն ու Սինգապուրը համաձայնության են եկել ստեղծելու տվյալների փոխանակման կոլեկտիվ համակարգ՝ այն փակելով Չինաստանի և Ռուսաստանի համար։
Սուրեն Սահակյան
Մաս Հինգերորդ
Ստեղծվող նոր աշխարհակարգը
2021թ հունիսի 10-ին Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և ԱՄՆ-ն կնքեցին հերթական համաձայնագիրը, որն իր բովանդակությամբ և դրան վերագրվող նշանակության իմաստով Ատլանտյան երկրորդ խարտիան դառնալու հավակնություն ունի։ Այս փաստաթուղթը ևս 8 կետ ունի և վերաբերում է ապագա աշխարհի մասին համաձայնության եկող կողմերի պատկերացումներին․Կողմերը պայմանավորվում են պաշտպանել ժողովրդավարության և բաց հասարակությունների սկզբունքներն ու արժեքները, որոնք իրենց պետականության ուժի և միությունների հիմքն են։ Կողմերը նպատակ են դնում այնպես ամրացնել միջազգային համագործակցությունն ապահովող ինստիտուտներն ու օրենքները, որպեսզի դրանք համապատասխանեն 21-րդ դարի մարտահրավերներին։ Նրանք հանձն են առնում աշխատել համապատասխան կանոններով գործող նոր աշխարհակարգի ուղղությամբ, որպեսզի միասին լուծեն գլոբալ պրոբլեմները՝ կառավարել նորագույն տեխնոլոգիաների առաջացրած վտանգները, նպաստել տնտեսական զարգացմանն ու արժանապատիվ աշխատանքին, երկրների միջև ազատ ու արդար առևտրին։
Կողմերն իրենց հավատարմությունն են հայտնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և վեճերը խաղաղ կարգավորելու նախկինում գործող սկզբունքներին։ Նրանք դեմ են հանդես գալիս միմյանց ներքին գործերին միջամտելու պրակտիկային, ինչպես նաև պաշտպանելու են այնպիսի առանցքային սկզբունքներ, ինչպիսիք ազատ ծովերն են և օդագնացությունը։
Կողմերը նպատակ են դնում այնպես ամրացնել միջազգային համագործակցությունն ապահովող ինստիտուտներն ու օրենքները, որպեսզի դրանք համապատասխանեն 21-րդ դարի մարտահրավերներին։ Նրանք հանձն են առնում աշխատել համապատասխան կանոններով գործող նոր աշխարհակարգի ուղղությամբ, որպեսզի միասին լուծեն գլոբալ պրոբլեմները։
Կողմերն իրենց հավատարմությունն են հայտնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և վեճերը խաղաղ կարգավորելու նախկինում գործող սկզբունքներին։ Նրանք դեմ են հանդես գալիս միմյանց ներքին գործերին միջամտելու պրակտիկային, ինչպես նաև պաշտպանելու են այնպիսի առանցքային սկզբունքներ, ինչպիսիք են ազատ ծովերն են և օդագնացությունը։
Կողմերը լի են վճռականությամբ պահպանել և օգտագործել գիտական ու տեխնոլոգիական իրենց նորարարական առավելությունները, որպեսզի դրանով ապահովեն իրենց ընդհանուր անվտանգությունն ու աշխատատեղերը՝ նպաստելով միջազգային կայուն զարգացմանը։
Կողմերը վերահաստատում են միջազգային կայունության և կոլեկտիվ անվտանգության հարցերում իրենց ընդհանուր պատասխանատվության բարձր աստիճանը։ Նրանք հայտարարում են միջուկային զենքով զսպման իրենց միջոցների մասին և նշում՝ քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, իրենք այն կօգտագործեն ՆԱՏՕ-ն պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ի գործընկերներին հիշեցնում են, որ կարող են իրենց վրա հույս դնել նույնիսկ այն դեպքում, երբ գործընկերները շարունակեն մեծացնել իրենց սուվերեն զինված ուժերը։ Նրանք նաև պարտավորվում են առաջ մղել պետությունների պատասխանատու վարքի կանոնները կիբերտարածության մեջ, սպառազինության նկատմամբ վերահսկողության, զինաթափման ուղղությամբ միջոցների կիրառման առումով, որպեսզի նվազեցնեն միջազգային հակամարտությունների առաջացման ռիսկերը։
Կողմերը պարտավորվում են շարունակել կառուցել ներառական, արդար, կլիմայի համար բարենպաստ, կայուն, մշակված կանոնների վրա հիմնված՝ 21-րդ դարի տնտեսություն, ամրացնել ֆինանսական կայունությունն ու թափանցիկությունը, պայքարել կոռուպցիայի դեմ։
Կողմերն իրենց բոլոր գործերում ուշադրության կենտրոնում են պահելու կլիմայի փոփոխության հարցը։ Նրանց կարծիքով աշխարհը հասել է կրիտիկական կետի, երբ այն պետք է գործի առանց հապաղելու և հավակնոտ քայլերով, որպեսզի լուծի կլիմայական ճգնաժամը, պաշտպանի կենդանական բազմազանությունը և բնությունը։
Կողմերը պարտավորվում են շարունակել առողջապահական համակարգի և առողջության պահպանման ուղղությամբ համագործակցությունը։
Ի՞նչն է հատուկ «Ատլանտյան խարտիայի» այս նորացված տարբերակին։ Առաջին էական հանգամանքն այն է, որ ի տարբերություն առաջին խարտիայի, որտեղ նշվում էր, թե համագործակցությունը վերաբերում է աշխարհի «թույլ ու ուժեղ» բոլոր երկրներին, երկրորդում նշվում է միայն ժողովրդավարական արժեքներ որդեգրած երկրների հատուկ ակումբի համագործակցության մասին։ Սա ակհնայտ է ոչ այնքան համաձայնագրի սռանձնացված կետերից, որքան փաստաթղթի նախաբանից և միջազգային դրության ու աշխարհի ապագայի մասին կողմերի մեկնաբանություններից։ Ահա 2022թ․ ապրիլին Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար, այնուհետև վարչապետ դարձած Լիզ Թրասսի՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող ծրագրային ելույթից մի քանի մեջբերումներ․
«Իմ տեսլականն է մի աշխարհ, որտեղ ազատ ազգերը հաստատակամ են և աճում են: Այնտեղ, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը ամրապնդվում են տնտեսական և անվտանգության գործընկերների ցանցի միջոցով։ Սա երկարաժամկետ պարգև է՝ խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան:
․․․ մենք հանում ենք ներմուծման բոլոր մաքսատուրքերը Ուկրաինայի համար և աջակցում ենք Ուկրաինայի տնտեսությանը վարկային երաշխիքներով, հարկային աջակցությամբ և ներդրումներով։ Մենք ցույց ենք տալիս, որ տնտեսական մուտքն այլևս «հարգանքի տուրք» չէ։ Այն պետք է վաստակել:
․․․ մեր բարգավաճումն ու անվտանգությունը պետք է հիմնված լինեն ամուր գործընկերային ցանցի վրա: Սա այն է, ինչ ես անվանում եմ ազատության ցանց: Մենք ցանկանում ենք, որ գործընկերության ցանցը ընդգրկի աշխարհը՝ պաշտպանելով ինքնիշխանությունն ու ինքնորոշումը և նպաստելով ընդհանուր բարգավաճմանը: Բրիտանիան կլինի այս ցանցի ակտիվ և ճկուն մասը»:
Երկրորդ էական հանգամանքը համաձայնության նպատակներն են։ Եթե առաջին Ատլանտյան խարտիան վերաբերում էր աշխարհի առաջ ծառացած կոնկրետ խնդիրների կոնկրետ լուծումներին և հայտնի էր թիրախը (նացիստական Գերմանիան և նրա նվաճողական քաղաքականության հետևանքները), ապա երկրորդում թիրախի մասին միայն ակնարկներ են։ Ահա համաձայնությունը կնքելու նպատակների մասին փաստաթղթի նախաբանը․
«Այսօր ԱՄՆ նախագահն ու Միացյալ Թագավորության վարչապետը իրենց հավատարմությունն են հայտնում ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի համար միասնական աշխատանքին։ Մեր նորացված Ատլանտյան խարտիան, հիմքում ունենալով 80 տարի առաջ ձևակերպված պարտավորություններն ու ձգտումները, հաստատում է մեր անդավաճան հավատարմությունը մեր անխախտ արժեքներին և նոր ու հին մարտահրավերներից նրանց պաշտպանությանը։ Մենք պարտավորվում ենք սերտորեն համագործակցել բոլոր այն գործընկերների հետ, որոնք կիսում են մեր ժողովրդավարական արժեքները և միասնաբար դիմակայել նրանց ջանքերին, որոնք ձգտում են խարխլել մեր միություններն ու ինստիտուտները»։
Իսկ ո՞րն է այդ «ազատության ցանցի» ստեղծման իրական թիրախը, ովքե՞ր են փորձում «խարխլել ստեղծված միություններն ու ինստիտուտները» և չունեն ժողովրդավարական արժեքներ։ Նոր Ատլանտյան խարտիայի կնքումից հետո ծավալված որոշ իրադարձություններ ուղիղ մատնանշում են այն։
Այսպես, 2022թ․ մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնական այցով ասիական մի շարք երկրներում էր։ Տարածաշրջան այցի ընթացքում ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, Հրվ․ Կորեան, Ֆիլիպիններն ու Սինգապուրը համաձայնության են եկել ստեղծելու տվյալների փոխանակման կոլեկտիվ համակարգ՝ այն փակելով Չինաստանի և Ռուսաստանի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում կազմակերպություն հրավիրել Բրազիլիային և Մեծ Բրիտանիային։ Մայիսի 23-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ կատարած ուղևորության ժամանակ տարածաշրջանի 12 երկրների հետ համատեղ գործարկել է «Հնդկախաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը» (IPEF)։ Կառույցը գործարկել են Ավստրալիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հրվ․ Կորեայի, Նոր Զելանդիայի և այլ երկրների հետ համատեղ։ Համաձայն հայտարարության՝ IPEF-ը կամրապնդի ԱՄՆ-ի կապերն այս տարածաշրջանում՝ առաջիկա տասնամյակում տեխնոլոգիական նորարարությունների և գլոբալ տնտեսությանը վերաբերող զարգացումը սահմանելու համար: Համակարգն ավելի հաստատուն, ազնիվ և կայուն տնտեսություն կստեղծի ընտանիքների, աշխատողների և բիզնեսի համար ԱՄՆ-ում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Կառույցի նպատակը գործընկեր երկրների միջև տնտեսական շփումների ուժեղացումն է, այդ շփումները կայուն և արդարացի դարձնելը։ Ինչպես տեսնում ենք, այս ամենը երկրորդ Ատլանտյան խարտիայի տնտեսական հատվածի տառին և ոգուն համապատասխան են։
Դրա ռազմական հատվածի մասին էլ հատկանշական է սեպտեմբերի 15-ի հայտարարությունը AUKUS ռազմական դաշինքի ստեղծումը, որի կողմերը՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, պայմանավորվում են ռազմական տեխնոլոգիաների փոխանակում իրականացնել և, որպես առաջին քայլ, ավստրալական նավատորմը զինել 8 ատոմային սուզանավերով։ Բնական է ենթադրել, որ Ատլանտյան նոր խարտիայից բխող այս գործողությունների թիրախը Չինաստանն է, և վերջինս ուղիղ դրա մասին հայտարարեց։ Իսկ ինչո՞ւ է Չինաստանը նման ուշադրության կենտրոնում հայտնվել։
Եթե ուշադիր լինենք, կարգերի փոփոխության նախաձեռնողները, որպես կանոն, մշտապես եղել են դրանց պահապանները, և դա տրամաբանական է։ Աշխարհակարգի փոփոխության անհրաժեշտությունը երկու դեպքում է առաջանում։ Մի դեպքում դա տեղի է ունենում, երբ կարգերը այնպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծում դրա պահապանների համար, որ նրանց թվում է, թե կարող են անարգել մեծացնել ազդեցության գոտիները, իսկ մյուս դեպքում՝ երբ այդ կարգերը ուրիշների համար են ջերմոցային պայմաններ ստեղծում, և կարգերի պահապանների ազդեցությունը հարցականի տակ է դրվում։ Ո՞ր տարբերակն է մեր դեպքում, երբ կարգերի պահապանների մեջ հեգեմոն դիրք է գրավում ԱՄՆ-ն։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ Եվրոպան ավերված էր։ Պատերազմին մասնակցած բոլոր երկրները վերականգման կարիք ունեին, ինչը իրականացրին ԱՄՆ-ի կողմից մշակված Մարշալի պլանի օգնությամբ։ Պատերազմից հետո ԱՄՆ-ն արտադրում էր աշխարհի համախառն արդյունքի կեսը։ Եվրոպայի վերականգնմանը զուգահեռ այդ ցուցանիշն աստիճանաբար նվազեց՝ 20-րդ դարի 70-ական թվականներին հասնելով 25 տոկոսի, իսկ ներկայումս՝ մոտ 20 տոկոսի։ ԱՄՆ-ի ռազմական հեգեմոնիան անքննելի է, սակայն քաղաքական ու տնտեսական ճակատներում զգալի տեղաշարժեր են տեղի ունեցել։
Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո միջազգային հանրությունն իր ինստիտուտներով խաղաղության և կանոնների պահպանության համար ձեռնմուխ եղավ ամենատարբեր տարածաշրջաններում իրենց տարածքներին բնորոշ հակակշիռների և զսպման համակարգերի ստեղծմանը․ Հնդկախաղաղօվկյանոսյան շրջանում Մեծ Բրիտանիայից անկախություն ստացավ Հնդկաստանը, Մերձավոր Արևելքում արաբական աշխարհին հակակշռելու համար ստեղծվեց և օգտագործվեց Իսրայելը, Եվրոպայում, ինչպես արդեն նշվել է, Գերմանիան բաժանվեց երկու մասի։ Արդեն 60-ականներին, Ատլանտյան խարտիայի ոգուն համապատասխան, անկախություն ստացան աֆրիկյան երկրները՝ որևէ բալանս ապահովելու ակնհայտ նպատակադրմամբ։ Ասիական տարածաշրջանում նշանակալի էին Հյուսիսային և Հարավային մասերի բաժանման հանգեցրած քաղաքացիական պատերազմը Կորեայում, ինչպես նաև Չինաստանի քաղաքացիական պատերազմում կոմունիստների հաղթանակը և նրա բաժանումը երկու մասի՝ Թայվանի և բուն Չինաստանի։ Հակակշիռների պահպանման գաղափարական հենքը նշվում էր որպես սոցիալիզմի և կապիտալիզմի միջև պայքար։
Խնդիրները, որոնք հանգեցրին այս աշխարհակարգի փոփոխության անհրաժեշտությանը, երկուսն են։ Առաջին հերթին, արդեն 80-ականների վերջում ԽՍՀՄ-ում սոցիալիզմի տնտեսական և պետական կառավարման մոդելները սպառեցին իրենց, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզման։ Սա, իր հերթին, վերացրեց ձևավորված հակակշիռների գաղափարական հենքը, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում ռազմական բալանսի հասնելու արդյունավետ միջոցները, ըստ էության՝ թվացյալ երկբևեռ աշխարհի ձևավորված մոդելը։ Սակայն սա հաղթահարելի խնդիր կլիներ, եթե չառաջանար երկրորդ խնդիրը՝ ասիական տարածաշրջանի երկրների տնտեսական սրընթաց զարգացումը, որ հանգեցրեց նաև Չինաստանի զարգացման և արդեն 2000-ականներին տնտեսական առումով ԱՄՆ-ին նետված մարտահրավերին։ Չինաստանը, ի վերջո, երկարաժամկետ հեռանկարում դարձավ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված կարգերի հիմնական շահառուն, որն արդեն շուտով աշխարհի ամենամեծ տնտեսությունը կունենա և կարող է տեխնոլոգիաների առումով էլ չզիջել որևէ երկրի։ Իսկ դա նշանակում է տնտեսական էքսպանսիայի միջոցով ազդեցության գոտիների մեծացում և մարտահրավեր՝ ԱՄՆ-ի և ողջ արևմուտքի տնտեսական, դրա մաս կազմող երկրների պետական շահերին։
Շարունակելի….