«Ադրբեջանը դարձել է սովետական եւ երկու օր չանցած սպառնում է մեզ՝ ինչո՞ւ, որպեսզի իր զորքերը Հայաստանի վրայով միացնե Տաճկաստանի «կարմիր» զորքին, այն Տաճկաստանի, ուր չկա, չի եղել եւ չի կարող լինել «կարմիր» զորք, այլ կա միայն կարմիր սուլթան»: Սեպուհ
Խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում Հայաստանին։ Արտաքին գործերի ժողկոմ Հուսեյնովը երեք օր է տալիս Հայաստանի իշխանություններին Ղարաբաղից եւ Զանգեզուրից զորքերը դուրս բերելու, «դեպի ձեր սահմանները քաշվելու» եւ «ազգամիջյան կոտորածը դադարեցնելու» համար։ Վերջնագիրը չկատարելու դեպքում Խորհրդային Ադրբեջանը սպառնում էր պատերազմ հայտարարել Հայաստանին։
Սակայն սա միակ վերջնագիրը չէր. գրեթե նույն բովանդակությամբ հեռագիր ստացվել էր նաեւ Կովկասյան ռազմաճակատի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Օրջոնիկիձեի, առաջին բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամներ Կիրովի եւ Լեւանդովսկու անունից։ Պահանջները գրեթե նույնն էին. վերջնագիրը չընդունելու դեպքում Հայաստանը գործ էր ունենալու Ռուսաստանի Սոցիալիստական Խորհրդային Ֆեդերատիվ Հանրապետության բանակի հետ։
Հայաստանի վարչապետ Խատիսյանը, պատասխանելով Օրջոնիկիձեին եւ Կիրովին, մայիսի 1-ին հայտնում է, որ Հայաստանը զորք չունի Ղարաբաղում՝ միաժամանակ խնդրելով ճնշում գործադրել Խորհրդային Ադրբեջանի վրա, որպեսզի դուրս բերեն իրենց զորամասերը Ղարաբաղի տարածքից եւ դադարեցնեն հարձակումը։
«Հառաջ», 4 մայիսի, 1920թ.
«…Հայաստանի կառավարությունը առաջարկում է Սովետական Սոցիալիստական Ռուսաստանի ներկայացուցիչներ ուղարկել Ղարաբաղ՝ մի չեզոք հանձնաժողով, երկրի իսկական դրությունը պարզելու համար։ …Իմ կառավարությունը հարկ է գտնում հայտարարել, որ ներկա պարագայում հիմք չկա վերջնագիր նոտայի, եւ կատարյալ վստահություն ունենալով, որ սովետական Ռուսաստանի բանվորա-գյուղացիական կառավարությունը, որ վաղուց ճանաչել է Հայաստանի անկախությունը ու ինքնուրույնությունը Լենինի դեկրետով եւ չորրորդ համառուսական սովետների համագումարի վճռով, չի թույլ տա ճնշում գործ դնել հայ աշխատավոր ժողովրդի վրա»։
* * *
Հուսեյնովին Հայաստանի վարչապետը պատասխանում է մայիսի 4-ին, սակայն մինչ այդ հրավիրվում է խորհրդարանի արտակարգ նիստ, որտեղ քննարկվում է ստեղծված իրադրությունը։ Այդ նիստում առավել ցայտուն երեւում են այն տարաձայնություններն ու հակասությունները, որոնք կային Հայաստանում։ Գրեթե բացարձակ իշխանություն ունեցող քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, պառակտված էր, ուներ տարբեր մոտեցումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերում, որոնք իրենց բացասական ազդեցությունն էին ունենում։ Բոլշեւիկներին զգալի աջակցություն էին ցույց տալիս սոցիալ-դեմոկրատական այլ կուսակցություններ, մասնավորապես՝ էսէռները, որոնք վերածվել էին խորհրդարանում բոլշեւիկյան գաղափարների պաշտպանության ոչ պաշտոնական խմբակցության։
Խորհրդարանի՝ մայիսի 3-ի արտակարգ նիստում, որին մասնակցում էին նաեւ կառավարության անդամները, առաջինը ելույթ է ունենում արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանը։ Նա ներկայացնում է Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման ընթացքը, անդրադառնում Հայաստանին ներկայացված վերջնագրերին։ Նախարարը գտնում էր, որ իրենց պատասխաններով ցույց էին տվել, որ Հայաստանի «կառավարությունը տոգորված է գերազանց խաղաղասիրությամբ», սակայն հետեւում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, իսկ հայ ժողովուրդը պատրաստ է ամեն գնով պաշտպանելու Հայաստանի սահմաններն ու անկախությունը։ Այս վերջին հայտարարությանը դահլիճն արձագանքում է բուռն ծափահարություններով։ Քննարկման ընթացքում դաշնակցական պատգամավոր Թորոսյանն անդրադառնում է «ռուսական կոմունիզմին», համառոտ վերլուծություն անում բանվորագյուղացիական դասակարգի էվոլյուցիայի մասին եւ եզրակացնում, որ կոմունիզմի կառուցման նախադրյալներ Ադրբեջանում չկան, եւ տեղի ունեցածը «կեղծիք է»։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանին, ապա նա նշում էր, որ թեեւ «հայ ժողովուրդը կուլտուրական կապերով կապված է Ռուսաստանի հետ», սակայն կարեւոր է ինքնորոշման սկզբունքը, որն ընդունել է կոմունիստների Մոսկվայի համագումարը։ Հայաստանի իշխանությունը Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերություններում հիմնվում էր Լենինի ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, որն էլ ամփոփված էր Թուրքահայաստանի մասին դեկրետում։
Ավելի մարտական էր խմբապետ Սեպուհի ելույթը, որը հայտարարում է, որ իր զինվորներն ու հայկական բանակը մինչեւ վերջ կկռվեն հայրենիքի պաշտպանության համար, որին դարձյալ հետեւել էին «աղմկալից ծափահարություններ»։
Սեպուհն անդրադառնում է նաեւ Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերին՝ ասելով, որ բոլշեւիկների եւ ադրբեջանցիների նպատակն է Զանգեզուրով միանալ Նախիջեւանին, ապա՝ «Կարմիր Թուրքիային»։ «Ադրբեջանը դարձել է սովետական եւ երկու օր չանցած սպառնում է մեզ՝ ինչո՞ւ, որպեսզի իր զորքերը Հայաստանի վրայով միացնե Տաճկաստանի «կարմիր» զորքին, այն Տաճկաստանի, ուր չկա, չի եղել եւ չի կարող լինել «կարմիր» զորք, այլ կա միայն կարմիր սուլթան»,- ասել էր նա։
Առավել ուշագրավ էին էսէռների կարծիքները, որոնք բոլորն էլ աջակցում էին բոլշեւիկյան հեղաշրջմանը։ Պատգամավոր Լեւոն Թումանյանը հայտարարում է, որ «ոճրագործ» մուսավաթականները հեռացվել են իշխանությունից եւ չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի հեղկոմի վրա, որովհետեւ «Անդրկովկաս է իջնում ռուս հեղափոխական բանակը»։ Նա հայտարարում է, որ հերթը հասել է «իմպերիալիստներին ծափահարող Հայաստանի «մուսավաթին»՝ Դաշնակցությանը, այժմ նա պետք է հեռանա ասպարեզից»։
Քանի որ պատգամավորները հավաքվել էին քննարկելու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, էսէռների ղեկավար Արշամ Խոնդկարյանը հանդես է գալիս մի քանի ուշագրավ առաջարկով։ Նա ասում է, որ Հայաստանը չունի ինքնուրույն լինելու ուժ, հետեւաբար պետք է պատրաստ լինի զիջումների:
«…Մենք պետք է աշխատենք ձեռք բերել մաքսիմումը, իսկ եթե չհաջողվեց, պատրաստ պիտի լինենք զիջումների, մինչեւ մեր անկախությունից հրաժարումը։ Հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը ելակետ ունենալով, մեզ մնում է մի բան – Հայաստանում հայտարարել խորհրդային իշխանություն»,- ասում է Խոնդկարյանը։
Դաշնակցական Վահան Նավասարդյանը, պատմական ծավալուն վերլուծություն անելով, ասում է, որ թե՛ վրացիները, թե՛ ադրբեջանցիները ՀՅԴ-ին մեղադրում էին ռուսասիրության համար։ «Այսօր Դաշնակցությունը դարձել է ռուսատյա՞ց, իսկ Ադրբեջանը՝ ռուսասե՞ր։ …Պարոնայք հակառակորդներ, լավ լսեցեք, մենք ոչ ռուսատյաց ենք եւ ոչ ռուսասեր, ոչ թրքասեր ենք, ոչ էլ թրքատյաց։ Մենք ամեն գնով պիտի պաշտպանենք հայ ժողովրդի գոյությունը եւ պատրաստ ենք բանակցելու ամենի հետ, ով հաշտվում է հայ ժողովրդի գոյության եւ նրա հայրենիքի անկախության հետ»,- եզրափակում է Նավասարդյանը։
Նիստն ավարտվում է հատուկ բանաձեւի ընդունումով, որտեղ խորհրդարանը աջակցություն էր հայտնում կառավարության գործելակերպին եւ հրահանգում «ձեռք առնել բոլոր միջոցները՝ փրկելու հայ ժողովրդի գոյությունն ու ազատությունը»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
Պատմական տարբեր աղբյուրները, մեծաթիվ հուշերն ու արխիվային փաստաթղթերը վկայում են, որ բոլշեւիկները Հայաստանում չունեին քաղաքական հենարան եւ, կարելի է ասել, լուսանցքային էին։ Առաջին ու գաղտնի կազմակերպությունը՝ «Սպարտակը», ստեղծվել էր 1919թ. գարնանը՝ Ղուկաս Ղուկասյանի ղեկավարությամբ։ 1919թ. սեպտեմբերին Հայաստանում ստեղծվում է բոլշեւիկյան «Արմենկոմ» կազմակերպությունը, որի անդամներն էին հայազգի բոլշեւիկներ Ա. Մելիքյանը, Ղուկաս Ղուկասյանը, Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը եւ ուրիշներ։
Հայաստանում բոլշեւիկների թիվն ավելանում է 1919թ. վերջին, երբ Վրաստանում սկսվում են հակաբոլշեւիկյան հալածանքները, եւ շատերը ապաստան են գտնում Հայաստանում եւ Լոռու չեզոք գոտում։ Հայաստանի իշխանությունները բավականին հանդուրժող էին նրանց նկատմամբ եւ որեւէ խոչընդոտ չէին ստեղծում, քանի դեռ չկար հակապետական գործունեություն։ Թեեւ բոլշեւիկներին աջակցում էին Հայաստանի էսէռները, մենշեւիկները, սպեցիֆիկները եւ մի շարք այլ քաղաքական ուժեր, այնուամենայնիվ, նրանք քաղաքական մեծ կշիռ չունեին։ Սակայն կար մեկ այլ` շատ ավելի կարեւոր հանգամանք։ Հայաստանի բնակչության մի ստվար հատված դրական էր վերաբերվում Ռուսաստանին եւ բոլշեւիկների խոստումներին։ Սոցիալական ծանր դրությունը, սովը, աղքատությունը, չավարտվող պատերազմն ու դժվարությունները բնակչության շրջանում մեծ դժգոհություն էին ձեւավորել իշխանության հանդեպ։ Բացի այդ, Հայաստանի անկախության գաղափարը չէր հասցրել ամրանալ հասարակության լայն շրջանակներում, եւ ստեղծված պայմաններում Ռուսաստանին միանալը համարվում էր փրկության միակ ճանապարհը։ Հատկանշական է, որ շատերի համար կարեւոր չէր, թե Ռուսաստանում քաղաքական ինչ իշխանություն է. եթե քաղաքացիական պատերազմում հաղթանակ տաներ Դենիկինը, ապա հանրության մի մասի համար ընդունելի կլիներ նաեւ այդ իշխանությունը։
Բոլշեւիկները հիանալի գիտեին երկրում տիրող վիճակը, եւ լայնորեն օգտագործում էին՝ խոստանալով, որ խորհրդային կարգերի հաստատման դեպքում Ռուսաստանը կուղարկեր հաց, փող, նավթ եւ այլ անհրաժեշտ ապրանքներ։
Ռուբեն Տեր-Մինասյանը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական ներկապնակին, գրում էր, որ աջակողմյան եւ ձախակողմյան ընդդիմադիրները հիմնականում օրինապահ էին, սակայն «չեն ցանկար Հայաստանի անկախությունը»։ Ավելի ծայրահեղ ուժերը թեեւ անկազմակերպ էին, սակայն ունեին որոշակի հենարան։
«Նրանք թեեւ չէին կազմակերպված, բայց հենվում էին բոլոր այն տարրերի վրա, ինչպես ռուսների, մոլոկանների, մասամբ՝ թաթարների եւ հայերի, որոնք չէին ցանկանար եւ չէին հավատար Հայաստանի անկախության, կաշխատեին, որ այս Անկախ Հայաստանի դրությունը ժամանակավոր լինի, եւ ի վերջո Հայաստանը դառնա մեծ Ռուսաստանի մի ծայրագավառը»,- գրում էր նա։ Միաժամանակ նա նշում էր, որ այս վերաբերմունքն առաջացնում էր առավել ազգային ուժերի, այդ թվում՝ դաշնակցականների եւ արեւմտահայերի դժգոհությունը, որը, ինչպես մենք կտեսնենք հետագայում, հանգեցնում էր անցանկալի լարվածության, երբեմն էլ՝ բախումների։
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՅԴ-ՈՒՄ
Խոր տարաձայնություններ կային նաեւ իշխող կուսակցության՝ ՀՅԴ-ի ներսում, որոնք ի հայտ էին եկել դեռեւս 1918-ից։ Անկախության երկու տարին չէր հանգուցալուծել խնդիրները, ընդհակառակը, դրանք դարձել էին առավել ցցուն ու վտանգավոր։ Հակասության հիմքում կառավարման համակարգի եւ կուսակցական գործունեության տարանջատումն էր։
Առավել ազատական, ժամանակակից մոտեցում ունեցող գործիչները գտնում էին, որ կառավարությունը պետք է որեւէ առնչություն չունենա կուսակցության հետ, գործի ինքնուրույն եւ հաշվետու լինի բացառապես խորհրդարանին։
Դաշնակցության Բյուրոն այդ կարծիքին չէր. 1919թ. աշնանը ստեղծվել էր այնպիսի իրադրություն, որ Բյուրոն առավել ուժեղ էր, քան կառավարությունը։ 1919թ. աշնանը տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը որոշել էր, որ Բյուրոյի անդամները չպետք է լինեն կառավարության կազմում։ Մարդկային ռեսուրսների պակասը հանգեցնում էր մի իրադրության, որ կամ Բյուրոն պետք է ուժեղ լիներ, կամ կառավարությունը։ 1920թ. ապրիլին Բյուրոն արդեն խախտել էր ընդհանուր ժողովի որոշումը եւ Ռուբեն Տեր-Մինասյանին նշանակել զինվորական նախարար։
Կայուն չէր նաեւ ՀՅԴ-ի խորհրդարանական ֆրակցիան, որտեղ ձեւավորվել էին տարբեր հոսանքներ։ Նրանց մի մասը կողմ էր աջակողմյան գաղափարներին, մյուսը՝ ձախակողմյան, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր ներքին անկայունությունների հանգուցալուծման վրա։ Ձախերը գտնում էին, որ ՀՅԴ-ն, լինելով հեղափոխական կուսակցություն, չպետք է կոշտ քայլեր ձեռնարկի սոցիալիստական ուժերի դեմ։
Երբ խորհրդարանում առավել կենտրոնական ուժերը կառավարությունից պահանջում են խիստ քայլեր ձեռնարկել բոլշեւիկների խժդժությունները ճնշելու համար, ներքին գործերի նախարար Աբրահամ Գյուլխանդանյանն ասում է. «Ես չեմ կարող, սոցիալիստ լինելով, հալածիչ դառնալ իմ ընկերներին»։
ԼԵՒՈՆ ՇԱՆԹԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
Ադրբեջանի խորհրդայնացումը փոխում է Անդրկովկասի հանրապետությունների հարաբերությունները. Վրաստանը, որն առավել շատ էր մտահոգված բոլշեւիկյան առաջխաղացումով, կտրուկ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի դեմ։ Խորհրդային Ադրբեջանն իր հերթին տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին՝ զորքեր մոտեցնելով Զաքաթալայի շրջանին։ Երկու հանրապետությունները պատրաստվում են պատերազմի. մայիսի սկզբին ադրբեջանցիները պայթեցնում են Խրամ գետի կամուրջը, որին ի պատասխան վրացիները քանդում են Փոյլիի կամուրջը։ Հայաստանի կառավարությունը փորձում է ավելի ջերմացնել Վրաստանի հետ հարաբերությունները, եւ օրակարգում նույնիսկ հայտնվում է ռազմական դաշինք կնքելու հարցը։
Վրաստանի հետ Ադրբեջանի հակասությունը պայմանավորված էր հիմնականում Օրջոնիկիձեի գործելակերպով, որը ցանկանում էր շարունակել «առաջանալ» Անդրկովկասում եւ մայիսի առաջին շաբաթներին խորհրդայնացնել նաեւ Վրաստանը։ Մայիսի 4-ին նա հեռագրել էր Մոսկվա, որ «ամենամոտ ապագայում Վրաստանի հետ կլինի նույնը, ինչ Ադրբեջանում»։ Սակայն Օրջոնիկիձեի գործողություններն այդ պահին չէին համընկնում բոլշեւիկների համաշխարհային քաղաքականությանը, եւ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը փորձում էր զսպել հնարավոր «ավանտյուրաները»։ «Տեղական շահերից բխող ձեր գործողություններով դուք կարող եք սարսափելի վնաս հասցնել մեր համաշխարհային հարաբերություններին»,- հեռագրում էր նա Օրջոնիկիձեին։ Բոլշեւիկներն այդ պահին չէին ցանկանում խորհրդայնացնել Վրաստանը, ինչը կարող էր առաջացնել Անգլիայի դժգոհությունը, ինչով էլ պայմանավորված էր Չիչերինի հեռագիրը։
Արդյունքում՝ մայիսի 11-ին Վրաստանն ու Խորհրդային Ռուսաստանը հաշտության պայմանագիր են ստորագրում, որով բոլշեւիկները ճանաչում էին Վրաստանի անկախությունը։ Հայաստանը նույնպես փորձում է կարգավորել խնդիրները Ռուսաստանի հետ եւ մայիսին Մոսկվա է ուղարկում հատուկ պատվիրակություն՝ Լեւոն Շանթի գլխավորությամբ։
ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ներքին ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով մայիսի 6-ին կազմվում է նոր կառավարություն. վարչապետ եւ արտաքին գործերի նախարար է նշանակվում Համո Օհանջանյանը, ներքին գործերի եւ զինվորական նախարար՝ Ռուբեն Տեր-Մինասյանը, ֆինանսների եւ արդարադատության՝ Աբրահամ Գյուլխանդանյանը, գյուղատնտեսության եւ աշխատանքի՝ Սիմոն Վրացյանը, հանրային կրթության եւ արվեստի՝ Գեւորգ Ղազարյանը, հաղորդակցության՝ Արշակ Ջամալյանը։ Բոլոր նախարարները ՀՅԴ բյուրոյի անդամներ էին, եւ կառավարությունը ստանում է «Բյուրո-կառավարություն» անվանումը։
Միաժամանակ փոխվում է նախարարությունների կառուցվածքը՝ միավորելով գործառույթները եւ մեծ լիազորություններ տալով նախարարներին։ Սակայն ձեռնարկվող քայլերն արդեն ուշացած էին, չէին կարող կանխել ներքին անկայունությունը, եւ մի քանի օր անց Հայաստանում բռնկվում է բոլշեւիկների Մայիսյան ապստամբությունը։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են փաստաթղթեր Հայաստանի Ազգային արխիվից եւ լուսանկարներ ՀՅԴ թանգարանից։