Հայաստան

Աղդամն Ու Մոնթեն

Հայկական զորքերը երկու ուղղություններով՝ հյուսիսից՝ դեպի Հակոբ Կամարի և հարավից դեպի Փափրավենդ թևանցում են Մարտակերտ քաղաքը: Հիմնական հարվածը՝ Փափրավենդի ուղղությամբ էր՝ Մարտակերտի և Աղդամի շրջանների սահմանին:

Մարտական Եղբայրություն Միաբանություն

Աղդամի 44-օրյա Ճակատամարտը: Մոնթեի Մահը: Ուղիղ 30 Տարի Առաջ:

Սրանից ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1993-ի հունիս-հուլիսին ծավալվում էր Աղդամի ճակատամարտը՝ հայոց պատմության կարևորագույն մարտերից մեկը, որն ի վերջո ավարտվեց հաղթանակով. հուլիսի 23-24-ն հայկական զորքերը մտան Աղդամ: Այսօրվա տեսակետից այդ օրերն ու այդ հաղթանակները գրեթե անհասանելի հեքիաթ են թվում, սակայն դրանք տեղի են ունեցել մեր օրերում և շատերիս աչքի առաջ:

Որքան էլ այսօրվա հայաստանյան կարծիք ձևավորողներն ու որոշումներ ընդունողները ամեն գնով խուսափեն հիշատակելուց 30 տարի առաջ եղած հաղթանակները, մենք միշտ պետք է հիշենք ու հիշեցնենք: Դրանից ավելի կարևոր բան չկա հիշելու և խոսելու այս օրերին:

Աղդամի հաղթանակի իմաստավորումը թողնելով մոտ ապագային, այժմ տանք զուտ ժամանակագրությունը և նկարագրությունը մարտական գործողությունների:

Աղդամի ռազմական գործողություն առաջին մարտերը սկսվեցին 1993-ի հունիսի 12-ին:

Իսկ ամբողջ ճակատամարտը տևեց 43-44 օր՝ մինչև հուլիսի 23-24, այսինքն՝ ուղիղ այնքան որքան 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը:

Հունիսի 12-ին հայկական զորքերը երեք՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային ուղղություններով հարձակման են անցնում Աղդամի շրջանի ուղղությամբ:

Երեք օրվա մեջ՝ մինչև հունիսի 15-ը հարձակումը լուրջ հաջողությունների է հասնում հյուսիսային և հարավային ուղղություններով: Հարավում մերոնք մտնում են Մարզիլի, Յուսուֆջանլու և այլ գյուղերը, իսկ հյուսիսից՝ Քյուրդլար, Մոլալար և այլն: Սակայն ճակատի կենտրոնական հատվածում հարձակումը ձախողվում է:

Ադրբեջանական բանակն անցնում է հակահարձակման և վերագրավում է նաև հյուսիսում և հարավում կորցրած դիրքերի մի մասը:

Հունիսի 18-ին գործողության այս առաջին փուլը հինականում ավարտվեց;

Հարրձակման առաջին իսկ օրը՝ հունիսի 12-ին՝ ճակատի հարավային ուղղությամբ գտնվող Մուղանլու գյուղի մոտ զոհվում է Մոնթե Մելքոնյանը:

Սրանից հետո ռազմական գործողությունների կենտրոնը տեղափոխվում է Մարտակերտ քաղաքի ուղղությամբ, որն այդ ժամանակ դեռ թուրքերի վերահսկողության տակ էր:

Հունիսի 20-ին սկսվեց Մարտակերտ քաղաքի գործողությունը:

Հայկական զորքերը երկու ուղղություններով՝ հյուսիսից՝ դեպի Հակոբ Կամարի և հարավից դեպի Փափրավենդ թևանցում են Մարտակերտ քաղաքը: Հիմնական հարվածը՝ Փափրավենդի ուղղությամբ էր՝ Մարտակերտի և Աղդամի շրջանների սահմանին:

Գրավելով կարևոր բարձունքները և ճեղքելով ճակատը հունիսի 25-ին հայկական զորքերը մտնում են Աղդամի շրջանի հյուսիսի Քյուրդլար, Մոլալաև, Բոյախմեդլի, Սոֆուլու գյուղերը: Սրանով կտրվում է Աղդամ-Մարտակերտ ճանապարհը: Հայկական զորքերը շրջանցում են Մարտակերտը հարավից: Միաժամանակ հյուսիսային հատվածում մերոնք մտնում են Հակոբ Կամարի գյուղը և շարունակում առաջխաղացումը դեպի Ջրաբերդ և Լևոնարխ: Այդպիսով ստեղծվում է Մարտակերտը երկու կողմից շրջափակելու վտանգը: Հունիսի 26-ին թուրքերը թողնում են Մարտակերտ քաղաքը:

Մարտակերտի ազատագրումից հետո Աղդամի խմբավորումն ընկնում է կիսաշրջափակման մեջ: Հայկական հրամանատարության խնդիրը դառնում է թևանցելով Աղդամ քաղաքը հյուսիսից և հարավից ավարտի հասցնել այդ շրջափակումը:

Հուլիսի 2-ին սկսվում է Աղդամի ուղղությամբ հարձակման երկրորդ փուլը: Հյուսիսից հայկական զորքերը հարվածում են Ղզլ Քենգերլի, Մաքսուդլի գյուղերի ուղղությամբ դեպի Խաչենագետ, իսկ հարավից Աղդամի մատույցներում գտնվող Սայբալի և Նովրուզլու գյուղերի ուղղությամբ: Նպատակն էր հատվող ուղղություններով գրոհելով դուրս գալ Գյոյթեփե գյուղի մոտ՝ կտրելով Աղդամ – Բաշ Քերվենդ ճանապարհը: Ծանր մարտերից հետո մերոնց հաջողվում է մտնել հիշյալ գյուղերը հյուսիսում և Շիխբաբալի, Սայբալու, Իսմայիլբեյլի, Նովրուզլու, Մարզիլի գյուղերը հարավից: Սրանցից Շիխբաբալին արդեն անմիջապես Աղդամին կպած էր: Այս՝ հարավ-արևմտյան ուղղությամբ հայկական զորքերին հուլիսի 4-ին հաջողվեց մտնել Աղդամ քաղաքի արվարձաններ, որտեղ ծավալվեցին փողոցային մարտեր: Թուրքերին առայժմ հաջողվում է պահել Աղդամ քաղաքը:

Նույն հուլիսի 4-ին ադրբեջանական հրամանատարությունը հավելյալ ուժեր է տեղափոխում Աղդամի ուղղությամբ: Դրանք կենտրոնանում են քաղաքից հյուսիս՝ Խդրլու, և հարավ՝ Մուրադբեյլի գյուղերի մոտ: Հուլիսի 5-ին այս նոր ուժերի օգնությամբ թուրքերն անցնում են հակահարձակման, հետ են վերցնում Ղզլ Քենգերլին և Մաքսուդլուն հյուսիսում, և Շիխբաբալի, Սայբալու, Նովրուզլու, Մարզիլի գյուղերը հարավում: Հուլիսի 7-ին մարտերը ժամանակավոր դադարում են: Տարածաշրջան են այցելում Մինսկի խմբի ներկայացուցիչները:

Սրան զուգահեռ ծավալվում է ներքին պայքարն Ադրբեջանում: Ներքին պայքարը ծավալվում է նաև Աղդամ քաղաքում:

Հուլիսի 15-16-ին մարտերը վերսկսվում են: Հյուսիսային ուղղությամբ հայկական զորքերը նորից մտնում են Ղզլ Քենգերլի, Մաքսուդլու գյուղրեը, նաև՝ Տարնոյուտ (Տիգրանակերտ), և գրավում են կարևոր բարձունքները: Թուրքերը պահում են դիրքերը քաղաքի մոտ, բայց կորցնում են բոլոր կարևոր բարձունքները: Նոր հակահարձակման ուժեր և կամք թուրքերն արդեն չեն ունենում:

Հուլիսի 21-ին սկսվում է Աղդամի ճակատամարտի վճռական փուլը:

Այդ օրը նոր հարձակման անցնելով մտնում են Աղդամին հարող՝ Շելլի, Չուխուրմահլա, Խդրլու գյուղերը: Հուլիսի 22—ին հայերը մտնում են Մուղանլու, Շիխբաբալի, սայբալու, Նովրուզլու: Հուլիսի 23-ին՝ Գիյասլի և Յուսիֆջանլի: Փաստացի Աղդամ քաղաքն ընկնում է շրջափակման մեջ: Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը մեր զորքերը մտնում են Աղդամ քաղաք:

Հայկական վերահսկողության տակ է ընկնում քաղաքն ու 80 գյուղ, որտեղ ապրում էին մոտ 150 հազար մարդ:

Հավելում

Այդ օրերի հայկական ռադիոյի լրատվական հաղորդագրոթյուններից:

Հուլիս 21-23: Ամսի 21-ին սկսվել է ադրբեջանական բանակի հարձակումը Ասկերանի շրջանի ուղղությամբ: 21-ին և 22-ին ծավալվել են թեժ մարտեր: Մեծ դժվարությամբ հայկական ուժերը կասեցրել են գրոհները: Հայկական ուժերը հակագրոհի են անցել և հետ են մղել թշնամու գրոհները: Ոչնչացվում են Աղդամի շրջանի կրակակետերը:

Հուլիսի 24: Շարունակվում են մարտերը Ասկերանի ուղղությամբ: Թշնամու բոլոր գրոհները հետ են մղվել: Ոչնչացվել է մի քանի կրակային կետ Աղդամում:

Հուլիսի 25: Աղդամի շրջանում մի քանի ռազմակետերի ոչնչացումից հետո, ադրբեջանական զինվորների փախուստը Աղդամ քաղաքից մասայական բնույթ է ստացել: Ադրբեջանական բանակը խայտառակ պարտություն է կրել:

Հուլիսի 26: Ամսի 24-ի երեկոյան կնքվել է զինադադար:

«Մարտական եղբայրություն» միաբանության վերլուծական-քարոզչական խումբ

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *