Հայաստան

Ի՞նչ Արժե Կովկասը Մոսկվայի

Եթե Կովկասում 44-օրյա պատերազմի հետեւանքով ձեւավորված ստատուս-քվոն «ամրագրված» չէ, այսպես ասած «ճանաչված» չէ ու ենթակա է լինելու որեւէ փոփոխության, ապա այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ թերեւս միմիայն ռազմական գործողությունների տեսքով:

Հակոբ Բադալյան

Ռուսաստանը կգնա՞ վա բանկ Կովկասում

Մոսկվայի և Բաքվի հարաբերությունում ստեղծվում է պայթյունավտանգ իրավիճակ, գրում է ռուսական Կոմերսանտը, մատնացույց անելով հայ-ադրբեջանական հակամարտության, մասնավորապես Արցախի խնդրի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ վերջին հայտնի հայտարարությունն ու դրան Բաքվի ԱԳՆ կոշտ պատասխանը: Իսկապե՞ս իրավիճակը Մոսկվա-Բաքու տիրույթում պայթյունավտանգ է, թե՞ փորձ է արվում ստեղծել այդպիսի քարոզչական տպավորություն, իսկ գործնական հարթությունում գուցե և կան տարբեր մոտեցումներ ու խնդիրներ, բայց դրանք եղել են միշտ, ու կլինեն ապագայում, սակայն առանց որեւէ պայթյունի: Անշուշտ, բարդ է գնահատել իրավիճակը, չունենալով դրա կարեւոր երանգների ու նրբությունների վերաբերյալ անմիջական իրազեկվածություն, գնահատելով այն լոկ հրապարակային պատկերով, մեդիայի հրապարակումներով և տարբեր կարգի պաշտոնյաների հայտարարություններով:

Այստեղ էական է այն, որ Ռուսաստանի և Ադրրբեջանի այս հրապարակային փոխհրաձգությունները, Ռուսաստանի և Թուրքիայի հրապարակային անհամաձայնությունները, որ դրսեւորվում են իրենց հերթին, Հայաստանում «արթնացնում» են հույսեր, որ Մոսկվան ուր որ է պատժելու է Բաքվին, ինչը ինքնաբերաբար ընկալվում է որպես Հայաստանի ու Արցախի անխուսափելի դիվիդենտ: Վատ չէր լինի, եթե լիներ այդպես: Բայց, արդյո՞ք կլինի այդպես: հարցը բաժանենք երկու մասի. արդյո՞ք Մոսկվան կպատժի Բաքվին, ու առավել եւս Անկարային, և արդյո՞ք այդ պատիժը ինքնաբերաբար կնշանակի Հայաստանի դիվիդենտ՝ որեւէ տեսքով: Պատժել Բաքվին, Ռուսաստանի համար նշանակում է գնալ Կովկասում «երկրորդ ճակատին» ընդառաջ: Եթե կան շոշափելի հեռանկարներ Ուկրաինայում կրակի դադարեցման հասնելու համար, ապա այդ դեպքում հնարավոր է, որ համաշխարհային պատերազմի «տաք բաղադրիչը» ուկրաինական ճակատից կտեղափոխվի Կովկաս: Ընդ որում, այդ պարագայում թերեւս կնշանակի, որ ռեգիոնը կթեւակոխի առավել երկարատեւ ռազմական գործողությունների կամ պատերազմի ռեժիմ, ի տարբերություն անգամ 44-օօրյա պատերազմի:

Եթե Կովկասում 44-օրյա պատերազմի հետեւանքով ձեւավորված ստատուս-քվոն «ամրագրված» չէ, այսպես ասած «ճանաչված» չէ ու ենթակա է լինելու որեւէ փոփոխության, ապա այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ թերեւս միմիայն ռազմական գործողությունների տեսքով: Եթե Ուկրաինայում չկա կրակի դադարեցման հեռանկար, ապա՝ Ռուսաստանը կամ կանի ամեն ինչ, որպեսզի խուսափի Ադրբեջանի ու նաեւ առանձին ու լայն մասով Թուրքիայի հետ դիմակայության կոշտությունից, կամ դրան գնալը կարող է դառնալ հենց այն կայծը, որ պետք է Մոսկվայի դեմ երկրորդ ճակատի համար, ինչին կարող է ձգտել Արեւմուտքը: Ընդ որում, պետք չէ բացառել, որ Ռուսաստանը որոշի «վա բանկ» գնալ նաեւ Կովկասում, ինչպես արեց դա Ուկրաինայում, թեեւ մինչեւ ուկրաինական պատերազմի մեկնարկի օրը՝ մինչեւ վերջին պահը, շատ շատերը, այդ թվում միջազգային փորձագետներ, այդ թվում ուկրաինական եթերից հավաստիացնում էին, որ Մոսկվան չի գնա այդպիսի քայլի:

Գնալ Ադրբեջանին պատժելու, Մոսկվայի համար հավասարազոր կլինի «վա բանկի»: Այդպիսի պայմաններում մտածել, թե Հայաստանը կքաղի դիվիդենտները, թերեւս միամտություն է կամ ինքնախաբեություն, հատկապես տեսնելով ուկրաինական ռազմաճակատի պատկերը: Օրինակ, այդ ռազմաճակատում, ինչպես նկատում են շատ փորձագետներ, գրեթե օրերի ընթացքում ձեռքից ձեռք են անցնում տարածքներ, որոնք Հայաստանի մասշտաբով կլինեին խիստ զգալի, մինչդեռ ստատուս-քվոյի համար համաշխարհային դիմակայության մասնակիցների համար դրանք կունենան լոկ օպերատիվ-տակտիկական նշանակություն: Կովկասում Ռուսաստանի, կամ որեւէ մեկի «վա-բանկ» խաղը ամբողջ ռեգիոնն է վերածելու Ուկրաինայի: Ողջախոհության կանխավարկածի պարագայում հազիվ թե այդպիսի հեռանկարը պահանջված լինի ռեգիոնալ որեւէ սուբյեկտի համար, նույնիսկ Ադրբեջանի:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *