Հայաստան

Ծուղակից Ելք Կա՞

Ունե՞նք այս «ծուղակը» չընկնելու, միաժամանակ՝ շրջափակումից Արցախը դուրս բերելու լուծում: Եվ ինչքա՞ն ժամանակի ռեսուրս ունենք՝ չգտնելու համար: Ընդ որում, վաղը, մեկ ամիս անց, կես տարի անց, մեկ տարի անց, իրավիճակը կարող է փոխվել, սակայն չի փոխվի թերևս մի բան՝ գործնականում ներկայումս չկա ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալի ունեցող մեկ խոշոր դերակատար:

Հակոբ Բադալյան

Կա՞ պաշարումից դուրս գալու և ծուղակը չընկնելու լուծում

Եթե Լաչինի միջանցքի արգելափակումը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ արձանագրումն էր, ապա ինչու՞ Բաքուն միջանցքը չփակեց օրինակ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերին, այլ դեկտեմբերի 10-ին: Չէ՞ որ կփորձեին փակել մեկ օր, մեկ ժամ էլ առաջ: Եվ ավելին, ինչու՞ Բաքուն նախ դեկտեմբերի 3-ին փակեց միջանցքը մի քանի ժամով, իսկ հետո՝ դեկտեմբերի 10-ին, արդեն փաստացի 7 ամսից էլ ավելի: Դա Պրահայով բացատրելը կլինի պարզունակություն, կամ իհարկե միտումնավոր շահարկում կամ խաղարկում՝ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով: Ռուսաստանն օրինակ այդպես արդարացնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման իր անկարողությունը, «մեղքը» բարդելով Երևանի վրա:

Արևմուտքը այդ ամենին «կողքից նայում՝ ուրախանում» է, որովհետև ինքն էլ իր հերթին միջանցքի արգելափակման հարցում Բաքվին տրված կանաչ լույսի՝ իր բաժին պատասխանատվությունն է բարդում Ռուսաստանի վրա, որն էլ իր բաժին պատասխանատվությունը բարդում է հենց Երևանի վրա: Իսկ գետնի վրա կատարվում է թերևս բոլորովին այլ բան, որտեղ առանցքայինը թերևս ոչ թե Երևանի, այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների դիրքորոշումն է, ավելի շուտ՝ միմյանց դեմ բազմաշերտ պայքարը, որի շրջանակում նրանցից որևէ մեկը տրամադրված չէ կասկածի տակ դնել Արցախի «պատկանելությունն» Ադրբեջանին: Եվ նրանց այդ դիրքորոշումը բխում է «մեկը մյուսից», և հավի ու ձվի պատմություն կհիշեցնի փորձը հասկանալու կամ արձանագրելու, թե հատկապես ո՞վ է առաջինը, որ չունի այդպիսի կասկածի ցանկություն: Փաստ է այսօր, որ այդպիսի ցանկություն չունի ոչ ոք, քանի որ դա կնշանակի Ադրբեջանի հետ սուր հակադրություն, դրանից նաև Թուրքիայի հետ հակադրության ածանցում, իսկ այդ իրողություններից էլ օգտվելու է աշխարհաքաղաքական մրցակիցը: Սա է, որ Ալիևին թույլ է տվել արգելափակել Լաչինի միջանցքն ու շրջափակել Արցախը: Այժմ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել այդ իրողության դե ֆակտո ֆորմալիզացիայից՝ դե յուրե ֆորմաալիզացիայի անցման քաղաքականության: Խոշոր հաշվով հենց դրա դեմ էր ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, ինչին անմիջապես կոշտ արձագանքեց Բաքուն: Դե յուրե ֆորմալիզացիայի, լեգալիզացիայի գործընթացը ըստ էության լինելու է Արցախում Ռուսաստանի ներկայության վերջի սկիզբ: Այդ ֆորմալիզացիան ապահովելուց հետո, Բաքուն դեմ չի լինելու Ստեփանակերտի հետ բանակցել՝ սեղանին միջազգային որևէ ներկայացուցչի ներկայությամբ:

Ստեփանակերտի համար չափազանց բարդ է լինելու այդ պարագայում հրաժարվել «բանակցությունից», թեև շատ պարզ է, որ դա չի լինելու Ստեփանակերտ-Բաքու բանակցություն, այլ ընդամենը Արցախի կլանման հերթական քայլը, իսկ միջազգային ներկայությունն այդ դեպքում պարզապես լինելու է այդ կլանման գործընթացի այսպես ասած «թմրեցնող միջոցը», երբ մի գեղեցիկ օր կարող է պարզվել, որ Արցախում պարզապես չի մնացել Բաքվի հետ խոսող՝ բոլորը թողել են Արցախը: Ունե՞նք այս «ծուղակը» չընկնելու, միաժամանակ՝ շրջափակումից Արցախը դուրս բերելու լուծում: Եվ ինչքա՞ն ժամանակի ռեսուրս ունենք՝ չգտնելու համար: Ընդ որում, վաղը, մեկ ամիս անց, կես տարի անց, մեկ տարի անց, իրավիճակը կարող է փոխվել, սակայն չի փոխվի թերևս մի բան՝ գործնականում ներկայումս չկա ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալի ունեցող մեկ խոշոր դերակատար: Հանգուցալուծման արտաքին ազդեցություն հնարավոր է հավաքական դերակատարությամբ, նրանց, որոնք այսօր միմյանց միջև դիմակայության մեջ են:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *