Ճգնաժամին կարելի է դիմադրել, եթե բովանդակային մասը լիքն է, իսկ ձևականի ժամանակ ամեն ինչ քանդվում է, ինչպես օրինակ փլվեց սովետը: Շատ բան ձևական էր, օրինակ միասնությունը ու հենց մի քիչ շարժ եղավ, պարզվեց, որ ոչ մի միասնություն էլ չկա:
Ռուբեն Բաբայան
1inTV- եթերում հյուընկալվել էր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
Հաղորդման սկզբում, նշելով մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին, և ապա այն, որ կարիք կա վերականգնել խաթարված ներհասարակական միասնությունը, հաղորդավարի կողմից հարց հնչեցվեց, թե արդյո՞ք միասնությունը որպես երևույթ միշտ կա, երևում է, թե՞ այն սովորաբար արտահայտվում և դրսևորվում է որոշակիորեն սուր իրավիճակների, պատուհասների դեպքում:
Ռեժիսորն ասաց, որ իհարկե միասնությունը մշտապես ակտիվ ու քարացած վիճակում չի լինում, դա միամիտ ցանկություն է: Մեր մոտ տարածված է ցանկությունը փոխարինել իրականությամբ, բայց դա այդպես չի լինում: Ու թեև միասնություն ասվածը չի կարող մշտապես գոյություն ունենալ, որովհեև ամեն դեպքում հասարակություն կա, որը ունի տարբեր կարծիք տարբեր թեմաների շուրջ, բայց կան կետեր որի շուրջ միասնականություն լինում է և պիտի լինի: Օրինակ այդ միասնականությունն արտահայտվում է պատերազմի կամ այլ ճգնաժամի դեպքում: Ափսոս, որ միասնականությունը չի արտահայտվում այն կետում, թե ինչ երկիր ենք ուզում ունենալ կամ կառուցել: Այստեղ արդեն, ավելի շատ խոսքը ձևական է դառնում, քան թե բովանդակային: Մենք դեռ չենք որոշել, թե ինչ ենք ուզում ունենալ: Չենք հասկանում, թե սկզբունքային առումով մենք ինչի ենք ձգտում: Մենք արտաքինին ենք ավելի շատ նայում, քան թե փորձում հասկանալ խորքայինը: Իրականում քիչ ենք զբաղվում բովանդակությամբ և ողջ ուշադրություններս ուղղում ձևական մասին:
Ռուբեն Բաբայանը բերեց Թայվանի և Բելառուսի օրինակները: Դրանցից առաջինն օրինակ ճանաչված պետություն չէ, բայց բովանդակային առումով շատ ավելի կայացած է, քան Բելառուսը, որը կարծես, թե ունի պետության համար անհրաժեշտ ամեն ինչ, բայց խորքային առումով պետություն չի դառնում:
Շարունակելով խոսքը՝ ռեժիսորը հարց ուղղեց, թե մենք ընդհանրապես հասկանում ենք պետություն ասվածն իր ողջ իմաստով, թե՞ մեր ուշադրությունը զբաղեցնում են ատրիբուտները՝ դրոշ, զինանշան և այլն, և բովանդակություն չունեցող այդ երևույթները ճգնաժամային պահերին աղաղակում են իրենց դատարկությամբ: Ճգնաժամին կարելի է դիմադրել, եթե բովանդակային մասը լիքն է, իսկ ձևականի ժամանակ ամեն ինչ քանդվում է, ինչպես օրինակ փլվեց սովետը: Շատ բան ձևական էր, օրինակ միասնությունը ու հենց մի քիչ շարժ եղավ, պարզվեց, որ ոչ մի միասնություն էլ չկա:
Խոսելով երկարաժամկետ տեսլականի մասին, ռեժիսորը նկատեց, որ մենք միշտ կարող ենք մեզ անկախ հայտարարել, ասել ինչ ունես, բայց նաև հասկանանք, թե ինչի համար ենք դա ուզում: Անկախությունը, ինքնիշխանությունը, քո երկիրը այն է,որտեղ ուզում ես ապրել, եթե չես ուզում ապրել, ուրեմն քոնը չի, ուրիշն ես ընտրում որպես հայրենիք: Իշխանությունը պիտի այնպես անի, որ մարդիկ ուզեն այստեղ ապրել, ոչ թե մեռնել, տուն ունենան, ոչ թե գերեզման: Հայրենիքը պահանջում է, որ դու այստեղ ապրես, սա մեծ խնդիր է ու միշտ կա: Մենք չենք կարողացել դա անել:
Խոսելով անվտանգության մասին, Ռուբեն Բաբայանն ասաց, որ Իսրայելը անվտանգ երկիր չէ, բայց մարդիկ ավելանում են այնտեղ: Նպատակն է կարևոր, թե ինչպիսի հայրենիք է կառուցվում, ու եթե նպատակը միավորում է, ապա կարողանում ես պաշտպանել այդ հայրենիքը:
Ռուբեն Բաբայանը նաև մի հետաքրքիր օրինակ բերեց, որ, երբ գնացել էր Նյու Յորք՝ Բրոդվեյ, այնտեղ զարմանքով նկատել էր, որ եթե որևէ թատրոնում վատ բեմադրություն է կատարվում, այնտեղ չեն ուրախանում, որովհետև ողջ Բրոդվեյի վարկն է ընկնում: Մարդիկ ընդհանուր ոլորտից են հիասթափվում: Այս օրինակը Ռուբեն Բաբայանը բերեց ցույց տալու համար, որ օրինակ Հայաստանում մեկ լրատվականի սուտը գցում է հավատը ողջ լրատվության հանդեպ, ընդհանուր ոլորտն է տուժում
Անդրադառնալով Սերգեյ Սմբատյանի և նրա հոր ձերբակալությանը, Ռուբեն Բաբայանը կարճ և հստակ նկատեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են ու մարդուն կարող է մեղավոր ճանաչել միայն դատարանը:
Տեսանյութն ամբողջությամբ՝