1920թ. օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում հավաքվում են զինվորներն ու գյուղացիները։ Եկեղեցական արարողությունից հետո մասնակիցները տալիս են հայտնի Դավիթբեկյան ուխտը՝ հավատարիմ մնալու հայրենիքի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվելու մինչեւ վերջին շունչը։ Այստեղ է, որ ներկաները Նժդեհին կոչում են Սպարապետ։
Չնայած Սեւրի պայմանագրի ստորագրմանը եւ անկախության ճանաչմանը՝ պատերազմը Հայաստանի սահմաններում չի ավարտվում։ Ավելին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վիճելի տարածքներում Խորհրդային Ռուսաստանի զորքերի տեղակայումն էլ ավելի է մեծացնում լարվածությունը Զանգեզուրում։ Հերոսական այս շրջանը մեծ դժվարությամբ կարողացել էր դիմակայել ադրբեջանական հարձակումներին եւ ի տարբերություն Ղարաբաղի՝ պահպանել ազատությունը։ Սակայն օգոստոսին՝ Դրոյի հեռանալուց եւ Գորիսում խորհրդային իշխանության հաստատումից հետո, մահացու օղակը սեղմվում է Կապարգողթի շուրջը։
ՆԺԴԵՀԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի վերաբերյալ Նժդեհը մեծ վերապահումներ ուներ։ Ռուբեն Տեր-Մինասյանին եւ գեներալ Թովմաս Նազարբեկյանին հասցեագրված նամակում նա գրում էր, որ զինադադարի պայմանները անհասկանալի են, քանի որ նշված չէ, թե իր հեռանալու դեպքում մինչեւ որ սահմանը պետք է հետ քաշվեն նաեւ խորհրդային զորքերը։ Նժդեհը մտահոգված էր նաեւ Գողթանի ճակատագրով, որը Զանգեզուրի վարչական կազմում չէր։ «Չե՞ք կարծում, որ թշնամին կարող է դավադրել, մեր դուրս գալուց հետո հանկարծակիի բերել անտերացած ազգաբնակությանը եւ տեր դառնալ Կապարգողթի չորս ապստամբ շրջաններին։ Սա ի՞նչ զինադադար է, որի ժամանակ բոլշեւիկները շարունակում են իրենց շահատակությունները, թալանը եւ զինաթափությունը Սիսիանում եւ Զանգեզուրում»,- գրում էր Նժդեհը։
Գորիսում ստեղծվում են հեղկոմներ, որոնք էլ իրականացնում են ամբողջ իշխանությունը գրավված շրջաններում։ Կարմիր բանակը, արագ առաջանալով եւ հաստատվելով Զանգեզուրում, զրկվել էր թիկունքային մատակարարումից, եւ մեծաթիվ զորքի սնունդն ու կարիքները ստիպված էին հոգալ տեղի բնակիչները։ Սկսվում է պարենի եւ առաջին հերթին՝ հացահատիկի բռնագրավումը։ Զանգեզուրի բնակչությունը հարուստ չէր. պատերազմը քայքայել էր շրջանը, եւ գյուղացիները հաճախ իրենք էին դժվարությամբ սնունդ հայթայթում։ Ռազմական կոմունիզմի բոլշեւիկյան քաղաքականությունը մեծ դժգոհություն է առաջացնում։ 1921թ. Գորիսի «Սասուն» տպարանում լույս տեսած «Արնոտ գիրք» փաստագրության մեջ նշված է, որ բոլշեւիկյան տիրապետության մի քանի ամսում առգրավվում է 2226 փութ հաց, 30269 փութ ցորեն, 246 ձի, 1347 եզ եւ այլ ապրանքներ։
Հարկ է նաեւ նշել, որ հայ բոլշեւիկների մեծամասնությունը ադրբեջանցիներին վերաբերվում էր որպես հեղափոխական եղբայրների եւ իրենց թշնամին համարում համաշխարհային իմպերիալիզմը, Անտանտը եւ «նրանց սպասարկու՝ Դաշնակցությանը»։ Ի տարբերություն հայ բոլշեւիկների՝ ադրբեջանցի հեղափոխականներն ունեին ավելի կենցաղային նպատակ՝ ցանկացած գնով դուրս մղել հայերին Զանգեզուրից։
«Ադրբեջանի կոմունիստ գործիչները շատ ավելի գործնական մարդիկ դուրս եկան, եղան օրվա քաղաքական կարգախոսներով ավելի քիչ հրապուրվող եւ սթափ դատող։ Նրանք մինչեւ վերջ ազգայինը մղում էին առաջին գծի վրա՝ Ադրբեջանի շահերը համարելով գերագույն՝ չմոռանալով ինտերնացիոնալիզմի կարգախոսները» (Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը 1920-1921թթ., Երեւան, 2000)։
Զանգեզուրի հարցում Ադրբեջանի գործելակերպը լավ է երեւում Ասադ Կարաեւի հայտնի նամակում, որը ձեռք էին բերել Նժդեհի հետախույզները։ Կարաեւը, Շուշիից դիմելով Զանգեզուրի մահմեդականներին, խորհուրդ էր տալիս իրենց նպատակներին հասնելու համար լայնորեն օգտագործել կաշառքը՝ ասելով, թե փողով կարելի է լուծել բոլոր հարցերը։ Նա նկատի ուներ Զանգեզուրի բոլշեւիկներին կաշառելն ու նրանց միջոցով Լեռնահայաստանի դիմադրությունը կոտրելը։
«Կառավարությունը որոշել է Ղարաբաղը եւ Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու համար հատկացնել 200 մլն ռուբլի։ Նորեն ու նորեն կրկնում եմ իմ խորհուրդը՝ չափսոսաք եւ ոչ մի գումար։ Ավելացրեք ռոճիկները, տվեք նվերներ եւ այն ամենը, ինչ կուզեն»։ Կարաեւը խորհուրդ էր տալիս այն շրջաններում, որտեղ հայ զինվորները շատ են, սպանել ռուսներից մեկին եւ մեղքը բարդել հայերի վրա։ (Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը 1920-1921թթ., Երեւան, 2000, էջ 181)։
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
Չնայած ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությանը՝ բոլշեւիկները 1920 թվականի օգոստոսի 10-ի զինադադարի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսում են ուժեր կենտրոնացնել Զանգեզուրում։ Գորիսում էր տեղակայվել 11-րդ Կարմիր բանակի 5 գունդ, որոնք շուտով պիտի շարժվեին Կապանի ուղղությամբ։ Միաժամանակ արեւմուտքից պետք է գրոհեին Նախիջեւանում եղած բոլշեւիկյան եւ քեմալական ուժերը։
Նժդեհի հետախուզությունը տեղյակ էր հակառակորդի կուտակումներից, եւ օգոստոսի վերջին նա մի քանի անգամ դիմում է Հայաստանի կառավարությանը՝ օգնություն խնդրելով.
«Բաքվի մի քանի տասնյակ հայերով կաշառած Ադրբեջանը տեր դարձած է Ղարաբաղին։ Սովետական Ղարաբաղը վարակեց բուն Զանգեզուրի որոշ գյուղեր եւ թշնամու՝ թալանի տենչով խելագարված խումբերը գրեթե առանց կռիվ մտան Գորիս։ Վերջինս յուր հերթին արագացրեց Սիսիանի անկումը։ Ու այսօր այդ բոլորը՝ ե´ւ Ադրբեջան, ե´ւ Ղարաբաղ, ե´ւ բուն Զանգեզուր ոտքի հանած յուր բովանդակ ուժը, կաշվից դուրս են գալիս ընկճելու իրենց դեմ ծառացած Ղափանը, Գենվազը, Բաղաբերդը եւ Գողթանը։ Այդ շրջանների ապստամբ ժողովուրդը, որ Ադրբեջանի հետ մեկից ավելի անգամ է չափվել եւ միշտ էլ հաղթել է, ջերմ հավատով սպասում է Հայաստանի զորքերի շուտափույթ երեւալուն յուր երկրի սահմաններին»։
Հայաստանի Հանրապետությունը չէր կարողանում զորք ուղարկել Զանգեզուր։ Եղիշե Իշխանյանն իր հուշերում գրում է, որ հետագայում՝ սեպտեմբերին, իրենք Եղեգնաձորում վաճառում են Ղարաբաղի համար նախատեսված կտորեղենը, որի գումարից 2 միլիոն ռուբլի իրենց անձնական պատասխանատվությամբ ուղարկում են Նժդեհին։ «Ուղարկում ենք նաեւ մեզ մոտ եղած Երեւանի եւ Թիֆլիսի թերթերն ու միաժամանակ նամակ ենք գրում, հաղորդում մեր գիտցած տեղեկությունները երկրի ներքին կացության եւ արտաքին աշխարհի մասին»,- գրում է Իշխանյանը։
ՆԺԴԵՀԸ՝ ՍՊԱՐԱՊԵՏ
Նախքան Կապանի վրա հարձակումը բոլշեւիկներն ուժեղացնում են քարոզչական գործունեությունը, որով զբաղվում էին հեղկոմների ներկայացուցիչները։ Անցնելով գյուղ առ գյուղ՝ նրանք համոզում էին գյուղացիներին, որ խորհրդային բանակը գալիս է ազատագրելու։ Զուգահեռաբար փորձ է արվում գրոհից առաջ բանակցել Նժդեհի հետ, որն անցնում է ապարդյուն. Նժդեհը մերժում է բոլշեւիկների բոլոր փաստարկները եւ հայտարարում, որ Կապարգողթը կռվելու է մինչեւ վերջ։
1920թ. օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում հավաքվում են զինվորներն ու գյուղացիները։ Եկեղեցական արարողությունից հետո մասնակիցները տալիս են հայտնի Դավիթբեկյան ուխտը՝ հավատարիմ մնալու հայրենիքի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվելու մինչեւ վերջին շունչը։ Այստեղ է, որ ներկաները Նժդեհին կոչում են Սպարապետ։
ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Հարձակումը սկսվում է սեպտեմբերի 1-ին։ Կարմիր բանակի զորամասերը երկու՝ Գորիս-Կապան եւ Տաթեւ-Տանձավեր-Խոտանան ուղղություններով շարժվում են առաջ։ Հալիձորում հեղկոմի հայ անդամները ջոկատ են կազմում եւ շարժվում Կարմիր բանակի հետ։ Տարբեր գյուղերում շուտով նորանոր խմբեր են միանում, եւ նրանց թիվը հասնում է 150-ի։
Հարձակման ժամանակը պատահական չէր ընտրված. բոլշեւիկները գիտեին, որ Նժդեհի զորամասերի մեծ մասը, որ կազմված էր տեղի բնակիչներից, զբաղված էր գյուղատնտեսական աշխատանքներով։
Կոմունիստական կազմակերպությունները Կապանում ավելի թույլ էին, քան Գորիսում ու Սիսիանում, սակայն մի շարք գյուղերում՝ Հանքեր, Շիկահող, Ծավ, Սեւքար, բոլշեւիկյան գաղափարների ազդեցությունը զգալի էր։ «Այս գյուղերի եւ Հանքերի վրա ուժեղ էր Բաքվի ազդեցությունը. դրանց երիտասարդության զգալի մասը, որ տարիներ շարունակ աշխատում էր նավթահանքերում, մշտական շփման մեջ էր համերկրացիների հետ եւ ծննդավայր էր բերում բոլշեւիկյան գաղափարներ» (Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը 1920-1921թթ.)։Բոլշեւիկյան ուժերի հարձակումը Նժդեհը փորձում է կասեցնել Դավիթ Բեկ-Արծվանիկ գծի վրա, սակայն սեպտեմբերի 2-ին
չդիմանալով հակառակորդի ճնշմանը՝ հայկական ուժերը նահանջում են։ Մարտերը շարունակվում էին նաեւ Ինջաբել, Գեղվաձոր եւ Գյազբել գյուղերի ուղղությամբ։ Իր հուշերում Նժդեհը գրում է, որ «Կարմիր հրամանատարությունը ոտքի է հանել Բարգուշատի, Խանլըղի, Հաքյառուի, Այրիչայի եւ Գեղվաձորի բովանդակ ուժերը։ Օգնական ուժեր են հասել եւ Ջիբրայիլից։ Կռվին իր մասնակցությունն է բերել եւ հայ ժողովրդի տականքը, սրիկաների մի ամբողջ լեգեոն» (Հայ-բոլշեւիկյան կռիվները, Հայրենիք, թիվ 12, 1923թ., Բոստոն)։
Նժդեհը նկատի ուներ այն հայ բոլշեւիկներին, ովքեր, դաշնակցելով թուրքերի հետ, բարոյալքում եւ թուլացնում էին հայկական գյուղերի պաշտպանությունը։ Սեպտեմբերի 2-ին 28-րդ դիվիզիայի ստորաբաժանումները մտնում են Դավիթ Բեկ, ապա՝ Արծվանիկ, Չափնի, Սեւքար։
Հարձակման մյուս ուղղությամբ նույնպես Նժդեհի ուժերի դիմադրությունը ձախողվում է, եւ սեպտեմբերի 6-ին բոլշեւիկյան զորքերը վերցնում են Հանքերը։ Արամ Սիմոնյանը գրում է, որ կարմիրբանակայիններին օգնում էին Կապանի բոլշեւիկները, որոնք ոչ միայն ուղեկցում էին խորհրդային զորքերին եւ լայն քարոզչություն իրականացնում, այլեւ հաճախ թիկունքից հարվածում էին Նժդեհի զորամասերին։
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի թեժ օրերին, երբ Նժդեհը շրջում էր դիրքերում, Բերդակում գնդացրային ուժգին կրակի ձայն է լսվում։ Քանի որ այդ դիրքում հայերը գնդացիր չունեին, Նժդեհը կարծում է, թե հակառակորդն է գրոհում, եւ շտապում է օգնության։
«- Այստե՛ղ, պարո՛ն հրամանատար, ա՛յս կողմը,- կանչում են Բերդակից։ Ես եւ հետս եղած երեք ձիավորները նետվում ենք դեպի ձախ։ «Կրա՛կ», լսվում է թշնամու ազդարարը եւ չգիտեմ՝ գնդացրային, թե հրացանային կրակը, մոտ 30 քայլի վրա, ցրում է ձիուս կուրծքը եւ գլորում գետին։ Դավադրությունը կատարյալ էր ու հաջող»։
Գերի ընկնելուց կամ սպանվելուց Նժդեհին փրկում են իր թիկնապահների ձեռնառումբերը, որոնց պայթյուններից թշնամիները նահանջում են, ու Նժդեհն իր ընկերների հետ կարողանում է կրակելով նահանջել։ Նա վերադառնում է Հանքեր, սակայն պարզ էր, որ այնտեղ հնարավոր չէր մնալ, եւ ստանալով վիրավորների ու հիվանդների տեղահանման լուրը՝ շարժվում է դեպի անառիկ Խուստուփը։
ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ ՈՒԽՏԸ
Բոլշեւիկները կարծում էին, որ Կապանի անկումից հետո Նժդեհը հանձնվելու է, սակայն իրականում ամրանալով Խուստուփի ծերպերում՝ նա ձեռնամուխ էր եղել վերականգնելու այն հզոր շարժումը, որը հայտնի էր Դավիթբեկյան ուխտ անունով։ Ինքը՝ Նժդեհը, գրում է, որ իրեն հաջողվել էր ստեղծել այդ կուռ կազմակերպությունը, որը չէր հանդուրժում որեւէ թերացում, իր շարքերից վտարում էր դավաճաններին ու երկչոտներին։ Դավիթբեկյան ուխտի մարտիկներն իրար հանդիպելիս ասում էին.
– Հիշիր Գեղվաձորը.
– Նաեւ Դավիթ Բեկին։
– Մեզ համար չկա մահ,- ասում էին բաժանվելիս։
– Մահը մեր թշնամուն,- լինում էր պատասխանը։
Խուստուփն ունի 3200 մետր բարձրություն, «սահմանակից» է Կապանին, սակայն կապված է նաեւ Գենվազին (Մեղր)։ 1920թ. սեպտեմբերի 6-ին Նժդեհը հրավիրում է Գենվազի 13 գյուղի երկուական ներկայացուցիչների, որոնց հետ քննարկում է մեկ հարց՝ Գենվազը կռվելո՞ւ է, թե՞ պատրաստվում է հանձնվել։
Փրկության կոմիտեն հայտնում է, որ «Գենվազը իր ուժերը դնում է ռազմական դրության մեջ, բռնում է բոլոր դիրքերը եւ սպասում Երեւանյան զորքերի երեւալուն բուն Զանգեզուրում, որ միացած Ղափանի ուժերին, զարկե թշնամուն թիկունքից»։ Նույն օրը Նժդեհը Աշոտ Մելիք-Մուսյանի հետ գնում է Շվանիձոր։
ՇՎԱՆԻՁՈՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սեպտեմբերի 7-ին Շվանիձորի դարավոր չինարու տակ Նժդեհը հանդիպում է գյուղի բնակիչների հետ։ Նա ասում է, որ թշնամին ոչ թե ուժեղ է եւ հաղթում է, այլ խաբում է։ «Վա՜յ մեզ, եթե Ղափանի պես դուք էլ խաբվեցիք»,- ավելացնում է Նժդեհը։ Շուտով Շվանիձորի կոմիսարը հայտարարում է, որ «Արեւիքը մտադիր չէ սեւացնելու իր պատմությունը։ Նա ձեզ հետ է եւ պատրաստ կռվի։ Հրամայեցե՛ք»։
Կարմիր բանակը չէր սահմանափակվելու Կապանի գրավումով եւ վստահաբար շարժվելու էր Արեւիք։ Նժդեհը գրում է, որ Արեւիքի վրա կարող էին հարձակվել նաեւ Օրդուբադից։ Նա շտապում է Կաքավաբերդ պաշտպանության արեւմտյան ուղղությունը ամրացնելու նպատակով։ Այնտեղ արդեն եկել էին Կարմիր բանակի ներկայացուցիչները եւ վերջնագիր ներկայացրել՝ պահանջելով «անմիջապես մաքրել Արաքսի ափով ձգվող խճուղին եւ հնարավորություն տալ Խորհրդային Ադրբեջանին միանալու Նախիջեւանին»։ Նժդեհի կարճ, բայց ազդեցիկ խոսքերից հետո գյուղի պաշտպանները շտապում են դիրքերը։
ԳԵՆՎԱԶԻ ԿՌԻՎԸ
1920թ. սեպտեմբերի 8-ին Բաղաբերդի գյուղերից մեկը՝ Քյուրդիքենդը, առանց դիմադրության ընդունում է բոլշեւիկներին։ Քաջարանը հրաժարվում է ճանաչել նրանց իշխանությունը, դիրքեր բռնում եւ օգնություն խնդրում Նժդեհից։ Սպարապետը գրում է, որ Բաղաբերդի՝ Ողջիի ձորը կորցնելու դեպքում կճեղքվեր թե՛ Գենվազի եւ թե՛ Գողթանի պաշտպանությունը, ինչն անթույլատրելի էր։ Նժդեհը սեպտեմբերի 9-ին վերջնագիր է ուղարկում Քյուրդիքենդ՝ երկու ժամ տալով գյուղից հեռանալու համար։ «Չէի սպասում, որ այդքան շուտ կբռնեն նահանջի ճանապարհը։ Բաղաբերդը մաքրված էր։ Վատության մեջ բռնված երեք գյուղերը իրենց բարոյապես ճնշված էին զգում։ Ես նրանց աղն ու հացը չընդունեցի»։
1920թ. սեպտեմբերի 10-ին սկսվում է հարձակումը Շվանիձորի ուղղությամբ։ Նժդեհի ուժերը դիմել էին շրջանաձեւ պաշտպանության։ «Արեւելքից թշնամին էր, արեւմուտքից՝ թշնամին, հյուսիսից՝ թշնամին, հարավից՝ Արաքսը»։ Զինամթերքը քիչ էր, եւ հայերը թողնում էին հակառակորդին մոտենալ մինչեւ 700 քայլ, ապա նոր դիպուկ կրակոցով ոչնչացնում։ Գիշեր-ցերեկ շարունակվում էր հայկական դիրքերի հրետակոծությունը, բայց հակառակորդը ոչ մի թիզ առաջ գալ չէր կարողանում։ Շուտով գործի են դրվում թշնամուն ահուսարսափ պատճառող հայկական ռումբերը։ Սեպտեմբերի 13-ին Գենվազի վաշտերից մեկն անցնում է թշնամու թիկունք եւ շուտով «հարյուրավոր ռումբերի պայթյուններից սարսափահար՝ սեւ ու կարմիր գնդերը գլխիկոր փախչում են Նյուվադի»։ Հաջորդ օրը ռազմական գործողությունները դադարում են, եւ Նժդեհը դիմում է Կապանի բնակիչներին։
Հիշելով նախորդ տարվա պանծալի հաղթանակները՝ Սպարապետն ասում էր, որ կաշառված բոլշեւիկներն ու Ադրբեջանը դառնալու են հայ ժողովրդի գերեզմանափորը.
«Ժողովո՛ւրդ, կանցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց ու ղեկավարներիցդ զրկելուց հետո, երբ այլեւս չի լսվի «Աժդահա փաշայի» անունը, կսկսի հազար ձեւով ու ճանապարհով բնաջնջել քեզ։ Այն ատեն դու կվերհիշես քո հրամանատարին, որի սուրը յոթն անգամ մեծացրել էր քո երկիրը…»:
Գենվազի վրա երկրորդ հարձակումը նույնպես էական հաջողություն չի ունենում։ Թեեւ հայկական մի քանի գյուղ ընդունում է բոլշեւիկների իշխանությունը, սակայն ռազմական գործողություններն աստիճանաբար թուլանում էին, եւ 11-րդ Կարմիր բանակը որոշում է դադարեցնել հարձակումն ու ամրացնել դիրքերը։ «Ծանր կռիվ էր տանում փոքրիկ Հայաստանը հսկա Ռուսաստանի եւ իսլամական շրջապատի դեմ։ Մահմեդական դրացիներից բարյացակամ չեզոքություն էր պահպանում միայն Պարսկաստանը»,- գրում է Նժդեհը։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Գրեգոր Սամսայի, Րաֆֆի Յուրեջյանի եւ Ղեւոնդ Օհանյանի լուսանկարները:
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։