Թուրք-հայկական պատերազմի կարեւոր դրվագներից էր 1920թ. սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի ունեցած Արեւելքի ժողովուրդների համագումարը, որը կազմակերպել էր բոլշեւիկյան իշխանությունը։ Համագումարին մասնակցում էին Արեւելքի տարբեր երկրների 1891 պատգամավոր, ներկա էին նաեւ բոլշեւիկյան հայտնի գործիչներ Զինովեւը, Ռադեկը։ Նրանք արձանագրում են, որ Արեւելքի ժողովուրդների հիմնական թշնամին կապիտալիստական կեղեքիչներն են ու համաշխարհային իմպերիլիզմը, եւ առաջին հերթին՝ Անգլիան։ Զինովեւն իր ելույթում կոչ է անում սրբազան պատերազմ սկսել իմպերիալիզմի դեմ: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը համարվում էր Անգլիայի դաշնակիցը, համագումարը «սուրն ուղղում է» նաեւ Հայաստանի դեմ։
1920թ. աշնան սկզբին ակնհայտ էր, որ բոլշեւիկների հետ երկարատեւ բանակցություններն էական արդյունք չէին տալիս։ Քեմալական Թուրքիայի հետ ցամաքային կապի հաստատումը եւ հեղափոխությունն Արեւելքում տարածելը շարունակում էր մնալ Խորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, իսկ Հայաստանը խոչընդոտ էր այդ ճանապարհին։
Ռուս-թուրքական հարաբերությունները նույնպես դժվարությամբ էին հաստատվում. Բեքիր Սամիի պատվիրակությունը Մոսկվայում ջանք չէր խնայում հնարավորինս շատ փող ու տարածք կորզել հեղափոխական նոր իշխանությունից։ Ռուսների եւ թուրքերի դիվանագիտական աշխատանքի արդյունքում 1920թ. օգոստոսի 24-ին ստորագրվում է ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր քեմալական կառավարությունը։ Նախագծով երկրները չէին ընդունում բոլոր այն պայմանագրերը, որոնք նրանց պարտադրվել էին արտաքին ուժերի կողմից։ Այս կետը հիմնականում վերաբերում էր Սեւրի պայմանագրին։ Նախագծի 3-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին փոխադարձ համաձայնությամբ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկու երկրների միջեւ երկաթուղային կապ հաստատելու համար (Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1. Составитель, ответственный редактор, автор предисловия и комментария Ю. Г. Барсегов. Москва, 2003г., էջ 150-152)։
Նախագծում ուշագրավ դրվագ կար, որը վերաբերում էր Բաթումի, Կարսի եւ Արդահանի շրջաններին, որոնց պատկանելությունը պետք է որոշվեր «ազատ հանրաքվեի» միջոցով։ Թուրքերը պնդում էին, որ այս շրջաններն անցնելու են իրենց տիրապետության տակ։ Չիչերինն առարկում է, եւ նախագծի ստորագրումից երկու օր անց թուրքական պատվիրակության անդամ Յուսուֆ Քեմալը մեկնում է Անկարա՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովից նոր հանձնարարականներ ստանալու։ Կարեւոր է, որ նա իր հետ տանում էր Խորհրդային Ռուսաստանի խոստացած ոսկու մի մասը։ Տարբեր հուշագրություններում եւ գիտական աշխատություններում նշված է, որ այս նախագիծն ազատում է թուրքերի ձեռքը եւ Հայաստանի վրա հարձակվելու ազդանշան դառնում։
ԱՐԵՎԵԼՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Թուրք-հայկական պատերազմի կարեւոր դրվագներից էր 1920թ. սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի ունեցած Արեւելքի ժողովուրդների համագումարը, որը կազմակերպել էր բոլշեւիկյան իշխանությունը։ Համագումարին մասնակցում էին Արեւելքի տարբեր երկրների 1891 պատգամավոր, ներկա էին նաեւ բոլշեւիկյան հայտնի գործիչներ Զինովեւը, Ռադեկը։ Նրանք արձանագրում են, որ Արեւելքի ժողովուրդների հիմնական թշնամին կապիտալիստական կեղեքիչներն են ու համաշխարհային իմպերիլիզմը, եւ առաջին հերթին՝ Անգլիան։ Զինովեւն իր ելույթում կոչ է անում սրբազան պատերազմ սկսել իմպերիալիզմի դեմ: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը համարվում էր Անգլիայի դաշնակիցը, համագումարը «սուրն ուղղում է» նաեւ Հայաստանի դեմ։
Մշակ, 18 սեպտեմբերի, 1920թ., թիվ 92
«Սրբազան պատերազմը մահմեդական աշխարհում շատ հասկանալի մի շարժում է, որ կրկնվել է պատմության մեջ անթիվ անգամներ եւ մարդկության գլուխն անթիվ եւ անհամար սոսկումներ է բերել: Սրբազան պատերազմը միայն կրոնի համար է, միայն կրոնի հակառակորդների եւ թշնամիների դեմ: Բաքվի արեւելյան ժողովի մեջ պատերազմի հրավերը շատ հեշտ ըմբռնվեց եւ շատ հարազատ տպավորություն թողեց հավաքված արեւելցի իսլամների սրտի մեջ: Ամեն մեկը հասկացավ, որ քարոզվում է արշավանք քրիստոնյաների դեմ: Զինովեւի խոսքերը, թե այդ պատերազմը պիտի կապիտալիստների եւ իմպերիալիստների դեմ լինի, անհասկանալի կմնան արեւելցու համար, որ գիտե միայն երկու կարգի մարդիկ – գյավուր եւ ուղղահավատ»:
«Ի՞նչ է անում Անգլիան Հայաստանում եւ Վրաստանում, որտեղ իր ոսկով դաշնակցականների եւ մենշեւիկների ծախու կառավարությունների լծի տակ է պահում գյուղացիներին եւ բանվորներին՝ դրդելով նրանց կռվելու Ադրբեջանի եւ Ռուսաստանի ժողովուրդների դեմ»,- ասված էր Արեւելքի ժողովուրդների համագումարի հայտարարության տեքստում։
1920թ. սեպտեմբերի սկզբին աշխարհում եւ տարածաշրջանում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն էր տալիս Թուրքիային սկսելու հարձակումը Հայաստանի վրա։ Քեմալը վաղուց էր պատրաստվում հարձակվել, ինչի մասին հայտարարել էր դեռեւս 1920թ. փետրվարի 5-ին (Ռուբեն Սաֆրաստյան, Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ, Երեւան, 2019)։ Հետագայում եւս նա մի քանի անգամ դիմել էր Կարաբեքիր փաշային հարձակման նպատակահարմարության համար։
Սիմոն Վրացյանը գրում է, որ Քեմալը հարձակումը նախատեսում էր սկսել ավելի շուտ. «Դեռ հունիսին թուրքերը պատրաստվում էին հարձակվել Հայաստանի վրա։ Վայրկյանը շատ հարմար էր։ Հունաստանը կանգնեցրել էր արշավանքը Իզմիրի ճակատում։ Ֆրանսիան փնտրում էր քեմալականների բարեկամությունը՝ անգամ Կիլիկիան պարպելու գնով։ …Սակայն մասամբ բոլշեւիկների ազդեցության տակ եւ մասամբ հունական ճակատի դեպքերի փոփոխության հետեւանքով Մուստաֆա Քեմալը վարանում էր վճռական գործողությունների անցնելու» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 1993թ.)։
Նույն կարծիքն է հայտնել նաեւ 1920-ին Շիրակի նահանգապետ Կարո Սասունին՝ գրելով, որ «պատերազմի սկզբնավորությունը 1920-ի սեպտեմբերի 14-ը չպիտի նկատել, այլ հունիս ամիսը, երբ սկսան հայկական գործողությունները ներքին ճակատներու դեմ, որոնք Քյազիմ Կարաբեքիր փաշայի առաջին ամրացած դիրքերն էին» (Կարո Սասունի, Հայ-թրքական պատերազմը, Հայրենիք, թիվ 4, 1926թ., Բոստոն)։
ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՀԱՐՄԱՐ ՊԱՀԸ»
Հայաստանի վրա հարձակվելու որոշումը պայմանավորված էր նաեւ Խորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններով: Թուրքիան շատ լավ հասկանում էր իր կարեւոր նշանակությունը բոլշեւիկյան իշխանության համար եւ փորձում էր օգտվել ստեղծված դրությունից։ 1920թ. սեպտեմբերի 15-ին արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը գրում էր, որ իրենք պետք է օգտագործեն հարմար պահը։
«Թուրքիայում է մեր արեւելյան քաղաքականության ծանրության կենտրոնը։ Պետք է ջանք չխնայել թուրքերի ցանկությունները բավարարելու համար։ Այս առումով տեղում ավելի շատ գործ կարելի է անել, քան կենտրոնում։ …Թուրք ազգայնականների ընդգրկումը Արեւելքի դեմոկրատական, հեղափոխական հոսքի մեջ չափազանց ուժեղացնում է մեր դիրքերը»,- գրում էր Չիչերինը (Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ., փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու, Երեւան, 2000)։
Օլթիի շրջանը հայկական տիրապետության տակ էր անցել 1920-ի հունիսին։ Թեեւ այն Հայաստանի կազմում էր, սակայն Թուրքիան բողոքի նոտաներ էր հղել Հայաստանի կառավարությանը։ Հետագայում նրանք փորձում էին Հայաստան ներխուժելը հիմնավորել հայերի կողմից Օլթիի գրավումով։
Ռազմական գործողությունները սկսվում են սեպտեմբերի 9-ին, երբ թուրքական հրետանին կրակ է բացում Վասկուտ սարի վրա, որտեղ հայկական դիրքերն էին, իսկ գիշերը գրոհում 5065 բարձունքը։ Հայկական ուժերն ընդունում են մարտը եւ հետ մղում թուրքական առաջին գրոհը։ Սեպտեմբերի 10-ին թուրքական երկու ինքնաթիռ հետախուզական թռիչք է իրականացնում Սարիղամիշի ամբողջ ճակատի երկայնքով։
ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ
Թուրքական հարձակման երկրորդ ալիքը սեպտեմբերի 13-ին էր, որին հայկական զորքերը չեն կարողանում դիմադրել եւ Օլթիից նահանջում են։ Սիմոն Վրացյանը նույն օրը հեռագրում է Թիֆլիսում հայկական դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանին, որ հայերը հետ են քաշվել Օլթիից։ Սարիղամիշի ուղղության վրա թուրքերի ձեռքն էր անցել նաեւ Վասկուտ սարը եւ Բերդիխը։ Վրացյանը խնդրում էր անհապաղ դիմել Փարիզին՝ հայտնելով, որ թուրքերը խախտում են իրենց իսկ ստորագրած հաշտության պայմանագիրը։
Հայկական բանակը, թեեւ բավականին սպառազինություն եւ հանդերձանք ուներ, սակայն թվակազմով զգալիորեն զիջում էր թուրքական ուժերին։ Բացի այդ, հայկական զորքը ցրված էր երկրի հեռավոր շրջաններում, որտեղ դիրքային ռազմական գործողություններ էին ընթանում խորհրդային եւ ադրբեջանական զորքերի հետ։ Կարո Սասունին գրում է, որ Օլթիի եւ Սարիղամիշի ուղղություններում տեղակայված էին հայկական 4-րդ եւ 1-ին գնդերը՝ գնդապետներ Միրիմանյանի եւ Հարությունյանի հրամանատարությամբ, որոնք ունեին ընդհանուր 2400 զինվոր։ Եվս 550 զինվոր Կարսում էր՝ գնդապետ Մազմանյանի հրամանատարությամբ։
Թուրքական բանակն անհամեմատ ավելի մեծ էր ու լավ սպառազինված։
Հայաստանի վրա հարձակումը, ըստ Վրացյանի, իրականացնում էին 15-րդ բանակային կորպուսի 3-րդ, 9-րդ, 11-րդ խառը դիվիզիաները, ինչպես նաեւ «երկու աշիրեթական գունդ, մի բրիգադ այրուձի, թրքական եւ քրդական հրոսակախմբեր եւ այլն։ Կանոնավոր զորքերի թիվը հասնում էր 28 000-ի, որից 3000-ը ձիավոր։ Զորքը պարենավորված էր շատ լավ, ուներ առատ ռազմամթերք, հագուստ, որը ստանում էր իտալացիներից, ֆրանսիացիներից եւ Խորհրդային Ռուսաստանից»։
ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Վրացյանը գրում է, որ պատերազմի հենց սկզբից Հայաստանը մնում է բոլորովին մենակ։ Մայիսյան ապստամբությունը, բոլշեւիկների առաջխաղացումը, ներքին բազմաթիվ խնդիրներն ու իշխանությունից խոր դժգոհությունը թուլացրել էին հայկական բանակը։ «Հայաստանը պատրաստ չէր այդ պատերազմին… Զինվորական իշխանությունը թույլ էր տվել, որ բանակի զինվորների մի մասը գնա տուն դաշտային աշխատանքներ կատարելու համար։ Թուրքերի ընդհանուր հարձակումը հանկարծակիի բերեց հայկական բարձր հրամանատարությանը»,- գրում է Վրացյանը։
Բանակում մեծ էր նաեւ դասալքությունը, որը սպառնալից չափերի է հասնում ակտիվ մարտական գործողությունների ընթացքում։ Սեպտեմբերին Սեպուհի սպաները զեկուցում էին, որ «համարյա բոլոր նոր զինվորները փախել են, իսկ հին զինվորները վերջին մարտերի ընթացքում մեծամասամբ կամ սպանվել են կամ վիրավոր են։ Գնդերն այսպիսի վիճակում կորցնում են իրենց մարտական նշանակությունը»։
Օլթիի եւ Կողբի շրջանների ռազմական գործողությունները միայն սկիզբն էին, եւ մի քանի օր անց՝ սեպտեմբերի 23-ին, թուրքական բանակն անցնում է ընդհանուր հարձակման. սկսվում է հայ-թուրքական պատերազմը։ Սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաղորդագրություն է տարածում.
«Սեպտեմբերի 23-ի գիշերը տաճիկները մեծ ուժերով հարձակման դիմեցին Փենեակի եւ Բարդուսի ճակատներում։ Մեր զորամասերը սաստիկ դիմադրություն ցույց տալով՝ ամրացան Վերիշենի բարձունքների վրա։ Նույն սեպտեմբերի 23-ին տաճկական խոշոր ուժեր գրոհ տվին դեպի Կարաուրգան, որտեղից մեր զորքերը քաշվեցին Սողանլուխ լեռնաշղթան։ Հայտնի է դարձել, որ տաճիկների անմիջական նպատակն է կտրել Սարիղամիշ-Կարս երկաթուղին եւ ազատությունից զրկել Սարիղամիշի եւ Կաղզվանի զորքերն ու ժողովուրդը։ Անակնկալներից եւ զոհերից խուսափելու եւ ավելի հարմար դիրքեր գրավելու նպատակով՝ մեր հրամանատարությունը սեպտեմբերի 29-ի գիշերը դատարկել է Սարիղամիշն ու Կաղզվանը»
Հայաստանում հայտարարվում է մինչեւ 37 տարեկան զինապարտների զորակոչ։ Կառավարությունը մահապատիժ է սահմանում դասալքության համար։ Հատուկ որոշմամբ նախարարներն անձամբ պետք է ներկայացնեին անփոխարինելի համարվող աշխատակիցների ցանկը. պետական համակարգի մյուս բոլոր աշխատողները պետք է անցնեին զինվորական ծառայության։ Վարչապետ Համո Օհանջանյանը կառավարության անունից դիմում է բնակչությանը՝ սրբազան կռվի կանչելով։ Հայաստանը լարում էր բոլոր ուժերը զորեղ հակառակորդին դիմակայելու համար…
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան