25.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1920թ. օգոստո­սի 25-ին Կապա­նի Կավարտ գյուղի եկե­ղե­ցում հավաքվում են զինվորներն ու գյուղա­ցի­նե­րը։ Եկե­ղե­ցա­կան արա­րո­ղությունից հետո մասնա­կիցնե­րը տալիս են հայտնի Դավիթբեկյան ուխտը՝ հավա­տա­րիմ մնա­լու հայրե­նի­քի ազա­տությա­նը, իրենց հրա­մա­նա­տար Նժդե­հին եւ կռվե­լու մինչեւ վերջին շունչը։ Այստեղ է, որ ներկա­նե­րը Նժդե­հին կոչում են Սպա­րա­պետ։

Չնա­յած Սեւրի պայմա­նագրի ստո­րագրմա­նը եւ անկա­խության ճանաչմա­նը՝ պատե­րազմը Հայաստա­նի սահմաննե­րում չի ավարտվում։ Ավե­լին՝ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի վիճե­լի տարածքնե­րում Խորհրդա­յին Ռուսաստա­նի զորքե­րի տեղա­կա­յումն էլ ավե­լի է մեծացնում լարվա­ծությունը Զանգե­զուրում։ Հերո­սա­կան այս շրջա­նը մեծ դժվա­րությամբ կարո­ղա­ցել էր դիմա­կա­յել ադրբե­ջա­նա­կան հարձա­կումնե­րին եւ ի տարբե­րություն Ղարա­բա­ղի՝ պահպա­նել ազա­տությունը։ Սակայն օգոստո­սին՝ Դրո­յի հեռա­նա­լուց եւ Գորի­սում խորհրդա­յին իշխա­նության հաստա­տումից հետո, մահա­ցու օղա­կը սեղմվում է Կապարգողթի շուրջը։

ՆԺԴԵՀԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

Թիֆլի­սում ստո­րագրված հայ-ռուսա­կան համա­ձայնագրի վերա­բերյալ Նժդե­հը մեծ վերա­պա­հումներ ուներ։ Ռուբեն Տեր-Մինասյա­նին եւ գենե­րալ Թովմաս Նազարբեկյա­նին հասցեագրված նամա­կում նա գրում էր, որ զինա­դա­դա­րի պայմաննե­րը անհասկա­նա­լի են, քանի որ նշված չէ, թե իր հեռա­նա­լու դեպքում մինչեւ որ սահմա­նը պետք է հետ քաշվեն նաեւ խորհրդա­յին զորքե­րը։ Նժդե­հը մտա­հոգված էր նաեւ Գողթա­նի ճակա­տագրով, որը Զանգե­զուրի վարչա­կան կազմում չէր։ «Չե՞ք կարծում, որ թշնա­մին կարող է դավադրել, մեր դուրս գալուց հետո հանկարծա­կիի բերել անտե­րա­ցած ազգաբնա­կությա­նը եւ տեր դառնալ Կապարգողթի չորս ապստամբ շրջաննե­րին։ Սա ի՞նչ զինա­դա­դար է, որի ժամա­նակ բոլշեւիկնե­րը շարունա­կում են իրենց շահա­տա­կություննե­րը, թալա­նը եւ զինա­թա­փությունը Սիսիա­նում եւ Զանգե­զուրում»,- գրում էր Նժդե­հը։

Գորի­սում ստեղծվում են հեղկոմներ, որոնք էլ իրա­կա­նացնում են ամբողջ իշխա­նությունը գրավված շրջաննե­րում։ Կարմիր բանա­կը, արագ առա­ջա­նա­լով եւ հաստատվե­լով Զանգե­զուրում, զրկվել էր թիկունքա­յին մատա­կա­րա­րումից, եւ մեծա­թիվ զորքի սնունդն ու կարիքնե­րը ստիպված էին հոգալ տեղի բնա­կիչնե­րը։ Սկսվում է պարե­նի եւ առա­ջին հերթին՝ հացա­հա­տի­կի բռնագրա­վումը։ Զանգե­զուրի բնակչությունը հարուստ չէր. պատե­րազմը քայքա­յել էր շրջա­նը, եւ գյուղա­ցի­նե­րը հաճախ իրենք էին դժվա­րությամբ սնունդ հայթայթում։ Ռազմա­կան կոմունիզմի բոլշեւիկյան քաղա­քա­կա­նությունը մեծ դժգո­հություն է առա­ջացնում։ 1921թ. Գորի­սի «Սասուն» տպա­րա­նում լույս տեսած «Արնոտ գիրք» փաստագրության մեջ նշված է, որ բոլշեւիկյան տիրա­պե­տության մի քանի ամսում առգրավվում է 2226 փութ հաց, 30269 փութ ցորեն, 246 ձի, 1347 եզ եւ այլ ապրանքներ։

Հարկ է նաեւ նշել, որ հայ բոլշեւիկնե­րի մեծա­մասնությունը ադրբե­ջանցի­նե­րին վերա­բերվում էր որպես հեղա­փո­խա­կան եղբայրնե­րի եւ իրենց թշնա­մին համա­րում համաշխարհա­յին իմպե­րիա­լիզմը, Անտանտը եւ «նրանց սպա­սարկու՝ Դաշնակցությա­նը»։ Ի տարբե­րություն հայ բոլշեւիկնե­րի՝ ադրբե­ջանցի հեղա­փո­խա­կաններն ունեին ավե­լի կենցա­ղա­յին նպա­տակ՝ ցանկա­ցած գնով դուրս մղել հայե­րին Զանգե­զուրից։

«Ադրբե­ջա­նի կոմունիստ գործիչնե­րը շատ ավե­լի գործնա­կան մարդիկ դուրս եկան, եղան օրվա քաղա­քա­կան կարգա­խոսնե­րով ավե­լի քիչ հրա­պուրվող եւ սթափ դատող։ Նրանք մինչեւ վերջ ազգա­յի­նը մղում էին առա­ջին գծի վրա՝ Ադրբե­ջա­նի շահե­րը համա­րե­լով գերա­գույն՝ չմո­ռա­նա­լով ինտերնա­ցիո­նա­լիզմի կարգա­խոսնե­րը» (Արամ Սիմոնյան, Զանգե­զուրի գոյա­մարտը 1920–1921թթ., Երեւան, 2000)։

Զանգե­զուրի հարցում Ադրբե­ջա­նի գործե­լա­կերպը լավ է երեւում Ասադ Կարաեւի հայտնի նամա­կում, որը ձեռք էին բերել Նժդե­հի հետա­խույզնե­րը։ Կարաեւը, Շուշիից դիմե­լով Զանգե­զուրի մահմե­դա­կաննե­րին, խորհուրդ էր տալիս իրենց նպա­տակնե­րին հասնե­լու համար լայնո­րեն օգտա­գործել կաշառքը՝ ասե­լով, թե փողով կարե­լի է լուծել բոլոր հարցե­րը։ Նա նկա­տի ուներ Զանգե­զուրի բոլշեւիկնե­րին կաշա­ռելն ու նրանց միջո­ցով Լեռնա­հա­յաստա­նի դիմադրությունը կոտրե­լը։

«Կառա­վա­րությունը որո­շել է Ղարա­բա­ղը եւ Զանգե­զուրը Ադրբե­ջա­նին միացնե­լու համար հատկացնել 200 մլն ռուբլի։ Նորեն ու նորեն կրկնում եմ իմ խորհուրդը՝ չափսո­սաք եւ ոչ մի գումար։ Ավե­լացրեք ռոճիկնե­րը, տվեք նվերներ եւ այն ամե­նը, ինչ կուզեն»։ Կարաեւը խորհուրդ էր տալիս այն շրջաննե­րում, որտեղ հայ զինվորնե­րը շատ են, սպա­նել ռուսնե­րից մեկին եւ մեղքը բարդել հայե­րի վրա։ (Արամ Սիմոնյան, Զանգե­զուրի գոյա­մարտը 1920–1921թթ., Երեւան, 2000, էջ 181)։

ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ

Չնա­յած ռազմա­կան գործո­ղություննե­րի դադա­րեցման համա­ձայնությա­նը՝ բոլշեւիկնե­րը 1920 թվա­կա­նի օգոստո­սի 10‑ի զինա­դա­դա­րի փաստաթղթի ստո­րագրումից անմի­ջա­պես հետո սկսում են ուժեր կենտրո­նացնել Զանգե­զուրում։ Գորի­սում էր տեղա­կայվել 11-րդ Կարմիր բանա­կի 5 գունդ, որոնք շուտով պիտի շարժվեին Կապա­նի ուղղությամբ։ Միա­ժա­մա­նակ արեւմուտքից պետք է գրո­հեին Նախի­ջեւա­նում եղած բոլշեւիկյան եւ քեմա­լա­կան ուժե­րը։

Նժդե­հի հետա­խուզությունը տեղյակ էր հակա­ռա­կորդի կուտա­կումնե­րից, եւ օգոստո­սի վերջին նա մի քանի անգամ դիմում է Հայաստա­նի կառա­վա­րությա­նը՝ օգնություն խնդրե­լով.

«Բաքվի մի քանի տասնյակ հայե­րով կաշա­ռած Ադրբե­ջա­նը տեր դարձած է Ղարա­բա­ղին։ Սովե­տա­կան Ղարա­բա­ղը վարա­կեց բուն Զանգե­զուրի որոշ գյուղեր եւ թշնա­մու՝ թալա­նի տենչով խելա­գարված խումբե­րը գրե­թե առանց կռիվ մտան Գորիս։ Վերջինս յուր հերթին արա­գացրեց Սիսիա­նի անկումը։ Ու այսօր այդ բոլո­րը՝ ե´ւ Ադրբե­ջան, ե´ւ Ղարա­բաղ, ե´ւ բուն Զանգե­զուր ոտքի հանած յուր բովանդակ ուժը, կաշվից դուրս են գալիս ընկճե­լու իրենց դեմ ծառա­ցած Ղափա­նը, Գենվա­զը, Բաղա­բերդը եւ Գողթա­նը։ Այդ շրջաննե­րի ապստամբ ժողո­վուրդը, որ Ադրբե­ջա­նի հետ մեկից ավե­լի անգամ է չափվել եւ միշտ էլ հաղթել է, ջերմ հավա­տով սպա­սում է Հայաստա­նի զորքե­րի շուտա­փույթ երեւա­լուն յուր երկրի սահմաննե­րին»։

Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չէր կարո­ղա­նում զորք ուղարկել Զանգե­զուր։ Եղի­շե Իշխանյանն իր հուշե­րում գրում է, որ հետա­գա­յում՝ սեպտեմբե­րին, իրենք Եղեգնա­ձո­րում վաճա­ռում են Ղարա­բա­ղի համար նախա­տեսված կտո­րե­ղե­նը, որի գումա­րից 2 միլիոն ռուբլի իրենց անձնա­կան պատասխա­նատվությամբ ուղարկում են Նժդե­հին։ «Ուղարկում ենք նաեւ մեզ մոտ եղած Երեւա­նի եւ Թիֆլի­սի թերթերն ու միա­ժա­մա­նակ նամակ ենք գրում, հաղորդում մեր գիտցած տեղե­կություննե­րը երկրի ներքին կացության եւ արտա­քին աշխարհի մասին»,- գրում է Իշխանյա­նը։

ՆԺԴԵՀԸ՝ ՍՊԱՐԱՊԵՏ

Նախքան Կապա­նի վրա հարձա­կումը բոլշեւիկներն ուժե­ղացնում են քարոզչա­կան գործունեությունը, որով զբաղվում էին հեղկոմնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը։ Անցնե­լով գյուղ առ գյուղ՝ նրանք համո­զում էին գյուղա­ցի­նե­րին, որ խորհրդա­յին բանա­կը գալիս է ազա­տագրե­լու։ Զուգա­հե­ռա­բար փորձ է արվում գրո­հից առաջ բանակցել Նժդե­հի հետ, որն անցնում է ապարդյուն. Նժդե­հը մերժում է բոլշեւիկնե­րի բոլոր փաստարկնե­րը եւ հայտա­րա­րում, որ Կապարգողթը կռվե­լու է մինչեւ վերջ։

1920թ. օգոստո­սի 25-ին Կապա­նի Կավարտ գյուղի եկե­ղե­ցում հավաքվում են զինվորներն ու գյուղա­ցի­նե­րը։ Եկե­ղե­ցա­կան արա­րո­ղությունից հետո մասնա­կիցնե­րը տալիս են հայտնի Դավիթբեկյան ուխտը՝ հավա­տա­րիմ մնա­լու հայրե­նի­քի ազա­տությա­նը, իրենց հրա­մա­նա­տար Նժդե­հին եւ կռվե­լու մինչեւ վերջին շունչը։ Այստեղ է, որ ներկա­նե­րը Նժդե­հին կոչում են Սպա­րա­պետ։

ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հարձա­կումը սկսվում է սեպտեմբե­րի 1‑ին։ Կարմիր բանա­կի զորա­մա­սե­րը երկու՝ Գորիս-Կապան եւ Տաթեւ-Տանձա­վեր-Խոտա­նան ուղղություննե­րով շարժվում են առաջ։ Հալի­ձո­րում հեղկո­մի հայ անդամնե­րը ջոկատ են կազմում եւ շարժվում Կարմիր բանա­կի հետ։ Տարբեր գյուղե­րում շուտով նորա­նոր խմբեր են միա­նում, եւ նրանց թիվը հասնում է 150‑ի։

Հարձակման ժամա­նա­կը պատա­հա­կան չէր ընտրված. բոլշեւիկնե­րը գիտեին, որ Նժդե­հի զորա­մա­սե­րի մեծ մասը, որ կազմված էր տեղի բնա­կիչնե­րից, զբաղված էր գյուղատնտե­սա­կան աշխա­տանքնե­րով։

Կոմունիստա­կան կազմա­կերպություննե­րը Կապա­նում ավե­լի թույլ էին, քան Գորի­սում ու Սիսիա­նում, սակայն մի շարք գյուղե­րում՝ Հանքեր, Շիկա­հող, Ծավ, Սեւքար, բոլշեւիկյան գաղա­փարնե­րի ազդե­ցությունը զգա­լի էր։ «Այս գյուղե­րի եւ Հանքե­րի վրա ուժեղ էր Բաքվի ազդե­ցությունը. դրանց երի­տա­սարդության զգա­լի մասը, որ տարի­ներ շարունակ աշխա­տում էր նավթա­հանքե­րում, մշտա­կան շփման մեջ էր համերկրա­ցի­նե­րի հետ եւ ծննդա­վայր էր բերում բոլշեւիկյան գաղա­փարներ» (Արամ Սիմոնյան, Զանգե­զուրի գոյա­մարտը 1920–1921թթ.)։Բոլշեւիկյան ուժե­րի հարձա­կումը Նժդե­հը փորձում է կասեցնել Դավիթ Բեկ-Արծվա­նիկ գծի վրա, սակայն սեպտեմբե­րի 2‑ին

չդի­մա­նա­լով հակա­ռա­կորդի ճնշմա­նը՝ հայկա­կան ուժե­րը նահանջում են։ Մարտե­րը շարունակվում էին նաեւ Ինջա­բել, Գեղվա­ձոր եւ Գյազբել գյուղե­րի ուղղությամբ։ Իր հուշե­րում Նժդե­հը գրում է, որ «Կարմիր հրա­մա­նա­տա­րությունը ոտքի է հանել Բարգուշա­տի, Խանլը­ղի, Հաքյա­ռուի, Այրի­չա­յի եւ Գեղվա­ձո­րի բովանդակ ուժե­րը։ Օգնա­կան ուժեր են հասել եւ Ջիբրա­յի­լից։ Կռվին իր մասնակցությունն է բերել եւ հայ ժողովրդի տականքը, սրի­կա­նե­րի մի ամբողջ լեգեոն» (Հայ-բոլշեւիկյան կռիվնե­րը, Հայրե­նիք, թիվ 12, 1923թ., Բոստոն)։

Նժդե­հը նկա­տի ուներ այն հայ բոլշեւիկնե­րին, ովքեր, դաշնակցե­լով թուրքե­րի հետ, բարո­յալքում եւ թուլացնում էին հայկա­կան գյուղե­րի պաշտպա­նությունը։ Սեպտեմբե­րի 2‑ին 28-րդ դիվի­զիա­յի ստո­րա­բա­ժա­նումնե­րը մտնում են Դավիթ Բեկ, ապա՝ Արծվա­նիկ, Չափնի, Սեւքար։

Հարձակման մյուս ուղղությամբ նույնպես Նժդե­հի ուժե­րի դիմադրությունը ձախողվում է, եւ սեպտեմբե­րի 6‑ին բոլշեւիկյան զորքե­րը վերցնում են Հանքե­րը։ Արամ Սիմոնյա­նը գրում է, որ կարմիրբա­նա­կա­յիննե­րին օգնում էին Կապա­նի բոլշեւիկնե­րը, որոնք ոչ միայն ուղեկցում էին խորհրդա­յին զորքե­րին եւ լայն քարոզչություն իրա­կա­նացնում, այլեւ հաճախ թիկունքից հարվա­ծում էին Նժդե­հի զորա­մա­սե­րին։

ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի թեժ օրե­րին, երբ Նժդե­հը շրջում էր դիրքե­րում, Բերդա­կում գնդացրա­յին ուժգին կրա­կի ձայն է լսվում։ Քանի որ այդ դիրքում հայե­րը գնդա­ցիր չունեին, Նժդե­հը կարծում է, թե հակա­ռա­կորդն է գրո­հում, եւ շտա­պում է օգնության։

«- Այստե՛ղ, պարո՛ն հրա­մա­նա­տար, ա՛յս կողմը,- կանչում են Բերդա­կից։ Ես եւ հետս եղած երեք ձիա­վորնե­րը նետվում ենք դեպի ձախ։ «Կրա՛կ», լսվում է թշնա­մու ազդա­րա­րը եւ չգի­տեմ՝ գնդացրա­յին, թե հրա­ցա­նա­յին կրա­կը, մոտ 30 քայլի վրա, ցրում է ձիուս կուրծքը եւ գլո­րում գետին։ Դավադրությունը կատարյալ էր ու հաջող»։ 

Գերի ընկնե­լուց կամ սպանվե­լուց Նժդե­հին փրկում են իր թիկնա­պահնե­րի ձեռնա­ռումբե­րը, որոնց պայթյուննե­րից թշնա­մի­նե­րը նահանջում են, ու Նժդեհն իր ընկերնե­րի հետ կարո­ղա­նում է կրա­կե­լով նահանջել։ Նա վերա­դառնում է Հանքեր, սակայն պարզ էր, որ այնտեղ հնա­րա­վոր չէր մնալ, եւ ստա­նա­լով վիրա­վորնե­րի ու հիվանդնե­րի տեղա­հանման լուրը՝ շարժվում է դեպի անա­ռիկ Խուստուփը։

ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ ՈՒԽՏԸ

Բոլշեւիկնե­րը կարծում էին, որ Կապա­նի անկումից հետո Նժդե­հը հանձնվե­լու է, սակայն իրա­կա­նում ամրա­նա­լով Խուստուփի ծերպե­րում՝ նա ձեռնա­մուխ էր եղել վերա­կանգնե­լու այն հզոր շարժումը, որը հայտնի էր Դավիթբեկյան ուխտ անունով։ Ինքը՝ Նժդե­հը, գրում է, որ իրեն հաջողվել էր ստեղծել այդ կուռ կազմա­կերպությունը, որը չէր հանդուրժում որեւէ թերա­ցում, իր շարքե­րից վտա­րում էր դավա­ճաննե­րին ու երկչոտնե­րին։ Դավիթբեկյան ուխտի մարտիկներն իրար հանդի­պե­լիս ասում էին.

- Հիշիր Գեղվա­ձո­րը
- Նաեւ Դավիթ Բեկին։
- Մեզ համար չկա մահ,- ասում էին բաժանվե­լիս։
- Մահը մեր թշնա­մուն,- լինում էր պատասխա­նը։

Խուստուփն ունի 3200 մետր բարձրություն, «սահմա­նա­կից» է Կապա­նին, սակայն կապված է նաեւ Գենվա­զին (Մեղր)։ 1920թ. սեպտեմբե­րի 6‑ին Նժդե­հը հրա­վի­րում է Գենվա­զի 13 գյուղի երկուա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի, որոնց հետ քննարկում է մեկ հարց՝ Գենվա­զը կռվելո՞ւ է, թե՞ պատրաստվում է հանձնվել։

Փրկության կոմի­տեն հայտնում է, որ «Գենվա­զը իր ուժե­րը դնում է ռազմա­կան դրության մեջ, բռնում է բոլոր դիրքե­րը եւ սպա­սում Երեւանյան զորքե­րի երեւա­լուն բուն Զանգե­զուրում, որ միա­ցած Ղափա­նի ուժե­րին, զարկե թշնա­մուն թիկունքից»։ Նույն օրը Նժդե­հը Աշոտ Մելիք-Մուսյա­նի հետ գնում է Շվա­նի­ձոր։

ՇՎԱՆԻՁՈՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Սեպտեմբե­րի 7‑ին Շվա­նի­ձո­րի դարա­վոր չինա­րու տակ Նժդե­հը հանդի­պում է գյուղի բնա­կիչնե­րի հետ։ Նա ասում է, որ թշնա­մին ոչ թե ուժեղ է եւ հաղթում է, այլ խաբում է։ «Վա՜յ մեզ, եթե Ղափա­նի պես դուք էլ խաբվե­ցիք»,- ավե­լացնում է Նժդե­հը։ Շուտով Շվա­նի­ձո­րի կոմի­սա­րը հայտա­րա­րում է, որ «Արեւի­քը մտա­դիր չէ սեւացնե­լու իր պատմությունը։ Նա ձեզ հետ է եւ պատրաստ կռվի։ Հրամայեցե՛ք»։

Կարմիր բանա­կը չէր սահմա­նա­փակվե­լու Կապա­նի գրա­վումով եւ վստա­հա­բար շարժվե­լու էր Արեւիք։ Նժդե­հը գրում է, որ Արեւի­քի վրա կարող էին հարձակվել նաեւ Օրդուբա­դից։ Նա շտա­պում է Կաքա­վա­բերդ պաշտպա­նության արեւմտյան ուղղությունը ամրացնե­լու նպա­տա­կով։ Այնտեղ արդեն եկել էին Կարմիր բանա­կի ներկա­յա­ցուցիչնե­րը եւ վերջնա­գիր ներկա­յացրել՝ պահանջե­լով «անմի­ջա­պես մաքրել Արաքսի ափով ձգվող խճուղին եւ հնա­րա­վո­րություն տալ Խորհրդա­յին Ադրբե­ջա­նին միա­նա­լու Նախի­ջեւա­նին»։ Նժդե­հի կարճ, բայց ազդե­ցիկ խոսքե­րից հետո գյուղի պաշտպաննե­րը շտա­պում են դիրքե­րը։

ԳԵՆՎԱԶԻ ԿՌԻՎԸ

1920թ. սեպտեմբե­րի 8‑ին Բաղա­բերդի գյուղե­րից մեկը՝ Քյուրդի­քենդը, առանց դիմադրության ընդունում է բոլշեւիկնե­րին։ Քաջա­րա­նը հրա­ժարվում է ճանա­չել նրանց իշխա­նությունը, դիրքեր բռնում եւ օգնություն խնդրում Նժդե­հից։ Սպա­րա­պե­տը գրում է, որ Բաղա­բերդի՝ Ողջիի ձորը կորցնե­լու դեպքում կճեղքվեր թե՛ Գենվա­զի եւ թե՛ Գողթա­նի պաշտպա­նությունը, ինչն անթույլատրե­լի էր։ Նժդե­հը սեպտեմբե­րի 9‑ին վերջնա­գիր է ուղարկում Քյուրդի­քենդ՝ երկու ժամ տալով գյուղից հեռա­նա­լու համար։ «Չէի սպա­սում, որ այդքան շուտ կբռնեն նահանջի ճանա­պարհը։ Բաղա­բերդը մաքրված էր։ Վատության մեջ բռնված երեք գյուղե­րը իրենց բարո­յա­պես ճնշված էին զգում։ Ես նրանց աղն ու հացը չընդունե­ցի»։

1920թ. սեպտեմբե­րի 10-ին սկսվում է հարձա­կումը Շվա­նի­ձո­րի ուղղությամբ։ Նժդե­հի ուժե­րը դիմել էին շրջա­նա­ձեւ պաշտպա­նության։ «Արեւելքից թշնա­մին էր, արեւմուտքից՝ թշնա­մին, հյուսի­սից՝ թշնա­մին, հարա­վից՝ Արաքսը»։ Զինամթերքը քիչ էր, եւ հայե­րը թողնում էին հակա­ռա­կորդին մոտե­նալ մինչեւ 700 քայլ, ապա նոր դիպուկ կրա­կո­ցով ոչնչացնում։ Գիշեր-ցերեկ շարունակվում էր հայկա­կան դիրքե­րի հրե­տա­կո­ծությունը, բայց հակա­ռա­կորդը ոչ մի թիզ առաջ գալ չէր կարո­ղա­նում։ Շուտով գործի են դրվում թշնա­մուն ահուսարսափ պատճա­ռող հայկա­կան ռումբե­րը։ Սեպտեմբե­րի 13-ին Գենվա­զի վաշտե­րից մեկն անցնում է թշնա­մու թիկունք եւ շուտով «հարյուրա­վոր ռումբե­րի պայթյուննե­րից սարսա­փա­հար՝ սեւ ու կարմիր գնդե­րը գլխի­կոր փախչում են Նյուվա­դի»։ Հաջորդ օրը ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րում են, եւ Նժդե­հը դիմում է Կապա­նի բնա­կիչնե­րին։

Հիշե­լով նախորդ տարվա պանծա­լի հաղթա­նակնե­րը՝ Սպա­րա­պետն ասում էր, որ կաշառված բոլշեւիկներն ու Ադրբե­ջա­նը դառնա­լու են հայ ժողովրդի գերեզմա­նա­փո­րը.

«Ժողովո՛ւրդ, կանցնեն օրեր, թշնա­մին քեզ զինա­թա­փե­լուց ու ղեկա­վարնե­րիցդ զրկե­լուց հետո, երբ այլեւս չի լսվի «Աժդա­հա փաշա­յի» անունը, կսկսի հազար ձեւով ու ճանա­պարհով բնաջնջել քեզ։ Այն ատեն դու կվերհի­շես քո հրա­մա­նա­տա­րին, որի սուրը յոթն անգամ մեծացրել էր քո երկի­րը…»:

Գենվա­զի վրա երկրորդ հարձա­կումը նույնպես էական հաջո­ղություն չի ունե­նում։ Թեեւ հայկա­կան մի քանի գյուղ ընդունում է բոլշեւիկնե­րի իշխա­նությունը, սակայն ռազմա­կան գործո­ղություններն աստի­ճա­նա­բար թուլա­նում էին, եւ 11-րդ Կարմիր բանա­կը որո­շում է դադա­րեցնել հարձա­կումն ու ամրացնել դիրքե­րը։ «Ծանր կռիվ էր տանում փոքրիկ Հայաստա­նը հսկա Ռուսաստա­նի եւ իսլա­մա­կան շրջա­պա­տի դեմ։ Մահմե­դա­կան դրա­ցի­նե­րից բարյա­ցա­կամ չեզո­քություն էր պահպա­նում միայն Պարսկաստա­նը»,- գրում է Նժդե­հը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 Այս գլխում օգտա­գործվել են Գրե­գոր Սամսա­յի, Րաֆֆի Յուրեջյա­նի եւ Ղեւոնդ Օհանյա­նի լուսանկարնե­րը:

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ