Հայաստան

Ապատեղեկատվության Մարտահրավերները

(մաս 1-ին)

Ապատեղեկատվության աղբյուրներն իրենց հերթին բաժանվում են երկու առանձին խմբերի՝ արտաքին և ներքին: Արտաքին խումբն իր հերթին ունի երկու հիմնական ուղղություն՝ ադրբեջանական և ռուսական։      

Դավիթ Ստեփանյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական տարածություն նպատակամղված նետվող ապատեղեկատվությունը դարձել է մեր կյանքի առօրյա երևույթներից մեկը: Մինչդեռ քաջ հայտնի է, որ ապատեղեկատվությունը ծայրահեղ բացասական հետևանքներ է ունենում հասարակական կյանքի, մեր հասարակության հոգեբանական վիճակի, պետության և պետական ​​ինստիտուտների բնականոն գործունեության վրա։ Հայաստանի պարագայում, որը դեռևս պատերազմում է Ադրբեջանի հետ, ապատեղեկատվությունը գոյութենական սպառնալիք է հայկական պետականության շարունակականության դեմ, հատկապես Հայաստանի դեմ ընթացող հիբրիդային պատերազմների համատեքստում, այն էլ մի քանի ուղղություններից։

Սույն ուսումնասիրությունը փորձ է ընթերցողի ուշադրությանը ներկայացնել Հայաստանի տեղեկատվական դաշտի ներկա վիճակը, ըստ այդմ մարտահրավերների և սպառնալիքների աղբյուրները, դրանց հեղինակների և հրահրողների նպատակադրումը։ Այն պարունակում է նաև հայկական լրատվական դաշտում ապատեղեկատվության նպատակային «լցոնման» դեմ արդյունավետ պայքարի քաղաքականության ձևավորման ուղղությամբ որոշ առաջարկությունների մշակման փորձ, որի վերջնական նպատակը հանրային կարծիքի մանիպուլյացիան է՝ Հայաստանի Հանրապետության ներքին և առաջին հերթին արտաքին քաղաքականության ձևավորման վրա միջնորդավորված ազդեցություն ունենալու նպատակով, ըստ այդմ երկրի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության կամ ընտրության բացակայության։

Այս՝ բավականին հիմնարար խնդրին ընթերցողին ծանոթացնելը հնարավորինս հեշտացնելու համար ուսումնասիրությունը բաժանված է ենթավերնագրերի, որոնք պարունակում են հղումներ խնդրի նախապատմության, ապատեղեկատվության աղբյուրների և, իհարկե, ապատեղեկատվության նպատակների մասին: Ապատեղեկատվության աղբյուրներն իրենց հերթին բաժանվում են երկու առանձին խմբերի՝ արտաքին և ներքին: Արտաքին խումբն իր հերթին ունի երկու հիմնական ուղղություն՝ ադրբեջանական և ռուսական։      

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ի սկզբանե անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանն առնվազն վերջին 15 տարիների ընթացքում հետխորհրդային տարածքի երկրների շրջանում առանձնացել է ԶԼՄ-ների և, համապատասխանաբար, հասարակական կարծիքի՝ բավական գրագետ կառավարմամբ։ 2008թ.-ից սկսած, այն է՝ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց ի վեր, իշխանությունները բանտ չէին ուղարկում իրենց անհավատարիմ լրագրողներին, ԶԼՄ-ների վրա բացահայտ ճնշում չէր գործադրվում, ԶԼՄ-ները չէին փակում, ինչպես ժամանակին ընդդիմադիր A1+ հեռուստաալիքի դեպքում էր[1]։ Եվ, ընդհանուր առմամբ, տեսանելի մակարդակում հնարավոր է ենթադրել, որ խոսքի ազատությունը վատ կամ լավ, բայց պահպանվել է: Համենայնդեպս, այս տարիներին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայկական մեդիան դասել են «համեմատաբար ազատ» մեդիաների շարքին:

Վստահության բարձր մակարդակ կա, որ տարածաշրջանի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների համեմատ հայկական իշխանության՝ այս բավական «լավ ձեռքբերումն» առաջին հերթին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործունեության արդյունքն էր: Ձեռքբերումն իրականում խիստ կասկածելի բնույթ էր կրում, քանի որ հենվել է Հայաստանում տեղեկատվական տարածությունում «լցոնումների» միջոցով կեղծված հանրային օրակարգի տարածման բավական խորամանկ սխեմայի վրա՝ ի թիվս այլնի, նաև ապատեղեկատվության։

Իրականում այս սխեման և կեղծված հանրային օրակարգ ձևավորելու նրա մեթոդիկան բավականին պարզ էին։ Աներոջ կառավարման տարիներին Մինասյանը բացել է մի շարք հեռուստաալիքներ, տպագիր պարբերականներ և, ամենակարևորը, ձեռք է բերել տեղեկատվական ինտերնետային ռեսուրսներ։ Երկրում զուգահեռաբար բացվել են, այսպես կոչված, «մամուլի ակումբներ», և ձևավորվել է, որպես կանոն, երիտասարդ և մինչ այդ ոչ ոքի հայտնի փորձագետների մի ամբողջ բանակ՝ թուրքագետներ, արաբագետներ, իրանագետներ, արևելագետներ և անգամ ադրբեջանագետներ։

Վերջիններս տարիներ շարունակ ասուլիսներ են տվել և շարունակում են տալ Մինասյանին, այժմ արդեն այլ անձանց պատկանող մամուլի ակումբներում՝ լինելով նրա «գրպանային» փորձագետները։ Արդյունքում Հայաստանում հասարակական կարծիքը վերջին 15 տարիների ընթացքում ձևավորել են երբեք բանակում չծառայած ռազմական փորձագետներ, Մերձավոր Արևելքում չեղած արևելագետներ, քաղաքագետներ, ովքեր պատկերացում չունեն, թե ինչ է քաղաքագիտությունը և այլն:

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *