Հայաստան

Սոցցանցային 2 Բառախաղ

Իսկ դրանց կիզակետում Արցախը չէ, այլ հենց Հայաստանը: Արցախն այդ առումով ոչ թե Հայաստանի համար է բեռ, այլ «բեռ» է Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ որեւէ ռազմավարական նպատակ առավել դյուրին սպասարկելի է լինելու որեւէ աշխարհաքաղաքական սուբյեկտի համար, եթե «ազատվեն» Արցախի խնդրից:

Հակոբ Բադալյան

Կա՞ Հայաստան առանց Արցախ, եւ կարո՞ղ է լինել Արցախ առանց Հայաստան:

Սրանք այլ բան չեն, քան պարզապես սոցցանցային «բառախաղեր», միտված ընդամենը հավանումների վիճակագրության գերաճին:

Այո, գործնականում առանց Արցախ Հայաստան էլ կարող է լինել, եւ մինչեւ անգամ առանց Հայաստան՝ Արցախ էլ, եթե մենք իրավիճակը գնահատենք այդ բառախաղային պարզունակության տրամաբանությամբ:

Բուն խնդիրն այն է, թե մենք ինչ բովանդակություն ենք պատկերացնում այդ «լինելու» ներքո: Այստեղ է, որ պետք է դուրս գալ այդ բառախաղերից եւ գնահատել մեր ռեգիոնում, Հայաստանի եւ Արցախի շուրջ եղած, կուտակված, պտտվող, ծավալվող ռազմա-քաղաքական հետաքրքրությունները, նպատակները, թիրախները, աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական շահերը:

Իսկ դրանց կիզակետում Արցախը չէ, այլ հենց Հայաստանը: Արցախն այդ առումով ոչ թե Հայաստանի համար է բեռ, այլ «բեռ» է Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ որեւէ ռազմավարական նպատակ առավել դյուրին սպասարկելի է լինելու որեւէ աշխարհաքաղաքական սուբյեկտի համար, եթե «ազատվեն» Արցախի խնդրից:

Որովհետեւ այդ խնդիրը Հայաստանի հանրապետության լեգիտիմ քաղաքական, ընդհուպ քաղաքակրթական, դավանաքաղաքական, փաստարկ է, ներկայիս իրողություններում ամենաազդեցիկ փաստարկներից մեկը:

Այո, դրա առկայությունը բնականաբար մեծ ջանք, ռեսուրս, էներգիա, պատասխանատվություն, ուժ է պահանջում նաեւ Հայաստանից: Բայց, մոլորություն է մտածել, թե Արցախի խնդրի չլինելու պարագայում Հայաստանը չի ունենալու այդ նույն ուժի, էներգիայի, ռեսուրսի, ջանքի, պատասխանատվության պահանջը, բայց ունենալու է արդեն առանց աշխարհաքաղաքականության մեր լեգիտիմ ազդեցիկ փաստարկի, հետեւաբար՝ այդ վերը շարադրած պահանջվող ռեսուրսների ավելի մեծ ծավալի անհրաժեշտությամբ:

Եվ այստեղ ապավինել այն բանին, թե Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է եւ դա արդեն իսկ զորեղ փաստարկ է Հայաստանի հանդեպ որեւէ խնդրի առնչությամբ, կնշանակի զբաղվել պարզապես աշխարհաքաղաքական կուրությամբ:

Ընկերներ, մեզ պետք է արձանագրել մի պարզ բան՝ աշխարհը թեւակոխել է համաշխարհային պատերազմի փուլ, համաշխարհային պատերազմի փուլում չկա «միջազգային իրավունքի սուբյեկտ» իրական քաղաքական կատեգորիա: Կասկածու՞մ ենք, ուրեմն գնանք հարցնենք այն պետություններին, որոնք միջազգային իրավունքի մեզ նման սուբյեկտ են, բայց այսօր պարզապես աշխարհաքաղաքական շահերի բախման օբյեկտ են՝ ոչ ավելի:

Այստեղ մենք կարող ենք որպես «… սրտի մխիթարանք» բաժանել արտաքին աշխարհը թշնամիների ու բարեկամների, չարերի ու բարիների, ու ապրենք այդ ամենի շուրջ միմյանց բզկտելու «երջանիկ անհոգությամբ», բայց դրանից թե համաշխարհային պատերազմը չի դադարում՝ այն դեռ նոր է սկսել իր ակտիվ շրջափուլը, թե չի վերանում դրա պարտադրած տրամաբանությունը եւ մասնակիցների ուժերի հարեբերակցոությունը, որում պատկերները բոլորովին միարժեք չեն:

Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *