ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ե՛վ Խոսքով, Ե՛վ Գործով

Իրենք դարձան այդ ճանապարհի ասպետները, ճառագայթող փարոսը, մեզ բոլորս մղելու՝ իրենց օրինակով լծուելու գործի, անսալով սերունդներով փոխանցուած սրբազան պատգամին:

Ադրանիկ Պողոսյան

Մեր Ուղին

Օգոստոսի 13-ին ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ ջանքերով տեղի ունեցավ Լիսաբոնյան անմահ հերոսների գործունեության 40-ամյակին նվիրված միջոցառում, որի նպատակն էր ոգեկոչելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսներին, ևս մեկ անգամ հիշելու անօրինակ քաջության և անմնացորդ նվիրումի միախառնումից ծնված անհավանական գործունեությունը, որի հետևանքը եղավ Ցեղասպանության պահանջատիրության հարցը մոռացումից փրկելն ու նոր թափ ու եռանդ հաղորդելը:

Այդ ձեռնարկին իր ողջույնի խոսքն ու պատգամը հղեց ՀՅԴ նախկին անդամ Անդրանիկ Պողոսյանը, ով 1983թ. Լիսաբոնյան հնգյակի օրինակով դիմեց անձնազոհ հերոսության, որի ընթացքում վիրավորվեց  և շուրջ յոթ տարի կալանված մնաց Բելգրադում:

Անդրանիկ Պողոսյանը, ով իր մասնակցությունն էր ունեցել նաև Արցախյան ազատամարտում, իր խոսքում նշեց Լիսաբոնյան հնգյակի կատարած հերոսության կենսական նշանակությունը: Նշեց, թե ինչ հսկայական իմաստ ունեցավ այդ, և թե ինչ մեծ դեր ու նշանակություն պիտի ունենար Ցեղասպանության ճանաչման պահանջի, Հայ Դատի ու հայոց պահանջատիրության, հայ ազգային նպատակների շուրջ համախմբման համար:
Լիսաբոնյան հնգյակը այն մրրկահավերի խումբը եղավ, որ մոռացման փոթորկի ու անտարբերության դարաշրջանի ամենից անհավական փուլում խիզախեց կատարելու անհավանականը, որով ոչ միայն աշխուժացավ հայ կյանքը գաղութներում, այլև նոր ազդակ ու հայտնության հարյուր հազար շեփորի դեր տարավ հայ երիտասարդության ու հայ մտավորականության համար: 

Շեշտելով Անդրանիկ Պողոսյանի խոսքի կարևորությունը, ցանկանում ենք շեշտել նաև այն, որ Լիսաբոնյան հնգյակի հիշատակին նվիրված հարգանքի ու հիշատակի խոսքը ոչ թե պարզապես անկեղծ և սրտից բխած խոսք էր, այլ այդ խոսքերի հեղինակը անձամբ էր ճանաչում այդ տղաներից մեկին, անձամբ մասնակցել էր նման անձնազոհության: Անդրանիկ Պողոսյանի խոսքը կարևոր էր ոչ միայն հարգանքի, այլ իր ասած ամեն բառի լիարժեք ընկալումով: Որովհետև հերոսի արարքին կարող է գնահատական տալ միայն նա, ով ինքը ևս մասնակցել է նման միջոցառման, լավ գիտե այդ ողջ վտանգն ու պատասխանատվության ծանրությունը, իր սեփական փորձով է արձանագրել նման երևույթը: 

Լիսաբոնյան հնգյակին նվիրված այդ խոսքը կենդանի լեգենդի կողմից ազդակ է այսօրվա հայ երիտասարդության համար: Կոչ և պատգամ ազգային հարցի կարևորությունը զգալու, պատասխանատվությունն ըմբռնելու և նվիրական մոտեցումն ամբողջական անկեղծությամբ արձանագրելու համար: Եվ այն, որ այդ խոսքերի հեղինակը նույնպիսի անձնազոհության է դիմել, նրա պատգամը կրկնակի թանկ է, քանի որ հաստատված է և՛ խոսքով, և՛ գործով:

Արժանի լինենք իրենց արյունը հայրենիքի զոհասեղանին հեղած հերոսներին:

Կազմակերպված միջոցառմանը և Անդրանիկ Պողոսյանի խոսքին ծանոթանալու համար՝

Asbarez.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *