Հայաստան

Ապատեղեկատվության Մարտահրավերները

(Մաս 3)

Հայկական լրատվամիջոցների մեծ մասն այսօր աշխատում է իշխանությունների դեմ: Դա ներկայիս վարչապետ, նախկին լրագրող Փաշինյանի «յուրահատկությունն» է. նա մեծ հաշվով տեղեկատվական պատերազմ է վարում միայնակ, ինչը, կարծես, մեծ սխալ է նրա կողմից:

Դավիթ Ստեփանյան

Այս ամենում առանձին դեր են խաղում գոյություն ունեցողներից ամենացածր մակարդակի, տարբեր, հիմնականում ռուս քաղաքագետներ, ինչպիսիք են Սերգեյ Մարկովը, Իգոր Կորոտչենկոն և այլք։ Ցավոք սրտի ռուս որոշ քաղաքական գործիչներ նույնպես աշխատում են Ադրբեջանի օգտին, օրինակ, Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ, ՌԴԿԿ խմբակցության անդամ Լեոնիդ Կալաշնիկովը և այլք։ Վերջինս ադրբեջանական CBC քարոզչական հեռուստաալիքին տված հարցազրույցում հանգել է նրան, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Ըստ կալաշնիկովյան տրամաբանության՝ Ռուսաստանը բացարձակապես պարտավոր չէ պաշտպանել ոչ դաշնակցին, նույնիսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Առանձին տեղ է հատկացվում պատմության կեղծմանը` կասկածելի համբավ ունեցող ռուս գիտնականների և լրատվամիջոցների կողմից Հայաստանի և Արցախի մասին ապատեղեկատվության տարածման միջոցով։ Վերջիններս ադրբեջանական փողերով Ռուսաստանում ստեղծում և կառավարում են համապատասխան կենտրոններ և լրատվամիջոցներ, օրինակ, Вестник Кавказа կայքը։

Ռուսաստան

Հայաստանի և Արցախի մասին ապատեղեկատվության տարածման գործում առանձնահատուկ դեր են խաղում ռուսական պետական լրատվամիջոցները։ Россия Сегодня-ի, Спутник-ի, РИА Новости-ի և այլնի համար որոշ չափով տեղեկատվական խորապատկեր են ստեղծում ռուսական փորձագիտական-վերլուծական հանրության ներկայացուցիչները։ Որպես ապատեղեկատվության աղբյուր և տարածող զգալի դեր են խաղում հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները։ Որպես կանոն դրանք հիմնականում ռուսական իշխանության ներսում տարբեր խմբավորումների համար աշխատող քարոզիչներ են՝ Մարգարիտա Սիմոնյան, Արամ Գաբրելյանով, Գևորգ Միրզայան, Սեմյոն Բաղդասարով, Անդրանիկ Միհրանյան, Սերգեյ Կուրղինյան, Կարեն Շահնազարով, Տիգրան Քեոսայան․.. Դրանում համոզվելու համար կարելի է լսել, թերևս, նրանց հարցազրույցներից որևէ մեկը։ Ցավոք, ցուցակը կարելի է երկար շարունակել․.. Եվ, իհարկե, Հայաստանի ու Արցախի դեմ աշխատում են տարբեր բլոգերներ ու WarGonzo-ի նման տելեգրամյան ալիքներ։ Նույն WarGonzo-ն և նրա «դեմք» Սեմյոն Պեգովը ոչ միանշանակ դեր են խաղացել 2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի լուսաբանման գործում։

Հայաստան

Ապատեղեկատվության տարածման աղբյուրների ներքին խումբն առավել խայտաբղետ է։ Այստեղ ներկայացված են իշխանության տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր, գործիչներ և, իհարկե, նրանց հետ փոխկապակցված լրատվամիջոցներ, տելեգրամյան ալիքներ և ֆեյքեր։ Առավել ակտիվություն են ցուցաբերում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմնակիցները, ավելի փոքր քաղաքական ուժերի և հոսանքների կողմնակիցները, քաղաքական գործիչներ և հանրային անձինք, որոնք չունեն որոշակի քաղաքական կողմնորոշում: Ակտիվ ապատեղեկատվության դաշտում առանձնահատուկ դեր են խաղում Հայաստանի արևմտամետ քաղաքական կուրսի հակառակորդները։

Ընդհանրապես, իշխանությունների ընդդիմախոսները վերահսկում են Հայաստանում մեդիա ոլորտի մինչև 70%-ը, այդ թվում՝ Armenia TV, 5-րդ ալիք, Կենտրոն, Հ2 հեռուստաալիքները, Երկիր Մեդիա, առցանց հրատարակություններ News.am, Blognews.am, asekose.am., 168.am և այլ կայքեր։ Վերջին կայքը գլխավորում է «գլխավոր լրագրողը»՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Ապատեղեկատվության աղբյուրների շարքում հատուկ տեղ են զբաղեցնում իշխանության հակառակորդների համար աշխատող տելեգրամյան ալիքները։

Պետք է նշել, որ իշխանությունն առնվազն փորձում է հետ չմնալ իր ընդդիմախոսներից, ցավոք, բացառապես ներքին դաշտում, և նա նաև հաճախ է «տեղեկատվական լցոնումներ» իրականացնում լրատվական դաշտում, իհարկե, արդեն սեփական նպատակների և նեղ խմբային շահերի համար։ Իշխանությունն այդ ամենն իրականացնում է իր հետ փոխկապակցված լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների և բլոգերների միջոցով: Երկրում հստակ արտահայտված իշխանամետ լրատվամիջոցները տասնյակից ավելի են՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Արմենպրես լրատվական գործակալությունը, որոնք պատկանում են պետությանը, Ֆրինյուզ և Արարատնյուզ հեռուստաընկերությունները, Հայկական ժամանակ թերթը, լրատվական կայքերը` Radar.am, Zarkerak.am, Civic.am և այլն:

Երկրում կան մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցներ, որոնք չեզոք են իշխանությունների նկատմամբ, դրանք են՝ Ազատություն ռադիոկայանը, ինտերնետային ռեսուրսներից Factor.am, 1in.am, Civilnet, Lragir.am, Hetq.am կայքերը և այլն։ Հայկական լրատվամիջոցների մեծ մասն այսօր աշխատում է իշխանությունների դեմ: Դա ներկայիս վարչապետ, նախկին լրագրող Փաշինյանի «յուրահատկությունն» է. նա մեծ հաշվով տեղեկատվական պատերազմ է վարում միայնակ, ինչը, կարծես, մեծ սխալ է նրա կողմից: Իշխանություններին ուղղված բոլոր հարձակումներին ու մեղադրանքներին պատասխանում է ինքը՝ Փաշինյանը՝ իր երկու նախարարների ու տեղակալների հետ։ Իշխանության մեջ «խոսող գլուխները» շատ քիչ են, մինչդեռ նրանցից ոմանք պետք է լռեն՝ ելնելով առաջին հերթին սեփական շահերից։ Այդ առաքելությունը Փաշինյանը ստանձնել է ինքնակամ։ Այսպիսով, իշխանական լրատվամիջոցների կողմից Փաշինյանին գովերգելու առանձնակի կարիք չկա։ Նրանք ուղղակի հեռարձակում ու տարածում են նրա ելույթները։ Թե որքանով է արդյունավետ նման տեղեկատվական քաղաքականությունը, մեծ հարց է։

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *