ՄԵՐ ՈՒՂԻՆ

Լռությունը Անտարբերություն Չէ

Ռուսներն ամեն ինչ անում են, որ այս հարցում բացառեն Արևմուտքին, Արևմուտքն էլ՝ համապատասխանաբար՝ Ռուսաստանին: Դրանից օգտվում են մեր թշնամիները: 

Վիգեն Հովսեփյան

1inTV-ին հեռավաչ կապով զրուցել է Լոս-Անջելեսի Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհրդի անդամ դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ:

Զրույցն ընթացել է Լոս-Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև տեղի ունեցած հավաքի, դրա նշանակության և հղված ուղերձների մասին:

Դոկտոր Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ այդ միջոցառումը, որին նաև մասնակցել էին կոնգրեսականներ ու այլ պաշտոնյաներ՝ հիմնականում երկու նպատակ ուներ: Առաջինը՝ ուղերձ նախագահ Բայդենին ու նրա վարչակարգին և երկրորդը՝ ներքին առումով՝ հայ համայնքին: 

Ընդհանուր միջոցառումը դոկտ. Հովսեփյանը դրական գնահատեց, արդյունավետ: Ընդ որում նշեց, որ իրենց միացած պաշտոնյաները նույնպես իրենց ձայնը միացրին հայերի ձայնին, պահանջը՝ պահանջին: Պահանջները զիջողական չէին, արմատական էին և իր մասշտաբի ու բնույթի առումով միջոցառումը կարելի է դրական և արդյունավետ գնահատել: Միջոցառումը ինքն իրենով դրական արդյունք ունեցավ, բայց այն որպես մեկ երևույթ՝ սահմանափակ բան է ու ընդհանուր պայքարի տրամաբանության մեջ պիտի դիտարկվի՝ որպես մեծ ծրագրի մի մաս միայն, որ իրագործվում է հանուն հայության և Հայաստանի՝ ցեղասպանության ճանաչումից մինչև ՀՀ ու Արցախ կատարված օգնությունները: Այդ ամենը պետք է հավաքվի, պետք է կուտակվի:

Վիգեն Հովսեփյանը խոսեց նաև այն մասին, որ Ադրբեջանի հյուպատոսարանի առջև կազմակերպված միջոցառման մաս էր կազմում 24-ժամյա հացադուլը՝ արցախցի եղբայրներին ու քույրերին ցույց տալու համար, որ իրենք միայնակ չեն, որ իրենց մասին չեն մոռացել ու անում են հնարավոր ամեն ինչ՝ ժամ առաջ որևէ արդյունք ունենալու համար: Այդ 24-ժամյա հացադուլը նաև ազգակիցների միջև հոգեկան կամուրջ ստեղծելուն էր ուղղված: Արցախում իրոք որ ամեն ինչ շատ վատ է ու ամեն րոպե կարող է շատ ավելի բարդ իրավիճակ ստեղծվել, այնպես, որ մենք հիմա կարիք ունենք վերագոտեպնդվելու և մեր միասնությունը վերահաստատելու: Իսկ առաջնահերթությունների մասին խոսելիս՝ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ օրինակ նպատակ կա հասնել ԱՄՆ կողմից Ադրբեջանի հանդեպ զենքի արգելքին: Օրենքը թեև կա, բայց շատ դեպքերում նախագահները և վարչախմբերը, կարողանում են շրջանցել այդ ամենը:

Անդրադառնալով վերջին շաբաթների այն դիտարկմանը, թե ինչու է Սփյուռքը լուռ, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ Սփյուռքի լռությունն անտարբերություն չէ: Եթե մտահոգ են, թե Սփյուռքը ինչու է լուռ, ապա վաղուց էր պետք մտածել այդ մասին և նաև մտածել, թե Սփյուռքին ինչպես ներգրավել գործընթացների մեջ: Բայց Սփյուռքը ուղղակի գործիք չէ, որ կոճակը սեղմես և այն աշխատի: Եվ Սփյուռքը իրոք գործում է: Կարևոր հանդիպումներ և ճնշումներ են եղել ԱՄՆ  իշխանությունների վրա, որոնք հանրայնացման ենթակա չեն,  աշխատանք տարվում է ու յուրաքանչյուր խումբ , բացի նրանից, որ նման միացյալ որևէ միջոցառում է իրականացնում, նաև ունի իր առանձին օրակարգն ու գործողության դաշտը:

Խոսելով ՄԱԿ խորհրդից ակնկալիքի, Ֆրանսիայի ներկայացնելիք բանաձևի մասին, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ անշուշտ գնահատելի է, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկի կողմից նման մի բան է արվում: Բայց չմոռանանք նաև, որ բոլորն էլ խոսքից այն կողմ քիչ են անցել: Ամեն մեկն իր մտագություններն ու շահերն ունեն: Ռուսերն ամեն ինչ անում են, որ այս հարցում բացառեն Արևմուտքին, Արևմուտքն էլ՝ համապատասխանաբար՝ Ռուսաստանին: Դրանից օգտվում են մեր թշնամիները: Բայց իհարկե ողջունելի է Ֆրանսիայի քայլը: Վիգեն Հովսեփյանն ասաց նաև, որ դժվար թե Ֆրանսիան միայնակ նման բան աներ, հավանաբար ինչ որ ներքին համաձայնություններ կան Ֆրանսիայի և այլ երկրների միջև:

Ինչ վերաբերում է հայաստանյան վերլուծաբաններին, Վիգեն Հովսեփյանը նկատեց, որ Հայաստանում իրատեսությունն ու վատատեսությունը շփոթում են իրար: Հայկական թերահավատությունն ամենուր է առկա, բայց գոյություն ունի ռեալ իրավիճակ, որը պետք է հաշվի առնել ու աշխատանք ծավալել, ոչ թե պարզապես ասել, որ չի ստացվի: Ժամանակին նույն թերահավատությունը շատ հարցերի վերաբերյալ է եղել, ինչպես օրինակ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչմանը հասնելը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *