Հայաստան

Հանրապետություն

Բոլշեւիկների կողմից Կապանի գրավումից հետո Նժդեհի կողմնակիցները շարունակում էին կազմակերպչական աշխատանքները։ Տարբեր գյուղերում կային մարտական խմբեր, որոնք պատրաստ էին առաջին իսկ հնարավորության դեպքում զենքի դիմել։

1920թ. հոկտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետությունը ծանր մարտեր էր մղում թուրքական բանակի դեմ, Խուստուփում ամրացած Նժդեհն իր մարտիկների հետ նոր հարձակում էր ծրագրում. սեպտեմբերի նահանջն ու Կապանի կորուստը չէին հուսալքել Լեռնահայաստանի հերոսներին։ Նժդեհի ուժերը վերջնականապես ջախջախելու մտադրությունից չէին հրաժարվում նաեւ բոլշեւիկները։

1920թ. հոկտեմբերի 1-ին Կարմիր բանակի ստորաբաժանումները վերսկսում են հարձակումը Գենվազի ուղղությամբ, որն ուներ նաեւ ավելի խոշոր ռազմաքաղաքական նպատակ՝ միավորվել Նախիջեւանի հետ։

«Գենվազում կռիվները շարունակվում են նախկին թափով։ Սեղմում են մեզ երկու կողմից՝ 1. Շվանիձորի, 2. Օրդուբադի։ Կասկածից դուրս է, որ Ադրբեջանը որոշել է կապվել Նախիջեւանի հետ՝ վերացնելով մեջտեղից Գենվազը»,- Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարին հեռագրում էր Աշոտ Մելիք-Մուսյանը։

Զանգեզուրին օգնության հասնելու եւ թշնամու ուժերը շեղելու համար հայկական զորամասերը Դարալագյազից անցնում են հարձակման Սիսիանի ուղղությամբ։ Հոկտեմբերի 2-ին Նժդեհի մարտիկները թեւանցում են հակառակորդին Կարճեւանի մոտ եւ ստիպում նահանջել։ Շվանիձորի վրա հակառակորդի բոլոր գրոհները նույնպես հետ են մղվում։

Զեկուցելով ռազմական դրությունը՝ Նժդեհը գրում էր, որ հաջողության հասնելու դեպքում ինքը սկսելու է Կապարգողթի ազատագրման գործողությունը։ Միաժամանակ, արդեն որերորդ անգամ նա Հայաստանի կառավարությունից օգնություն էր խնդրում.«Մի ավելորդ անգամ եւս խնդրում եմ արագացնել ձեր օգնությունը։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ դուք կարող եք անտես առնել Ղափանի, Գենվազի եւ Գողթանի ռազմական խոշոր նշանակությունը մանուկ Հայաստանի համար, ինչպես նաեւ այդ շրջանների հերոսական ժողովրդի ֆիզիկական գոյության կարեւոր խնդիրը»,- գրում էր նա։

11-ՐԴ ԲԱՆԱԿԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հոկտեմբերի 4-ին 11-րդ բանակի ստորաբաժանումները երեք ուղղությամբ կրկին անցնում են հարձակման։ Հայկական ուժերը, չնայած հերոսական դիմադրությանը, ստիպված են լինում թողնել գյուղը եւ դիմադրությունը շարունակել Բարթազ, Շահբազ Յուրդի եւ Ալանգյազ գծում։ Զինամթերքի խիստ պակասը ստիպում էր դիմել հին ու փորձված գիշերային հարձակումների, պայթուցիկ տակառներով թշնամուն խուճապի մատնելու եւ ոչնչացնելու մարտավարությանը։ Ալանգյազի մոտ Նժդեհի մարտիկների մոտ 20-հոգանոց խումբը Նախիջեւանի կողմից եկող կարմիրբանակայինների 100-հոգանոց ստորաբաժանմանը դարանակալում է ձորում։ Երբ թշնամին անցնում է նեղ կածանով, երկու կողմից գլորվում են պայթուցիկ տակառները, որոնք ցաքուցրիվ են անում զինվորներին։ Ողջ մնացածները շտապում են հանձնվել, եւ մեծ է լինում նրանց զարմանքը, երբ զենքը ձեռքին ընդառաջ են դուրս գալիս հազիվ 20 զինվոր։ Հաջորդ օրն արդեն թշնամին ստիպված նահանջում է Օրդուբադ։

Հոկտեմբերի 5-ին Նժդեհը հերթական կոչն է ուղղում Կապանի բնակչությանը։ Նա ասում էր, որ քաղաքի անկումից հետո ինքը մի խումբ քաջերով պայքարում է Կապանի կորցրած փառքը վերականգնելու համար.«Ղափա՛ն, զղջո՞ւմ ես արարքիդ համար. ի՞նչ եղավ Ադրբեջանին ծախված հայ սրիկաների քեզ խոստացած արքայությունը։ Ոտքի՛, խաբված ժողովուրդ, ոտքի ել, փրկությունդ մոտ է, ոտքի, զենքը ձեռքիդ, կազմ ու պատրաստ ինձ սպասիր Խուստուփից»։

Սկսվում է Կապանի ապստամբության նախապատրաստությունը։

ՆԺԴԵՀԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ

Բոլոր կողմերից շրջապատված, միայնակ կռվելով անհամաչափ հզոր թշնամու դեմ՝ Նժդեհը փորձում էր օգնության ճանապարհներ գտնել։ Նրա դիմումները Հայաստանի կառավարությանը մնում էին անպատասխան։ Հոկտեմբերի 3-ին նա հեռագրում էր Երեւան, որ արդեն 100 օր է՝ լիովին կտրված է Հայաստանի Հանրապետությունից։

«Միայն իմ զինակիցները գիտեն, թե ինչ ռազմադավերի, ինչ թշնամու համար անծանոթ տակտիկական ձեւերի, ինչ երբեմն խենթության հասնող խիզախ քայլերի եմ դիմել ռազմամթերքի ծախսը ամենամինիմալ չափերի հասցնելու համար։ Կռվել եմ ուժանակով, պայթուցիկ տակառներով, տեղումս պատրաստած սվիններով։ Ցերեկները դիմել եմ պաշտպանողականի, գիշերները՝ волчья տակտիկայի»,- գրում էր Նժդեհը։

Լիակատար շրջափակումը մասամբ մեղմելու համար Նժդեհը փորձում է հարաբերություններ հաստատել Իրանի հետ։ Իր հուշերում գրում է, որ 1920թ. սեպտեմբերին բոլշեւիկները հաստատվել էին նաեւ Իրանի մի շարք շրջաններում՝ Լենքորանում, Ռեշտում եւ Ղազվինում, իսկ 11-րդ բանակի 20-րդ հեծյալ բրիգադը եւ երկու գունդ պետք է անցնեին Խուդաֆերինի կամուրջը եւ առաջանային դեպի Ատրպատական։ Սեպտեմբերյան հաջող մարտերից մի քանի օր անց պարսից խաներից մեկը՝ Մութալիմ Սահրանգը, Կարճեւանում հանդիպում է Նժդեհին, շնորհավորում հաղթանակների համար։ Նժդեհն իր հերթին խնդրում է թույլ տալ իր ներկայացուցիչներին անարգել տեղաշարժվել Գենվազ-Թավրիզ ճանապարհով։

«Խնդիրս հարգվում է եւ նույն օրը երեկոյան դեմ խանի հետ Գեդեոն Տեր-Մինասյանը իմ որոշ հանձնարարություններով անցնում է Ատրպատական»,- գրում է Նժդեհը։ Ամենայն հավանականությամբ նա ցանկանում էր ֆինանսական, ռազմական կամ այլ կարգի օգնություն ստանալ Իրանի տարբեր շրջանակներից։

Այս հանդիպումից եւ ներկայացուցիչներին ուղարկելուց մի քանի շաբաթ անց Նժդեհը ստանում է բացասական պատասխան։ «Թավրիզից ոչ մի հույս չկա օգնության։ Բոլորն էլ լալիս են, թե առեւտուր չկա, փող չկա եւ այլն, եւ այլն։ Երկու-երեք հեռագիրներ ենք խփած Երեւան ձեր դրության եւ կարիքների մասին, բայց մինչեւ օրս ոչ մի պատասխան։ Գեդեոն Տեր-Մինասյան, 1920թ., 23 հոկտեմբերի»։

Նժդեհը հանդիպում է նաեւ Մեհթի խանին ու նրա եղբորը, ովքեր խոստանում են անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել Նժդեհին։ Գեդեոն Տեր-Մինասյանից բացի, շուտով Իրան է մեկնում նաեւ Աշոտ Մելիք-Մուսյանը։ Իրանի խաների եւ Նժդեհի բանակցությունների արդյունքում ձեռք է բերվում մի քանի պայմանավորվածություն՝ 1. Կանոնավոր կապեր հաստատել Թավրիզի հետ, 2. Խաները հանձն են առնում Նժդեհին տեղեկություններ տրամադրել Օրդուբադի կողմից հարձակվող Կարմիր բանակի մասին։

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Բոլշեւիկների կողմից Կապանի գրավումից հետո Նժդեհի կողմնակիցները շարունակում էին կազմակերպչական աշխատանքները։ Տարբեր գյուղերում կային մարտական խմբեր, որոնք պատրաստ էին առաջին իսկ հնարավորության դեպքում զենքի դիմել։ Նրանք ակտիվորեն հետախուզում էին տեղանքը, հետեւում բոլշեւիկյան զորքերի տեղաշարժին, սպառազինությանը։ Հոկտեմբերի 8-ին Խուստուփի լանջերին փռված Արխալըղ գյուղում տեղի է ունենում Նժդեհի վաշտապետների գաղտնի հանդիպումը, որտեղ որոշվում է միացյալ ապստամբություն սկսել Կապանում։

Կարմիրբանակայինները տեղյակ էին նախապատրաստվող ապստամբության մասին եւ լրացուցիչ ուժեր էին կենտրոնացնում։ Կապանի տարբեր հատվածներում ամրացվում են 251-րդ եւ 252-րդ հրաձգային գնդերը, իսկ Հանքերի մոտակա գյուղերում կար շուրջ 400 զինվոր։

Ապստամբությունը սկսվում է հոկտեմբերի 9-ին, երբ Նժդեհի զինակիցներից Արմենակ Դավթյանի մարտիկները ձերբակալում են Ճակատեն գյուղի հեղկոմի անդամներին ու գրավում գյուղը։ Համաձայն պայմանավորվածության՝ Խուստուփի մոտ պետք է հավաքվեր Գենվազի մոտ 300 մարտիկ, սակայն Շվանիձորի գծում նկատվել էր հակառակորդի զորքերի շարժ, եւ հայերը ստիպված մնացել էին տեղում։ Չնայած այս անսպասելի իրադարձությանը՝ Նժդեհը յոթ ընկերոջ հետ շտապում է Կապան, որտեղ հանդիպում է Գերասիմ Աթաջանյանի եւ Արմենակ Դավթյանի մարտիկներին՝ ընդհանուր մոտ 50 հոգի։ Նրանք գիշերը շարժվում են դեպի Գյութկում գյուղը, որի բոլշեւիկյան զորամասը անհոգ քնած էր, նույնիսկ պահակներ չկային։ Հայերը շրջապատում են դպրոցի շենքը, եւ մի խումբը ներս է մտնում։ Կարմիրբանակայիններն արթնանում են եւ տեսնելով զինված մարդկանց՝ հասկանում, որ դիմադրությունն անիմաստ է։ Նժդեհն ասում է, որ իրենց պետք է միայն զենքն ու զինամթերքը, ու երաշխավորում զինվորների կյանքը։ Նույն օրը ապստամբները տարբեր գյուղերում զինաթափում կամ ոչնչացնում են թշնամուն եւ տարբեր կողմերից մոտենում Հանքերին։ Զորամասի վրա նետված պայթուցիկ տակառներն ու կատաղի հրաձգությունը խուճապ են առաջացնում, եւ կարճ ժամանակում բնակավայրն ամբողջովին գրավվում է։ Կարմիրբանակայինները անկանոն դիմադրությամբ նահանջում են Գորիս եւ Գեղվաձոր։ Հոկտեմբերի 10-ին Կապանն ազատագրված էր։ Փախուստի դիմած հակառակորդը թողել էր մոտ 20 գնդացիր, 200 հրացան, 200-ից ավելի ձի, 100 000 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Հետապնդելով թշնամուն՝ կատաղի մարտեր են ծավալվում Կավարտ եւ Բարաբաթում գյուղերում, որոնց մասնակցում էին նաեւ հայ բոլշեւիկներն ու տեղական հեղկոմները։ Շուտով, սակայն, նրանք շրջապատվում են եւ հանձնվում։ Հաջորդ օրը հեղկոմների նախագահներն ու ակտիվ բոլշեւիկներից մի քանիսը գնդակահարվում են։

Երկօրյա մարտերում Նժդեհի մարտիկները գերեվարում են շուրջ 500 զինվոր, որոնք շուտով մեծ դժվարություններ են ստեղծում. սուղ սննդի ու մարդկանց պակասության պայմաններում դժվար էր գերիներին կերակրել եւ պահպանել։ Նժդեհը կրկին դիմում է Հայաստանի իշխանություններին.

«Հայաստանի պառլամենտի անդամներ Ե. Միրաքյան եւ Գ. Բալայան

Սիր. Ընկերներ!

Պողոսն ինձ գրում է, որ հարցապնդել է Ձեզ, թե կարելի՞ է Ղափանում իմ գերի վերցրած բոլշեւիկներին, թվով 500 հոգի, փոխադրել Դարալագյազով Հայաստան։

Գերիների փոխադրության համար սա չորրորդ անգամն է, որ գրում եմ, դիմում, խնդրում, որ ինձ եւ Ղափանը ազատեք սրանցից, որովհետեւ տնտեսական սուր կրիզիսի շնորհիվ մենք հնարավորություն չունենք սրանց մի ավելորդ օր անգամ կերակրելու։

Ես սրանց բաց թողնել, հանձնիլ աշխարհի չորս քամիներին չեմ կարող, որովհետեւ իրենք էլ՝ գերիները չեն թաքցնում, որ եթե ընկան Ադրբեջան՝ այնտեղ նրանց նորից կզինեն եւ կուղարկեն Ղափանի դեմ։ Վերջապես՝ այլեւս ինչո՞ւ եմ կռվում, երբ ստիպված պիտի լինիմ վերցրածս գերիներին (ամբողջ գնդեր) բաց թողնելու։ Մի՞թե այդպիսի գերողբերգական դրության մեջ կարելի է դնել մի ղեկավարի, որը արյուն է թքում, մի ղեկավարի, որին զլանում են անգամ որոշ հրահանգներ տալու, պարզ ասելու՝ զա՛րկ թշնամուն մինչեւ կզարնվիս սրտիցդ կամ ճանապարհ տուր զուլումին, որ ազատորեն Հայաստան անցնի» (ՀԱԱ, ֆ.198, ց.1, գ.73)։

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Նժդեհի հաջող ռազմական գործողությունները նպաստում են նաեւ Սիսիանի ուղղությամբ առաջխաղացմանը։ Հոկտեմբերի 12-ին Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարությամբ հայկական ուժերը Վայոց ձորից անցնում են հարձակման եւ գրավում Սիսիանի շրջանի մեծ մասը։

11-րդ Կարմիր բանակի 28-րդ դիվիզիայի հրամանատար Նեստերովսկին 1920թ. հոկտեմբերի 14-ի գաղտնի գրության մեջ նշում էր, որ Զանգեզուրում եղած մի քանի գնդի հետ կապն ամբողջովին կտրվել է. «Համարյա ամբողջ Զանգեզուրում բռնկվել է ապստամբություն։ Ապստամբած հայերը գրավել են Անգեղակոթ-Ղարաքիլիսան, ամբողջ Ղափանի շրջանը եւ Օխչի չայի ու Մեղրի չայի ավազանները։ Նյուվադի գյուղի շրջանում գործող 252-րդ հրաձգային եւ Կովկասյան 2-րդ գնդի հետ կապը խզված է»։

Բոլշեւիկները չէին կարող համակերպվել ծանր պարտության հետ, ուստի անմիջապես ձեռնամուխ են լինում հակահարձակման։ Նեստերովսկու հրամանով մարտական գործողություններին պետք է մասնակցեին 83-րդ բրիգադի երեք եւ 84-րդ բրիգադի երկու գնդերը։ Դիվիզիայի հրամանատարը հատուկ նշում էր, որ պետք է «խուսափել մարդասիրական միջոցներից»։«Պետք է դաժան լինել ապստամբ բնակչության հետ, որպեսզի նա զգա բանվորական բռունցքի թափը։ Դիմադրողներին գերի չվերցնել եւ կենդանի բաց չթողնել ոչ մի բանդիտի։ Եթե հանգամանքները կստիպեն՝ կանգ չառնել ամբողջ գյուղերն ավերելու առաջ, հիշելով այն, որ աններողամտությունն ու դաժանությունը, նամանավանդ Կովկասում, կհասցնի լավ հետեւանքների»։

Այսպիսի միջոցներով Նեստերովսկին հույս ուներ կոտրելու Զանգեզուրի դիմադրությունը։

«ՄՈՒՐՃ ԵՎ ՈՍՏԱՅՆ»

Հարձակումը սկսվում է հոկտեմբերի 15-ին, եւ բոլշեւիկները սկզբնապես որոշ հաջողություններ են արձանագրում։ Նժդեհն իր զորքերին հրամայում է դիմել «մուրճ եւ ոստայն» միջոցին։ Ինչպես գրել է Նժդեհը, այս մարտավարությամբ նա իր ռազմական ուժերի փոքր մասը տարածում էր ռազմաճակատի ոչ այնքան կարեւոր հատվածներում, իսկ հիմնական՝ հարվածային ուժերը կենտրոնացնում էր իր հրամանատարության տակ։ Թշնամու հարձակման դեպքում հիմնական ուժերը սպասում էին, մինչեւ թշնամին առաջանում էր՝ թուլացնելով իր կարեւոր հենարանները։ Այնուհետեւ «թեւային կամ թիկունքային արագ շարժումով, իմ կենդանի մուրճը իջեցնում էր թշնամու հենց նույն կարեւոր կետերի վրա»։ Հենց այս մարտավարությունն էլ կիրառվում է հոկտեմբերի 18-ին. Խոտանանի զորասյունը պայթուցիկներով խուճապ է առաջացնում Ինջաբելի ճակատում կենտրոնացած կարմիրբանակայինների շարքերում։ Նույն պահին թեւանցող խումբը Տափասարից հարվածում է թշնամուն, իսկ Տաթեւի կողմից գրոհում են Պողոս Տեր-Դավթյանի մարտիկները։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան հակառակորդի մի մասն արդեն հանձնվել էր, մյուսները խուճապահար թողել էին ռազմի դաշտը. 84-րդ բրիգադը գրեթե ամբողջությամբ ջախջախվում է եւ նահանջում դեպի Խոտանան։ Մեծ կորուստներ է ունենում նաեւ 11-րդ բանակի 20-րդ դիվիզիան, որը շարժվում էր Նյուվադիի ուղղությամբ։ Նրանք եւս մեծ ջարդ են ստանում Գենվազում ու նահանջում դեպի Ադրբեջան։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *