Հայաստան

ՄԱԿ ԱԽ Փակ Արկղը

Նիստում «բացակայում» էր ամենից կարևորը՝ Արցախի շուրջ առկա իրավիճակ փոխելու որևէ շատ թե քիչ շոշափելի և պատասխանատու կամքի առկայությունը, թեկուզ մշտական և ոչ մշտական անդամների մի որևէ սեգմենտի շրջանակում, եթե ոչ ամբողջ խորհրդի:

Հակոբ Բադալյան

Որտե՞ղ է բացվելու ՄԱԿ ԱԽ նիստում փակ մնացած արկղը

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որ տեղի ունեցավ Նյու Յորքում օգոստոսի 16-ին, չի լուծել Արցախի պաշարման և մարդասիրական աղետի չեզոքացման հարցը, բայց կրքեր է բորբոքել հայկական հանրությունում: Կրքերը վերաբերում են նրան, թե ինչ տվեց, կամ չտվեց այդ նիստը Արցախին, Հայաստանին, այն դիվանագիտական ձախողու՞մ էր, թե՞ ոչ, կամ՝ Հայաստանը Նյու Յորքում արե՞ց դիվանագիտական-քաղաքական բավարար շեշտադրումներ, ներկայացրե՞ց բավարար փաստեր ու փաստարկներ, թե՞ ոչ:

Անշուշտ, այստեղ հարցեր, հարցադրումներ, թեմաներ են, որոնց վերաբերյալ կարծիքներն ու տեսակետները միշտ էլ եղել են տարբեր, ու բնական է ՄԱԿ ԱԽ նիստից հետո դրանց շուրջ քննարկումների աշխուժացումը, հատկապես նկատի ունենալով և այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կար որոշակիորեն ձևավորված մի սպասում՝ կապված ՄԱԿ ԱԽ հետ: Ընդ որում, ավելի վաղ ձևավորված սպասում, քան ՄԱԿ ԱԽ-ին ուղղված Հայաստանի դիմումը:

Դեռևս ամիսներ առաջ հնչում էին կարծիքներ, թե Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ: Իհարկե, այդ կարծիքները, հորդորներն ու կոչերը գործնականում չէին ուղեկցվում բովանդակային փաստարկումներով, թե ո՞րն է «պետք է դիմի»-ի հիմնավորումը, բացի այն՝ որոշակիորեն «մեխանիկական» բնույթ ստացած եզրահանգումների կամ ընկալումների, ըստ որոնց այնտեղ կչեզոքացնեն այն օրակարգերը, որ այստեղ շրջանառվում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև ու «իմպլեմենտացվում» Հայաստանի և Արցախի դեմ: Ընդ որում, այդ եզրահանգումներն ու ընկալումները միանգամայն հիմնավոր են ու ծանրակշիռ՝ տառապանքով փորձված, բայց արդյո՞ք դրանից ինքնաբերաբար բխում է այն, որ ՄԱԿ ԱԽ-ում իրավիճակը և օրակարգը շրջվելու է 180 աստիճանով: Մեղմ ասած՝ ոչ, և ՄԱԿ ԱԽ նիստը պարզապես հաստատեց այդ հանգամանքը:

Նիստի ընթացքում ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հնգյակը, նաև մյուս՝ ոչ մշտական անդամներն իրենց մտահոգությունը արտահայտեցին մարդասիրական վիճակի առնչությամբ, հայտնեցին մարդասիրական ուղիներ ապահովելու անհրաժեշտության մասին, բայց նիստում «բացակայում» էր ամենից կարևորը՝ Արցախի շուրջ առկա իրավիճակ փոխելու որևէ շատ թե քիչ շոշափելի և պատասխանատու կամքի առկայությունը, թեկուզ մշտական և ոչ մշտական անդամների մի որևէ սեգմենտի շրջանակում, եթե ոչ ամբողջ խորհրդի: Եվ սրա պատճառն ամենևին այն չէ, որ Հայաստանի  փաստարկները կատարյալ և անթերի չէին, կամ պակասում էր այս կամ այն շեշտադրումը: Պարզապես, ՄԱԿ ԱԽ վճռորոշ հնգյակը այսօր ինքն է բառի բուն իմաստով պատերազմի մեջ:

Օրինակ, եթե նախկինում այդ կառույցի մշտական անդամները որևէ հարց, հակամարտություն քննարկել են՝ ունենալով շահերի և ռազմավարությունների պատկերացումներ, սակայն առանց անմիջական պատերազմական բախման ռեժիմի, ապա այսօր նրանք մի կերպ հոգում են իրենց պատերազմի հարցը, հետևաբար՝ հայ-ադրբեջանական պատերազմի հարցը նրանց համար ընդամենը «սեփական պատերազմին» ենթարկեցնելու խնդիր է: Կրկնեմ, նույնիսկ ոչ թե սեփական շահերին, ռազմավարություններին, այլ՝ «սեփական պատերազմին»: «Սեփական պատերազմը» չավարտած, նրանք որևէ հավաքական քայլ չեն անի հայ-ադրբեջանական պատերազմը ավարտելու ուղղությամբ: Իսկ «սեփական պատերազմը» նրանք նոր են միայն սկսել, և խիստ անորոշ է, թե այն ինչպես կշարունակեն, որքան, և՝ որտեղ: Եվ սա ոչ միայն առաջ է բերում ՄԱԿ ԱԽ-ում որևէ էական լուծման անիրատեսականության ցավալիորեն բարձր հավանականություն, այլ նաև առաջ է բերում վտանգ, որ Կովկասը կարող է վերածվել նրանց պատերազմի նոր թատերաբեմի: Մոտիվները, պատճառները, բավականաչափ են:

ՄԱԿ ԱԽ նիստում նկատելի էր այն, որ քննարկումը չվերածվեց աշխարհաքաղաքական բախման: Սա կարող է դիտվել դրական «երակ», հատկապես, որ հայկական կողմի համար խնդիրը, թերևս, ունի թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական էական նշանակություն՝ առավելագույնս չեզոքացնել արցախյան հարցի դիտարկումը աշխարհաքաղաքական բախման «պրիզմայով» քննարկելու ռիսկը: Դա շատ բարդ խնդիր է, բայց շատ կարևոր: Այդ իմաստով, չնայած նիստի անարդյունավետությանը, այդուհանդերձ՝ ողջունելի էր աշխարհաքաղաքական բախման բացակայությունը, գոնե առերևույթ, որովհետև տողատակում, իհարկե, որևէ տերություն և ուժային կենտրոն չէր հրաժարվել և մտադիր էլ չէ հրաժարվել իր խորքային շահերից, որոնք այսօր ընդհուպ համաշխարհային պատերազմի ռեժիմում են:

Իսկ այստեղ առկա է մի էական հանգամանք՝ համաշխարհային պատերազմը դրա մասնակից բևեռների համար կարևոր է դարձնում Ադրբեջանի, ըստ այդմ՝ նաև Թուրքիայի հետ շոշափելի և հիմնարար հակադրությունից խուսափելը, քանի որ դրանից կարող է օգտվել հակառակ կողմը: Այստեղ է առանցքային խնդիրը, այլ ոչ թե, այսպես ասած, «միջազգային հանրությանը» որևէ բան հասցնելը կամ համոզելը: Գերտերություններից որևէ մեկը հազիվ թե ունի գետնի վրա իրավիճակը պատկերացնելու խնդիր: Բայց, նրանցից որևէ մեկը չունի այդ իրավիճակը փոխելու համար Ադրբեջանի հետ հակադրության մեջ մտնելու ցանկություն: Սա բոլորովին չի նշանակում, թե այդպիսով Հայաստանի ու Արցախի համար ավելորդ է դառնում իրավիճակը միջազգային ատյաններում և դերակատարներին մատուցելու տեղեկատվական, դիվանագիտական աշխատանքը: Դա կարևոր է և անհրաժեշտ: Ամբողջ հարցն այն է, որ աշխատանքի սեգմենտավորումը պետք է կատարվի միջազգային հարաբերությունների բնույթին համարժեք, չկտրվելով իրական քաղաքականության գործոններից: Առավել ևս, որ կա նաև առերևույթ այդ հանդարտության հակառակ երեսը:

Խոսքն այն մասին է, որ ՄԱԿ ԱԽ նիստում որևէ մեկը չբացեց «Պանդորայի արկղը», որևէ կտրուկ շարժումով կամ հայտարարությամբ, ինչը փաստացի հղի է փակուղային իրավիճակի խորացումով և լիցքերի կուտակումով։ Իսկ սա էլ իր հերթին ցանկացած փակուղու, առավել ևս ոչ միայն դիվանագիտական թնջուկի, այլ նաև մարդասիրական աղետի ռիսկ պարունակող փակուղու անխուսափելի հետևանքն է: Փաստորեն, ՄԱԿ ԱԽ-ում որևէ մեկը չստանձնեց իրավիճակի լիցքաթափման էական, գործնական պատրաստակամության պատասխանատվություն, և աշխարհաքաղաքական բախման բացակայությունը կարող է լինել ընդամենը դրա արդյունք: Ըստ այդմ, մի երեսի վրա այն լինելով ողջունելի՝ երբ կենտրոնում մարդասիրական հարցերն են և դրանց լուծման գիտակցումը, մյուս երեսի վրա այն կարող է պարունակել ստորջրյա խութեր՝ կուտակվող լիցքերի և խորացող փակուղու տեսքով: Առավել ևս, որ բավականին շոշափելի է դառնում ուկրաինական ճակատում խտացած համաշխարհային պատերազմի այսպես ասած տարածականության, «ապակենտրոնացման» միտումը, ինչը գուցե թե ուկրաինական ճակատում որոշակի «լճացման» կամ «ճահճացման» հետևանք է:

Այդ իմաստով խիստ հատկանշական է, որ ՄԱԿ ԱԽ նիստից կարճ ժամանակ անց տեղի է ունենում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի այցը Ջերմուկ, որտեղ նա ծանոթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, անվտանգության հարցերին: Ընդ որում, փաստը, որ նրան ուղեկցել է նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը, հուշում է, որ այցը ունեցել է բավականին առարկայական մոտիվներ: Դրան զուգահեռ, Արցախի հարցը դառնում է Ֆրանսիայի ու Չինաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցի առարկա, որը ևս հաջորդում է ՄԱկ ԱԽ նիստին: Նիստի հետ ուղիղ պատճառահետևանքային կապ կա, թե ոչ՝ բարդ է ասել, սակայն ուշագրավ է, որ, ըստ Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության, Կատրին Կոլոնան և Վան Ին քննարկել են Ուկրաինայի, Նիգերի և Արցախի թեմաները: Չինաստանը աշխույժ և անմիջական ներգրավվածություն չունի այդ թեմայում, հետևաբար՝ Ֆրանսիա-Չինաստան արտգործնախարարական հեռախոսազրույցում դրա առկայությունը խոսում է այն մասին, որ Արցախի թեմայի առիթով շոշափվում է ռեգիոնալ լայն նշանակության խնդիր, որը համարժեք է դառնում Ուկրաինայում և Նիգերում առկա հարցերին:

Իսկ այդ ամենն էլ Էրդողան-Պուտին հանդիպման սպասման ֆոնին, որը թե՛ Արցախի իրավիճակի, թե՛ Կովկասի զարգացումների համար ունի, թերևս, շատ ավելի պրակտիկ նշանակություն և ազդեցություն, քան ՄԱԿ ԱԽ նիստը: Թուրքիան, որ հուլիսին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակում նկատելի շարժ արեց դեպի Արևմուտք, վեհաժողովից հետո փորձում է վերադարձնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև «բալանսավորողի» իր դերը: Որքան էլ տարօրինակ թվա, բայց այդ դերն ունի որոշակի պահանջարկ թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի մոտ, պարզապես խնդիրը գինն է, թե ի՞նչ գնով է Թուրքիան ստանձնելու այդ դերը, ո՞վ է ավելի շատ գին վճարելու դրա համար: Եվ այս հանգամանքն է նաև, որ բավականին շոշափելի ռիսկեր է առաջացնում ռուս-թուրքական հարաբերության հարցում ամենից զգայուն տարածաշրջանի՝ Կովկասի համար:

ՄԱԿ ԱԽ նիստը, որտեղ քննարկվում էր Արցախի մարդասիրական իրավիճակը, իր անորոշությամբ և, ըստ էության, բավականին ընդհանրացված ու հռչակագրային տրամաբանությամբ արտացոլում էր հենց այդ խնդիրը՝ ռուս-թուրքական հարաբերության: Բաքուն փորձում է խաղալ դրա վրա, ձգտելով առավելագույնս օգտվել այդ անորոշությունից: Այդ խաղը շատ, թե քիչ սահմանափակելուն էր միտված այսպես կոչված «լավրովյան առաջարկների» հանրայնացումը ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ, որ եղավ Արցախից: Մեծ հաշվով, այդ «առաջարկների» բովանդակությունն այն գինն է, որ Մոսկվան ինչպես միշտ պատկերացնում է հայկական շահերի հաշվին վճարել Թուրքիայի «բալանսավորող» դերի վերականգնման համար: Մյուս կողմից, սակայն, «առաջարկների» հանրայնացումն անուղղակի, բայց պատասխանատվության նշաձող է սահմանում մյուս՝ արևմտյան դերակատարների համար: Իսկ նրա՞նք ինչ գին են պատկերացնում, և պատկերացնու՞մ են Թուրքիայի աշխարհաքաղաքական դերի՝ իրենց համար կառավարելիության այլ գին, քան հայկական շահերը և մասնավորապես՝ Արցախի գոյությունը:

ՄԱԿ ԱԽ նիստում անորոշության է մատնվել այդ գլխավոր հարցի պատասխանը, կամ գուցե այն մատնվել է պարզապես լռության: Բայց, լռության ժամանակը շատ չէ, և Հայաստանն ու Արցախը պետք է ինտենսիվացնեն աշխատանքը հավասարակշռված պատասխան ստանալու համար, անկախ այն բանից, թե որ կողմից կլինի այն: Իսկ աշխատել պետք է բոլոր կողմերի հետ, առնվազն ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների հետ, սակայն ստեղծելով, իհարկե, մի քանի այլ կարևոր խաղացողի հետ ինտենսիվ աշխատանքի հնարավորություն, այդ թվում՝ Իրանի և Հնդկաստանի: ՄԱԿ ԱԽ նիստն այդ իմաստով պետք է չափել ոչ իբրև հանգրվան, այլ իբրև աշխատանքային շղթայի օղակ: Համաշխարհային պատերազմի ռեժիմում գտնվող աշխարհում թերևս չեն կարող լինել հանգրվաններ, և խնդիրները պահանջում են շղթայական դիտարկում, որտեղ կարևոր է լինելու գործընթացը և այդ գործընթացում դիրքերի պահպանման նվազագույն խնդիրը:

Իսկ այդ խնդիրն արդյունավետ լուծելու, կամ լուծման արդյունավետության առավելագույն գործակից պահպանելու համար շատ կարևոր է հայկական ներքին ռեսուրսի կենտրոնացումը և գեներացիան: Այն պահանջելու է մտածողության, աշխահայացքային և քաղաքական որակների, միջազգային հարաբերությունների և ներկայումս տեղի ունեցողի ընկալումների էական փոփոխություն, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր լինելու ապահովել հայկական դիվանագիտական ներուժի կենսունակություն այն բարդ միջավայրում, որում պետք է աշխատի այդ ներուժը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան

Հոդվածը՝ theanalyticon.com կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *