Ֆրանսիան գործում է բացառապես իր շահերից ելնելով, ինչը նորմալ է, այդպես էլ պիտի լիներ: Մենք ոչ թե պիտի փրկության սպասենք, այլ փորձենք մեր շահը համատեղել նրանց շահի հետ:
Դավիթ Ստեփանյան
1inTV-ն զրուցել է Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ:
Զրույցի ընթացքում շոշափվել են արևմտյան և ռուսական դիրքորոշումները Արցախի ու Հայաստանի հանդեպ, հայկական տարբեր ժամանակների իշխանությունների պահվածքը, հայ-թուրքական հարաբերությունները և այլն:
Զրույցի սկզբում, շոշափվեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն առ այն որ դիվանագիտական խաղերի ժամանակը չէ, որովհետև Արցախում շատ ծանր հումանիտար ճգնաժամ է:
Փորձագետի խոսքերով Ֆրանսիան ցանկանում է վերականգնել իր դիրքերը այն բանից հետո, երբ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի հետևանքով Ռուսաստանը և Թուրքիան դուրս մղեցին Ֆրանսիային այս գործընթացներից: Ֆրանսիան գործում է բացառապես իր շահերից ելնելով, ինչը նորմալ է, այդպես էլ պիտի լիներ: Մենք ոչ թե պիտի փրկության սպասենք, այլ փորձենք մեր շահը համատեղել նրանց շահի հետ: Դա ևս նորմալ գործընթաց է, որը տարածված պրակտիկա է: Երբ ասում են պայմանագիր Ֆրանսիայի հետ, պետք է հասկանալ նախ և առաջ քաղաքական պայմանագիր:
Դավիթ Ստեփանյանը խոսեց նաև Գերմանիայի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Բեռլինի դիրքորոշմանն առ այն, որ գերմանական պաշտոնական դիրքոշման մեջ նաև արտահայտվում է հենց Լաչինի միջանցք բացման կարևորությունը: Հայտարարության մեջ նշվում է միայն Լաչինի անունը, այլ ոչ թե «բոլոր ճանապարհներ» արտահայտությունը:
Ստեփանյանի խոսքերով Եվրոպայում հստակ կոնսենսուս կա այս հարցով, որը ձևավորվել է անմիջապես 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո:
Դավիթ Ստեփանյանն իր խոսքում այն համոզում արտահայտեց, որ եթե մենք մեզ համարում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս, մենք պետք է հստակ և ուղիղ քայլեր անենք դեպի Արևմուտք: Այն հարցին, թե իսկ Եվրոպան ուզո՞ւմ է սեղմել մեր ձեռքը, նա պատասխանեց ասելով. «Իսկ մենք փորձե՞լ ենք»: Եթե մենք շարունակում ենք բոլոր թելերով կապված մնալ Ռուսաստանի հետ, նշանակում է, մենք չենք կարող Եվրոպայից ինչ որ բան սպասել: Ռուսաստանի հետ մնալը մեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնելու:
Փարիզը մեկ անգամ չէ, որ հստակ հասկացնում է մեզ, որ ՀՀ կողմից ուղիղ արձագանքի ու առաջարկի է սպասում: Մենք արդեն իսկ փորձել ենք մի անգամ գնալ դեպի Եվրոպա: Դավիթ Ստեփանյանը հիշատակեց Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ վերջինս ռուսամետ է դարձել միայն 2018թ. մայիսին: Սերժ Սարգսյանը երեք տարի շարունակ փորձեց Հայաստանը տանել Եվրաինտեգրման ճանապարհով, իսկ թե ինչ տեղի ունեցավ, որ մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց և մենք անդամակցեցինք Մաքսային Միությանը, անպատասխան հարց է:
Խոսելով Արցախի մասին՝ Դ. Ստեփանյանն ասաց, որ աշխարհում չկա գոնե մեկ իրավական փաստաթուղթ այն մասին, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Իսկ մենք մոռանում ենք այդ մասին և իրավական ու քաղաքական գործոնները թողել ենք մի կողմ և խոսում ենք բացառապես հումանիտար տրամաբանությամբ:
Տեսանյութն ամբողջությամբ՝