Մաս II
Երբ Բագրատ Առաքելյանը հարցրել է, թե Մաքսային Միությանը անդամակցելու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը և հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»: Սա ցուցմունք է առ այն, որ Սերժ Սարգսյանին ԵՏՄ մտնելու հարցում մտածելու համար մեկ գիշեր ժամանակ են տվել: Ակնհայտ է՝ այդ որոշումը կայացրել էր կամ Վլադիմիր Պուտինը կամ նրա սպառնալիքների արդյունքում կայացրել էր Սերժ Սարգսյանը: Կամ էլ՝ Պուտինը նկարագրել էր այն հետևանքները, որ սպասվում են Հայաստանին, և վախեցրել Սարգսյանին։
Ռոբերտ Անանյան
Շախմատիստի և ուժեղ գեոպոլիտիկ կարողություններով առաջնորդի համբավ ունեցող Սերժ Սարգսյանը տապալվեց։
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ թե Ռուսաստանի աջակցությունն էր ապահովել Հայաստանի համար, այլ՝ արագացրել էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության տակ դնելու ռուս-ադրբեջանական համաձայնության իրականացման պրոցեսը։
Հայաստանն արդեն Ռուսաստանի գրպանում էր, անհրաժեշտ էր գոհացնել արդեն Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական կոնտինգենտ տեղակայելու սցենարի իրագործումը բերելու էր Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության մեծացմանը։ Ռուսաստանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանինը։ Եվ Ղարաբաղում ռազմական ներկայություն ունենալը Կրեմլի տրամաբանությամբ, կնշանակեր, որ Ռուսաստանը ռազմական հենակետեր ունի, Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում (Աբխազիա, Հարավային Օսեթիա)։
Սակայն ռուս-ադրբեջանական համաձայնությամբ պատերազմի սցենարը ձգձգվեց Սասնա ծռերի ապստամբության, Սերժ Սարգսյանի՝ խաղաղ լուծման գնալու խոստումների, ապա նաև՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության և նոր իշխանության գալու արդյունքում։
Ուկրաինայի դեմ նոր պատերազմի պատրաստվող Վլադիմիր Պուտինի սպասեց ևս երկու տարի։
Փաշինյանի իշխանությունը Լավրովի պլանի խաղաղ լուծմանը չհամաձայնվեց։ 2020-ին Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ «հաջողված օպերացիա» անցկացրին Լեռնային Ղարաբաղի դեմ։ Շոյգուն ողջ առողջ է դեռևս, կարող է ավելի շատ մանրամասներով սա փաստել։ Իսկ Շոյգուի հետ ուղիղ կապ չունեցողները կարող են իրենց հարց տալ՝ ինչի՞ խորհրդանիշ է Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, եթե ոչ՝ 2020-ի պատերազմի ռուս-թուրքական համաձայնեցման։
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը Սերժ Սարգսյանի ռազմավարական սխալն էր, որը ո՛չ միայն չլուծեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը՝ հայկական պատկերացումներին համարժեք, այլև արգելակեց Հայաստանի՝ եվրոպական նտեգրման հեռանկարը, ու իհարկե՝ չլուծեց Հայաստանի անվտանգության խնդիրը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումները տեղի են ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, եթե չասենք՝ ռուս-ադրբեջանական միասնական օպերացիաներ էին՝ ընդդեմ Հայաստանի՝ Զանգեզուրի միջանցք կորզելու նպատակով։
Կարծում եմ, կար հաշվարկ, որ 2020 թվականի պատերազմի արդյունքներից մեկն էլ լինելու էր Հայաստանի անկախության կորուստը՝ Ռուսաստանի լիարժեք վասալային տարածք դառնալը, սակայն քաղաքական այդ ծրագիրը չիրագործվեց՝ Հայաստանի քաղաքացիների պետականամետ վարքագծի և դիրքավորման շնորհիվ։ Կմանրամասնեմ՝ այլ առիթով։
2013 թվականի սեպտեմբերի 4-ին Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը հայտարարեց, որ Մաքսային միությանը անդամակցելու մասին որոշումը Հայաստանի նախագահը կայացրել է Ռուսաստանի ճնշման ներքո: Եվրամիության պաշտոնյաներն էլ հրաժարվել էին Ասոցացման համաձայնագրի տնտեսական և քաղաքական բաղադրիչները առանձնացնել, և ստորագրել՝ տնտեսական թույլ բաղադրիչով կամ՝ առանց դրա։ 2013-ի սեպտեմբերի 3-ից մեկ տարի անց՝ Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մեկ գիշերում՝ Մոսկվայում։ 2014-ի սեպտեմբերի 23-ի համարում «Առավոտ» թերթը հրապարակեց նույն տարվա հունվարին Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցի մի հրապարակում այն մասին, թե ինչպես է Սարգսյանը Պրահայում Հայաստանի դեսպանատանը պատասխանում տեղի հայերի հարցերին: Հարցուպատասխանը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը:
Պրահայում բնակվող լրագրող Շուշան Ղազարյանը ձայնագրել կամ սղագրել է հարցուպատասխանը: Երբ Բագրատ Առաքելյանը հարցրել է, թե Մաքսային Միությանը անդամակցելու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը և հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:
Սա ցուցմունք է առ այն, որ Սերժ Սարգսյանին ԵՏՄ մտնելու հարցում մտածելու համար մեկ գիշեր ժամանակ են տվել: Ակնհայտ է՝ այդ որոշումը կայացրել էր կամ Վլադիմիր Պուտինը կամ նրա սպառնալիքների արդյունքում կայացրել էր Սերժ Սարգսյանը: Կամ էլ՝ Պուտինը նկարագրել էր այն հետևանքները, որ սպասվում են Հայաստանին, և վախեցրել Սարգսյանին։
2017-ին ստորագրված Հայաստան – Եվրամիություն «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» թեև հիմնված էր մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը բանակցված Ասոցացման համաձայնագրի վրա, սակայն ի տարբերություն 2013-ի Ասոցացման համաձայնագրի՝ տնտեսական բաղադրիչը էականորեն թույլ է։ Հայաստանը իր տնտեսական քաղաքականության բազմաթիվ իրավունքներ զիջել է Ռուսաստանի ԵՏՄ-ին։
2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած միանձնյա որոշումը էական խոչընդոտ ավելացրեց Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հեռանկարում։ Եթե 2013-ի սեպտեմբերի 2-ին Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու իրական հեռանկարի համար պետք է ընդամենը ստորագրեր և հաջողությամբ կատարեր Ասոցացման համաձայնագիրը, ապա այսօր՝ հավելյալ ռիսկ է առաջացրել։
Եվրամիությանը անդամակցելու համար Հայաստանը նախ պետք է դուրս գա ԵՏՄ-ից, ինչը բնականորեն Ռուսաստանի հակազդեցությանն է արժանանալու։ Կախված՝ Ուկրաինայի պատերազմում ռուսական բանակի հաջողություններից կամ անհաջողություններից՝ կլինի թույլ կամ կոշտ հակազդեցություն Ռուսաստանից։
Համոզված եմ, Եվրամիությանն անդամակցելու հարցում եվրոպացիները կարող են Հայաստանի առաջ պայման դնել նաև ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Սակայն չեմ կարծում, թե որևէ մեկը չեղարկել է փոքր քայլերի արվեստը։
Սեպտեմբերի 3-ը հայկական օրացույցում ես համարում սև օր։ Այն խափանել է Հայաստանի եվրաինտեգրման պրոցեսը, մեծացրել է Ռուսաստանից Հայաստանի անառողջ կախումը, Հայաստանի տնտեսությանը զրկել է տեխնոլոգիական առաջընթացից, բարձր ստանդարտներ ներդնելու իրական ծրագրերից, մեծ ներդրումներից, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը մեծացնելու և պետության արդիականացման երաշխավորված ճանապարհից։
Փոխարենը՝ Հայաստանն ստացել է ոչինչ՝ կեղծ անվտանգություն և ռուսական կեղծ խոստումներ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը տարալուծող Լավրովի նոր պլանը ջախջախիչ հարված է հասցնում ԵՏՄ-ին անդամակցելու՝ առանց այդ էլ թույլ հիմնավորումներին։
Բայց ես լավատես եմ։ 2013-ի համեմատ՝ փոխվել է Հայաստանի հասարակությունը։ 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշման դեմ միայն մեկ փոքրիկ ցույց եղավ, որին նաև ես եմ բախտ ունեցել մասնակցել։ 2013-ին Հայաստանում Ռուսաստանի ունեցած 83%-անոց ռեյտինգը կրճատվել է 3-4 անգամ՝ իր իսկ հակահայաստանյան գործողությունների պատճառով։
Փոխվել է նաև Հայաստանյան հասարակության արժեքային պատկանելիությունը։ Խորհրդային նոստալգիայով հագեցած անապագա ռուսամետությունն էականորեն կրճատվել է, և գերիշխող են դարձել Հայաստանի ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարական զարգացման, արևմուտքի հետ խորը և անկաշկանդ գործակցության գնալու գաղափարները։
Վստահ եմ, Ռուսաստանի հիվանդաբեր ազդեցությունից վերջնական ազատվելը և ինքնիշխանության վերականգնումը Հայաստանի համար լինելու է ժամանակի հարց։ Ես հավատում եմ էվոլյուցիայի ուժին։
Աղբյուրը՝