ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նոր Հայաստան

Չմոռանանք այսօրվա դեպքը: Սա մեզ համար պիտի Հայտնության հարյուր հազար շեփորի դեր տանի: Արցախը հենց այնպես չընկավ: Արցախն ընկավ մեկ երկու հարվածից, որովհետև հիմքը փտած էր: Նույնը Հայաստանն է: Վաղը մյուս օրը մենք բոլորս ենք էվակուացվելու, եթե մի կողմ չդրինք մեր մեջ բույն դրած ստրկությունը, օտար տերերին ծառայելու կեղտոտ ու անզուսպ ցանկությունը, չմաքրեցինք մեզ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:

Արայիկ Մկրտումյան

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը կապիտուլացվեց Արցախը: Մանրամասները երևի բոլորը գիտեն, կամ կիմանան, որովհետև ողջ համացանցը լի է այդ նյութերով: Այսօրվա խայտառակությունը բնականաբար դեռ բազում հետևանքներ է թողելու՝ բոլոր առումներով: Քաղտեխնոլոգները ավելի լավ կվերլուծեն, իսկ ես ուրիշ բան կցանկանայի ասել:

Սեպտեմբերի 21-ը այս անգամ լրիվ ուրիշ իրականություն է: Ոչ միայն անկախության հռչակման պաշտոնական, այլև՝ Արցախի անկման, զինաթափման օր: 

Մենք, այդ ամենը տեսնելով հանդերձ, պետք է հասկանանք մի քանի բան՝ ողբով ոչ մի հարց չի լուծվելու: Ինչքան էլ, որ ծանր լինի իրականությունը, մեր բոլորի գործը պիտի լինի հասկանալը, որ մեզ նոր Հայաստան է պետք: Նոր մտածոություն, նոր պահվածք, նոր կենցաղ, նոր սկզբունքներ, նոր փիլիսոփայություն:

Հինը չաշխատեց: Փտած ու կեղծը չաշխատեց: Հին Հայաստանը տարիներով մի կերպ պահպանեց իր գոյությունը, ինքնախաբեությամբ արդարացրեց ամեն ինչ ու փլվեց՝ իր փլատակների տակ թաղելով հազարավոր հայորդիներ: Չառանձնացնենք նրանց տարիներով, որովհետև լինի 1991թ թե 2023թ., նրանք բոլորը հանուն հայ ժողովրդի են ընկել: 

Հիշենք նաև, որ հայկական պետությունը չկայացավ նախ և առաջ այն պատճառով, որ չեղավ մեկ միասնական նպատակ ու հայեցակարգ, թե ինչպիսի Հայաստան է մեզ պետք, ինչի համար է պետք և ինչ է պետք անել դրան հասնելու համար: Փոխարենը զբաղվեցինք հն քարտեզներ նայելով և անցյալի փառքի մասին խոսելով՝ մեզ նեղություն չտալով հասկանալ, որ անցյալի փառքը ոչ թե կազինոյում էինք շահել, այլ ձեռք բերել ծանրագույն գնով: 

Այսքան տարիների ընթացքում մենք մեր ձեռքով ավերել ենք մեր տնտեսությունը, կրթությունը՝ պետությանը զրկելով թե՛ զինվելու, թե մասնագետներ ունենալու հնարավորությունից: Մենք դատարկել ենք գյուղերը, խոպան ենք թողել մեր հողերը, զարգացրել են մուրացկանությունը(անձնական ու պետական մասշտաբով), հիմքից քայքայել ենք ամեն ինչ: Այդ ամենի հետևանքը տեսել ենք գրեթե ամեն ամիս, ինչպես նաև այսօր, երբ հայերը Եվլախում ստորացուցիչ համաձայնության եկան ադրբեջանցիների հետ, որովհետև ուրիշ ճար չէր մնացել:

Հին Հայաստանի հետքերն են դրանք: Իսկ հիմա մեզ նոր Հայաստան է պետք, Հայաստան, ուր օրինախախտության ու կաշառակերության դեմ կպայքարեն որպես հիվանդության, որտեղ համալսարան ընդունվել, բայց չսովորելը դառնա հանրային պարսավանք, քննությանը արտագրելը՝ դատապարտելի, փողոցում աղբ թափելը՝ քրեական հանցանք: Թվում է, թե մանր բաներ են, բայց միշտ մանրից է սկսվում ամեն ինչ: Ոչ մի խոշոր հանցագործ միանգամից չի լինում, սկսում է մանր բաներից: Գողանում է նախ փոքրիկ մի բան, իսկ տարիներ հետո կարող ենք  տեսնել մի անկառավարելի հանցագործի:

Հայաստանն այդպես է եղել: 90-ականների սկզբին մենք ամեն տեսակ այլանդակության նայեցինք ներողամիտ, ինչպես որ երեխայի չարաճճիությանն ենք նայում, իսկ հետո տեսանք, որ գործ ունենք 30-անց անկառավարելի մի սրիկայի, ով խաղամոլ ու թմրամոլ է, աշխատել ու սովորել չի սիրում և նաև վախկոտ է ու դանդաղաշարժ, գողանում է: Այդ սրիկան պիտի գնա ու պիտի գա ստվերում մնացած միտքը: Միտքը պիտի լինի նոր Հայաստանի գլխավոր զենքը: Մտքից է ծնվում ամեն ինչ: Միևնույն է թալանն ու գողոնը վայելել չի ստացվում: Ուշ թե շուտ ամեն կուլ տված ասեղ դուրս է գալիս որպես մախաթ: Կույր չենք, պիտի տեսնենք: Արցախը մեզ վկա: Կառուցված ընտիր առանձնատներն ու սեփականաված տարածքները, հանքերը, որ խլել էինք իրարից, հիմա վայելելու են ադրբեջանցիները: Չհասկացանք, որ մեր ապագան ենք գողանում, ոչ թե մի քիչ փող: Վաղը նույնը Հայաստանում է կրկնվելու: Մեծ խանութները, հանքերը, ամեն ինչ գալու են և վայելեն թուրքերը, եթե մենք չհասկանանք, որ այսօր պետք է նոր Հայաստանի հիմք դնենք: Փողերը դուրս հանելն է անիմաստ: Որ հայը, որ արտասահմանում փող ունի, նա գերի է այդ երկրի հատուկ ծառայությանը: Պետք լինի՝ գործակալ կսարքեն, պետք լինի՝ դիվերսանտ: Ու նա ստիպված կանի ամեն ինչ, որովհետև կորցնելու բան ունի՝ իր ունեցվածքը: Միակ երկիրը, որի հատուկ ծառայության հետ պետք է համագործակցել՝ Հայաստանն է: Որովհետև Հայաստանում պիտի լինի ամենամեծ ապահովությունը, ամենամեծ արժեքն ու պաշտպանությունը: Հարստանալ պիտի նշանակի հարստացնել Հայաստանը, ոչ թե գողանալ ուրիշ հայից: 

Չմոռանանք այսօրվա դեպքը: Սա մեզ համար պիտի Հայտնության հարյուր հազար շեփորի դեր տանի: Արցախը հենց այնպես չընկավ: Արցախն ընկավ մեկ երկու հարվածից, որովհետև հիմքը փտած էր: Նույնը Հայաստանն է: Վաղը մյուս օրը մենք բոլորս ենք էվակուացվելու, եթե մի կողմ չդրինք մեր մեջ բույն դրած ստրկությունը, օտար տերերին ծառայելու կեղտոտ ու անզուսպ ցանկությունը, չմաքրեցինք մեզ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:

Անցյալի հետ համեմատվելու ժամանակ ու իմաստ չկա: Եթե 1920-ականներին ավերված Թուրքիան էր իր հետամնաց և անգրագետ բնակչությամբ և դեռևս կիսավայրենի թաթարական ոհմակները, ապա հիմա կայացած պետություններ են, որոնք մեզ ամեն ինչով գերազանցում են տասնյակ անգամներ: Մենք ուղղակի ժամանակ ու տարածություն չունենք Խորհրդային Հայաստան-2 թատրոնի մասին երազել ուր մնաց, խաղալ անգամ: 

Մենք հիմա  միայն մի կարճ ժամանակ ունենք՝ զարգանալ ու միավորվել: 

Հայեր չմոռանա՛ք այսօրվա Արցախը, չմոռանաք: Արցախը մեր ականջի տակ հնչած վերջին ազդանշանն է: Հաջորդը չի լինելու:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *