⚙️

ՄԱԿ ԱԽ Այսբերգի Երեսն Ու Խորքը

Միթե՞ ակնկալում են, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի առավել մեծ ռիսկ՝ գնալ Ռուսաստանի դեմ, գնալ ըստ էության անուղղակկի, բայց Ռուսաստանին պատերազմ հայտարարելու ճանապարհով, որպեսզի Արեւմուտքը դրա դիմաց որեւէ գործուն քայլ անի ընդդեմ Ադրբեջանի հայատյաց ագրեսիվ քաղաքականության:

Հակոբ Բադալյան

Ավարտվեց ՄԱԿ ԱԽ հերթական նիստը, որ հրավիրվել էր հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան թեմայի առնչությամբ: Այս անգամ արտահերթ նիստի նախաձեռնողն էր Ֆրանսիան, որն այդ քայլին դիմեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո: Իհարկե, մեղմ ասած շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե որոշակի կոնկրետ քայլեր կատարվեին մինչև ադրբեջանական ագրեսիան, այն կանխելու, ոչ թե դա տեղի ունենալուց հետո ելույթներ ունենալու համար: Մտածել, թե գերտերությունները տեղյակ չէին Արցախի դեմ նախապատրաստվող ագրեսիային, կլինի քաղաքական մանկամտություն: Այդ ագրեսիան հասունացել է բավականին բաց ռեժիմում, երկար ժամանակ, և դա ակնառու էր դարձել անգամ շարքային որեւէ քաղաքացու համար, որը շատ, թե քիչ հետեւում էր լրահոսին, և բացարձակապես ավելորդ է խոսել տերությունների մասին, որոնք տիրապետում են ոչ միայն հետախուզակկան զորեղ հնարավորությունների, այլ նաև անմիջական շփումների մեջ էին Ադրբեջանի և Հայաստանի հետ: Ի վերջո, Հայաստանի իշխանությունը տեւական ժամանակ ահազանգում էր հնարավորի մասին:

Այդպիսով, քայլեր էին պետք ադրբեջանական ագրեսիայից առաջ, որովհետեւ հետո հնչող խոսքերը որեւէ կերպ չեն փոխում այն հետեւանքը՝ մարդկային կորստի, ցավի, տարածքային նոր կորուստների, պարտադրված քաղաքական պայմանների տեսքով, որ տեսավ Արցախի հայությունը: Ինչու՞ չարվեցին կանխարգելիչ քայլեր, ինչու՞ չարվեցին քայլեր Արցախի ադրբեջանական բլոկադան չեզոքացնելու, այդ հակամարդկային մոտ տասնամսյա բլոկադայի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Այստեղ հիմնականում հնչում է երկու դիտարկում: Շատերն ասում են, թե Հայաստանը բավարար չափով չի գնում դեպի Արեւմուտք, դուրս չի գալիս ռուսական միավորումներից, հետեւաբար ինչու՞ պետք է պաշտպանեն Հայաստանին: Բայց, Հայաստանը այն միավորումների և կառույցների անդամ է նաեւ, որոնք հիմնված են այնպիսի համակեցության նորմերի վրա, որոնց շրջանակում էլ ակնկալել է այսպես ասած միջազգային հանրության և դերակատարների աջակցությունը: Հայաստանը չի ակնկալել, որ որևէ մեկը գա և Արցախը ազատագրելով վերադարձնի Հայաստանին կամ ճանաչի Արցախի անկախությունը, այլ ակնկալել է քայլեր այն նորմերի շրջանակում, որոնք կազմում են միջազգային համակեցության հիմքը, և որոնք խախտելու համար օրինակ Ռուսաստանը ենթարկվել ու ենթարկվում է առարկայական, գործուն կոշտ վերաբերմունքի, ի տարբերություն Բաքվի:

Ի վերջո, միթե՞ ակնկալում են, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի առավել մեծ ռիսկ՝ գնալ Ռուսաստանի դեմ, գնալ ըստ էության անուղղակկի, բայց Ռուսաստանին պատերազմ հայտարարելու ճանապարհով, որպեսզի Արեւմուտքը դրա դիմաց որեւէ գործուն քայլ անի ընդդեմ Ադրբեջանի հայատյաց ագրեսիվ քաղաքականության: Այստեղ սակայն, կա երկրորդ դիտարկումը: Խնդիրը պարզապես շահերն են, եւ յուրաքանչյուր ուժային կենտրոն ունի իր շահը, ու սա նորություն չէ, եւ մենք, որպես պետություն ու հասարակություն, պետք է հասունանանք եւ իմաստնանանք, այդ պարզ ճշմարտությունը, ու նաեւ այդ պարզ ճշմարտության համատեքստում՝ ուժային կենտրոնների շահերը հասկանալու համար: Այդ շահերը շատ հաճախ ոչ թե արտահայտվում են հրապարակային հայտարարություններով, այլ՝ քողարկվում: Եվ այդ շահերը չեն ենթադրում Ադրբեջանի հետ հակադրություն, որովհետեւ, դա նշանակելու է նաեւ հակադրություն Թուրքիայի հետ, իսկ դա նշանակելու է լրջագույն աշխարհաքաղաքական դիրքային խնդիրներ, թե Կովկասում, թե Մերձավոր Արեւելքում, թե Կենտրոնական Ասիայում: Ըստ այդմ, որեւէ մեկը որեւէ կերպ շահագրգռված չէ խանգարել Ռուսաստանի ձեռքով, ուղղակի, թե անուղղակի մասնակցությամբ, լուռ, թե բարձրաձայն համաձայնությամբ կատարվող ադրբեջանական գործողությունները կանգնեցնելով: Չխանգարելը հետո անշուշտ «կվաճառվի» Ադրբեջանին, միաժամանակ՝ Ռուսաստանը կհայտնվի հայ հանրության թիրախում, կվարկաբեկվի հերթական անգամ: Իսկ ռուսները, բնականաբար իրենց հերթին որեւէ կերպ շահագրգռված չեն գնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, այս դեպքում էլ Արեւմուտքի հետ իրենց դիմակայության բերումով: Սա է այն, ինչ ըստ էության առկա է ՄԱԿ ԱԽ նիստում հնչած ելույթների ներքո, որոշների դեպքում մեզ համար բարեհունչ, որոշների դեպքում՝ խիստ վրդովվեցուցիչ ելույթների ներքո: Հայաստանն ունի ՄԱԿ ԱԽ մշտական բոլոր անդամների հետ առանձին-առանձին խորքային, համակարգային, հայեցակարգային հետեւողական աշխատանքի անհրաժեշտություն, որտեղ կա մի գերխնդիր՝ թույլ չտալ, որ այդ աշխատանքը հայտնվի որեւէ այլ անդամի, կամ որեւէ այլ ուժային խաղացողի կենսական շահերի հակադիր ռեժիմում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *