Արցախ

Սեփական Հիմարության Ու Տգիտության Հետևանքը

Գնում էինք միջազգային ատյաններ, թանկ կոստյումներով ու մեր գավառեցու չտեսությամբ ծիծաղել տալիս մեզ վրա, անպտուղ ու անիմաստ ժամանակ կորցնում տարիներով և ապա հետ գալիս ու Հայաստանում ինքնագոհ ու մեծամիտ հոխորտում, որ Արցախը մերն է ու մերը, Թուրքիայի վրա էլ մատ էինք թափ տալիս ու սպառնում, որ շուտով իրենց էլ ենք հաղթելու և մի մեծ կտոր հետ վերադարձնելու մեր պատմական հայրենիքից: Մենք նույնիսկ մոռացել էինք, որ Թուրքիային ենք դա ասում: Այն Թուրքիային, որը մեկ դար առաջ միլիոնից ավել հայ կոտորեց և քիչ էր մնում 1918թ. վերջնականապես թաղի հայերին ու հայկական հարցը:

Արայիկ Մկրտումյան

Արցախը կորցնելով մենք միայն հողատարածք չէ, որ կորցրել ենք կամ հանքեր, հէկ-եր ու նման բան: Արցախը մեր մի մասն էր: Հայաստանի մի մասը, մեր հայրենիքի մի կտորը, մեր տրամաբանության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի, հույսի, ցավի, ուրախության, անհանգստության ու սպասումի մի մասն էր: Արցախը կորցնելով մենք կորցնում ենք հայ ժողովրդի ապրելու իրավունքի մի կտորը, կորցնում ենք մեր պատմության ու մշակույթի վերահսկման ու պահպանման մի հատվածը: Այնպես, ինչպես արևմտյան Հայաստանի հազարավոր պատմամշակութային վայրեր արդեն իսկ դուրս են մղվել մեր մտածելակերպից և մի ողջ հայրենիքից մնացել են մի քանի երգ, մի քանի գրողի գործերի մասին հիշողություն և անգիր արած մի քանի քաղաքի անուն, այնպես ինչպես Ջավախքն ենք դանդաղ կորցնում, այնպես էլ Արցախն է կանգնած նմանատիպ կորստի առաջ:

Ու էլ արդեն կարևոր չէ, թե ով ծախեց, ով չծախեց, ով էր ոչմիթիզական ու ով սառը քաղաքագետ: Նրանք բոլորը, մենք բոլորս պարտվեցինք: Մենք պարտվեցինք մեր մեծամտությանն ու հիմարությանը, մեծ շահամոլության ու ագահությանը: Մենք ինքներս այնպես արինք, որ Արցախը մեզ համար դարձավ բեռ, որը ոչ կարողանում էինք տանել, ոչ՝ ցած նետել: Ու բանը հասավ նրան, որ եկան ու վերցրին մեր ձեռքից:

Արցախը Հայաստանի Հանրապետության գաղափարական անկախության սյուներից էր: Միացում և անկախություն բառերը միմյանց հոմանիշներ էին դարձել Շարժման ժամանակ: Այն հենց այդպես էլ կոչվում էր՝ Արցախյան Շարժում:

Ու հիմա, երբ հետհայացք ես նետում անցյալին, մի շարք հարցեր են առաջանում: Օրինակ Արցախի անկախության մասին: Դարերով չունեցանք անկախություն, մեկ էլ միանգամից երկու պետություն: Դարերով չունեցանք մեր սեփական, հարազատ պետական պաշտոնյաները ու միանգամից սկսեցինք պաշտոնյաների բրիգադներ աճեցնել այստեղ ու այնտեղ: Չտեսի ուրախությամբ այրված նախարարներ, պետեր տեղակալներ ու հրամանատարներ էինք աչեցնում մեզ համար: Դարերով մի առաջնորդ չունենալուց հետո սարքեցինք երկու նախագահ, երկու ազգային ժողով, երկու բանակ, ամեն ինչից երկու-երկու հատ, երկու կրթություն, երկու գիտություն, երկու ազգային անվտանգություններ….թվում է, թե դարերով քաղցած մնալուց հետո ուզում էինք հագուրդ տալ պաշտոնի երես չտեսած ազգին: Մի պետությունը մեզ քիչ էր, որ Արցախը դեռ 1991-94 Հայաստանի մաս դարձնեինք, մեզ երկուսն էր պետք, մենք կրկնակի ախորժակ ունեինք ամեն ինչի համար:

Չմարսեցինք:

Չմարսեցինք, որովհետև մոռացանք, որ մեզ հետ կողք կողքի ապրում են նաև այլ պետություններ, ազգեր ու ժողովուրդներ, որ անկախ ամեն ինչից ու մեր ցանկությունից, կան որոշակի օրենքներ, որոշակի դրվածք, որ հիմնականում պահվում է: Մենք միայն մեզ էինք տեսնում և մեր ազգային հպարտությունը սկսում էր բաժանվել մեր մեջ՝ ամեն մեկինիր ծանոթի ու սրիկայության դոզային համապատասխան: Հապա պատկերացրեք, թե ինչ սքանչելի է հնչում գեներալ-մայոր տիտղոսը, հերոսը կամ նախարարը: 

Մենք հաղթել էինք, մեզ ամեն ինչ կարելի էր, անգամ անկարելին: Հաղթողին չեն դատում ասացինք ու սկսեցինք քանդել ամեն ինչ: Մենք հաղթել ենք,- մտածում էինք,- կարելի է մի քիչ էլ զվարճանալ:

Ու սկսեցինք զվարճանալ: Այնպես թալանվեց երկիրը, այնպես պղծվեց ամեն ինչ, որ հաղթած Հայաստանն ու Արցախը վերջում դարձան ծույլ ու ճարպակալած, մեծամիտ, ինքնագոհ, ագահ և ընչաքաղց, անկարող և անընկալունակ հաշմանդամներ:

Մենք հաղթել էինք ու թքած  ունեինք ամեն ինչի վրա: Փոխանակ հասկանալու, որ զենքով և արյունով ձեռք բերվածը հիմա պիտի խոսքով ու իրավունքով պաշտպանենք, ամրագրենք, ընտրեցինք արկածախնդիր փորձարկումների և անօրեն անհոգության ուղին: Մենք կարծես կույր էինք ու չէին տեսնում, որ Հնդկաստանի, Չինաստանի, Բրիտանիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի և նամ այլ հսկաների համար է նույնիսկ դժվար իրենց տարածքային վեճերը լուծելը: Մենք չէին ուզում հասկանալ, որ նույնիսկ Չինաստանի նման գերհսկան չի կարողանում քարտեզի վրա չերևացող Թայվանի հարցերը լուծել, որ Ռուսաստանի նման աշխարհակալ պետությունը չի կարողանում Սախալինի հարցերը լուծել Ճապոնիայի հետ: Ինչ է զենք ու զինվո՞ր չունեին, թե վախկոտ էին կամ կռվել չգիտեին: Կամ գուցե Գերմա՞նիան է վախկոտ հիմար, որ մինչև օրս Ռուսաստանից հետ չի վերցրել իր Քյոնիքսբերգը կամ ինչպես ռուսներն են այն անվանում՝ Կալինինգրադը: Մենք նույնիսկ մեզ նեղություն չտվինք այդ ամենի մասին մտածելու: «Միայն զենքով կա փրկություն»,- ասացինք մենք ու զենքը մի կողմ նետելով սկսեցինք ողջ երկիրը նվիրաբերել սրան-նրան:

Փոխանակ Արցախի հաղթանակը իրավական առումով ամրագրելու,  մենք ընտրեցինք քղաքական արկածախնդրության ուղին: Ում հետ ասես, ինչ ասես չբանակցեցինք: Մեկ բանակցում էինք հինգ շրջան հանձնելու, հետո երկու, հետո յոթ, հետո ընդհանուր պետություն, հետո Աստված գիտե էլ ինչ: Գնում էինք միջազգային ատյաններ, թանկ կոստյումներով ու մեր գավառեցու չտեսությամբ ծիծաղել տալիս մեզ վրա, անպտուղ ու անիմաստ ժամանակ կորցնում տարիներով և ապա հետ գալիս ու Հայաստանում ինքնագոհ ու մեծամիտ հոխորտում, որ Արցախը մերն է ու մերը, Թուրքիայի վրա էլ մատ էինք թափ տալիս ու սպառնում, որ շուտով իրենց էլ ենք հաղթելու և մի մեծ կտոր հետ վերադարձնելու մեր պատմական հայրենիքից: Մենք նույնիսկ մոռացել էինք, որ Թուրքիային ենք դա ասում: Այն Թուրքիային, որը մեկ դար առաջ միլիոնից ավել հայ կոտորեց և քիչ էր մնում 1918թ. վերջնականապես թաղի հայերին ու հայկական հարցը: Մենք կարծես, թե չէին տեսնում, որ այդ նույն Թուրքիան ողջ աշխարհի առջև մտավ Կիպրոս, Սիրիա, որ անում է և մարսում է: 

Գրողը տանի ինչո՞վ ենք զբաղվել երեք տասնամյակ: Ի՞նչ էինք բանակցում: Ինչպե՞ս կարողացանք Արցախը դարձնել մեր քաղաքական անգրագիտության փորձակումների սուբյեկտը: Ինչո՞ւ էին ընդհանրապես նրա կարգավիճակն անտեր թողել և երբեմն երբեմն խոսում նրա անկախության մասին: Այդ երբվանի՞ց էր Արցախը Հայաստանից անկախ եղել: Արցախը մի՞թե կարող էր անկախ ապրել: Դա նույնն է, եթե Վայոց Ձերը հանկարծ անկախանա: Անհեթեթ է հնչում, բայց այդ անհեթեթությունը մենք ինքներս ենք համարել պետական քաղաքականություն:

Մենք Արցախը զոհել ենք մեր էքսպերիմենտալ դիվանագիտությանը, մեր քաղաքական կարճատեսությանը, մեր հիմարությանն ու անգրագիտությանը: Մենք երբեք հասուն և լուրջ ոչինչ չենք խոսել ոչ ոքի հետ: Մենք աշխարհին համարել ենք հիմար մի բան, որի քթից բռնած կարելի է ման տալ: Երբեք չենք մտածել, որ աշխարհում կարող է ինչ որ փոփոխություն լինել, որ ի վերջո մեր չորս հարևաններից երկուսը թուրքեր են: Ինչպե՞ս կարողացանք նման անհոգությամբ երեսուն տարի նստել  ու սպասել:

Իսկ հիմա Արցախը չկա: Մեր ինքնագոհ և սնապարծ պահվածքի հետևանքով մենք ոչ միայն Արցախը չկարողացանք դարձնել Հայաստանի մի մասը կամ անկախ պետություն, այլև զրկվեցինք այնտեղ ապրելու հնարավորությունից անգամ: Ահա մեր պահվածքի հետևանքը: Ահա մեր անմիաբանության և կարճատեսության հետևանքը:

Պատմությունը հազվագյուտ է ազգերին նվերներ տալիս, իսկ մենք կոխոտեցինք այդ նվերը և ավելի մեծը պահանջեցինք: Փոխանակ Արցախը ապահով դարձնելու, Սյունիքի գլխին ենք սուր կախել: Ադրբեջանը իր ապագան է կառուցում Սյունիքով, Թուրքիան ու Ռուսաստանը՝ իրենց: Դեռ Իրանն էլ զգուշանում է, որ հանկարծ Սյունիքի ի փրկօղակ-կապն աշխարհի հետ չդառնա կախաղանի խեղդող փաթաթան: Անդրկովկասում աշխարհի կարևորագույն հարցերի լուծման բանալին մերն էր, իսկ մենք հերոս-հերոս էինք խաղում և հպարտանում «մեր տեսակովը»: Քաղաքաքակրթությունների, հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղությունների ճիշտ հատման կետում կանգնած՝ մենք անլրջացանք ու աշխարհին Արցախի անկախությունն էինք պարտադրում, որ ինքներս էլ չէինք ճանաչել: Փոխանակ աշխարհի բախտը կառավարող ուժերի բարեկամությունը փնտրեինք, կաչաղակի նման աղբի միջից ապակի էինք հանում, որ փայլով ուրախանանք: Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան դարի պայմանագրով Իսրայելին օգտագործեցին, Իրանը իր հարցերը սկսեց լուծել և նոր աշխարհակարգը մոտենում էր անկասելի թափով, մենք ուրախանում էինք, որ մեր նախագահը Պուտինի ընկերն է ու ամեն ինչ լավ կլինի և նոր վիլլաներ, պալատներ, մեքենաներով էինք ուրախանում: Այդ էր Արցախի մեր գինը: 

Մենք այդպես էլ չհասկացանք, որ Արցախը Հայաստան է և վերջ ասելուց առաջ պիտի այնպես անենք, որ դա իրական դառնա: ի վերջո հանուն ինչի՞ զոհվեցին այսքան մարդիկ: 

Ու հիմա Արցախն էլ չկա ու վտանգը Սյունիքինն է: Ու մենք էլ ոչ ժամանակ ու ոչ էլ տարածություն ունենք նոր հիմարություններով զբաղվելու և մեր հավատացած սուտը ուրիշին կերցնելու: 

Արդյո՞ք մենք ի վիճակի ենք վերջապես պետություն դառնալ, լրջանալ ու կայանալ: Որովհետև պետության ալուրջ պահվածքը, այն էլ տարիներով, հենց այնպես չի  անցնում:

Արցախը վկա:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *