Հայաստան

Ապատեղեկատվության Մարտահրավերները

(Մաս 11-րդ)

Ի վերջո, ոչինչ չի խանգարում Հայաստանում գոնե մեկ նորմալ օրաթերթի ստեղծմանը, որը կտարածի ոչ թե քարոզչություն ու աղբ, այլ իրական տեղեկատվություն:

Դավիթ Ստեփանյան

ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Հայկական մեդիադաշտում ապատեղեկատվության խրախճանքը զսպելու ևս մեկ կարևոր միջոց է գոյություն ունեցող լրատվամիջոցների վերակազմակերպումը, նոր, որակյալ լրատվամիջոցների ստեղծումը: Առայժմ մենք տեսնում ենք միայն նոր վերահսկվող, գործող իշխանության ներկայացուցիչների հետ փոխկապակցված ԶԼՄ-ների ի հայտ գալը։ Խնդիրն այն է, որ նման լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունը հայ հասարակության ապատեղեկացվածության խնդիրը, մեղմ ասած, չի լուծում։ Հայաստանը փոքր երկիր է, և գրեթե բոլորին հայտնի է, թե ում է պատկանում կամ ով է կանգնած գրեթե ցանկացած լրատվամիջոցի հետևում։ Ըստ այդմ, նման ռեսուրսները հանրության վստահությունը չեն վայելում։

Այստեղ նոր, լրացուցիչ խնդիր է առաջանում. լսարանի մեծ բաժինը նախընտրում է տեղեկատվություն ստանալ ոչ թե Հանրային հեռուստաընկերությունից, որն «աշխատում է Նիկոլի համար», այլ անանուն տելեգրամյան ալիքներից՝ չգիտես ինչու մոռանալով, որ Հանրային հեռուստաընկերությունը գոյություն ունի բացառապես հարկատուների, այսինքն իր սեփական փողերի հաշվին՝ ի տարբերություն անհայտ «բարերարների» հաշվին գոյություն ունեցող, բայց ակնհայտորեն սեփական նպատակները հետապնդող տելեգրամյան ալիքների։

Անանուն տելեգրամյան ալիքների արգելքը բարդ, ծախսատար գործ է, ընդ որում, այն սպառնում է ոչ այնքան ֆինանսական, որքան իմիջային ծախսերով: Սա հատկապես Հայաստանի նման երկրի դեպքում, այն երկրի, որը ժողովրդավարությունը հակադրում է ադրբեջանական նավթին ու գազին: Ըստ այդմ, նույն տելեգրամայն ալիքները, ինչպես և այլ տեղեկատվական աղբ, անհրաժեշտ է «լռեցնել» ոչ թե արգելքներով կամ քրեական գործերով, այլ ավելի որակյալ, ընդունելի և սպառողի համար բարենպաստ ընկալվող տեղեկատվությամբ։ Եվ ահա այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել ոչ թե սեփական տելեգրամյան ալիքներ, ինչպես դա անում են գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ, այլ ստեղծել ոչ նոր, այլ որակապես նոր ինտերնետային հրատարակություններ և հեռուստաալիքներ։

Այստեղ մենք բախվում ենք մեկ այլ խնդրի, որի ածանցյալը տեղեկատվության ցածր որակն է: Սա լուծելու համար պետք է լուծենք հետևյալ խնդիրները։ Առաջինը հայկական լրագրության ցածր որակն է՝ անկախ նրանից՝ լրագրողներն աշխատում են իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր պարբերականներում։ Բայց սա էլ լուծելի է։ Անհրաժեշտ է սկսել Երևանի պետական համալսարանի Լրագրության ֆակուլտետից՝ գործընթացն ավարտելով մյուս բուհերի լրագրողական ֆակուլտետներով: Ցավոք, Հայաստանում լրագրության ուսուցումը քիչ է տարբերվում մնացած մասնագիտությունների, առավել ևս գիտական թեզերի ուսուցումից։ Եվ, ընդհանուր առմամբ, այն լի է ԽՍՀՄ գոյության տարիներին բարոյապես և ֆիզիկապես հնացած սովետական կրթության նախահիմքերով և դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այստեղ անհրաժեշտություն է առաջանում բարեփոխել ուսումնական ծրագրերը, ներգրավել նոր դասախոսների, արմատապես փոխել լրագրության ընկալումն առաջին հերթին որպես դասավանդվող առարկա: Դրանում, ի դեպ, զգալի դեր կարող են և պետք է խաղան Հայաստանում արդեն գոյություն ունեցող որակյալ, քիչ լրատվամիջոցներ։ Վերջիններս կարող են կազմակերպել պրակտիկա, լրագրողական ինքնուրույն դասընթացներ:

Ապատեղեկատվության դեմ պայքարն առաջին հերթին պետության պարտականությունն է։ Ըստ այդմ պետությունն էլ պետք է ձեռնարկի այդ բոլոր քայլերը՝ լրագրողական կրթության որակի բարձրացումից մինչև որակապես նոր լրատվամիջոցների ստեղծում:

Մեր մասնագիտական կարծիքով՝ պետության կողմից ֆինանսավորվող Հ1-ի և Արմենպրես լրատվական գործակալության ապատեղեկատվությանը հակազդումը բավարար որակել հնարավոր չէ: Մինչդեռ Հայաստանը ենթարկվում է ապատեղեկատվական հարձակումների ոչ միայն ներսից, այլև դրսից, ինչը խնդիրը բարձրացնում է ազգային անվտանգության մակարդակի։

Առկա ԶԼՄ-ների աշխատանքի վերակազմակերպմանը զուգահեռ՝ պետության հաշվեկշռում, ինչու չէ, չի բացառվում լրացուցիչ լրատվամիջոցների ստեղծումը, օրինակ, տպագիր հրատարակության։ Ի վերջո, ոչինչ չի խանգարում Հայաստանում գոնե մեկ նորմալ օրաթերթի ստեղծմանը, որը կտարածի ոչ թե քարոզչություն ու աղբ, այլ իրական տեղեկատվություն: Եվ, ամենակարևորը, անհրաժեշտ է բարենպաստ մթնոլորտ ստեղծել երկրում հազվագյուտ, բայց, այնուամենայնիվ, գոյություն ունեցող որակյալ լրատվամիջոցների աշխատանքի, և, իհարկե, նոր լրատվամիջոցներ ստեղծելու համար, ընդ որում, բացարձակապես պարտադիր չէ պետության կամ քաղաքական ուժերի հավասարակշռությունը։ Վերջինս պահանջում է օրենսդրական նոր կարգավորումներ, այդ թվում՝ գովազդային շուկայում։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ շուկայի բոլոր մասնակիցները հանդես կգան հավասար դիրքերից։ Դա նաև մենաշնորհային իրավունք է՝ պետության պարտականությունը։ Ցավոք սրտի, դեռևս նման քայլերը տեսանելի չեն։ 

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *