Հայաստանում դեռևս շարունակում է գործել «մի դերասանի թատրոն» սկզբունքը, երբ ամեն ինչ մասնավորեցվում և հարմարեցվում է նեղ խմբի շահերի: Հայաստանում չկա համընդհանուր տրամաբանություն ու ամեն ինչ սկսվում և ավարտվում է մի նեղ շրջանակում: Այդ շրջանակները շարունակում են հաջորդել մեկը մյուսին և նրանցից ոչ ոք չի կարողանում այնքան ընդգրկուն դառնալ, որ իր մեջ մտնեն նաև համահայկական, համապետական հասկացություններ:
Արայիկ Մկրտումյան
Պատմաբան Ալբերտ Մանֆրեդի «Նապոլեոն Բոնապարտ» գրքում մի ուշագրավ հատված կա՝ կապված 1799թ. դեկտեմբերի 13-ին ընդունված ֆրանսիական սահմանադրության հետ: Նկարագրելով, թե ժողովուրդն ինչպես ընդունեց այդ սահմանադրությունը, որը Բոնապարտին անսահմանափակ իշխանություն էր տալիս, կա մի տեսարան, որ ունկնդիրներից մեկը մյուսին ասում է, որ ուշադիր լսեց, բայց ոչինչ չհասկացավ, իսկ մյուսն ասում է, որ ոչ մի բառ բաց չի թողել: «Ուրեմն ի՞նչ է տալիս սահմանադրությունը»: «Սահմանադրությունը տալիս է Բոնապարտ»,- պատասխանում է զրուցակիցը:
Վերցնելով անսահմանափակ իշխանություն և դառնալով «հանրապետության կայսր», Բոնապարտը հայտարարեց, որ «Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որի համար սկսվել էր: Հեղափոխությունն ավարտված է»: Այնուհետև հենց իր՝ Նապոլեոնի նախաձեռնությամբ մշակվեց և ստեղծվեց Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգիրքը, որը մեծ ազդեցություն ունեցավ ողջ ժամանակակից աշխարհում և փոխառվեց շատերի կողմից և մինչև հիմա էլ գործում է Ֆրանսիայում: Կարգավորելով քաղաքացիական ընդհանուր ոլորտը, հիմնելով ֆրանսիական բանկը և այլ բազմաթիվ բարեփոխումներ իրականացնելով՝ նա 1804թ. թագադրվեց որպես «բոլոր ֆրանսիացիների կայսր»:
Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա: Ֆրանսիացի պատմաբան, սոցիոլոգ Գյուստավ լե Բոնն իր «Ազգերի և ամբոխի» հոգեբանությունը գրքում համարում է, որ ֆրանսիական ազգի ձևավորումն իր ավարտին հասավ ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո, երբ ստեղծված հանրապետական կարգը Ֆրանսիայի տարբեր շրջանների՝ Փարիզի, Գասկոնիայի, Վանդեայի, Բրետոնի, Պրովանսի և այլն բնակիչներին դարձրեց հանրապետության քաղաքացիներ՝ ֆրանսիացիներ՝ ավարտելով նրանց ինքնության ձևավորման ընթացքը և վերացնելով լոկալ ինքնագիտակցական խնդիրները: Իսկ Բոնապարտը դարձավ արդեն միավորված ֆրանսիացու կայսրը, որով իր իշխանությունը լեգիտիմացվում էր ոչ միայն օրենքով, այլ մտածելակերպով: Այսինքն կայսր ոչ միայն պաշտոնական Ֆրանսիայի, այլև բոլոր ֆրանսիացիների:
Այս նախաբանն անհրաժեշտ էր հայկական միջավայրի որոշ երագներ հասկանալու համար: Հայաստանում դեռևս ոչ մի իշխանություն այդպես էլ չի կարողանում դառնալ «բոլոր հայերի առաջնորդը»: Նրանք դառնում են միայն իրենց խմբի առաջնորդ և տապալվում շարունակաբար: 2018թ. սկսված գործընթացները ևս հնարավոր չեղավ «նապոլեոնյան» քաջությամբ ավարտված հայտարարել և սկսել իրոք հայեցակարգային հիմնախնդիրների առանձնացումներ և լուծումներ: Անվերջ շարունակելով հեղափոխական ընթացքը, ակամա հաստատում ես, որ հեղափոխությունն անվերջ է և նրա խոստացած դրախտը ստիպում է զոհել ներկան հանուն ապագայի: Դա չհասկացան 1917թ. Ռուսաստանում և 70 տարի տևած հեղափոխությունն ավարտվեց ինքնաոչնչացումով, դա չհասկացան 1991թ. Հայաստանում, երբ ազգային տրամադրությունները զրոյական իրացում ունեցան պետական համակարգն առողջացնելու ուղղությամբ, դա չհասկացան 2018թ. և հավանաբար չեն հասկանա առաջիկայում:
Հայաստանում դեռևս շարունակում է գործել «մի դերասանի թատրոն» սկզբունքը, երբ ամեն ինչ մասնավորեցվում և հարմարեցվում է նեղ խմբի շահերի: Հայաստանում չկա համընդհանուր տրամաբանություն ու ամեն ինչ սկսվում և ավարտվում է մի նեղ շրջանակում: Այդ շրջանակները շարունակում են հաջորդել մեկը մյուսին և նրանցից ոչ ոք չի կարողանում այնքան ընդգրկուն դառնալ, որ իր մեջ մտնեն նաև համահայկական, համապետական հասկացություններ: Հայ քաղաքական առաջնորդներից ոչ ոք և ի վիճակի չեղավ դառնալու բոլոր հայերի առաջնորդը: Ոչ միայն այն պատճառով, որ աշխարհի տարբեր երկրներում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում և ոչ էլ այն պատճառով, որ բազմակուսակցական համակարգում դժվար է լինել բոլորի սիրելին: Ոչ: Խոսքը սկզբունքային տրամաբանության մասին է, քաղաքակրթական ինքնագիտակցության ու դրա դրսևորման: Նապոլեոն Բոնապարտը ֆրանսիացի էլ չէր: Նրա կորսիկական ծագման մեջ ավելի շատ իտալական տարրեր կային, քան՝ ֆրանսիական: Բայց Նապոլեոնը ուներ պետական, համակարգային մտածողություն և «բոլոր ֆրանսիացիների կայսր» դառնալը նաև նշանակում էր ժիրոնդիստների, սանկյուլոտների, ռոյալիստների, այսինքն նաև ընդդիմության: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ էին մտնել Ֆրանսիա հասկացողության մեջ, նրանք գործում էին հանուն Ֆրանսիայի սկզբունքով: Բոլոր նրանք ովքեր դեմ էին, դառնում էին պետության, հանրապետության թշնամիները, ոչ միայն Բոնապարտի անձնական հակառակորդներ: Նույն սկզբունքն ունի նաև բրիտանական ընդդիմությունը, որն իրեն կոչում է «նորին մեծության ընդդիմություն»:
Հայաստանում ամեն ինչ արվում է հանուն մեկ խմբի: Նույնիսկ հանցանքը, սխալը կամ վրիպումը կախված է որևէ խմբի ցանկությունների հարմարեցումից: Տապալվո՞ւմ ես պետական հարցերում, դա ոչինչ, կարևորը, որ կարողանում ես փակել քո հակառակորդի բերանը:
Այդպես են վարվել բոլորը և մինչև հիմա զարմանում են, թե ինչո՞ւ հայերի մեջ միասնություն չկա: Բոլոր հայերի առաջնորդը դառնալու փոխարեն նրանք դարձել են անձնական նպատակների գերին և մի խմբի լիդեր միայն, որի ցանկություններն ու նպատակները չեն համընկնում պետական գերակա շահի հետ: Մենք չունենք պետական մտածողությամբ քաղաքական գործող կուսակցություններ, քանի որ նրանց ծրագրերն անգամ հայեցակարգային չեն և նախատեսված են առավելագույնը որևէ նեղ խնդրի լուծման համար, այն էլ միայն տեսական մակարդակով: Կուսակցությունները և իշխանությունը երբեք Հայաստանում չեն ներառել գիտական համայնքն ու նրան առաջատարներին, իշխանությունը եղել է բիզնեսմենների և քրեականների մենաշնորհը, չի ընդգրկել մտավորականին:
Նույն Ֆրանսիայում Բոնապարտի իշխանության տարիներին պետական բազմաթիվ պաշտոններ տրվել են ակադեմիական գիտնականներին: Բոլապարտն իհարկե հրեշտակ չէր, բայց նա կարողանում էր իր անձնական զզվանքը մի կողմ թողնել և ներքին գործերը շարունակել վստահել Ֆուշեին, արտգործնախարարությունը՝ Թալեյրանին, ֆինանսները՝ Գոդենին: Բոնապարտն անգամ իր, ֆրանսիական ազգային ինստիտուտի(ներկայիս ընկալմամբ գիտությունների ակադեմիա) կոչումը ավելի բարձր էր գնահատում, քան գեներալական ուսադիրները: Ինքը Բոնապարտը շատ լավ մաթեմատիկա և ֆիզիկա գիտեր, փորձառու հրետանավոր էր և սպայական ծառայության տարիներին անգամ մշակել էր հրետանային ռմբակոծման նորարարական մեթոդներ: Հետագայում նրա մարտավարական նորամուծությունները հնարավորություն ընձեռեցին Ֆրանսիայի բանակներին նմանը չունեցող հաղթանակների հասնել:
Քանի՞ նման գեներալ և պաշտոնյա ունենք: Ոչ մի: Եվ եթե անգամ Բոնապարտը չկարողացավ խոսւափել մարդկային սխալներից և ապա՝ տապալումից, ապա մի՞թե կարելի է հույս ունենալ, որ Հայաստանում ներկայիս մակարդակը թույլ կտա որևէ պետական մակարդակի հաջողություն գրանցել: Ակներև է, որ ոչ:
Կարևոր չէ, թե երբ ու ինչպես կփոխվի ներկայիս իշխանությունը: Ով էլ գա, հազիվ թե որևէ որակական տարբերություններ ունենա: Միայն լավ ցանկությունները բավական չեն, որովհետև լավ ցանկությունները իսկույն նահանջում են ռեալ խնդիրների առաջ և երազկոտները կարող են հեշտ գայթակղվել: Նման եղանակով իշխանությունը միշտ էլ կպատկանի միայն մի նեղ խմբի, որն ինքնաարդարացումից բացի, այլ հեռանկար չի ունենա: Իշխանությունը միայն լծակներ չէ, իշխանությունը հոգեբանություն է, մտածողություն և սկզբունք, հետո նոր միայն լծակ՝ այդ ամենը գործի դնելու համար: Եթե չկա գաղափարը, ապա նույնիսկ հսկան կպարտվի թզուկին: Ընդդիմությունը միայն բողոք չէ, այլ նույնպես մտածողություն և հոգեբանություն: Ընդդիմություն հանուն պետության:
Հայաստանում իրական իշխանություն ու առաջնորդ է պետք: Ոչ կուսակցության, նախաձեռնության ու խմբի: Հայաստանին բոլոր հայերի առաջնորդն է պետք: Որովհետև միայն բոլոր հայերի առաջնորդը կարող է միավորել բոլոր հայերին՝ համահայկական նպատակի և մտածողության, հոգեբանության ու սկզբունքի շուրջ: