Հայաստան

Պետական Հայեցակարգի Հրամայականը

Ավանդական կուսակցությունների համար առաջնային եղել է գաղափարը, 1991թ. հետո իշխանավորների համար առաջնայինը եղել է իշխանությունը, ՀԿ-ների ու նախաձեռնությունների համար՝ մշակույթը: Դա պիտի փոխվի ու բոլոր շերտերի համար առաջնային դառնա պետությունը:

Կայծ Մինասյան

Դավիթ Ստեփանյանը 1inAM-ի տաղավարում տեսակապով զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հնարավոր համագործակցության նշանակությունը, Հայաստանի ներքին կայունացման ու պետական հայեցակարգի հրամայականի անհրաժեշտությունը:

Ինչպես կարծում է Կայծ Մինասյանը, Հայաստանը ոչ միայն Ֆրանսիայի, այլև բազում այլ երկրների համար կարևոր նշանակություն ունի, որը պետք է մենք ամենայն լրջությամբ գիտակցենք ու հասկանանք: Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները ոչ միայն կարող են այլև պետք է ընդարձակվեն՝ հասնելով իրական դաշնակցային մակարդակի: Բայց Հայաստանի իշխանությունը չպետք է ձեռքերը ծալած նստի և սպասի լավ առաջարկների: Հայաստանն ինքը պետք է ակտիվ նախաձեռնող լինի: ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան…այս բոլոր երկրները մեծ հետաքրքրություններ և ծրագրեր ունեն հարավային Կովկասի հետ կապված և ՀՀ-ը շատ ավելի լուրջ և ծանրակշիռ պետք է լինի: Անշուշտ ֆրանսիական օգնությունը հենց այնպես չէ, իր շահերով է պայմանավորված: Ֆրանսիան դուրս մղվեց Նիգերից և հետաքրքիր կլինի, եթե նա փորձի դրա փոխարեն ավելի հիմնավոր հաստատվել Կովկասում:

Բայց այս հարցը երկու երես ունի: Բացի նրանից, որ կան շահեր, կա նաև Հայաստանի քաղաքական վերնախավի հստակ ու լուրջ պատասխանատվությունը՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության ոլորտում: Մենք միշտ խոսում ենք ուրիշների պահվածքի, նրանց շահերի ու գործողությունների մասին, բայց սովորաբար հաշվի չենք առնում հենց հայկական իշխանական էլիտայի(կամ այն զբաղեցնողների) քաղաքական պատասխանատվության մասին: Մենք մեղադրում ենք բոլորին, բացի քաղաքական վերնախավից, որովհետև եթե այդ մտածելակերպը չփոխվի, հասարակությունը երբեք չի կարող ավելի պատասխանատու և ինքավար լինել: Շատ կարևոր է խոսել այդ մասին, ոչ միայն անձի, այլև հենց համակարգի մասին: 

Քաղաքագետը հավաստեց, որ մենք ամեն ինչից բացի նաև մի կարևոր հարց ունենք քննարկելու և հասկանալու, թե ի՞նչ տեսակ Հայաստան ունենք, ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ: Բայց քանի դեռ այդ հարցերը օդում առկախ են մնացել, լուրջ փոփոխություններ սպասելն անիմաստ կլինի: 

Կայծ Մինասյանը բավական լայն անդրադարձ կատարեց իշխանություն-հասարակություն երկխոսության կարևորությանը՝ նշելով, որ այդ կապը չպետք է ուղիղ և միագիծ լինի, որովեհետև նրանց արանքում բազմաշետ ինստիտուցիոնալ կառույցներ կան, որոնց արդյունավետ աշխատանքը քաղաքացիական հասարակության կայացումն է, քաղաքականության կայացումը: Այդ երևույթների զարգացումը պիտի հանգեցնի պատասխանատու հասարակության և իշխանության կայացմանը: Բայց Հայաստանի իշխանությունները երբեք չեն նպաստել դրան: Ռ. Քոչարյանի ժամանակ քաղաքականություն չկար, իսկ Սերժ Սարգսյանը պարզապես ոչնչացրեց Հայաստանի քաղաքական դաշտը: 2018թ. հետո ստեղծված իրավիճակում իշխանությունները կարող էին ձեռնարկել այդ կարևոր բացը լրացնելու գործունեություն, բայց պատերազմում պարտություն կրելուց հետո Փաշինյանն արեց այն, ինչ և նախորդները՝ նա պայքարեց իր վարչակարգը պաշտպանելու համար:

Կայծ Մինասյանը նաև նշեց, որ, ինչքան էլ զարմանալի է, բայց 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը պաշտպանեց ժողովրդավարությունը: Հաղթեց ժողովրդավարությունը և այդ հաղթանակի մեջ տեղավորվեց նաև Փաշինյանը: Բայց հիմա իշխանությունները չպետք է նախկիններով վախեցնեն մարդկանց, այլ ձեռնարկեն միասնական կառավարության ձևավորմանը: Խոսքը գնում է ոչ խորհրդարանական կուսակցությունների մասին, քանի որ խորհրդարանական ընդդիմության մասին խոսելն ավելորդ է: Իշխանությունը պետք է լայն և համակարգված աշխատանք սկսի արտախորհրդարանական ուժերի հետ՝ միասնական գործունեության դաշտ ձևավորելու համար:

Կայծ Մինասյանը նաև նշեց, որ Հայաստանում՝ որպես այդպիսին, պետությունը առաջնահերթություն չի դիտարկվել ու դրա բացը երևացել է ոչ միայն օրվա իշխանությունների, այլև հասարակական մյուս շերտերի մոտ: Ավանդական կուսակցությունների համար առաջնային եղել է գաղափարը, 1991թ. հետո իշխանավորների համար առաջնայինը եղել է իշխանությունը, ՀԿ-ների ու նախաձեռնությունների համար՝ մշակույթը: Դա պիտի փոխվի ու բոլոր շերտերի համար առաջնային դառնա պետությունը:

Մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *