Հայաստան

Հայաստանի Ռազմավարական Ապագան

Հայաստան-Եվրոպա Առաջին Համաժողովը

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ հնարավորություններ և հեռանկարներ կան Հայաստան-ԵՄ քաղաքական և տնտեսականինտեգրման, ընդհուպ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համար։ Այս և շատ այլ հարցեր քննարկվեցին համաժողովի ընթացքում:

ԵՄ մայրաքաղաք Բրյուսելում կայացավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովը

Նոյեմբերի 9-10, 2023, Բրյուսել, Բելգիայի թագավորություն 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ» Հայաստան-Եվրոպա համաժողովը նախաձեռնել էին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) և Եվրոպայում հայերի միությունը՝ համագործակցելով ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի հետ։ Այն, ըստ էության, ս․թ․ սեպտեմբերի 30-ին կայացած Անկախության ֆորումի շարունակությունն էր։ Կոնֆերանսը տեղի ունեցավ Բրյուսելի հայ համայնքի «Հայ տուն» մշակութային կենտրոնի, ապա Ռամադա հյուրանոցի մեծ դահլիճներում։ 

Համաժողովի նպատակն էր ստեղծել Հայաստանի եւ Եվրամիության նշանավոր քաղհասարակության և քաղաքական գործիչների, փորձագետների, հասարակական կարծիքի առաջնորդների երկխոսության հարթակ՝ քննարկելու Հայաստանի եվրաինտեգրման ներուժն ու առկա խոչընդոտները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության առկա հնարավորությունները։ Հայաստանի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդումը, որն այժմ հայ հասարակության պատվերն է, պետք է համակողմանիորեն քննարկվի հասարակական-քաղաքական եւ մասնագիտական հարթակներում։

Միջոցառումը ծածկեց քաղաքական, իրավական, տնտեսական և անվտանգային ոլորտները: Համաժողովի նախաձեռնողները մտադիր են այն դարձնել ամենամյա և հետագայում ներառել այլ ոլորտներ, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, շրջակա միջավայրը և այլն: Այդ նպատակով որոշվեց ստեղծել հատուկ հիմնադրամ։ 

Համաժողովին բացի Հայաստանի, ԵՄ երկրների, ԱՄՆ, Ուկրաինայի եւ Իսրայելի փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցությունից, նաեւ հյուրընկալվեցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԵՄ արտաքին գործողության ծառայության Արևելյան գործընկերությունում հատուկ բանագնաց Դիրք Շուբելը, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելլամին (Ֆրանսիա), Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն (Իտալիա), Անգել Ջամբազսկին (Բուլղարիա), Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը։

Համաժողովի մասնակիցներին տեսակապով ողջույնի խոսք հղեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն, ինչպես նաեւ ընթարցվեց ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ Սինտիա Բերնավայի ողջույնի խոսքը (Լատվիա)։ 

Ի՞նչ տեսլական է հետապնդում ՀՀ անվտանգային ռազմավարությունը և առհասարակ հնարավո՞ր է ռազմավարական շրջանադարձ։ Ո՞ւմ հետ պետք է Հայաստանը կառուցի իր տնտեսական անվտանգությունն ու պաշտպանական ռազմավարությունը։ Որո՞նք են ինստիտուցիոնալ գործիքները Հայաստան պետության ինքնիշխանության ամրապնդման հարցում: Ինչպե՞ս կարող է Սփյուռքը նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Ո՞րն է հաջորդ քայլը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) սահմանված բոլոր նպատակների իրականացումից հետո: Ի՞նչ հնարավորություններ և հեռանկարներ կան Հայաստան-ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրման, ընդհուպ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համար։ Այս և շատ այլ հարցեր քննարկվեցին համաժողովի ընթացքում: 

Համաժողովի մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, որոնք կամփոփվեն և կներկայացվեն ԵՄ-ին և Հայաստանի կառավարությանը ։ Համաժողովն ընդունեց նաեւ Հռչակագիր։ Միջոցառումը ուղիղ հեռարձակվում էր Հ1 եւ Ֆակտոր հեռուստատեսություններով, ինչպես նաեւ լուսաբանվեց Զարկերակ լրատվական, Civic.am եւ այլ ԶԼՄ-ների կողմից և սոցիալական ցանցերում։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *