(Մաս 3-րդ)
Ըստ երևույթին՝ «Լաչինի միջանցքի» փակմամբ չստանալով դրան համարժեք միջանցքը Սյունիքի վրայով, վերջինի շահագրգիռ կողմերը ձեռնամուխ եղան Արցախն ամբողջապես «ոչնչացնելու»՝ «Զանգեզուրի միջանցքի» ստացման այլ գործիքակազմի դիմելու նպատակով:
Վահրամ Հովհաննիսյան
Միջանցքների հարցը Թուրքիայի իշխանությունների խոսույթում. Վահրամ Հովհաննիսյան
Ղարաբաղը (Արցախը) և հատկապես «Լաչինի միջանցքը» որպես ճնշում Հայաստանի նկատմամբ կիրառելու ակնհայտ դրսևորումներից հաջորդը հունիսի 13-ին էր. Ի. Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռ.Թ. Էրդողանը, խոսելով «Կասպիական տարանցիկ միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով հնարավորինս շուտ զբաղվելու անհրաժեշտության մասին», նշեց. «Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսության բացումը յուրահատուկ ուղերձ կլինի աշխարհին, հատկապես՝ Հայաստանին»: Թե ինչ ուղերձի մասին էր խոսքը, ակնհայտ դարձավ ելույթի մյուս հատվածում, որտեղ Թուրքիայի նախագահն արդեն բաց տեքստով հայտարարեց «Զանգեզուրի միջանցքի հարցն արագորեն լուծելու անհրաժեշտության» մասին։ Էրդողանը կարևորեց այդ միջանցքի ստեղծումը, որպես թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման, Իգդիր-Նախիջևան-Բաքու անխափան կապի ապահովման միջոց։ Նրա խոսքով՝ «Ղարաբաղում համատեղ իրականացված ծրագրերին (նկատի ունի՝ Արցախի դեմ պատերազմը, ՀՀ տարածքների նվաճումը և Լաչինի միջանցքի փակումը) կհաջորդեն նոր քայլեր, որոնց հաջողության դեպքում Ադրբեջանն էլ ավելի առաջ կգնա»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին այս հայտարարությունից ընդամենը երկու օր անց՝ հունիսի 15-ին, ադրբեջանական կողմը Հաքարիի կամրջի և Տեղ գյուղի ուղղությամբ դիմեց նոր ագրեսիայի՝ արգելելով նաև «Լաչինի միջանցքով» հումանիտար բեռների և առողջապահական նպատակներով տեղաշարժը, իսկ հունիսի 22-ին Հաքարիի անցակետի մոտ տեղադրվեցին նաև բետոնե արգելապատնեշներ՝ վերջնականապես փակելով ճանապարհը։ «Լաչինի» և «Զանգեզուրի» միջանցքները միմյանց հակադրելու, կարող ենք հասկանալ՝ համարժեք փոխանակում առաջարկելու և Արցախի շրջափակմամբ Երևանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ թուրքական հռետորաբանությունն իր գագաթնակետին հասավ 2023թ. հուլիսի 31-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանն ադրբեջանցի գործընկերոջ հետ Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով, ինչպես արդեն նշել ենք, «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի սուվերենության մասին, միջազգային հանրությանը կոչ արեց «խտրականություն չդնել (վստահաբար՝ նկատի ունի միայն «Լաչինի» մասին» հայտարարությունները), չխոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, որին հնարավոր է հասնել խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրմամբ, որտեղ Զանգեզուրի կապը մեծ նշանակություն ունի»: Հիշեցնենք, որ դրանից օրեր առաջ՝ հուլիսի 26-ին, Անկարայում հանդիպել էին Թուրքիայի և Չինաստանի ԱԳ նախարարները, խոսել «տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների մասին»: Հավանաբար հենց այս առանձնացրույցն էլ խթանեց թուրքական կողմի ակտիվացումը Հայաստանից միջանցք պահանջող հայտարարություններում: Նույնաբովանդակ խոսույթը թուրքական վերնախավի կողմից շարունակվում է մինչ օրս, և, ի հեճուկս Հայաստանի կողմից «Լաչինի» դիմաց իր տարածքով միջանցքի տրամադրման անթույլատրելիությանը և դրա վերաբերյալ պայմանավորվածությունների բացակայությանը, Իրանի և արևմտյան տերությունների կողմից տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման պնդումներին, Էրդողանը «միջացքների փոխանակման» հարցը բարձրացրեց նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից. սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական հարձակման մեկնարկի օրը, Թուրքիայի նախագահը, խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, նշեց. «Անկարան Երևանից ակնկալում է խոստումների կատարում, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացում»: Ըստ երևույթին՝ «Լաչինի միջանցքի» փակմամբ չստանալով դրան համարժեք միջանցքը Սյունիքի վրայով, վերջինի շահագրգիռ կողմերը ձեռնամուխ եղան Արցախն ամբողջապես «ոչնչացնելու»՝ «Զանգեզուրի միջանցքի» ստացման այլ գործիքակազմի դիմելու նպատակով: Թուրքական առաջարկն Իրանին. «միջանցք՝ Իրանի՞ տարածքով» Ինչպես հայտնի է, Հայաստանի տարածքով և հատկապես հայ-իրանական սահմանի խափանմամբ Նախիջևանը բուն Ադրբեջանին կապող միջանցքին դեմ է նաև Իրանը՝ բազմաթիվ պատճառներով: Առաջին հերթին իր ազգային անվտանգությանը սպառնալիքն է Իսլամական Հանրապետությանը պարտադրում այս հարցում խիստ զգայուն դիրքորոշում արտահայտել, այդ թվում՝ ռազմական բաղադրիչի ցուցադրմամբ: Համոզիչ տպավորությամբ՝ հարավային հարևանի անհամաձայնությունն է մինչ օրս զսպում «Զանգեզուրի միջանցքի» շահառուներին՝ զենքի ուժով այն ստանալու ծրագրերի իրագործմանը, ուստի պատահական չեն Անկարայից և Մոսկվայից Թեհրանին ուղղվող «գրավիչ» առաջարկները։ Ինչպես պատահական չենք կարող համարել ՄԱԿ ԳԱ նստաշրջանի մեկնարկի օրն Արցախի դեմ լայնածավալ «հակաահաբեկչական գործողություններ» ձեռնարկելն Ադրբեջանի կողմից, այնպես էլ՝ նույն օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Թեհրան։ Պաշտոնական խիստ սուղ տեղեկատվությունից ակնհայտ է դառնում, որ Ս. Շոյգուն Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մ. Բաղերիի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Շոյգուն, մասնավորապես, քննարկման թեման բնութագրեց այսպես. «… Դա, անշուշտ, և՛ Սիրիան է, և՛ Աֆղանստանը, և՛ այն, ինչ այսօր կատարվում է Ձեր հյուսիսային հարևանի մոտ. դա Ղարաբաղն է»։ Այստեղ ուշագրավ է «Ձեր հյուսիսային…» ձևակերպումը՝ «ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր», «Հարավային Կովկաս» կամ այլ՝ մինչ այդ ընդունված ձևակերպումների փոխարեն կիրառության իմաստով, ինչը հուշում է, որ Մոսկվան «Մերձավոր Արևելքում իր ռազմավարական գործընկերոջը» հստակ առաջարկ (սպառնալի՞ք, նախազգուշացո՞ւմ) ունի՝ Արցախում և նրա շուրջը տեղի ունեցողին Իրանին ինչ-որ կերպ մասնակից դարձնելու կամ, ասենք, ցեղասպանական գործողությունների ենթարկվող Արցախին Հայաստանի կողմից օգնության շտապելու արդյունքում տարածաշրջանային պատերազմի վերաճման դեպքում Իրանի «վարքագիծը» վերահսկելու վերաբերյալ: Թե ինչ ձևաչափ կարող էր Ս. Շոյգուն առաջարկել Մ. Բաղերիին, դեռ հայտնի չէ, բայց կարող ենք ենթադրել, որ խոսքը «միջանցքի» վերաբերյալ ռուս-թուրքական ծրագրերին հավանություն տալու, չխոչընդոտելու և/կամ որևէ կերպ մասնակից դառնալուն պիտի վերաբերի։ Չնայած այս կարևոր հարցին և դրա հետ կապված բազմաթիվ ու հուշող տեղեկություններին մանրամասն անդրադառնալու գայթակղությանը՝ ուշադրություն դարձնենք Թեհրանին Անկարայից հնչած «առաջարկներին» և դրանց վերաբերյալ արձագանքներին, որոնք, գուցե, կլուսավորեն նաև ռուս-իրանական բանակցությունները։
[շարունակելի]
Աղբյուրը՝