19.3 C
Yerevan

Հայաստա­նը, Թուրքիան Եւ Միջանցքնե­րը

(Մաս 3‑րդ)

Ըստ երև­ույթին՝ «Լաչի­նի միջանցքի» փակմամբ չստա­նա­լով դրան համարժեք միջանցքը Սյունի­քի վրա­յով, վերջի­նի շահագրգիռ կողմե­րը ձեռնա­մուխ եղան Արցախն ամբողջա­պես «ոչնչացնե­լու»՝ «Զանգե­զուրի միջանցքի» ստացման այլ գործի­քա­կազմի դիմե­լու նպա­տա­կով:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքնե­րի հարցը Թուրքիա­յի իշխա­նություննե­րի խոսույթում. Վահրամ Հովհաննիսյան

Ղարա­բա­ղը (Արցա­խը) և հատկա­պես «Լաչի­նի միջանցքը» որպես ճնշում Հայաստա­նի նկատմամբ կիրա­ռե­լու ակնհայտ դրսև­ո­րումնե­րից հաջորդը հունի­սի 13-ին էր. Ի. Ալիևի հետ հանդիպման ժամա­նակ Ռ.Թ. Էրդո­ղա­նը, խոսե­լով «Կասպիա­կան տարանցիկ միջանցքի և Բաքու-Թբի­լի­սի-Կարս երկա­թուղով հնա­րա­վո­րինս շուտ զբաղվե­լու անհրա­ժեշտության մասին», նշեց. «Շուշիում թուրքա­կան գլխա­վոր հյուպա­տո­սության բացումը յուրա­հա­տուկ ուղերձ կլի­նի աշխարհին, հատկա­պես՝ Հայաստա­նին»: Թե ինչ ուղերձի մասին էր խոսքը, ակնհայտ դարձավ ելույթի մյուս հատվա­ծում, որտեղ Թուրքիա­յի նախա­գահն արդեն բաց տեքստով հայտա­րա­րեց «Զանգե­զուրի միջանցքի հարցն արա­գո­րեն լուծե­լու անհրա­ժեշտության» մասին։ Էրդո­ղա­նը կարև­ո­րեց այդ միջանցքի ստեղծումը, որպես թուրք-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի ամրապնդման, Իգդիր-Նախիջև­ան-Բաքու անխա­փան կապի ապա­հովման միջոց։ Նրա խոսքով՝ «Ղարա­բա­ղում համա­տեղ իրա­կա­նացված ծրագրե­րին (նկա­տի ունի՝ Արցա­խի դեմ պատե­րազմը, ՀՀ տարածքնե­րի նվա­ճումը և Լաչի­նի միջանցքի փակումը) կհա­ջորդեն նոր քայլեր, որոնց հաջո­ղության դեպքում Ադրբե­ջանն էլ ավե­լի առաջ կգնա»։ «Զանգե­զուրի միջանցքի» մասին այս հայտա­րա­րությունից ընդա­մե­նը երկու օր անց՝ հունի­սի 15-ին, ադրբե­ջա­նա­կան կողմը Հաքա­րիի կամրջի և Տեղ գյուղի ուղղությամբ դիմեց նոր ագրե­սիա­յի՝ արգե­լե­լով նաև «Լաչի­նի միջանցքով» հումա­նի­տար բեռնե­րի և առողջա­պա­հա­կան նպա­տակնե­րով տեղա­շարժը, իսկ հունի­սի 22-ին Հաքա­րիի անցա­կե­տի մոտ տեղադրվե­ցին նաև բետո­նե արգե­լա­պատնեշներ՝ վերջնա­կա­նա­պես փակե­լով ճանա­պարհը։ «Լաչի­նի» և «Զանգե­զուրի» միջանցքնե­րը միմյանց հակադրե­լու, կարող ենք հասկա­նալ՝ համարժեք փոխա­նա­կում առա­ջարկե­լու և Արցա­խի շրջա­փակմամբ Երև­ա­նի վրա ճնշում գործադրե­լու վերա­բերյալ թուրքա­կան հռե­տո­րա­բա­նությունն իր գագաթնա­կե­տին հասավ 2023թ. հուլի­սի 31-ին, երբ Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Հ. Ֆիդանն ադրբե­ջանցի գործընկե­րոջ հետ Անկա­րա­յում համա­տեղ մամուլի ասուլի­սի ժամա­նակ, խոսե­լով, ինչպես արդեն նշել ենք, «Լաչի­նի միջանցքի» նկատմամբ Ադրբե­ջա­նի սուվե­րե­նության մասին, միջազգա­յին հանրությա­նը կոչ արեց «խտրա­կա­նություն չդնել (վստա­հա­բար՝ նկա­տի ունի միայն «Լաչի­նի» մասին» հայտա­րա­րություննե­րը), չխո­չընդո­տել տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ղությա­նը և կայունությա­նը, որին հնա­րա­վոր է հասնել խաղա­ղության համա­պարփակ պայմա­նագրի ստո­րագրմամբ, որտեղ Զանգե­զուրի կապը մեծ նշա­նա­կություն ունի»: Հիշեցնենք, որ դրա­նից օրեր առաջ՝ հուլի­սի 26-ին, Անկա­րա­յում հանդի­պել էին Թուրքիա­յի և Չինաստա­նի ԱԳ նախա­րարնե­րը, խոսել «տարա­ծաշրջա­նա­յին տրանսպորտա­յին միջանցքնե­րի մասին»: Հավա­նա­բար հենց այս առանձնացրույցն էլ խթա­նեց թուրքա­կան կողմի ակտի­վա­ցումը Հայաստա­նից միջանցք պահանջող հայտա­րա­րություննե­րում: Նույնա­բո­վանդակ խոսույթը թուրքա­կան վերնա­խա­վի կողմից շարունակվում է մինչ օրս, և, ի հեճուկս Հայաստա­նի կողմից «Լաչի­նի» դիմաց իր տարածքով միջանցքի տրա­մադրման անթույլատրե­լիությա­նը և դրա վերա­բերյալ պայմա­նա­վորվա­ծություննե­րի բացա­կա­յությա­նը, Իրա­նի և արևմտյան տերություննե­րի կողմից տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքի պահպանման պնդումնե­րին, Էրդո­ղա­նը «միջացքնե­րի փոխա­նակման» հարցը բարձրացրեց նույնիսկ ՄԱԿ‑ի ամբիո­նից. սեպտեմբե­րի 19-ին՝ Արցա­խի դեմ ադրբե­ջա­նա­կան հարձակման մեկնարկի օրը, Թուրքիա­յի նախա­գա­հը, խոսե­լով Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման մասին, նշեց. «Անկա­րան Երև­ա­նից ակնկա­լում է խոստումնե­րի կատա­րում, մասնա­վո­րա­պես՝ Զանգե­զուրի միջանցքի բացում»: Ըստ երև­ույթին՝ «Լաչի­նի միջանցքի» փակմամբ չստա­նա­լով դրան համարժեք միջանցքը Սյունի­քի վրա­յով, վերջի­նի շահագրգիռ կողմե­րը ձեռնա­մուխ եղան Արցախն ամբողջա­պես «ոչնչացնե­լու»՝ «Զանգե­զուրի միջանցքի» ստացման այլ գործի­քա­կազմի դիմե­լու նպա­տա­կով: Թուրքա­կան առա­ջարկն Իրա­նին. «միջանցք՝ Իրա­նի՞ տարածքով»           Ինչպես հայտնի է, Հայաստա­նի տարածքով և հատկա­պես հայ-իրա­նա­կան սահմա­նի խափանմամբ Նախիջև­ա­նը բուն Ադրբե­ջա­նին կապող միջանցքին դեմ է նաև Իրա­նը՝ բազմա­թիվ պատճառնե­րով: Առա­ջին հերթին իր ազգա­յին անվտանգությա­նը սպառնա­լիքն է Իսլա­մա­կան Հանրա­պե­տությա­նը պարտադրում այս հարցում խիստ զգա­յուն դիրքո­րո­շում արտա­հայտել, այդ թվում՝ ռազմա­կան բաղադրի­չի ցուցադրմամբ: Համո­զիչ տպա­վո­րությամբ՝ հարա­վա­յին հարև­ա­նի անհա­մա­ձայնությունն է մինչ օրս զսպում «Զանգե­զուրի միջանցքի» շահա­ռունե­րին՝ զենքի ուժով այն ստա­նա­լու ծրագրե­րի իրա­գործմա­նը, ուստի պատա­հա­կան չեն Անկա­րա­յից և Մոսկվա­յից Թեհրա­նին ուղղվող «գրա­վիչ» առա­ջարկնե­րը։ Ինչպես պատա­հա­կան չենք կարող համա­րել ՄԱԿ ԳԱ նստաշրջա­նի մեկնարկի օրն Արցա­խի դեմ լայնա­ծա­վալ «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություններ» ձեռնարկելն Ադրբե­ջա­նի կողմից, այնպես էլ՝ նույն օրը Ռուսաստա­նի Դաշնության պաշտպա­նության նախա­րա­րի գլխա­վո­րած պատվի­րա­կության այցը Թեհրան։ Պաշտո­նա­կան խիստ սուղ տեղե­կատվությունից ակնհայտ է դառնում, որ Ս. Շոյգուն Իրա­նի ԶՈՒ ԳՇ պետ Մ. Բաղե­րիի հետ բանակցություննե­րի ժամա­նակ քննարկել է նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղում տիրող իրա­վի­ճա­կը։ Շոյգուն, մասնա­վո­րա­պես, քննարկման թեման բնութագրեց այսպես. «… Դա, անշուշտ, և՛ Սիրիան է, և՛ Աֆղանստա­նը, և՛ այն, ինչ այսօր կատարվում է Ձեր հյուսի­սա­յին հարև­ա­նի մոտ. դա Ղարա­բաղն է»։ Այստեղ ուշագրավ է «Ձեր հյուսի­սա­յին…» ձևա­կերպումը՝ «ՌԴ խաղա­ղա­պահնե­րի տեղա­կայման վայր», «Հարա­վա­յին Կովկաս» կամ այլ՝ մինչ այդ ընդունված ձևա­կերպումնե­րի փոխա­րեն կիրա­ռության իմաստով, ինչը հուշում է, որ Մոսկվան «Մերձա­վոր Արև­ելքում իր ռազմա­վա­րա­կան գործընկե­րո­ջը» հստակ առա­ջարկ (սպառնալի՞ք, նախազգուշացո՞ւմ) ունի՝ Արցա­խում և նրա շուրջը տեղի ունե­ցո­ղին Իրա­նին ինչ-որ կերպ մասնա­կից դարձնե­լու կամ, ասենք, ցեղասպա­նա­կան գործո­ղություննե­րի ենթարկվող Արցա­խին Հայաստա­նի կողմից օգնության շտա­պե­լու արդյունքում տարա­ծաշրջա­նա­յին պատե­րազմի վերաճման դեպքում Իրա­նի «վարքա­գի­ծը» վերահսկե­լու վերա­բերյալ: Թե ինչ ձևա­չափ կարող էր Ս. Շոյգուն առա­ջարկել Մ. Բաղե­րիին, դեռ հայտնի չէ, բայց կարող ենք ենթադրել, որ խոսքը «միջանցքի» վերա­բերյալ ռուս-թուրքա­կան ծրագրե­րին հավա­նություն տալու, չխո­չընդո­տե­լու և/կամ որևէ կերպ մասնա­կից դառնա­լուն պիտի վերա­բե­րի։ Չնա­յած այս կարև­որ հարցին և դրա հետ կապված բազմա­թիվ ու հուշող տեղե­կություննե­րին մանրա­մասն անդրա­դառնա­լու գայթակղությա­նը՝ ուշադրություն դարձնենք Թեհրա­նին Անկա­րա­յից հնչած «առա­ջարկնե­րին» և դրանց վերա­բերյալ արձա­գանքնե­րին, որոնք, գուցե, կլուսա­վո­րեն նաև ռուս-իրա­նա­կան բանակցություննե­րը։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU

Առնչվող Հոդվածներ