Հայաշխարհ

Հայաստանը, Թուրքիան Եւ Միջանցքները

(Մաս 4-րդ)

Առաջին տպավորությամբ՝ խոսքը ցամաքային կապը հենց Իրանի տարածքով կազմակերպելու մասին է՝ Արաքսի վրա նոր կամուրջների և աջ ափին նոր ճանապարհների կառուցմամբ, սակայն այստեղ հետաքրքրականն այդ տարբերակը «Զանգեզուրի միջանցք» անվանելն է այն դեպքում, երբ այդպես արդեն Զանգեզուրով չի անցնելու, և ներկայումս Ադրբեջանն այդ ցամաքային երթուղով է Նախիջևանի հետ կապ հաստատում։

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքների հարցը Թուրքիայի իշխանությունների 

խոսույթում. 

Վահրամ Հովհաննիսյան

Այսպես, Իրանի տարածքով «Զանգեզուրի միջանց» անցկացնելու ուշագրավ միտքը հնչեցրեց Թուրքիայի նախագահը՝ սեպտեմբերի 26-ին։ Այսօրինակ հայտարարությունը Թեհրանին ուղղված ուղերձ-առաջարկ-սպառնալիք չէինք համարի, եթե դա տեղի չունենար Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությունից անմիջապես հետո, Նախիջևանից Անկարա վերադարձող ինքնաթիռում։ Բանն այն է, որ իրանական գազով սնվող Նախիջևանը բնավ նոր գազատարի կարիք չուներ, սակայն թուրք-ադրբեջանական կողմը ի վերջո գործնական քայլեր ձեռնարկեց հին մտադրությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Համաձայն այդ օրերի նախիջևանյան համաձայնագրերի՝ Թուրքիա-Նախիջևան կապը, ռազմատնտեսականից բացի, դեռ կամրապնդվի այլ ոլորտներում ևս։ Իսկ Իրանին ուղղված ուղերձը հետևյալն էր. «… Եթե ցանկանում ենք, որ Լաչինի և Զանգեզուրի միջանցքները դառնան խաղաղության միջանցքներ, ապա այդ հարցը պետք է լուծենք առանց հակամարտության։ … Իսկ եթե Հայաստանը չբացի այդ հարցի լուծման ճանապարհը, ապա միջանցքը կանցնի Իրանով։ Ներկայումս Իրանը դրան դրական է վերաբերվում»։ Ապա շեշտեց, որ իր այցը Նախիջևան ցուցադրական է՝ ուղղված բոլորին։ Նույն միտքը Ռ.Թ. Էրդողանն առաջ քաշեց նաև Կառավարության նիստի ժամանակ՝ կրկին հղում անելով դրա վերաբերյալ Իրանից հնչող դրական ազդակներին։ Առաջին տպավորությամբ՝ խոսքը ցամաքային կապը հենց Իրանի տարածքով կազմակերպելու մասին է՝ Արաքսի վրա նոր կամուրջների և աջ ափին նոր ճանապարհների կառուցմամբ, սակայն այստեղ հետաքրքրականն այդ տարբերակը «Զանգեզուրի միջանցք» անվանելն է այն դեպքում, երբ այդպես արդեն Զանգեզուրով չի անցնելու, և ներկայումս Ադրբեջանն այդ ցամաքային երթուղով է Նախիջևանի հետ կապ հաստատում։ Այս նպատակի առումով մի քանի ենթադրություններ ու հարցադրումներ կարող ենք անել, օրինակ՝ եթե այդպես դյուրին է և ցանկալի, ապա ինչու ավելի վաղ չէր այդ տարբերակը քննարկվում և Հայաստանի վրա էր ճնշում գործադրվում, արդյո՞ք թուրք-ադրբեջանառուսական կողմը հրաժարվել է Սյունիքի օկուպացիայի ծրագրից: Իսկ եթե խոսքն Իրանի տարածքի մասին չէ, այլ՝ Սյունիքի մի մասն Իրանին «զիջելո՞ւ» (հայ-իրանական սահմանը դեպի հյուսիս տեղափոխելու արդյունքում կստացվի, որ միջանցքն իրանական տարածքով է անցնում), կամ գուցե Սյունիքի «միջանցքային» տարածքը համատեղ վերահսկելու, կառավարելու հարցում Իրանին ներգրավելո՞ւ։ Սրանք դեռ հարցեր են, բայց լիովին իրատեսական՝ հաշվի առնելով առաջարկողների քաղաքական վարքագիծը և խոշորամասշտաբ ծրագրերի իրագործման ճանապարհին նաև այդպիսի քայլերի դիմելու ընդունակությունը։ Ամեն դեպքում՝ Էրդողանի՝ «… առանց հակամարտության» ձևակերպումը պետք է հասկանալ «հակառակ դեպքում՝ կլինի հակամարտություն», և այդ սպառնալիքի ներքո Իրանին առաջարկվում է որոշակի տարածք, գուցե՝ Սյունիքում ռազմաբազա ունենալու «թույլտվություն», տարածաշրջանային այլ հակամարտությունների տիրույթում փոխանակում և այլն: Եթե այս համատեքստում ուշադրության առնենք Ադրբեջանի և Իրանի կողմից վերջինի տարածքով «միջանցքի» անցկացման նպատակով նոր կամուրջների շինարարության վերաբերյալ հայտարարություններն ու գործնական աշխատանքները, ակնհայտ է, որ սա չի փոխարինելու «ցանկալի միջանցքին» և չի զսպելու «Զանգեզուրի միջանցքի» ձգտող առաջնային շահառուներին: Նոր կամուրջները, ամենայն հավանականությամբ, շախմատային ձևակերպմամբ՝ «շեղում» հնարք են, որով հնարավոր է մեղմել թե՛ հայ հասարակության տրամադրությունները (նաև ցույց տալու, որ «դրա մեջ վատ բան չկա»), թե՛ իրանական անհամաձայնությունը՝ փոխադրումների մի մասից եկամուտը նրան վերապահելով։ Սա կարող ենք համարել նաև նախազգուշացում Մոսկվային՝ նրան ծրագրից դուրս թողնելու սպառնալիքով և գործընթացն արագացնելու դրդմամբ: Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը ենթադրաբար համարեցինք առաջարկ, սակայն Իրանին ուղղված առաջարկների փաստը և հնարավորությունը հաստատեց նաև Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ նշելով. «Մինչ այժմ Իրանը ցույց է տվել, որ իր համար այս տարածաշրջանի աշխարհագրական դիրքն այնքան լուրջ նշանակություն ունի, որ Թեհրանը չի գայթակղվել որևէ առաջարկով, որը կարող էր արվել տարբեր մակարդակներում բանակցությունների ընթացքում։ Հնարավոր է, որ դեռ առաջարկներ լինեն, այդ թվում՝ Ռուսաստանից, սակայն Թեհրանը կարևոր է համարում Հայաստանի միջոցով դեպի հյուսիս մուտքը, հատկապես հաշվի առնելով Կովկասի մեծացած դերը Մերձավոր Արևելքի հետ կապերի առումով: Ուստի Հայաստանի տարածքային ամբողջականության և անկախության պահպանումը կարևոր գործոն է Իրանի համար»։ Այս «գայթակղիչ առաջարկների» մասին հայազգի պատգամավորի հուշումը, վստահաբար, Երևանի համար մտորելու նոր խնդիրներ է առաջացնում. ակնհայտորեն՝ իրանական կողմին հայկական տարածք է առաջարկվում կամ ազդեցություն կամ, առնվազն, Սյունիքում ներկայություն, ինչին Թեհրանը դժվար թե անտարբեր լինի։ Տեղին կլինի հիշել նաև ավելի վաղ Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ թուրքական կողմը հիշեցրեց Իրանի դեմ պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալու փաստը, որպես թուրքական մեծահոգություն, որի դիմաց Անկարան պատեհ առիթով փոխհատուցում պիտի պահանջեր, ինչն էլ չուշացավ. Մ. Չավուշօղլուն կարևորեց «3+3 ձևաչափում աշխատելը և Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու անհրաժեշտությունը», որը, նրա խոսքով, «օգուտ կբերի բոլորին»: 

[շարունակելի]

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *