Հայաստան

Ադրբեջանի Անմարդկային Հումանիզմը

Այսինքն, Ադրբեջանը համաձայնել է ազատ արձակել երեսուներկու հայ զինծառայողի, բայց կոնկրետ ու՞մ՝ դեռեւս հստակ չէ՞: Բաքուն անհատական մոտեցու՞մ է ցուցաբերում, կան անձինք, որ ոչ մի պայմանով ազատ չեն արձակվի՞:

Վահրամ Աթանեսյան

Բաքուն փորձում է վիժեցնել նաեւ մարդասիրական համաձայնությու՞նը

Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաամտեղ հայտարարությունից օրեր են անցել, բայց իրական քայլերի մասին տեղեկատվություն առայժմ չկա: Բաքվում լրագրողներն այդ հարցով դիմել են Ադրբեջանի զինդատախազին: Նա ասել է, որ «Հայաստանում պահվող երկու ադրբեջանցի ռազմագերու վերադարձի համար ամեն ինչ կարվի»: Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը վերադարձնում է երկու ադրբեջանցի զինծառայողի, իսկ Ադրբեջանը՝ երեսուներկու հայ զինծառայողի: Եթե սա վերջնական համաձայնություն է, ապա Ադրբեջանի զինդատախազն ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ երկու ադրբեջանցի զինծառայողի վերադարձի համար ամեն ինչ կարվի:

Հայտարարության իմաստով՝ ամեն ինչ արված է: Ավելին, այդ համաձայնությունը ողջունել են միջազգային հիմնական դերակատարները, տարածաշրջանի երկրները, այդ թվում եւ՝ Թուրքիան: Իսկ հայրենադարձություն չի իրականացվել: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մատուցմամբ՝ հարցը կարող է կարգավորվել առաջիկա օրերին: Խնդիրն ինչի՞ մեջ է: Հայաստանում երկու ադրբեջանցի զինծառայող կա, Ադրբեջանում՝ ավելին, քան համաձայնությամբ պետք է հայրենիք վերադառնան:

Այսինքն, Ադրբեջանը համաձայնել է ազատ արձակել երեսուներկու հայ զինծառայողի, բայց կոնկրետ ու՞մ՝ դեռեւս հստակ չէ՞: Բաքուն անհատական մոտեցու՞մ է ցուցաբերում, կան անձինք, որ ոչ մի պայմանով ազատ չեն արձակվի՞: Ինչու՞ հատկապես այս իրավիճակում է Իլհամ Ալիեւը արտոնել, որ գլխավոր դատախազն էլ խոսի Արցախի նախկին նախագահների եւ այլ պաշտոնյաների, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների դեմ հարուցած քրեական գործից: Ընդ որում՝ այն շեշտադրմամբ, որ գործը միասնական է:

Որեւէ կապ կա՞ Ադրբեջանի գլխավոր դատախազի հայտարարության եւ հայկական մամուլում Արցախի դատախազության՝ քառասունչորսօրյա պատերազմի պարտության պատճառների բացահայտման հիմքով քրեական վարույթի նյութերից ընտրովի արտահոսքերի միջեւ: Հատկապես որ շոշափվում է հիմնականում «Գյանջայի ռմբակոծման հրամանի» դրվագը, որով Բաքուն մեղադրանք է առաջադրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:

Մեր հանրության համար ռազմագերիների վերադարձի հարցը չափազանց զգայուն է, բայց դա ամենից առաջ պետության արժանապտվության խնդիր է՝ դրանից մակաբերվող ներքաղաքական կարեւորությամբ հանդերձ: Ավելին, հայ-ադրբեջանական մարդասիրական համաձայնությունը գնահատվեց որպես խաղաղության հասնելու քաղաքական կամքի դրսեւորում: Գլխավոր դատախազին տալով Արցախի նախկին նախագահների դեմ քրեական գործի մասին խոսելու արտոնություն, Իլհամ Ալիեւն արդյոք չի՞ ասում, որ նրանց «արժանի դատավարությունն» իր համար կարմիր գիծ է:

Ադրբեջանի գլխավոր դատախազն ինչու՞ է հավաստիացնում, որ քրեական վարույթի ընթացքի եւ դատավարության ժամկետների մասին «ադրբեջանական ժողովուրդը պատշաճ կտեղեկացվի»: Բաքվում կասկածներ կան, որ իշխանությունը կարող է Արցախի նախկին նախագահներին արտահանձնե՞լ կամ որպես պահվող անձանց վերադարձնել Հայաստանի՞ն: Թե դա հերթական սադրանք է, որ Բաքուն նախաձեռնում է, որպեսզի վիժեցնի նաեւ մարդասիրական համաձայնությու՞նը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *