Պետք չէ սպասել, թե ամերիկացիները շուտով կգան և ռուսներին մեկ օրում կհեռացնեն այստեղից: Նա ռուսները այստեղից չեն հեռանա, այն էլ մեկ օրում և բացի դրանից՝ կամ-կամի քաղաքականությունը շատ վտանգավոր է ու ոչ կիրառելի:
Ստեփան Ասդուէրեան
1inTV-ն զրուցել է գիտնական, Բերկլիի համալսարանի Հայագիտական ամբիոնի երկարամյա վարիչ, ներկայումս Երևանում Ամերիկյան համալսարանի դասախոս Ստեփան Ասդուրեանին:
Զրույցն ընթացել է Հայաստանի արտաքին քաղաքականության, հայ-ամերիկյան հարաբերությունների տեսլականի և աշխարհաքաղաքական դրության մասին:
Ստեփան Ասդուրեանը նախ նշեց, որ ինչ որ բանից ակնկալիք ունենալը նախ և առաջ կախված է ապագային նայելու տրամաբանությունից, այսինքն, թե հայերը ինչ են մտածումապագայի մասին, ինչ տրամադրվածություն ունեն, որն է հայկական պետության հայեցակարգը: Երբ գիտես, թե ինչ ես ուզում, ուր ես ուզում գնալ, ավելի հեշտ է դառնում նաև ապագայի ծրագրեր կազմելն ու ակնկալիքներ ձևավորելը: Ռազմավարություն է պետք, նկատեց Ասդուրեանը, դա է կարևոր, ոչ թե մանր իրադարձային դեպքերի հետևից գնալ և արձանագրել, թե ով եկավ, ով գնաց, ով ինչ ասաց: Դա իմաստ չունի: Պետք է հասկանալ, թե ինչ է լինելու տասը, քսան, հիսուն տարի հետո և որոշել գիտակցել, թե դու այդ աշխարհում ինչ տեղ ես ունենալու, ինչ տեղ ես կարողանալու հաստատել քո համար:
Անդրադառնալով կոնկրետ հայ-ամերիկյան հարաբերություններին, Ասդուրեանը նախ ասաց, որ այդ հարաբերությունները այն տեսքը չունեն, ինչ մենք ենք պատկերացնում: ԱՄՆ-ը իր հարաբերությունները չի կառուցում միայն մի երկրի հետ՝ նրա կարողություններին համապատասխան: ԱՄՆ-ը արտաքին քաղաքականությունը ամբողջ տարածաշրջաններ ընդգրկող երևույթ է և Հայաստանը դրա մի մասն է միայն: Մենք իզուր ենք կարծում, թե ԱՄՆ-ը կարող է սիրել կամ չսիրել հայերին, դա քաղաքականության հետ կապ չունի: ԱՄՆ-ը իր քաղաքականությունը մշակում է ոչ թե ըստ վարչակարգերի, այլ իր պետական կենսական շահեից ելնելով և որպես կանոն՝ դրանք փոփոխական չեն: Բացառություններ են այն դեպքերը, երբ որևէ նախագահ հանկարծ կարող է որևէ կտրուկ բան անելու շեղվել դասական հավասարակշիռ պահվածքից, ինչպես օրինակ Թրամփը կամ Բուշը:
Ամերիկյան քաղաքականությունը հասկանալու համար հարկավոր է ճանաչել Ամերիկան: Ստեփան Ասդուրեանն ասաց, որ ԱՄՆ-ում կան բազմաթիվ ուղեղային վերլուծական կենտրոններ, որոնք սովորաբար ամեն տարի զեկուցում են Սենատին իրենց արդյունքների մասին: Այդ վերլուծությունները սովորաբար հրապարակվում են, ամեն մարդ կարող է կարդալ և ծանոթանալ դրանց բովանդակությանը: Բնականաբար այդ վերլուծական կենտրոններից շատերը փորձում են իրենց վճարողների պատվերները կատարել և ըստ այդմ՝ իրականացնել նրանց ձեռնտու վերլուծություն:
Ստեփան Ասդուրեանը, անդրադառնալով հայկական սպասելիքներին և հայկական արտաքին քաղաքականությանը, նշեց, որ պետք չէ սպասել, թե ամերիկացիները շուտով կգան և ռուսներին մեկ օրում կհեռացնեն այստեղից: Նա ռուսները այստեղից չեն հեռանա, այն էլ մեկ օրում և բացի դրանից՝ կամ-կամի քաղաքականությունը շատ վտանգավոր է ու ոչ կիրառելի: Ավելի նախընտրելի է հավասարակշռության քաղաքականության որդեգրումը և բոլորի հետ լեզու գտնելու սկզբունքը:
Գնահատելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրությունը և այս տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական կեցվածքը, Ասդուրեանն ասաց, որ իր կարծիքով ԱՄՆ-ը շահագրգռված չէ, որ Հարավային Կովկասն ամբողջությամբ անցնի Թուրքիայի և որ էլ ավելի անհավանական է՝ Ադրբեջանի գերիշխանության տակ: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, քանի որ դրանից են բխում մեծ տնտեսական շահեր և մենք պիտի հասկանանք, որ այդ մեծ քաղաքականության ոչ թե կենտրոնն ենք, այլ միայն մի մասը ու փորձենք ապահովել մեր տեղը ապագայում:
Տեսանյութն ամբողջությամբ՝