Իրենց իսկ ընտրած պարոն Սամվել Շահրամանյանը թուղթ է ստորագրել, որով 2024 թվականի հունվարի 1‑ից լուծարում է Արցախի հանրապետությունը: Եթե նրանք լուծարում են ամբողջ հանրապետությունը բոլոր ինստիտուտներով, Ազգային ժողովը ինչի՞ հիման վրա է շարունակելու գործել:
Դավիթ Ստեփանյան
Հայաստանում կայացած ԼՂ ԱԺ նիստի «մութ կողմերը», ինչո՞ւ է այն անցել փակ, ի՞նչ է ծրագրվում. Դավիթ Ստեփանյանի դիտարկումները
«Եթե դրա բովանդակության մասին չի հայտնվում անգամ արցախցիներին, ուրեմն խնդրահարույց է, առաջացնում է հարցեր»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, ըստ որի՝ օրերս ԼՂ Ազգային ժողովը փակ նիստ է անցկացրել:
«Ինչո՞ւ է նիստը եղել փակ, եթե այնտեղ քննարկվել է մի օրակարգ, որը կապված է Արցախի կամ արցախցիների հետագա անելիքների հետ, իսկ այդ օրակարգային հարցերը արցախցիների մասով հարյուրավորն են: Սա առաջացնում է հարցեր, և ես կածում եմ, որ այդ հարցերը հենց առաջին հերթին արցախցիները պետք է ուղղեն իրենց Ազգային ժողովին: Ուրեմն այնտեղ քննարկվել է ինչ-որ մի բան, որը իրոք համապատասխանում է պարոն Պապոյանի բնորոշմանը, այսինքն՝ ռումբ է ՀՀ ինքնիշխանության համար: Դա նշանակում է, որ այնտեղ քննարկվել են զավթելու ճանապարհներով ինչ-որ հարցեր լուծելու փորձեր»,- ասում է նա:
Ստեփանյանը նաև նկատում է՝ ընդհանրապես այս երկու ամսվա ընթացքում, երբ արցախցիները դարձան էթնիկական զտման զոհ, ԼՂ ԱԺ‑ն նույնիսկ մեկ հայտարարություն չի արել այդ կապակցությամբ. «Արցախի ԱԺ‑ն, լինելով լեգիտիմ իշխանություն, չի արել ոչ մի հայտարարություն, որևէ տեղ նրա ձայնն անգամ չենք լսել վերջին երկու ամսվա ընթացքում: Նույն էթնիկական զտման փաստը գոնե առնվազն պետք է արձանագրեին»:
Ըստ քաղաքագետի՝ այն, որ ԼՂ այս, այսպես ասած, իշխանությանը ղեկավարում են Ռուսաստանից, փաստ է:
«Չեմ կարող ասել՝ տվյալ դեպքում ինչ են նրանք պլանավորում՝ հեղաշրջում կամ երկիշխանություն, բայց այն, որ Արցախի ժողովուրդը դարձավ էթնիկական զտման զոհ՝ ՌԴ‑ի քավորությամբ և ԼՂ իշխանության հլու-հնազանդ կատարությամբ, փաստ է: Հիմա կշեռքի նշաձողին այլ բան չկա դնելու, քան ՀՀ ինքնիշխանությունը: Արցախը իրենք հաջողությամբ հանձնել են, ի նկատի ունեմ 1994 թվականից ի վեր բոլոր Արցախի ղեկավարների գործողությունները, որոնք զբաղվել են թալանով, մսխել են Արցախի ռեսուրսները, այստեղից ուղարկվող գումարները, որոնք չեն աշխատել ու չեն բարձրացրել Արցախի ինքնապաշտպանությունը, որոնք հույսները դրել են ՌԴ‑ի վրա, ինչպես և իրենց այստեղի տերերը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, տասնամյակներով տևող գործողությունների ընթացքում ստացել են այն, ինչ ստացել են: Իրենք են մեղավոր, կարծում եմ՝ դա բոլորը գիտեն, առաջին երթին՝ արցախցիները»,- ասում է Ստեփանյանը:
Քաղաքագետը չի տեսնում հնարավորություններ, որ այս մարդիկ կարող են Հայաստանում իշխանություն զավթել, այլապես դա հենց Հայաստան գալու օրը կանեին. «Դա նշանակում է, որ կարող են ինչ-որ գործողություններ անել, որոնք կխանգարեն ՀՀ‑ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որովհետև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի բխում ՌԴ շահերից»:
Անդրադառնալով կրկին ԼՂ Ազգային ժողովին՝ Ստեփանյանն ասում է. «Նրանք պարզ ասում են, որ չեն ուզում լուծարվել ու շարունակում են իրենց աշխատանքը: Ես պարզապես չեմ կարող հասկանալ՝ ինչպես են դա պատրաստվում անել, եթե իրենց իսկ ընտրած պարոն Սամվել Շահրամանյանը թուղթ է ստորագրել, որով 2024 թվականի հունվարի 1‑ից լուծարում է Արցախի հանրապետությունը: Եթե նրանք լուծարում են ամբողջ հանրապետությունը բոլոր ինստիտուտներով, Ազգային ժողովը ինչի՞ հիման վրա է շարունակելու գործել: Ուրեմն պետք է նախ այդ հայտարարությունից հրաժարվել, ասել՝ լեգիտիմ չէ, որպեսզի կարողանան շարունակել գործել ՀՀ-ում կամ մեկ այլ երկրի տարածքում: Եթե չեն հրաժարվում, ու լուծարվում է, ուրեմն իրենք էլ պետք է լուծարվեն»:
Հերմինե Կարապետյան
