Սփիւռք

Միասնականության Եւ Համերաշխության Ոգով

Չկա փոքր օգնություն, չկան քիչ հայրենասերներ։ Ամեն մարդու խոսքը և քայլը մեծ է իր գաղափարով և նպատակադրվածությամբ։

Մեր Ուղին

ԱՄՆ արևմտյան ափի 26 հայկական կազմակերպություններ միասնականության և համերաշխության կոչ են հղել, որում նշվում է իարդարձության կարևոր այս հանգրվանում հայությանը սպառնացող վտանգներին մեկ ամբողջական ճակատով դիմագրավելու անհրաժեշտության մասին։ 

Հիրավի այս կենսական օրերին րոպե առաջ մենք պարտավոր ենք որպես ժողովուրդ կանգնել հայոց պետականության պաշտպանության ճակատում՝ որը գրչով, որը մտքով, որը զենքով և այդպես շարունակ։ Հայոց պետականությունն է հայ ժողովրդի ապագայի միակ երաշխավորը, նրա հովանավորն ու պահապանը։ Եվ շատ ուրախ ենք, որ հեռավոր ԱՄՆ-ում գործունեություն ծավալող 26 կազմակերպություն գիտակցում են պահի լրջությունն ու միասնական բռունցք դառնալու գաղափարական և ապա՝ գործնական ջանքերի կարևորությունը։

Մենք ողջունում ենք այս հայտարարությունը, որպես միասնաբար պայքարի պատրաստակամության ցուցիչ և ջերմորեն ենք ընդունում մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, ովքեր ցանկանում են աշխատել և ապրել ի շահ հայոց երկրի։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ մենք ցանկանում ենք նշել, որ սա շատ կարևոր է, քանի որ ինքն իրենով հայտարարությունը ցույց է տալիս, որ հեռավոր ափերում ապրող մեր ազգակիցները մեզ չեն մոռացել և լքել, այսօր էլ պատրաստ են իրենց ջանքն ու եռանդը նվիրել Հայաստանին։ Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ նրանք ընկճված չեն վերջին տարիներին Հայաստանին պատուհասած աղետից և լի են դրա դեմ պայքարելու մղումով։

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ հենց հիմա Հայաստանում բազմաթիվ կազմակերպություններ կան՝ քաղաքական, հասարակական և այլն, որոնք այս օրերին տհաճորեն լուռ են՝ տպավորություն թողնելով, որ այս խնդիրները իերնց չեն վերաբերում։ Սա իհարկե նոր երևույթ չէ և մենք մշտապես աչքի առաջ ունեցել ենք նման իներտ մի զանգված, որը երբեք տեղից չի շարժվում, եթե խոսքն իրենց գրպանային շահին չի վերաբերվում։ Եվ նրանք, ովքեր լռում են այսօր, իրենց լռությամբ սեպ են խրում այն հնարավոր միասնության մեջ, որի կարիքն այդքան զգում է հայ ժողովուրդը։ Որովհետև միասնության կոչ անող սփյուռքահայը կարող է զարմանալ, կամ որ ավելի վատ է՝ հիասթափել այն բանից, որ իր ցանկությունը, կոչն ու նախաձեռնությունը բավարար չափով արձագանք չի գտնում, որովհետև տրամաբանությունը ենթադրում է, որ, եթե նույնիսկ ԱՄՆ-ից երևում է մեր խնդրի ծանրությունը, ապա որչափ ավելի շատ պիտի այստեղ եռար այն աշխատանքային համերաշխ և միասնական մթնոլորտը, որին սիրով կմիանան բոլոր հայրենասերները։

Մնում է ցանկանալ, որ այդ կոչը իրոք լինի ոչ թե պահի ազդեցության տակ տրված հուզմունք, այլ սառը և սթափ դատողությամբ կոչված կամք, որն իրապես ծառայելու է Հայաստանին՝ չընկրկելով ոչ մի դժվարությունից։ Եվ նաև լիահույս ենք, որ այստեղ ևս արագ կհասկանան միասնականության կենսական անհրաժեշտությունը և մի կողմ կդնեն իրենց կենցաղային վախերը՝ հանուն վաղվա կայունության։

Չկա փոքր օգնություն, չկան քիչ հայրենասերներ։ Ամեն մարդու խոսքը և քայլը մեծ է իր գաղափարով և նպատակադրվածությամբ։ Օվկիանոսը բազմաթիվ կաթիլներից էբաղկացած և մենք այսօր բոլոր պարտավոր ենք պահպանել միմյանց՝ որպես վաղվա օվկիանոսի կաթիլ։ Մենք կչորանանաք, եթե ապրենք կաթիլի գիտակցմամբ, ուրեմն հասնենք այն բարձրությանը, որ ընդունենք մեզ որպես օվկիան, ապրենք և պայքարենք միասնաբար և հայամետ։

Ստորև ներկայանցնում ենք հայտարարությունը՝

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Սիրելի՛ Հայ ժողովուրդ,

Արցախահայութեան տարագրութեան ողբերգական այս օրերուն եւ Հայաստանի գոյութենական վտանգը ահագնացնող ռազմաքաղաքական վերջին ներքին/արտաքին իրադարձութիւններո լոյսին տակ՝ ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆԻ 26 հայկական կազմակերպութիւնները կոչ կ՚ուղղեն հայրենի եւ Սփիւռքի հայութեան, որ ցուցաբերեն ազգային զգոն/միասնակամ վերաբերմունք՝ մեր հայրենիքին դէմ նախածրագրուած բոլոր սադրանքներուն եւ մարտահրաւէրներուն հանդէպ։ 

Այսօր, ամէն ժամանակէ աւելի, հայութիւնը պարտաւոր է ՄԷԿ ԲՌՈՒՆՑՔՈՎ եւ բոլոր հնարաւոր միջոցներով տէր կանգնիլ Հայկական Պետութեան Ինքնիշխանութեան, Ժողովրդավարութեան, Անկախութեան ԳՈՅՈՒԹԵՆԱԿԱՆ եռանկիւնային այդ արժէքներուն, կանխելու համար մեր պատմական սխալներու մահացու կրկնութիւնը։ 

Կեցցէ’ Արցախն ու Հայաստանը։ 

Կեցցէ՜ Հայ Ժողովուրդը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *