Հայաստան

Երևան – Թեհրան Զրույց

Կովկասում մրցակցում են նաեւ արեւմտյան տարբեր դերակատարներ, եւ թյուր է հավաքական Արեւմուտքի վերաբերյալ պատկերացումը: Մասնավորապես, բավականին նուրբ, բայց Եվրամիությունից, ըստ այդմ առաջին հերթին Ֆրանսիայից եւ Գերմանիայից տարբեր տրամաբանությամբ է գործում Բրիտանիան:

Հակոբ Բադալյան

Փաշինյան-Ռայիսի ուշագրավ հեռախոսազրույցը

Հարավային Կովկասը չպետք է վերածվի արտատարածաշրջանային տերությունների մրցակցության դաշտի, ըստ իրանական լրատվամիջոցների Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին: Հայաստանի վարչապետի գրասենյակը դեկտեմբերի 20-ի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ նշում էր, որ Փաշինյանն ու Ռայիսին խոսել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին, նաեւ քննարկել ռեգիոնալ իրադրությունը, անդրաղդառնալով 3+3 ձեւաչափին, օգտակար գնահատելով Թեհրանում շաբաթներ առաջ տեղի ունեցած հանդիպումը, որին չէր մասնակցել միայն Վրաստանը: Կովկասում արտառեգիոնալ դերակատարների հանդեպ իր դիրքորոշումը Իրանը հայտնում է պարբերաբար: 

Սակայն, դիտարկելով Իրանի նախագահի՝ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ խոսքը, նկատում ենք ուշադրության արժանի հանգամանք: Իրանի նախագահը խոսում է այն մասին, որ Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտ: Գուցե կան թարգմանական նրբություններ, սակայն ուշագրավ է, որ Իրանի նախագահը խոսում է արտատարածաշրջանային երկրների մրցակցության մասին, առնվազն հարց առաջացնելով, թե արդյո՞ք Իրանի նախագահը նկատի ունի մրցակցություն արտատարածաշրջանային երկրների միջեւ՝ Կովկասում: Այսինքն, ոչ թե մրցակցություն արտատարածաշրջանային եւ տարածաշրջանային երկրների միջեւ, այլ հենց արտատարածաշրջանային երկրների միջեւ: Դա միայն առաջին հայացքից կարող է թվալ տարակուսելի, որովհետեւ կա ընդհանուր տարածվածծ համոզում, որ Կովկասում մրցակցում են արտառեգիոնալ եւ ռեգիոնալ երկրները: Գործնականում սակայն, դա մրցակցության մի շերտ է միայն, իսկ մրցակցությունն իսկապես բազմաշերտ է:

Ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվելու, Կովկասը վաղուց ըստ էության իր վրա կրում է ԱՄՆ-ՉԻնաստան դիմակայության ազդեցությունը, եւ Իրանի նախագահը միանգամայն կարող է նկատի ունենալ օրինակ հենց այդ, որ ԱՄն ու Չինաստանը Կովկասը չպետք է դարձնեն իրենց մրցակցության դաշտ, կամ՝ ռեգիոնալ երկրները չպետք է դա թույլ տան: Սակայն, այստեղ կա այլ նուրբ պահ եւս: Կովկասում մրցակցում են նաեւ արեւմտյան տարբեր դերակատարներ, եւ թյուր է հավաքական Արեւմուտքի վերաբերյալ պատկերացումը: Մասնավորապես, բավականին նուրբ, բայց Եվրամիությունից, ըստ այդմ առաջին հերթին Ֆրանսիայից եւ Գերմանիայից տարբեր տրամաբանությամբ է գործում Բրիտանիան: 

Այդ հանգամանքը ոչ բոլոր պարագաներում է ողջունելի ԱՄՆ համար: Հատկանշական է, որ հենց Լոնդոն այցի եւ բրիտանական մեդիային հարցազրույցի ընթացքում է Ադրբեջանի նախագահի օգնականը խոսում Կովկասում «հարաբերական խաղաղության» մասին, միեւնույն ժամանակ հենց Լոնդոնից ԱՄՆ-ին «թելադրում» վաշինգտոնյան հարթակում բանակցությունը շարունակելու «պայմաններ»: Ով ով, բայց Իրանը թերեւս չափազանց իրազեկ ու նրբազգաց է Կովկասում ծավալվող մրցակցության այդ շերտերից: Այդ ֆոնին, Հայաստանի վարչապետի հետ Իրանի նախագահի հեռախոսազրույցը անշուշտ հատկանշական է, առավել եւս Իրանի նախագահի օրեր առաջ Մոսկվա կատարած այցի եւ Պուտինի հետ մի քանի ժամ տեւած բանակցության ֆոնին, որը անմիջապես հաջորդել էր Պուտինի ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա կատարած այցերին: Ընդ որում, հարց է նաեւ, թե ասելով ռեգիոն, ի՞նչ շրջանակ նկատի ունի Իրանը՝ Կովկա՞ս, թե՞ մեծ մերձավոր Արեւելք ընդհանրապես: 

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *