Պատերազմում պարտված հայկական կողմի համար ռիսկային է առանց միջնորդ կամ Մոսկվայի նման բացահայտ հակահայ միջնորդի մասնակցությամբ խաղաղության մասին բանակցելը:
Արեգ Քոչինյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի հետ: Զրոուցի ընթացքում նրանք փորձել են ամփոփոել 2023-ը և հասկանալ, թե ինչի հանգեցրին տարածաշրջանային գործընթացներն ընթացիկ տարում:
Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր էր խուսափել Արցախի հայաթափումից, Ա. Քոչինյանն ասաց, որ այո՛, հնարավոր էր խուսափել դեպքերի այս ամենավատ սցենարով զարգացումից, եթե մենք փոքր ինչ ավելի իրատես լինեինք և փորձեինք Ադրբեջանի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների գալ՝ կապված ինքնավարության տարբեր ձևաչափերի առումով: Բայց մենք ընտրեցինք ամենասուր պահվածքը, իրականացվեց պալատական հեղաշրջումը, մի բան, որն Ադրբեջանը հայտարարեց, որ չի ընդունելու և եղավ այն, ինչ եղավ: Անդրադառնալով այն շրջանառվող տրամադրություններին, որ Արցախի հարցում հարկավոր է գնալ մինչև վերջ, Ա. Քոչինյանը նկատեց, որ նախ հարկավոր է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ «մինչև վերջը» և նաև պետք է պարեզել, թե «մինչև վերջ» գնալու կոչ անողները ինչու Արցախում չգնացին մինչև վերջ, փոխարենը նստել են Երևանում և ապահով վիճակում ինչ որ հայտարարություններ են անում:
Արդյո՞ք արցախցիները հետ կգնան Արցախ: Գուցե և գնան, բայց միայն այդ դեպքում, եթե նրանց երկաթե երաշխիքներ տրամադրվի, առաջին հերթին կյանքի և գույքի անվտանգության առումով: Այս պահին այդ երաշխիքները միայն ռուսներն են տալիս, որոնց բնականաբար ոչ ոք, առաջին հերթին արցախցիները չեն հավատում, որովհետև տեսել են ռուսական խաղաղպահների անգործությունը: Եվ այս պահին հայտարարել մինչև վերջ գնալու մասին ու կոչ անել վերադառնալ Արցախ ու ապրել այնտեղ՝ լուրջ չէ: Գնան, որ ի՞նչ լինի: Նորից սպանություններ և բռնությո՞ւն:
Անդրադառնալով Արցախի հայաթափման ռուս-ադրբեջանական հնարավոր համագործակցության սցենարին, Ա. Քոչինյանը ենթադրեց, որ ռուսները թույլ տվին Ադրբեջանին ամբողջապես վերցնել Արցախը, որովհետև ունեն պարտավորություններ, պայմանավորվածություններ: Ու այստեղ կարևոր էլ չէ, թե հայերը կմնան այնտեղ, թե ոչ, որովհետև ռուսները նախ հասան այն բանին, որ իրենց խաղաղապահները մնացին Արցախում և երկրորդ՝ չեն դադարում խոսակցություններն առ այն, որ Պաշտպանության Բանակի՝ ուտիլիզացվելու ենթակա զինտեխնիկան ու զենքը Ադրբեջանի տարածքով գնում է Ռուսաստան և ուղարկվում ուկրաինական ճակատ: Արցախում ավելի քան մեկ ու կես դիվիզիայի զենք կա, իսկ ռուսներին զենք հիմա շատ է պետք:
Գալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, Քոչինյանը հաստատեց, որ այն քաղաքականությունը, որն իրականացվում է ՀԱՊԿ հանդեպ, կոչվում է բոյկոտ ու ՀԱՊԿ-ը լքելու դե ֆակտո պահվածք: Բայց եթե 2024-ին Հայաստանը օրինապես դուրս չգա ՀԱՊԿ-ից, նշանակում է, որ այս ութ-ինը ամիս ձգվող գործողություններն ուղղակի իմաստ չեն ունենա: Եթե մենք այսքանից հետո գնանք և նորից մասնակցենք ՀԱՊԿ աշխատանքներին, մեզ լուրջ չեն ընդունի:
Քոչինյանը նաև խոսեց Հայաստան-ԵՄ հարաբերություններից՝ նկատելով, որ կարելի է ինչ որ առումով տապալված համարել ԵՄ միջնորդությամբ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ այն այդպես էլ չկայացավ: Ալիևը, չգնալով Բրյուսել ու Գրանադա, հսկայական ծառայություն է մատուցում Մոսկվային: Ռուսաստանը, ով սառած կոնֆլիկտների սիրահար է, հավանաբար Արցախի վերջնական գրավումը թույլ տվեց Ադրբեջանին նաև այն պատճառով, որ Ալիևից ստացավ երաշխիք այն մասով, որ խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվի և դրան վերաբերող ցանկացած խոսակցություն ու հանդիպում պիտի լինի միայն Մոսկվայում: Ալիևը Երևանին առաջարկում է հանդիպել կա՛մ Մոսկվայում, ինչը նշանակում է, որ Հայաստանը կրկնակի ճնշման է ենթարկվելու, կա՛մ Թբիլիսիում: Դրանք վտանգավոր հեռանկարներ են, քանի որ պատերազմում պարտված հայկական կողմի համար ռիսկային է առանց միջնորդ կամ Մոսկվայի նման բացահայտ հակահայ միջնորդի մասնակցությամբ խաղաղության մասին բանակցելը:
Քոչինյանը հայտարարեց, որ ո՛չ թուրքերն են պատրաստվում այս տարածաշրջանից հեռանալ, ո՛չ էլ հայերը, ուստի այստեղ ապրելու միակ տարբերակը մնում է խաղաղ համագործակցային տարբերակներ գտնելը հարևանների հետ: Իսկ դրան դեմ է Ռուսաստանը: Մոսկվան ամեն ինչ կանի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները երբևէ չկարգավորվեն, քանի որ այդ դեպքում նրա՝ «փրկչի» դերը դառնում է ավելորդ ու անիմաստ, մինչդեռ նա հենց «փրկչի» կերպարով է իրականացրել պղտոր ջրում ձուկ որսալու իր քաղաքականությունը:
Ամբողջական տեսանյութը՝