Հայաստան

Ի՞նչ Է Լինելու Պետերբուրգում

Հայաստանի համար ոչ միայն նպատակահարմար չէ, այլ նաեւ խիստ վտանգավոր է կառուցել որեւէ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք, որը կենթադրի որոշակի «պարտավորություններ» կամ «անհրաժեշտություններ» ընդդեմ Ռուսաստանի:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանը մեկնեց. ինչ է սպասվում Սանկտ-Պետերբուրգում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ տարեվերջյան ոչ պաշտոնական վեհաժողովին: Մինչ այդ, պաշտոնական Երեւանն այդպես էլ չէր բարձրաձայնում՝ մեկնելու՞ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Սա նշանակու՞մ է, որ քննարկումները ընթացել են մինչեւ վերջին պահն ու մինչեւ վերջին պահը եղել է մեկնելու հարցում անորոշություն, թե՞ Երեւանն ուներ որոշում, պարզապես «սրում» էր ինտրիգ՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշեց չգնալ Ռուսաստանի հետ հարաբերության այնպիսի սրացման, որը կարող էր ենթադրել որոշակիորեն «անշրջելիության» կամ «անկշռության» կետ, որից հետո վերադարձը «ելման դիրք» կլիներ չափազանց բարդ ու խննդրահարույց:

Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել մի նրբերանգ: Իր վերջին հարցազրույցում Հայաստանի վարչապետը խոսում էր այն մասին, որ պետք է կատարվեն բրյուսելյան ձեւաչափի պայմանավորվածությունները, որ պետք է լինի հավատարմություն դրանց հանդեպ: Այս արտահայտությունները հարկ է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի ուղղությամբ, այլ նաեւ Բրյուսելի, Արեւմուտքի, եւ գուցե հենց առաջին հերթին Արեւմուտքի: Բաքուն չի գնում արեւմտյան հարթակ բանակցության, դնելով պահանջներ: Արեւմուտքը գործնական մակարդակում չի անում քայլեր, որոնք կփոխեն իրավիճակը եւ Ադրբեջանը կբերեն «հավատարմության» դաշտ:

Եթե դուք չեք բերում Ադրբեջանին, չեք ապահովում նրա ներկայությունն ու պայմանավորվածությունների շարունակությունը, ըստ էության ասում է թերեւս Երեւանը, ապա մենք էլ կմասնակցենք Սանկտ-Պետերբուրգում տարեվերջյան քննարկումներին: Կասկածից վեր է, որ՝ հրապարակավ, թե ոչ, բայց քննարկումներ հայ-ադրբեջանական թեմայով կլինեն: Անշուշտ, դա ամենեւին չի նշանակում, որ հենց այդ հանգամանքով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ մեկնելու մասին որոշումը: Իրավիճակը թե հայ-ռուսական երկկողմ հարաբերության, թե լայն իմաստով ռեգիոնալ անվտանգության ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից այնպիսին է, որ Հայաստանից պահանջում է պատշաճ աշխատանք բոլոր ուղղություններով, այդ թվում բնականաբար Ռուսաստանի:

Այդ իմաստով, Հայաստանի համար ոչ միայն նպատակահարմար չէ, այլ նաեւ խիստ վտանգավոր է կառուցել որեւէ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք, որը կենթադրի որոշակի «պարտավորություններ» կամ «անհրաժեշտություններ» ընդդեմ Ռուսաստանի: Անշուշտ, նույնը պետք է գործի նաեւ Ռուսաստանի հետ հարաբերության պարագայում, այն չպետք է «խարսխվի» որեւէ այլ ուղղության դեմ: Սա իհարկե բավականին բարդ, խրթին իրավիճակ է՝ միջազգային հարաբերությունների ներկայիս լույսի տակ, բայց դրանց ներկայիս տրամաբանությունն առավել եւս պահանջում է հարաբերությունները «ըստ դարակների» բաժանելու կամք եւ կարողություն:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *