Արցախ

Մոսկվայի Նոր Խաղը

Բաքվի «Թուրան» գործակալությունը ՌԴ ԱԳՆ այս ձեւակերպումը մեկնաբանել է այն իմաստով, որ Մոսկվան ձգտում է հավաստիանալ տարածաշրջանի երկրների աջակցությանը՝ «թույլ չտալու, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղություն հաստատվի Արեւմուտքի վճռական դերակատարությամբ»:

Վահրամ Աթանեսյան

Արցախի «վտարանդի կառավարության». Բաքվի դեմ Մոսկվայի «մահա՞կ» թե՞ Ստեփանակերտի համար՝ խա՞յծ

Անցյալ շաբաթավերջին Արցախի նախագահի խորհրդականը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը իրավաչափ չէ, հոկտեմբերի 19-ին նա այլ հրամանագիր է ստորագրել, ուստի պետական ինստիտուտները մնում են լիազորությունների մեջ, իսկ պաշտոնյաները կշարունակեն աշխատել հասարակական հիմունքներով:

Ո՞րն է լինելու Արցախի պետական ինստիտուտների նստավայրը, պաշտոնյաները որտե՞ղ են աշխատելու եւ ի՞նչ հարցերով են զբաղվելու՝ հարցի մի կողմն է:

Այստեղ մի բայց կա՝ Սամվել Շահրամանյանը չի կարող ԼՂՀ լուծարման մասին իր ստորագրած հրամանագիրը նոր հրամանագրով չեղյալ հայտարարել: Նա լուծարել է նաեւ իր պաշտոնը:

Սա հարցի իրավական, սահմանադրական կողմն է։ Այս զարգացումներին զուգահեռ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը լիագումար նիստ կանցկացնի, որի օրակարգում ներառնված է «Ադրբեջանական Հանրապետության Միլլի մեջլիսի Հայտարարությունը արեւմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք վերադառնալու մասին» հարցը:

Սա Երեւանում Արցախի պետական ինստիտուտների պահպանման, պաշտոնյաների գործունեությունը շարունակելու մասին տարածված տեղեկության, ինչպես ասում են՝ հայելային պատասխանն է: Եթե այդպես չէ, ինչո՞վ բացատրել սինխրոնը:

Դեկտեմբերի 21-22-ին քաղաքական խորհրդատվություններ են կայացել Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարների միջեւ։ ՌԴ փոխարտգործնախարար Գլուշկոն հանդիպել է նաեւ արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հաջիեւի, հատուկ հանձնարարություններով դեսպան Ամիրբեկովի, խորհրդարանի միջազգային եւ միջխորհրդարանական կոմիտեի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավար Սեիդովի հետ։ Ամենևին ոչ պատահականորեն ռուս-ադրբեջանական միջգերատեսչական խորհրդատվություններից անմիջապես հետո ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը հայտարարեց, որ ռուս խաղաղապահները «տարածաշրջան բնակչության վերադարձի երաշխավորն են»: Դրան անմիջապես հաջորդում է Երեւանում Արցախի «վտարանդի կառավարության» թեմայի վերարծարծումը։ Դա Մոսկվայի «մահա՞կն» է Բաքվի դեմ, թե Ստեփանակերտի համար՝ խա՞յծ:

Այս հանդիպումներին հաջորդել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցները ռեգիոնալ երկրների հետ՝ Իրան, Թուրքիա, Ադրբեջան, ըստ Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաջորդականության։ Երեք երկրների արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների մասին ՌԴ ԱԳՆ ամփոփ տեղեկատվությունից առանձնանում է այս ձեւակերպումը. «Ընդգծվել է Հարավային Կովկասում կայունության պահպանման գործում տարածաշրջանի երկրների առաջատար դերը եւ առանձնահատուկ պատասխանատվությունը»:

Անկասկած, հեռախոսազրույցների ընթացքում քննարկումները բաժանվել են երկկողմ եւ ռեգիոնալ օրակարգերի, քանի որ Ռուսաստանը առանձին երկկողմ օրակարգեր ունի բոլոր երեքի հետ: Միեւնույն ժամանակ սակայն, մեկ օրում հաջորդական երեք հեռախոսազրույցները՝ Իրանի արտգործնախարարի, Թուրքիայի, եւ հետո Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հուշում է, որ Ռուսաստանը քննարկել է ռեգիոնին առնչվող առանցքային եւ որոշակիորեն առարկայական հարցեր կամ մտադրություններ, որոնք առնվազն վերաբերելի են նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացին, եթե չասենք, որ հենց դա է զանգերի կենտրոնում: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու չկա զանգ Երեւան:

Բաքվի «Թուրան» գործակալությունը ՌԴ ԱԳՆ այս ձեւակերպումը մեկնաբանել է այն իմաստով, որ Մոսկվան ձգտում է հավաստիանալ տարածաշրջանի երկրների աջակցությանը՝ «թույլ չտալու, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղություն հաստատվի Արեւմուտքի վճռական դերակատարությամբ»: Ադրբեջանական գործակալությունը հատուկ ընդգծում է, որ Լավրովը հեռախոսազրույց չի ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ, քանի որ «հատկապես Երեւանն է հանդես գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին Արեւմուտքի գործուն միջնորդության օգտին»: Երեւանի եւ Մոսկվայի հաղորդակցության որակն ու բովանդակությունը իհարկե առանձին խոսակցության առարկա է, սակայն շփումների ոչ մեծ աշխուժությունը թերեւս ամենեւին չի նշանակում, որ Երեւանը դուրս է «շրջանառությունից»:

Հատկանշական է, որ օրերս տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահի հեռախոսազրույցը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի հաղորդագրության, խոսվել է 3+3 ձեւաչափով Թեհրանում շաբաթներ առաջ տեղի ունեցած հանդիպման օգտակարության մասին:

Ըստ ամեյանի, Լավրովի զանգերը Թուրքիա, Իրան, Ադրբեջան, թեհրանյան հանդիպումից բխող որոշակի տրամաբանության մեջ են:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ում հյուրընկալել են Իրանի դեսպանին, որպեսզի առնվազն մոտավոր պատկերացում ունենանք դիվանագիտական միջավայրի մասին, որ տիրում է հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ՝ ընդգծելով, որ մինչ այդ Հայաստանի ԱԽ քարտուղարը եւ Իլհամ Ալիեւի օգնականը Լոնդոն էին այցելել:

Ադրբեջանը բնականաբար, փորձելու է մինչեւ վերջ օգտագործել Հայաստանի «արեւմտամետ կողմնորոշման գործոնը»՝ Մոսկվայի հավանական ճնշումներից իրեն ապահովագրելու համար:

Փորձագետները պնդում են, որ Ալիեւը Պուտինին խոստացել է, որ Արեւմուտքի ազդեցիկ միջնորդությամբ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր չի՞ ստորագրի: Բայց Ալիեւը որքանո՞վ է անկեղծ կամ ինքնաբավ, որպեսզի, եթե անգամ խոստացել է, իրական քաղաքական ռեժիմում հավատարիմ մնա իր տված խոստմանը։ Ամեն ինչ հարցի գինն է որոշում։ Իսկ որն է բուն և միակ հարցը և որն է դրա գինը։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *