Հայաստան

Նիկոլ Փաշինյանի «Զիգզագը» Սանկտ-Պետերբուրգում

«Ռուսաստանի հետ հարաբերությունում էլ Նիկոլ Փաշինյանը չի փորձում հատել «անշրջելիության կետը»: Այդ ֆոնին, մեկնելով Սանկտ-Պետերբուրգ, Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ վեհաժողովի իր ելույթում ընդգծված շեշտադրում էր տնտեսականության հանգամանքը, նշելով, որ այն չպետք է դիտվի «աշխարհաքաղաքական ցուցիչ»»։

Հակոբ Բադալյան

Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԵՏՄ վեհաժողովի իր ելույթում Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է կասեցնել Եվրասիական տնտեսական միությունը քաղաքականացնելու փորձերը: Ըստ նրա, ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը չպետք է ունենա քաղաքական կամ առավել եւս աշխարհաքաղաքական օրակարգ: Նիկոլ Փաշինյանը ըստ էության կրկնում է այն դիտարկումները, որոնք ԵՏՄ կազմավորման շրջանում արտահայտում էր Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլան Նազարբաեւը: Երբ 2011 թվականին նախագահի պաշտոնին 2012-ի ընտրությանը վերստին առաջադրվելու համար իր վերադարձի մասին հայտարարեց այն ժամանակ ՌԴ վարչապետ Պուտինը, նա Եվրասիական միության գաղափարի մասին հոդված հրապարակեց Իզվեստիայում:

Կարճ ժամանակ անց Իզվեստիայում լույս տեսավ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հոդվածը, ըստ էության՝ «պատասխան» հոդվածը, որտեղ առանցքային մտքերից էր հենց այն, որ Եվրասիական միությունը պետք է լինի զուտ տնտեսական միություն եւ չպետք է առաջ մղի քաղաքական օրակարգեր: Նազարբաեւը նաեը ընդգծում էր, որ տնտեսական այդօրինակ միության գաղափարը առաջինը բարձրաձայնել է հենց ինքը՝ դեռեւս 1991 թվականից: Ինչ խոսք, միամտություն է եզրակացնել, թե ասելով տնտեսական, հնարավոր է չեղարկել այն քաղաքական ազդեցությունն ու գործոնները, որ ունի ԵՏՄ-ն՝ որքան էլ այն լինի զուտ տնտեսական միավորում: Դա մոտավորապես նույնն է, որ հերքվի ԲՐԻԿՍ-ի քաղաքական նշանակությունը՝ չնայած զուտ տնտեսական բնույթին, կամ այլ միջազգային տնտեսական կառույցների, ինչպես պրինակ Ասիախաղաղօվկիանոսյան կազմակերպությունը, կամ հենց նույնիսկ Եվրամիությունը, որը հետագայում է իր տնտեսական բնույթից անցել նաեւ քաղաքականի, ընդ որում հենց այն պատճառով, որ մասշտաբային միջազգային տնտեսական նախագծերը կամ նախաձեռնությունները չեն կարող չլինել նաեւ քաղաքական:

Նիկոլ Փաշինյանի հայտարարության մոտիվը իհարկե թերեւս այն իրավիճակն է, որ հայ-ռուսական հարաբերության առնչությամբ նրա մոտ ստեղծվել է Արեւմուտքի հետ հարաբերության մասով: Հատկանշական է, որ նույն օրը, երբ Փաշինյանը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, հրապարակվում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինայի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ Հայաստանը որոշակիորեն հեռանում է Ռուսաստանից եւ իրենք խրախուսում են դա: Նիկոլ Փաշինյանը այդ օրակարգը փորձում է դարձնել Արեւմուտքին Հայաստանի անվտանգության խնդիրների հանդեպ կոնկրետ, առարկայական պատասխանատվության ավելի մոտեցնելու միջոց, այն կենսունակ դարձնելու համար հրաժարվելով մասնակցել Բիշքեկում ԱՊՀ վեհաժողովին, հետո Մինսկում ՀԱՊԿ վեհաժողովին, անելով մի շարք քաղաքական հայտարարություններ:

Սաննկտ-Պետերբուրգ՝ ԵՏՄ եւ ԱՊՀ վեհաժողովների համար մեկնումը սակայն այդ ֆոնին առաջացնում է աժիոտաժ, որովհետեւ Փաշինյանը այդ, այսպես ասած «հակառուսականության» առումով սահմանել էր այնպիսի «նշաձող»՝ թե անմիջականորեն, թե հարակից փորձագիտական շրջանակների միջոցով, որ Ռուսաստան որեւէ մեկնում արդեն «սպառնում» է այդ նշաձողի կոտրվելով: Առավել եւս, որ Արեւմուտքում թերեւս սպասում են հենց այդպիսի առիթի, քանի որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բացակայության, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության կարգավորվածության բացակայության պայմաններում Արեւմուտքը հազիվ թե ունի Հայաստանի հանդեպ անվտանգային շոշափելի ու երկարաժամկետ խատասխանատվություն ստանձնելու ցանկություն, ինչի մասին ակնարկում է պարբերաբար՝ գրեթե բաց տեքստով:

Մյուս կողմից, նաեւ հենց այդ հանգամանքից ելնելով, Ռուսաստանի հետ հարաբերությունում էլ Նիկոլ Փաշինյանը չի փորձում հատել «անշրջելիության կետը»: Այդ ֆոնին, մեկնելով Սանկտ-Պետերբուրգ, Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ վեհաժողովի իր ելույթում ընդգծված շեշտադրում էր տնտեսականության հանգամանքը, նշելով, որ այն չպետք է դիտվի «աշխարհաքաղաքական ցուցիչ»: Միեւնույն ժամանակ, Հայաստանը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ միասին ստորագրել է վեհաժողովի հռչակագիր՝ մինչեւ 2030 թվականը տնտեսական զարգացման եւ մինչեւ 2045 թվականը «Եվրասիական տնտեսական ուղու» մասին:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *